KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը․ Լավրովը ստո՞ւմ է

Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը․ Լավրովը ստո՞ւմ է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 7 dk okuma süresi
360 0

Վերջին օրերին նկատելիորեն աճում է Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա, ընդ որում՝ դա դրսևորվում է տարբեր հարթակներում, շատ դեպքերում՝ անցնելով դիվանագիտական նորմերը։

Մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իմպերատիվ տոնով հայտարարել էր, որ ներկայումս Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:

Այսօր շատ ավելի կտրուկ հայտարարություններ է արել Լավրովի տեղակալը՝ Գրիգորի Կարասինը, որը համակարգում է Մոսկվայի քաղաքականությունը ԱՊՀ տարածքում։

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ «Հայաստանի նոր իշխանությունները տղամարդկություն կունենան Միացյալ Նահանգների կողմից շանտաժին ու ճնշմանը դիմագրավելու համար»:

«Ընթացիկ տարում Հայաստանում տեղի ունեցող արմատական փոփոխությունների ֆոնին գնալով ավելի անտակտ է դառնում Վաշինգտոնի միջամտությունը երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող գործերին»,- ասել է Կարասինը:

Դիվանագետը, մասնավորապես, անդրադարձել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցին ու դրա շրջանակում արված հայտարարություններին:

Կարասինի խոսքերով՝ Բոլթոնը վիրավորական որակում է տվել հայ ժողովրդի պատմական փորձին՝ այն անվանելով «պատմական կաղապար», ինչպես նաև հրամայել է Հայաստանին ամերիկյան զենք գնել, հնարավորինս արագ միանալ հակաիրանական պատժամիջոցներին:

«Եթե հայ-ամերիկյան հարաբերությունների հանրային կողմն այսպիսին է, ուրեմն պետք է միայն պատկերացնել, թե ինչպիսի «ձեռք կապոցի» է տեղի ունենում կուլիսների հետևում: Ակնկալում ենք, որ Հայաստանի՝ ԱԺ ընտրություններում անհրաժեշտ մանդատը ստացած նոր ղեկավարությունն իր մեջ տղամարդկություն կգտնի բացահայտ արտաքին շանտաժին ու ճնշմանը դիմակայելու համար, ու, առաջնորդվելով ազգային շահերով, կպայքարի ինքնուրույն որոշում կայացնելու սուվերեն իրավունքի համար»,- ասել է Կարասինը:

Հարցազրույցում Կարասինը նաև համեմատական է տարել և հիշել է Ուկրաինայի և Վրաստանի ճակատագրերը։ Նա մասնավորապես ասել է․ «Եթե 2008-ին Վրաստանի իշխանությունները չհավատային ՆԱՏՕ-ին Վրաստանի շուտափույթ անդամակցությանը, Սաակաշվիլին հաստատ պատերազմ չէր սկսի Հարավային Օսիայում, և Վրաստանը չէր կորցնի իր տարածքները»: Եվ սա, Կարասինի խոսքերով, օրինակ է, թե որքան անտարբեր է Արևմուտքն այդ երկրների ճակատագրերի հարցում, և սա պետք է որ մտավախություն առաջացնի մյուս երկրների, տվյալ դեպքում Հայաստանի մոտ։

Համաձայնենք՝ ռուսաստանցի դիվանագետն անցել է դիվանագիտական էթիկայի բոլոր կանոնները և, ըստ էության, մատ է թափ տվել Հայաստանի իշխանության վրա՝ անուղղակիորեն ակնարկելով, որ ԱՄՆ-ին հավատալու գինը լինելու է Արցախի կորուստը։

Անկեղծ ասած՝ Մոսկվան որևէ առարկայական հիմք չունի կասկածելու Հայաստանի նոր իշխանության արտաքին քաղաքականության անկեղծությանը, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանը հնարավոր բոլոր առիթներով հայտարարում է արտաքին քաղաքականության վեկտորի պահպանման մասին։

Ավելին, Հայաստանում շատերը Նիկոլ Փաշինյանի թիմին մեղադրում են, որ հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները որակապես չեն փոխվել՝ մնալով այն նվաստացուցիչ մակարդակին, որը կար Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների ժամանակ։

Հիմա ստացվում է, որ Մոսկվան չի հավատում Նիկոլ Փաշինյանի որևէ հավաստիացման ու նրանից պահանջում է ավելին։ Ըստ էության՝ խնդիրն այն է, որ Մոսկվայում պարզապես չեն վստահում Փաշինյանի թիմին՝ թերևս կարծելով, որ հեղափոխությամբ իշխանության եկած ու հասարակական վստահության մեծ ռեսուրսով օժտված կառավարությունը չի կարող կաշկանդումներ ունենալ արտաքին քաղաքականության մեջ։

Ես նախկինում ասել եմ, որ ՀՀ-ն ինքնուրույն քաղաքականություն է վարում, ու ես կարծում եմ, որ շատերն են դա տեսնում, եթե ոչ բոլորը: Հայաստանն այս քաղաքականությունը շարունակելու է. Կարասինին այսպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ ունեցած կարճատև զրույցում։

Սակայն վարչապետի այսօրվա խոսքում գրեթե սենսացիոն է եղել նրա արձագանքը Լավրովի վկայակոչած պայմանագրին։

Նա նշել է, որ վերջին օրերին լայնորեն քննարկվում է նաև ՌԴ ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը ինչ-որ պայմանագրի մասին: «Նման պայմանագիր նախկինում քննարկվել է ՀՀ իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք ՌԴ գործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել»,- ասել է նա:

Իսկ թե նախապատրաստվո՞ւմ են ստորագրել, վարչապետն ասել է, որ անհրաժեշտ է քննարկել Լավրովի հետ, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը:

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Լավրովին մեղադրում է ստախոսության մեջ՝ հստակ հասկացնելով, որ Երևանն ու Մոսկվան չեն բանակցում Ռուսաստանի ԱԳ նախարարի նշած պայմանագրի շուրջ։

Սա իսկապես արտառոց իրավիճակ է, երբ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսում է մի գործընթացի մասին, որը գոյություն չունի ու արտառոց է նաև այն փաստը, որ Հայաստանի ղեկավարը բարձրաձայնում է այդ մասին։ Մյուս կողմից՝ հեռու ենք այն մտքից, որ Լավրովի պես հմուտ դիվանագետը կարող էր լեզվի սայթաքում ունենալ․ Ռուսաստանի արտգործնախարարը ըստ էության հնչեցել է այն պահանջը, որ Մոսկվան ունի Երևանից, իսկ նրա տեղակալը՝ Կարասինը, այսօր ավելի է հստակեցրել խնդիրը՝ Երևանին, ըստ երևույթին, սպառնալով տարածքային կորուստներով՝ հիշեցնելով Վրաստանի և Ուկրաինայի նախադեպերը։

Նիկոլ Փաշինյանի պատասխանները, անշուշտ, արժանապատիվ են, սակայն սրանից Հայաստանին սպառնացող ռիսկերը չեն չեզոքանում, որովհետև հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը կարող է էական ազդեցություն ունենալ ԼՂ խնդրի ու նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վրա։ Կարծում ենք՝ ստեղծված իրավիճակում Երևանը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ։ Ընդ որում՝ շեշտը պետք է դրվի ոչ թե Մոսկվային քծնելու, այլ առկա հարցերը, կնճիռները գործընկերային մակարդակում կարգավորելու համար։ Սա պահանջում է, մի կողմից, դիվանագիտական ճկունություն, մյուս կողմից՝ արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացմանն ուղղված համապարփակ ծրագրի մշակում։ Առայժմ Երևանից հնչում են միայն արժանապատիվ, սակայն կոնկրետ քայլերով չամրապնդված, հակասական դիրքորոշումներ։
Սարգիս Արծրունի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir