KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: ԵՐԵՒԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆԱԿ ԲԱՆԱԿՑԵԼ՝ ԱՌԱՆՑ «ԽԱՌՆԱԿԻՉ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ

Գարիկ Քեռյան: ԵՐԵՒԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆԱԿ ԲԱՆԱԿՑԵԼ՝ ԱՌԱՆՑ «ԽԱՌՆԱԿԻՉ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
134 0

Հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղի են մտել Բաքվի կողմից շարունակական բոյկոտի պատճառով՝ մերժեցին Գրանադայի, Բրյուսելի, օրերս՝ նաեւ Վաշինգտոնի հարթակները, երբ Սենատն ընդունեց «2023 թ․ Հայաստանի պաշտպանության ակտը»՝ չեղարկելով ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Ալիեւն արդեն հրատապ զինծառայության զորակոչի մասին հրամանագիր է ստորագրում, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի գործընկերներին հրավիրում է բանակցությունների՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին։

«Իհարկե, այս երեւույթը կա, եւ Բաքուն բոյկոտում է բանակցային հնարավոր հարթակները։ Մենք տեսանք, որ Ալիեւը հրաժարվեց Եվրամիության եւ Եվրախորհրդի հովանու ներքո կազմակերպված մի քանի հանդիպումներից, ոգեւորությամբ չի ընդունում նաեւ Վաշինգտոնի ուղերձները։ Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, Ալիեւն ու իր իշխանությունը լուրջ հակամարտություն ունեն Արեւմուտքի հետ։ Բայց մի բան է արտաքուստ երեւացողը, մեկ ուրիշ բան, երբ նայում ենք հարաբերությունների խորքը»,- մեզ հետ զրույցում նկատում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Նրա խոսքով, եթե իսկապես ԵՄ-ն ու եվրոպական պետությունների ղեկավարները համարում են, որ Ադրբեջանը սխալ է, իրավացի չէ, պատերազմ է հրահրում եւ խախտում է մարդու իրավունքները, ապա ինչպե՞ս հանդուրժեցին այս սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունները։

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, Պետդեպը հայտարարեցին, թե ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ցանկացած հարձակման փորձ դատապարտելի է, Ֆրանսիայի պաշտոնական շրջանակները, անձամբ՝ նախագահ Մակրոնը հայտարարեց, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականությունը, իսկ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը վստահեցրեց, թե չեն հանդուրժի ԼՂ-ից հայերի արտաքսումը։ Մինչդեռ դրանից 10-15 օր անց Ադրբեջանը ռազմական գործողություններ եւ դասական էթնիկ զտում իրականացրեց Արցախում, որից հետո շարունակվեցին ռեւերանսները հայկական կողմի նկատմամբ։ Այս ամենը ծաղր է հիշեցնում, որովհետեւ եթե Արեւմուտքը հանդես է գալիս որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպան եւ դեմ է էթնիկ զտումներին, ապա դիտորդի կարգավիճակ չէր ընդունի ԼՂ-ում ծավալված իրադարձությունների, իսկ մինչեւ այդ՝ ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի դրսեւորումների ժամանակ։ Ընդհակառակը՝ մենք տեսնում ենք Ալիեւի հետ սերտ համագործակցություն, այդ թվում՝ էներգետիկ եւ նավթագազային ոլորտում»,- ընդգծեց քաղաքագետը։

Սենատի որոշումից հետո Ադրբեջանում հակաամերիկյան հիստերիա եւ աննախադեպ արշավ է սկսվել։ Այդուհանդերձ, Պետդեպը կրկին կողմերին կոչ արեց նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն երկարատեւ, արժանապատիվ եւ հուսալի խաղաղության։ Բաքվի արձագանքը հայտնի է՝ ո՛չ ԱՄՆ, ո՛չ Եվրոպա իրենք չեն մեկնելու, հայկական կողմին հրավիրում են սահմանին բանակցությունների նոր ռաունդ անցկացնել։ Ինչո՞ւ։ Մեր զրուցակիցն ասում է․ «Անկեղծ ասած, ես կողմ եմ երկկողմանի բանակցություններին, բայց թե որքանով է ազնիվ Ադրբեջանը, եւ որն է նրա նպատակը, առայժմ անորոշ է։ Փաստ է, որ Բաքուն ուզում է ազատվել Արեւմուտքի ու Եվրոպայի միջնորդությունից եւ այդ ուժային կենտրոններին որոշակիորեն զրկել Հայաստանին աջակցելուց, բայց եթե այդ աջակցության մասին խոսքերը օդում կրակոցներ են, ապա պետք է փորձել հանդիպել, երկկողմ բանակցություններ վարել՝ առանց երրորդ կողմի միջնորդության, որը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամբողջ պատմության մեջ եղել է ոչ թե միջնորդություն, այլ ավելի շատ խառնակչություն։ Կրկնում եմ՝ համոզված չեմ, որ Բաքվի մտադրությունն ազնիվ է, բայց ես կողմ եմ երկկողմանի բանակցություններին»։

Ի դեպ, մինչ Պետքարտուղարությունը հստակ հայտարարում է Հայաստանի հետ կապված իր կարմիր գծերի մասին՝ ընդգծելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ցանկացած հարձակման փորձ բացասաբար կանդրադառնա Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունների որակի վրա, Ադրբեջանում հանդգնում են նույնիսկ սպառնալ ԱՄՆ-ին։ Մելլի Մեջլիսի պատգամավոր Սամադ Սեիդովը հայտարարել է, որ եթե Բայդենը ստորագրի «2023 թ․ Հայաստանի պաշտպանության ակտը», ապա ադրբեջանաամերիկյան հարաբերություններին լուրջ հարված կհասցվի, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներին։ 

Քեռյանը չի հավատում ո՛չ Ադրբեջանի հակաամերիկյան, ո՛չ էլ Վաշինգտոնի հակաադրբեջանական հիստերիային, հաշվի առնելով տնտեսական շահախնդրություններն ու համընկնող հետաքրքրությունները։ Նրա համոզմամբ, սա թատրոն է՝ ետին մտքով ու նպատակներով։ Մյուս կողմից, նրա խոսքով, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանն ինքնուրույն չէ եւ ամբողջապես ասոցացվում է Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ առանց Թուրքիայի ՆԱՏՕ-ն ոչինչ է Մերձավոր Արեւելքում եւ, առհասարակ, հարակից շրջաններում։

Մեկ այլ ուշագրավ փաստ․ այս իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հրամանագիր է ստորագրել 2024 թ․ հունվարի 1-ից մինչեւ հունվարի 30-ը Ադրբեջանի քաղաքացիներին հրատապ ակտիվ զինծառայության զորակոչելու եւ ակտիվ զինծառայության զինծառայողներին պահեստազոր տեղափոխելու մասին։ Թվում է՝ պլանային հերթական որոշում է, բայց ակնհայտ է, որ դա որոշակի ուղերձներ է կրում՝ հաշվի առնելով Բաքվի բռնապետի առավելապաշտական եւ ռազմական նկրտումները։ Մյուս կողմից, գուցե հենց հերթական ռազմական սադրանքի համա՞ր էր Ադրբեջանը նախապես կտրվում խաղաղության գործընթացի վրա ազդող գլխավոր միջնորդների ազդեցությունից։

«Եթե իրականում Ալիեւը եւ իր շրջապատը մտադիր են ընդլայնել երկրի բանակն ու նախատեսում են ռազմական նոր գործողություններ, ապա, ամենայն հավանականությամբ, դա ուղղված է լինելու Սյունիքի դեմ, որովհետեւ Բաքվի նպատակը Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ կապ ունենալն է։ Սա կարող է նաեւ նշանակել, որ Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է որոշակի թույլտվություն, Մոսկվան էլ համաձայնել է՝ Հայաստանին դեպի Արեւմուտք ձգտման համար պատժելու նպատակով։ Կամ՝ կա ռուս-ադրբեջանա-թուրքական համաձայնություն նույն այդ միջանցքի հարցում, բայց այստեղ կարող է զսպիչ գործոն լինել Իրանը, եթե, իհարկե, նրա շահերը համընկնեն Հայաստանի հետ»,- շեշտեց Քեռյանը։

Թե որքանով կկարողանա Արեւմուտքը կանխել թուրք-ադրբեջանական էքսպանսիան, հարց է, բայց որ Անկարայի ու Բաքվի հաջորդ նպատակը Զանգեզուրի ռազմական գործողություններն են, փաստ է՝ եզրափակեց մեր զրուցակիցը։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir