KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Անկախության 28 տարիները. Ժամանակակից պետություն ունենալու նոր շանսը

Անկախության 28 տարիները. Ժամանակակից պետություն ունենալու նոր շանսը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 12 dk okuma süresi
354 0

28 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի միջոցով արտահայտվեց Հայաստանի անկախության օգտին: Մեծ իմաստով հանրաքվեի արդյունքը և Հայաստանի անկախության հեռանկարը կանխորոշված էին՝ հատկապես Մոսկվայում 1991 թ. օգոստոսյան խռովության ձախողումից հետո, երբ բոլորի համար պարզ դարձավ, որ մեր ժամանակների ամենամեծ կայսրության օրերը հաշված են:

Մյուս կողմից՝ Հայաստանի անկախությունն արդյունք էր նաև 88-ի համազգային շարժման, որի ընթացքն ու զարգացումն անխուսափելի էին դարձնելու անկախության հռչակումը: Սա այն դեպքերից է, որ ժամանակագրորեն ներդաշնակ են հասարակական տրամադրությունները, ներքին և արտաքին գործոնները:

Ժամանակակից հայ պատմագիտությունը և քաղաքական դասը շտապեցին նորաստեղծ Հանրապետությունը համարել Երրորդ (ըստ այդ տրամաբանության՝ համապատասխանաբար Առաջին և Երկրորդ Հանրապետություն անվանվեցին 1918-1920թթ. Հանրապետությունը ու ՀԽՍՀ-ն): Այս բաժանումը ոչ բոլորն են ընդունում. ոմանք, օրինակ, կարծում են, որ Խորհրդային Հայաստանը ռուս-բոլշևիկյան կայսերականության հետևանք է, հետևաբար չի տեղավորվում «Հանրապետություն» իրավաքաղաքական եզրի շրջանակներում:

Բնավ ցանկություն չունենալով ծանրանալու պատմագիտական վեճերի վրա՝ նկատենք միայն, որ հիշատակված երեք պետական կազմավորումներից միայն երրորդի ձևավորման գործընթացում է նշանակալի ժողովրդի, նրա մասնակցության գործոնը (Առաջին հանրապետության հռչակմանը պատրաստ չէր ոչ միայն ժողովուրդը, այլ նաև Ազգային խորհուրդը, որը չէր շտապում Թբիլիսիից տեղափոխվել Երևան: Էլ չենք խոսում Խորհրդային Հայաստանի կառավարության մասին, որն, ըստ էության, կապ չուներ ժողովրդի հետ ու Մոսկվայի բոլշևիկյան իշխանության մի ստորաբաժանում էր):

Մի խոսքով՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, երբ հռչակվեց Հայաստանի անկախությունը, մենք կանգնած էինք նոր պետություն ստեղծելու հրամայականի առաջ՝ առանց լուրջ քաղաքական ավանդույթների, մշակույթի, պետական կառավարման փորձի: Ամենևին պատահական չէ, որ նախորդ երկու հանրապետություններում միանձնյա դերակատարություն ստանձնած կուսակցություններն էական մասնակցություն չունեցան նոր պետության կայացմանը. իրեն «համահայկական» հռչակած ՀՅԴ-ն նոր Հայաստանը համարում էր ընդամենը հերթական «գաղթօջախ», ՀԿԿ-ն բարոյապես և քաղաքականապես մաշված էր՝ կորցնելով իր մոնոպոլ իշխանությունը, չադապտացվելով նոր իրականությանը:

Համարձակվենք պնդել, որ ձևավորվող Հանրապետությունը արգասիք էր իրենց դարն ապրած դաշնակցական ու համայնավարական կարծրատիպերի մերժման, դրանց նկատմամբ մեր նոր քաղաքական մտքի, արժեհամակարգի հաղթանակի:

Նպաստավոր և աննպաստ գործոններ

Ինչպես նշեցինք՝ Հայաստանի անկախությունը, նրա միջազգային ճանաչումը մեծապես պայմանավորված էր աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններով. 80-ականների վերջին-90-ականների սկզբին Եվրոպայում թևածում էր դեմոկրատական շարժումների, ազատության մի նոր ալիք, որ տրամաբանորեն պետք է հանգեցներ խորհրդային կայսրության փլուզմանը, նորանկախ պետությունների առաջացմանը, Եվրոպայի արևմտյան ու արևելյան հատվածների միջև բաժանարար գծի վերացմանը, «սառը պատերազմի» ավարտին: Ահա այսպիսի պայմաններում հռչակվեց Հայաստանի անկախությունը:

Անկախ միջազգային բարենպաստ կոնյունկտուրայից՝ կային նաև ներքին հանգամանքներ, որոնք նպաստավոր էին նոր իրավիճակում Հայաստանի զարգացման համար: Առաջին հերթին՝ ի տարբերություն խորհրդային մի շարք հանրապետությունների, Հայաստանի անկախությունը հետևանք էր ոչ միայն աշխարհում տեղի ունեցող գործընթացների կամ բացառապես ԽՍՀՄ փլուզման, այլ արդյունք ազգային-դեմոկրատական շարժման, որն աննախադեպ էր ոչ միայն հայ իրականության մեջ, այլև խորհրդային տարածքում առաջացած դեմոկրատական շարժման համատեքստում:

Այդ հզոր շարժումը, որի առաջացման հիմքում Ղարաբաղի խնդիրն էր, արդեն 1988 թ. նոյեմբերից ձևակերպեց օրակարգ, որը ենթադրում էր Հայաստանի աստիճանական, անցնցում անկախություն, ժողովրդավարական ազատությունների ամրագրում: Շարժման գործիչները 1990 թ. օգոստոսին ձևավորեցին տակավին ՀԽՍՀ առաջին ժողովրդավարական, ոչ կոմունիստական իշխանությունը, սկսվեց Հայաստանի անկախության գործընթացը: Սակայն, որ ամենակարևորն է, Հայաստանի նոր իշխանության կամ համազգային շարժման արժեհամակարգը (ժողովրդավարություն, ազատ շուկայական տնտեսություն, հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատում) համահունչ էր համաշխարհային զարգացման համատեքստին:

Հայաստանում ձևավորվել էր քաղաքական նոր հոսանք, որն իր էությամբ տոտալիտար չէր, բացառում էր արկածախնդրությունը, ազգային սնապարծությունը: Հայաստանը բարեբախտություն ունեցավ չկրկնելու խորհրդային մի շարք հանրապետությունների փորձը, երբ Մոսկվայի դրածո կոմունիստական ֆունկցիոներները մեկ գիշերվա ընթացքում դարձան «անկախականներ»: Մենք շրջանցեցինք նաև մեր մի շարք հարևանների փորձը, երբ իշխանության եկած ազգայնական ուժերի քաղաքականության հետևանքով այդ երկրները ներքաշվեցին քաղաքացիական պատերազմների, անիմաստ արյունալի հակամարտությունների հորձանուտ: Ասել է թե՝ անկախության սկզբում Հայաստանում ձևավորվել էր քաղաքական մի թիմ, որ հնարավորություն ուներ ավելի հեշտ ադապտացվելու համաշխարհային նոր իրողություններին:

Պակաս կարևոր չէ նաև հասարակության մասնակցությունը գործընթացին: Եթե ԽՍՀՄ մի շարք հանրապետություններում անկախությունը հռչակվեց «վերևից ներքև» սկզբունքով, այսինքն՝ էլիտաների մակարդակով, ապա Հայաստանի ժողովուրդն անկախության կայացման գլխավոր սուբյեկտն էր (ի դեպ, այս գործոնը աշխատում էր նաև պետության առաջին տարիներին, ու հատկապես ժողովրդավարության ռեսուրսը նպաստեց Ղարաբաղյան հաղթանակին):

Հայաստանի կայուն զարգացման ոչ կարևոր հանգամանք էր նաև ընդհանուր սահմանի բացակայությունը Ռուսաստանի հետ:

Թվում էր՝ մեր հանրապետությունն ունի բոլոր մեկնարկային հնարավորությունները ժամանակակից պետություն դառնալու համար: Սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների դերն ավելի ազդեցիկ եղավ, հասարակությունն աստիճանաբար օտարվեց պետությունից, գաղափարներն իրենց տեղը զիջեցին ընթացիկ պրոբլեմներին, որոնց լուծումը հեռու էր մեզ մոտ ձևավորված համակարգի ուժերից:

Օբյեկտիվ խնդիրների շարքին կարելի է դասել անկախության հռչակմանը գրեթե զուգահեռ ընթացող Ղարաբաղյան պատերազմը, ինչպես նաև «աղետի գոտի» հասկացությունը, որի աշխարհագրական տարածությունն ընդգրկուն էր՝ երկրի տարածքի մեկ երրորդը: Հատկապես Ղարաբաղյան պատերազմը պահանջում էր ռեսուրսների կենտրոնացում, ուժային կառույցների դերի բարձրացում, քաղաքացիական ազատությունների և իրավունքների սահմանափակում: Այս բոլոր գործոնները խոչընդոտում էին համակարգային բարեփոխումների իրականացմանը: Իսկ պատերազմի ավարտից հետո՝ չմշակվեցին արդյունավետ մեխանիզմներ, որոնք թույլ կտային պատերազմի մասնակիցների ինտեգրումը հասարակական կյանքին, սոցիալական նոր հարաբերություններին: Փոխարենը հետպատերազմյան Հայաստանում ձևավորվեց նոր «արտոնյալ» խավ՝ ի դեմս ազդեցիկ հրամանատարների, ինչն ինքնին խորթ է ազատ մրցակցության գաղափարին՝ քաղաքական ու տնտեսական հարաբերություններում:

Ակնհայտ է, որ շարժման ընթացքում, Հանրապետության առաջին տարիներին առկա էին ռացիոնալ, զարգացում ապահովող գաղափարներ, կարգախոսներ, որոնք այդպես էլ չդարձան քաղաքական ծրագիր, վարքագիծ, ինստիտուտ: Արդյունքում պետական կառավարման համակարգը չծառայեցվեց պետության զարգացման հրամայականին (հասարակությունը շուտով սկսեց նույնացնել նախագահի ու առաջին քարտուղարի, մարզպետի ու ռայկոմի քարտուղարի քաղաքական ու հասարակական նշանակությունները): Քաղաքական բարեփոխումները երաշխավորեցին բազմակուսակցական համակարգի ստեղծումը, սակայն ընտրությունները չդարձան կուսակցությունների պայքարի, նրանց ծրագրերի մրցակցության հարթակ, տնտեսական բարեփոխումները գյուղը փրկեցին վերահաս սովից, սակայն դրանց դանդաղ և ոչ հետևողական ընթացքը խոչընդոտեց իրապես միջին խավի ստեղծումը՝ որպես պետության հենարանի, որոշակի արժեքային համակարգի ու սոցիալական վարքագծի կրողի:

Այս բոլոր հանգամանքները պատճառ դարձան, որ 90-ականների կեսերին Հայաստանում առաջանա իշխանության տոտալ ճգնաժամ, արձանագրվի արժեքների դևալվացիա: Պատահական չէ, որ 1998թ.-ին տեղի ունեցավ իշխանափոխություն՝ պրիմիտիվ կարգախոսներով, պալատական հեղաշրջման սցենարով: Իրականում պարտվել էր այն իշխանությունը, որը ձախողել էր ժամանակակից պետության ստեղծման գաղափարը՝ ճանապարհ հարթելով հայկական «թերմիդորականության» զարգացման համար:

Հայկական «թերմիդորականություն»

1998 թ. նախագահական ընտրությունները՝ անկախ դրանց ինտրիգայնությունից, ամենագորշն ու կանխատեսելին էին մեր իրականության մեջ: Ռոբերտ Քոչարյանը խաղարկում էր Ղարաբաղի գործոնը, Կարեն Դեմիրճյանը շեշտը դնում էր արդարության գաղափարի դոմինանտության վրա: Արժեքային, գաղափարական պայքար չկար. ընտրողը ընտրություն էր կատարելու «ուժեղ ձեռքի» երկու վարիացիաների միջև (պատահական չէ, որ այդ ընտրություններում համեստ արդյունքներ արձանագրեցին համեմատաբար գաղափարական կոդերով հանդես եկող Վազգեն Մանուկյանն ու Սերգեյ Բադալյանը): Սա արդեն քաղաքական հեղաշրջման դրսևորում էր:

Ի դեպ, շատերը սխալ են ընկալում այն դիտարկումը, որ 1998-ին Հայաստանում կատարվածը հեղաշրջում է: Ֆորմալ, իրավական տեսակետից՝ իրոք Հայաստանում հեղաշրջում տեղի չի ունեցել. հրաժարական է տվել նախագահը, Սահամանադրությամբ նախատեսված ընթացակարգերով կայացել են նոր ընտրություններ, ձևավորվել է նոր իշխանություն: Սակայն սա՝ միայն ֆորմալ տեսանկյունից: Քաղաքական առումով հեղաշրջում տեղի է ունեցել, ամբողջովին փոխվել է երկրի զարգացման վեկտորը, կառավարման հիմքում դրվել է միանգամայն այլ արժեքային համակարգ՝ հակոտնյա շարժման գաղափարներին, պետության հիմքում դրված արժեքներին: 1998-ին սկսվեց հայկական «հակահեղափոխությունը» կամ «թերմիդորականությունը»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանը՝ դաշնակցական ու կոմունիստական ավանդույթների, լոզունգների, կառավարման մշակույթի էկլեկտիկ սիմբիոզի փորձ էր: Սա ենթադրում է պետության՝ որպես գաղափարի, արժեզրկում: Պատահական չէ, որ այս տասնամյակում վերականգնվեցին կառավարման խորհրդային ավանդույթները (անկախ Հայաստանում դարձյալ սկսեցին տոնել սովետական միլիցիայի, չեկիստի տոները), 19-րդ դարի ազգայնական լոզունգները դարձան պետական քաղաքականություն, ձևախեղվեցին ընտրական ու քաղաքական ինստիտուտները, տեղի ունեցան 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, 2008 թ. մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները (շատերն այս իրադարձությունները համարում են Երրորդ Հանրապետության ավարտ)։

Ժամանակակից պետություն ունենալու նոր շանսը

Հայկական թերմիդորականությունը կամ քրեաօլիգարխիկ համակարգը՝ իր «պատրիարխալ» ու «լիբերալ» դրսևորումներով, գոյատևեց շուրջ քսան տարի՝ մինչև թավշյա հեղափոխությունը։

Դժվար է պատմաքաղաքական գնահատականներ տալ ընթացիկ իրադարձություններին. դրա համար որոշակի ժամանակ է պետք։ Սակայն հեղափոխությունն անկասկած ժամանակակից պետություն կառուցելու բացառիկ շանս է, որը հայ ժողովուրդը վերջին երեսուն տարիներին նվաճում է երկրորդ անգամ։ Հեղափոխությունը մեզ անշուշտ վերադարձրեց Երրորդ հանրապետության հիմքերին, սակայն ոչ թե անցյալին նայելու, այլ ամուր հենքի վրա Նոր Հայաստան կառուցելու համար։ Շատերը կարծում են, որ հեղափոխությունը հիմք է դրել Չորրորդ հանրապետության ստեղծմանը։ Բացարձակապես թյուր կարծիք է, որովհետև թավշյա հեղափոխությունը գալիս է լրացնելու 88-ի շարժման անավարտ օրակարգը՝ նոր բովանդակությամբ ու նոր իրողությունների համատեքստում։
Սարգիս Արծրունի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir