KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վիգէն Չըթըրեանը: Հայաստանի դավաճանված հեղափոխությունը

Վիգէն Չըթըրեանը: Հայաստանի դավաճանված հեղափոխությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 9 dk okuma süresi
438 0

Հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Կպահվի՞ արդյոք 2018-ի խաղաղ հեղափոխության որեւէ խոստում:

Ընդամենը երեք տարի առաջ էր, բայց արդեն այնքան հեռու է թվում: 2018-ի գարնանը հազարավոր երիտասարդ եւ ոչ այնքան երիտասարդ հայեր փողոց դուրս եկան՝ պահանջելով փոփոխություններ: Նրանք մերժում էին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ հակասահմանադրական երրորդ մանդատի միջոցով իշխանության ղեկին մնալու խորամանկ փորձերը: Իրադարձությունները բացառիկ էին. դրանք աչքի էին ընկոնւմ ոչ միայն բողոքի շարժման ծայրաստիճան քաղաքավարությամբ եւ ոչ բռնի գործելաոճով, այլեւ ուրախությամբ. մարդիկ կարծես արդեն նշում էին ավելի լավ ապագան: Այն փաստը, որ իշխող վարչակազմը կրակ չբացեց ցուցարարների վրա, հնարավոր դարձրեց ոչ բռնի հեղափոխությունը։

Իրադարձությունը զարմանալի էր, եթե դիտարկենք այն 2018-ի լայն համատեքստում: Արեւելքում Ադրբեջանը վերածվել էր «հանրապետական դինաստիայի», որտեղ Իլհամ Ալիեւը 2003 թվականից ժառանգել էր պետությունը հորից: Արեւմուտքում Թուրքիան էր, որի իշխանության ղեկին Էրդողանն էր՝ կրկին 2003-ից ի վեր, իսկ 2016-ի ձախողված հեղաշրջումն իրավիճակն ավելի էր բարդացրել։ Հյուսիսում Վլադիմիր Պուտինն իշխանության ղեկին էր 2000 թվականից: Հարավում Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդլայնել էր իր իշխանությունը Մերձավոր Արեւելքում, սակայն ներքին դժգոհությունները պարբերական բնույթ էին կրում։ 2018-ին աշխարհում պոպուլիզմի եւ ազգայնականության վերելք էր, որտեղ Դոնալդ Թրամփը ղեկավարում էր ինքնահռչակ «ազատ աշխարհը»:

Հենց նման համատեքստում էլ տեղի ունեցավ հայկական «թավշյա» հեղափոխությունը: «Ազգայնական պոպուլիզմից եւ ռազմատենչ դիսկուրսներից կարծրացած միջազգային մթնոլորտում Հայաստանում ռեժիմի խաղաղ փոփոխությունը թարմ օդ է»,- գրել եմ «Ակօսում» դեռ 2018-ին:

Դժվար կարողանայինք այն ժամանակ գիտակցել, թե որքան դժվար է պահպանել ժողովրդավարամետ օրակարգը՝ աջ ուժերի գլոբալ պոպուլիզմի ժամանակ՝ ցինիկ ռեալպոլիտիկի պայմաններում: Սարգսյանի մեկ տասնամյակ կառավարումից հետո, երբ մարդիկ հոգնել էին լճացումից եւ կոռուպցիայից, Երեւանում վերջապես «ուրախ» տրամադրություն էր տիրում: Շուտով սակայն այդ «թարմ օդը» աղտոտվեց արտաքին հանգամանքների ազդեցությամբ՝ պատերազմով, որը սանձազերծեց ավտոկրատների կոալիցիան՝ ձգտելով ազգայնական բնազդներին ազատություն տալու միջոցով նոր լեգիտիմություն սահմանել: 44-օրյա պատերազմը հանգեցրեց հազարավոր զորակոչիկների սպանության ու խեղման: Հայաստանը, լքված դաշնակից Ռուսաստանի եւ անտեսված եվրոպական ժողովրդավարական երկրների կողմից, ջախջախիչ պարտություն կրեց: Երեւանում այլեւս ուրախ տրամադրություն չկա, փոխարենը կա ճնշող տխրություն՝ սուգ կորած որդիների համար։

Հայաստանը հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների է գնում: Քչերը հույս ունեն, որ 2018-ի հեղափոխության խոստումները կպահվեն: Հայաստանում շատերն են հարցնում՝ արդյոք պատերազմն ու պարտությունն այն գի՞նն էր, որ նրանք վճարեցին ավելի լավ ապագայի իրենց երազանքների համար, եւ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի ունենալ ավտոկրատ կառավարում, որը փոխարենը կխոստանար անվտանգություն եւ կայունություն:

Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների խոստումը դրժվել է: Այն ոտնձգության ենթարկվեց ավտոկրատների կողմից, որոնք չհապաղեցին անխնա պատերազմ սանձազերծել: Այն դրժեց Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը, որն իր դաշնակցի դեմ պատերազմ հանդուրժեց 44 երկար ու ձիգ օրերի ընթացքում: Ժողովրդավարական փոփոխությունների խոստումը դավաճանեց նաեւ Եվրոպան, որին հետաքրքրում էին իր առեւտրային շահերն ու բանկային հաշիվները եւ որն անտարբեր էր իր արեւելյան սահմաններում տիրող ժողովրդավարության նկատմամբ:

Այն դրժվեց նաեւ 2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից. այն ոչ միայն չկարողացավ կարգավորել Հայաստանի արտաքին կապերը եւ նվազեցնել մեկուսացման ռիսկերն ու պատերազմի վտանգը, այլեւ ակնհայտ ցուցադրեց, որ այն ի զորու չէ անհրաժեշտ ներքին բարեփոխումները կատարել: Այս ձախողումը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ Փաշինյանի վարչակազմն իր որոշումների կայացման գործընթացը արտատպեց սոցիալական ավելի լայն շարժումից, որը հնարավոր էր դարձրել 2018-ի հեղափոխությունը: «La démocratie, c’est moi!» («Ժողովրդավարությունը ես եմ!») – սա էր Փաշինյանի պոպուլիստական պատասխանը:

Փաշինյանն այսօր հազիվ թե ինչ-որ բան կարողանա խոստանալ բարեփոխումների ճանապարհին: Բացի այն, որ պատերազմում պարտությունը նրան թուլացրել է, իսկ ներքին հզոր թշնամիները՝ ավելի ուժեղացել, նա կորցրել է քաղաքաբնակ, կրթված միջին խավի, իրեն իշխանության բերածների աջակցությունը, որոնք այժմ դառը հիասթափություն են ապրում: Փաշինյանի ժողովրդական աջակցությունը գալիս է հիմնականում մարզերից եւ աշխատավոր դասակարգից, որոնք թեեւ նրան թույլ են համարում, բայց նախընտրում են այլընտրանքներից: Առանց քաղաքացիական հասարակության աջակցության՝ Փաշինյանը քիչ շանսեր ունի բարեփոխումների հարցում հաջողության հասնելու համար:

Չնայած նրան, որ ընտրություններին երկու տասնյակից ավելի քաղաքական կուսակցություն է մասնակցում, լուրջ մրցակիցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նա խոստանում է անվտանգություն, արեւմտյան ազդեցության, հատկապես՝ «Սորոսի» ազդեցության սահմանափակում, եւ սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ: Նա նաեւ խոստանում է բանակցությունների միջոցով վերադարձնել Հադրութը եւ հնարավոր է՝ նաեւ Շուշին, թեեւ երբեւէ չի բացատրել, թե ինչպես: Այն փաստը, որ ցավալի ռազմական պարտությունից հետո Փաշինյանը դեռեւս իշխանության ղեկին է, վկայում է, թե որքան ոչ պոպուլյար են Քոչարյանն ու նրա ազգայնական դաշնակիցները Հայաստանի ներսում:

2018 թվականից ի վեր ծավալված իրադարձություններն ի հայտ բերեցին բարեփոխումների, օլիգարխիկ կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդար ընտրական գործընթացների նկատմամբ ուժեղ ձգտումը: Չնայած լարված քաղաքական մթնոլորտին, երբեմն բանավոր սուր հարձակումներին՝ ընտրարշավի ընթացքում բռնություններ չեն եղել: Այն, որ տեղի է ունենում ժողովրդավարական գործընթաց, բացառիկ իրավիճակ է ամբողջ տարածաշրջանում (միակ բացառությունը Վրաստանն է): Նվազ կարեւոր է, թե ով կհաղթի 2021 թ. ընտրություններում. ավելի կարեւոր է ունենալ այնպիսի խորհրդարանական համակարգ, որտեղ իշխող խմբի կողքին ուժեղ ընդդիմություն կձեւավորվի: Դա առաջին քայլը կլինի դեպի քաղաքական գործընթաց, դեպի հակակշիռների հաստատում:

Վերջին մի քանի տարիների իրադարձությունները ցույց տվեցին նաեւ, որ Հայաստանում ժողովրդավարացման ճանապարհին եւս մեկ խոչընդոտ կա՝ չբարեփոխված պետական ապարատը, որը ժառանգվել է խորհրդային տարիներից: Երեք տասնամյակ շարունակ առաջնորդները զերծ են մնացել այս խնդրի լուծումից: Առանց դրա արդիականացման՝ չի լուծվի ոչ ժողովրդավարական մասնակցության, օրենքի գերակայության ու կոռուպցիայի խնդիրը, ոչ էլ 2020 թվականին արձանագրված բազմաթիվ այլ ձախողումների հարցը: Այդ բարեփոխումներին հնարավոր չի լինի հասնել իշխանության եկած փոքր խմբի միջոցով, որոնք, ի վերջո, իրենց տրամադրության տակ կունենան պետական բյուրոկրատիան: Միայն «ներքեւից» եկող կայուն ճնշումը, որը մենք «քաղաքացիական հասարակություն» ենք անվանում, կհանգեցնի հնացած բյուրոկրատիայի եւ պետական կառավարման համակարգի անհրաժեշտ բարեփոխումներին։

https://mediamax.am

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir