KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Թուրքիան աչքը դրել է Կովկասի և Սիբիրի վրա

Թուրքիան աչքը դրել է Կովկասի և Սիբիրի վրա

Kafkassam Editör Kafkassam Editör - - 9 dk okuma süresi
377 0

Թուրքիայի «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրել է թյուրքական աշխարհի քարտեզը, որն ընդգրկում է Ռուսաստանի տարածքի զգալի մասը։ Բահչելիի և Էրդողանի՝ 45 րոպե տևած հանդիպումից հետո կուսակցության թվիթերյան էջում հրապարակվել է քաղաքական գործիչների լուսանկարը, որտեղ նրանք կանգնած են՝ շրջանակված քարտեզը բռնած: Քարտեզի վրա Ռուսաստանի Դաշնության գրեթե 20 բաղկացուցիչ սուբյեկտներ Դաղստանից մինչև Օրենբուրգի մարզ, ներառյալ Սիբիրի զգալի մասը վերագրվել են «թյուրքական աշխարհին»։

Քարտեզի վրա Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ներկված են կարմիր։ Բալկանյան թերակղզու որոշ երկրներ, Իրանի մի հատվածը, Ռուսաստանի հարավային շրջանները, ինչպես նաև Սիբիրի և Արևմտյան Մոնղոլիայի մեծ մասը նշված են նարնջագույնով, իսկ Ալթայը, Յակուտիան և Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը նշված են դեղինով: Թե կոնկրետ ինչ են նշանակում այս գույները, քարտեզի հեղինակները չեն պարզաբանել։

Свободная Пресса-ի հետ զրուցած փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը նման քարտեզի հայտնվելու փաստին պետք է շատ լուրջ վերաբերվի: Այն արտահայտում է պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը Թուրքիայում։ Եվ եթե այսօր Անկարան գործում է փափուկ ուժով՝ վերականգնելով «թյուրքական աշխարհը», ապա ապագայում կարող է օգտագործել այլ գործիքներ, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական բախման։

«Խոսակցությունները, որ Թուրքիան պետք է վերականգնի իր տնտեսական և մշակութային ազդեցությունն այն տարածքներում, որտեղ ապրում են թյուրքական մշակույթին մոտ մարդիկ, շարունակվում են երկար ժամանակ»,- նշում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի Միջազգային տնտեսական և քաղաքական հետազոտությունների ռուսական արտաքին քաղաքականության կենտրոնի ղեկավար Բորիս Շմելյովը։

Ըստ նրա՝ պանթուրքիզմի գաղափարները սկսել են զարգանալ Էրդողանից շատ առաջ և հիմնականում համընկնում են օսմանիզմի գաղափարախոսության հետ, այն է, որ Թուրքիան պետք է վերականգնի իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում:

«Դա հակասում է եվրոպիզմի գաղափարախոսությանը, որին Անկարան հավատարիմ էր ավելի վաղ, այն է՝ ԵՄ-ին անդամակցելու և աշխարհիկ պետություն կառուցելու կողմնորոշմանը։ Էրդողանը պաշտպանում է պանթուրքիզմի և պանօսմանիզմի քաղաքականությունը, քանի որ արդեն ակնհայտ է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում և չի էլ լինի այնտեղ։ Նա իրեն դիտարկում է որպես տարածաշրջանային խոշոր տերություն և փորձում է ամրապնդել իր հեղինակությունը հենց այս գաղափարախոսության հիման վրա։

Ես չէի թերագնահատի այս գաղափարախոսության նշանակությունը թե՛ Թուրքիայի արտաքին քաղաքականության, թե՛ Ռուսաստանի անվտանգության համար։ Մենք ականատես ենք Թուրքիայի ազդեցության ուժեղացմանը Կովկասում, դա ակնհայտ է։ Նրան տեսնում ենք Աբխազիայում, Աջարիայում, բավականին ակնհայտ՝ Ադրբեջանում։ Թուրքիան ակտիվացրել է իր քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում՝ փորձելով ստեղծել մի տեսակ պանթյուրքիստական միություն՝ իր գլխավորությամբ։

Շատ մեծ խաղ է ընթանում, և Թուրքիան դառնում է հետխորհրդային տարածքում և հենց Ռուսաստանում իրավիճակի զարգացման գործոններից մեկը։ Նրա ազդեցությունն աճում է Թաթարստանում, Բաշկորտոստանում, նույնիսկ Ղրիմում։ Այդ ազդեցությունն իրականացվում է, այսպես կոչված, փափուկ ուժի օգնությամբ՝ մշակութային հարաբերությունների, տնտեսական կապերի զարգացման միջոցով։ Բայց Թուրքիան այդ լծակների օգնությամբ փորձում է լուծել նաև իր աշխարհաքաղաքական խնդիրները։

Մենք տեսնում ենք մի տեսակ աշխարհաքաղաքական մարտահրավեր Թուրքիայի կողմից Ռուսաստանին։ Մենք բախվում ենք ոչ միայն Սիրիայում, որտեղ մեր շահերը հակասում են, այլ նաև հետխորհրդային տարածքում, և՛ Կովկասում, և՛ նույնիսկ հենց Ռուսաստանում։ Մենք հիմա այս մասին չենք խոսում, մենք լռում ենք այս փաստի մասին և առանձնահատուկ ուշադրություն չենք դարձնում։ Բայց մեր իրական քաղաքականության մեջ այս գործոնը պետք է հաշվի առնել։

Թուրքիան ունի զգալի ֆինանսական և նյութական ռեսուրսներ, որոնցով կարող է մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում և Ռուսաստանում։ Նրանք ցանկանում են ուժեղացնել իրենց ազդեցությունն այս տարածքում, ստեղծել պանթյուրքիստական աշխարհ և դրա հիման վրա ամրապնդել իրենց դիրքերը Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և աշխարհում։

Ինչպես ասացի, սա շատ մեծ խաղ է։ Թե սա որքան ժամանակ կարող է շարունակվել և ինչպես կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա, ցույց կտա ժամանակը։ Իրական քաղաքականության մեջ Թուրքիան դեռևս որոշակի զսպվածություն է ցուցաբերում և չի անցնում կարմիր գծերը, ինչը կառաջացներ Ռուսաստանի բացահայտ առարկությունը։ Նա գործում է դանդաղ, հանգիստ հասնում է իր նպատակին: Բայց կարծում եմ, որ որոշակի ժամանակ անց աշխարհաքաղաքական շահերի այս բախումը չի կարող ջրի երես դուրս չգալ։ Սա կարող է լուրջ ճգնաժամի հանգեցնել ռուս-թուրքական հարաբերություններում»,- նշել է Շմելյովը:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին Ռաևսկի, իր հերթին, ասել է. «Բնականաբար, սա մեր անվտանգության համար վտանգ է ներկայացնում։ Ռուսաստանի տարածքի 56%-ը կազմում են ազգային-տարածքային կազմավորումները, և դրանց մեծ մասը կապված է թյուրքական մշակույթի հետ՝ Տիվա, Բաշկորտոստան, Թաթարստան և այլն։

1992 թվականից այս շրջաններում և ամբողջ հետխորհրդային տարածքում մշակութային և կրթական կառույցների ակտիվ թուրքացում է տեղի ունենում։ Այո, 2006-ին այս թուրքական լիցեյները արգելվեցին, բայց ինչ-որ տեղ սկսեցին գործել որպես մասնավոր դպրոցներ։ Եվ ի տարբերություն նախկին խորհրդային հանրապետությունները միավորելու մեր փորձերի, թուրքերը հաջող քաղաքականություն են վարել։ Իսկ այսօր իշխանության են եկել թուրքամետ ոգով դաստիարակված երիտասարդներ։

Ինչ վերաբերում է հարցի ուժային մասին, ապա թուրքերն արդեն ստացել են հետխորհրդային տարածքում ակտիվ գործողությունների առաջին փորձը։ Ամբողջ գործողության թուրքական կառավարման շնորհիվ նրանք հասան ակնհայտ հաջողությունների և հաղթեցին Հայաստանին Լեռնային Ղարաբաղում։ Կարող եմ այդպես ասել, քանի որ հայկական բանակը չհատեց Ղարաբաղի սահմանները։

Ուստի քարտեզը միայն այսբերգի գագաթն է՝ ժամանակակից աշխարհի թուրքական ըմբռնման ցուցիչ։ Նրանք հավատում են, որ ի վիճակի են վերստեղծել հսկայական համայնք, որը կկառավարի աշխարհը։ Սա շատ վտանգավոր երևույթ է, և այս ծրագիրն արդեն մեծ մասամբ իրականացվել է։ Բայց մեր թյուրքական հանրապետություններում, ինչպես նաև նորանկախ պետություններում Ռուսաստանի և ռուսաց լեզվի դիրքերն ամրապնդելու փորձի փոխարեն, մենք ամեն ինչ բարձիթողի վիճակում ենք թողել, և թուրքերը լավ օգտագործեցին դա։

Արդյոք դա վտանգավո՞ր է Ռուսաստանի համար. այո՛, դա մահացու է, քանի որ դրանից է կախված ռուսական պետության գոյատևումը»,- եզրափակել է Նադեին Ռաևսկին։

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir