İdlip Olayı Nasıl İncelenmeli -II-

США ввели санкции против Китая

İdlib Mutabakatı Oyunları Bozdu…

PKK destekçisi Avusturyalı gazeteci Max Zirngast neden tutuklandı?

Թուրքիայի սիրիական քաղաքականությունը 2011-2017թթ. «ՌԱՀՀԿ»

Gündem, Türkiye 2 Kasım 2017
133

ԹՈՒՐՔ-ՍԻ­ՐԻԱ­ԿԱՆ ՀԱ­ՐԱ­ԲԵ­ՐՈՒԹ­ՅՈՒՆՆԵ­ՐԸ 1998-2011ԹԹ.

Դեռեւս 1998թ. Թուրքիան ու Սիրիան պատերազմական իրավիճակի շեմին էին: Հիմնական պատճառն այն էր, որ Սիրիան մեծապես աջակցում էր Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK)։ Ավելին՝ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը գտնվում էր Սիրիայում, իսկ Թուրքիան պահանջում էր նրան վտարել այնտեղից։ Սակայն այն ժամանակ բանը չհասավ պատերազմի, քանի որ Սիրիան, ի վերջո, տեղի տվեց թուրքական կողմի ճնշումներին ու սպառնալիքներին, ինչն էլ ավարտվեց 1998թ. հոկտեմբերի 20-ին կնքված Ադանայի համաձայնագրով, որով Սիրիան պարտավորվեց չաջակցել PKK-ին, փակել նրա ֆինանսավորման հոսքերը, Օջալանին վտարել երկրից։ Ադանայի համաձայնագրից հետո որոշակի ջերմացում սկսվեց երկկողմ հարաբերություններում։ Դրան նպաստեց նաեւ այն, որ 2000թ. մահացավ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը, որին փոխարինեց նրա որդի Բաշար Ասադը։ Բացի դրանից, 2002թ. նոյեմբերի 3-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեց «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը որդեգրեց արաբական աշխարհի հետ մերձենալու քաղաքականություն։ 2000-ականներին մեծ զարգացում ապրեցին թուրք-սիրիական հարաբերությունները. 2007թ. ուժի մեջ մտած ազատ առեւտրի մասին համաձայնագրի շնորհիվ աճեց ապրանքաշրջանառությունը, 2009թ. ստեղծվեց թուրք-սիրիական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդը, առաջընթաց գրանցվեց զբոսաշրջության, ներդրումների եւ այլ ոլորտներում, 2000-2005թթ. իրականացվեց 55 պաշտոնական այց, որոնցից առավել հիշարժան են երկուսը։ 2004թ. հունվարի սկզբին Թուրքիա այցելեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ինչն աննախադեպ իրադարձություն էր Սիրիայի նախագահի համար, իսկ 2004թ. դեկտեմբերին Սիրիա այցելեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը (վերջին անգամ Թուրքիայի վարչապետներից Թուրգութ Օզալն էր այցելել Սիրիա՝ 1987թ.)։ Այդ այցերի արդյունքներով ընդգծվեց, որ Թուրքիան Սիրիայի համար բաց դարպաս է դեպի Եվրոպա, իսկ Սիրիան Թուրքիայի համար բաց դարպաս՝ դեպի իսլամական աշխարհ։ 2003թ. Սիրիան ողջունեց Թուրքիայի խորհրդարանի մերժումը ԱՄՆ-ին՝ կապված Իրաքում ռազմարշավ սկսելու նպատակով երկրում զորք տեղակայելու հետ։ 2008թ. Թուրքիան միջնորդություն էր իրականացնում Սիրիայի ու Իսրայելի միջեւ։ Բացի դրանից, Թուրքիային ու Սիրիային միավորում էին քրդերի դեմ պայքարը եւ Համաարաբական գազատարի կառուցումը։ Կարելի է ասել, որ 1998-2011 թվականները եղել են թուրք-սիրիական հարաբերություններում թերեւս միակ դրական ժամանակաշրջանը, քանի որ այդ հարաբերություններն ավելի հաճախ հագեցած էին խնդիրներով (Ալեքսանդրետի սանջակ (Հաթայ), PKK, Եփրատ գետի վրա թուրքական ջրային խոշոր նախագծեր եւ այլն)։ Սիրիայի հետ հարաբերությունները Թուրքիայի համար է՛լ ավելի կարեւորվեցին Իսրայելի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումից (2010թ. «Մավի Մարմարայի» միջադեպից) հետո։ Այսպիսով՝ մենք տեսնում ենք, որ 2011թ. «Արաբական գարնան» շրջանում թուրք-սիրիական հարաբերությունները բավական բարձր մակարդակում էին եւ, կարելի է ասել, Սիրիան Մերձավոր Արեւելքում Թուրքիայի համար որոշակի փոխատեղում էր կատարել Իսրայելի հետ։ Բացի դրանից, երկու երկրների ղեկավարների միջեւ կար ընտանեկան մտերմություն. Էրդողանն ու Ասադն իրենց կանանց հետ անգամ համատեղ արձակուրդ են անցկացրել (թեեւ դրանից հետո Ասադի կին Ասման ամուսնուն խնդրել է այլեւս չանել նման բան, քանի որ Էրդողանները չունեն կրթություն ու ճաշակ)։ Հավելենք, որ Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ընդամենը 1 ամիս առաջ՝ 2011թ. փետրվարին, երկու երկրների վարչապետները (Էրդողան, Նաջի Օտրի) մասնակցեցին սահմանային Օրոնտաս (Ասի) գետի վրա «Բարեկամության» ամբարտակի կառուցման հիմնարկեքին։ Փաստորեն Թուրքիան ու Սիրիան հենց նման պայմաններում թեւակոխեցին «Արաբական գարնան» ժամանակաշրջան։

ՍԻ­ՐԻԱ­ՅՈՒՄ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԱ­ԿԱՆ ՀՈՒ­ԶՈՒՄՆԵ­ՐԻ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԸ, ԹՈՒՐ­ՔԻԱ­ՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒ­ՄԸ

Թեեւ Սիրիայում հակակառավարական առաջին ելույթները սկսվեցին 2011թ. հունվարի վերջին, սակայն ժողովրդական զանգվածային հուզումները մեկնարկեցին մարտի 15-ին՝ աստիճանաբար վերաճելով քաղաքացիական պատերազմի։ Այդ ժամանակ Էրդողանը հայտնվել էր շատ ծանր վիճակում. նախ խալիֆի հավակնություններով Էրդողանը վերջին շրջանում ինքնակամ ստանձնել էր աշխարհի մուսուլմանների իրավունքների պաշտպանի դերը եւ ելնելով նաեւ դրանից՝ շարունակ դատապարտում էր պաղեստինցիների հանդեպ Իսրայելի գործողությունները։ Բացի դրանից, Էրդողանը Սիրիայից առաջ, թեկուզեւ որոշակի ուշացումով, բայցեւայնպես դատապարտել էր Եգիպտոսում ու Լիբիայում իշխող վարչակարգերի՝ Հոսնի Մուբարաքի ու Մուամմար Քադաֆիի կողմից սեփական ժողովրդի դեմ ուժ կիրառելը, եւ հետեւաբար նա չէր կարող պարզապես լռություն պահպանել Ասադի պարագայում։ Եվ չնայած դրան՝ Էրդողանը սկզբում պահպանեց այդ լռությունը։ Ավելին՝ արդեն մարտի 26-ին նա՝ գիտակցելով, որ Ասադը կարող է արժանանալ Մուբարաքի կամ Քադաֆիի ճակատագրին, հեռախոսազրույց ունեցավ Ասադի հետ ու ողջունեց բարեփոխումներ կատարելու՝ նրա որոշումը։ Էրդողանը շահագրգռված էր, որ Սիրիայում արագորեն մարեին ժողովրդական հուզումները եւ պահպանվեր ստատուս- քվոն։ Թուրքիայի համար տվյալ ժամանակ գերխնդիրը Սիրիայի քրդերի անջատողական շարժումները կանխելը կամ վերահսկելն էր։ Էրդողանը տեսել էր, որ Ասադի իշխանության ժամանակ դրանք վերահսկողության տակ են, եւ խիստ շահագրգռված էր, որ վերջինս Սիրիայում մնա իշխանության ղեկին։

Ապրիլի 6-ին Սիրիա գործուղվեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով Ասադին կոչ արեց վերացնել 1963 թվականից գործող արտակարգ դրության ռեժիմը (դա տեղի ունեցավ ապրիլի 21-ին), քրդերին տալ քաղաքացիություն (ապրիլի 7-ին Ասադը սկսեց քաղաքացիություն տալ Հասեկե նահանգի քրդերին), իսկ բանակը հեռու պահել քաղաքներից։ Ապրիլի 28-ին Էրդողանի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Սիրիա մեկնեց Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը (այցից հետո Թուրքիան սկսեց Սիրիայից ընդունել փախստականներին)։ Մայիսի 7-ին Դավութօղլուն եւս մեկ անգամ բարեփոխումներ անցկացնելու կոչ արեց Ասադին, իսկ օգոստոսի 9-ին վերստին այցելեց Դամասկոս եւ 6.5 ժամանոց հանդիպում ունեցավ Ասադի հետ (2015թ. հունվարին Դավութօղլուն, հիշեցնելու համար թուրք-սիրիական հարաբերությունների սերտ լինելը, հայտարարեց, որ 10 տարում 62 անգամ այցելել է Սիրիա)[1]։ Փաստորեն Ասադն անսաց Թուրքիայի հորդորներին, կատարեց բարեփոխումներ, սակայն դա չկանխեց Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունների վատթարացումը, որի պատճառներն են.

1) Էրդողանը սկսեց Ասադին մեղադրել իրեն բազմաթիվ խոստումներ (14 կետանոց «ճանապարհային քարտեզ») տալու, սակայն չկատարելու համար։ Ասադն էլ Էրդողանին մեղադրում էր անիրատեսական պահանջներ առաջ քաշելու մեջ՝ ընդգծելով, որ 30 տարի նոր Սահմանադրություն չընդունած Թուրքիան Սիրիայից պահանջում է այն ընդունել ընդամենը 3 ամսում։ Ապա Էրդողանը սկսեց Ասադին մեղադրել սեփական ժողովրդի դեմ բռնություններ գործադրելու մեջ, իսկ Ասադն իր հերթին Էրդողանին հիշեցրեց Թուրքիայի քրդերի դեմ բռնությունների մասին։ Արդյունքում գործը հասավ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզմանը (2011թ. սեպտեմբերին CNN-ի հետ զրույցում Էրդողանը հայտարարեց, որ ավելի քան համբերատար է գտնվել Ասադի հանդեպ, սակայն իր համբերության բաժակն արդեն լցվել է)։ Այդ ժամանակ եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը գրեց, որ Ասադից Էրդողանի հիասթափվելու պատճառը բարեփոխումների հետ չի կապված. «Հունիսին Էրդողանն Սիրիայում հակակառավարական ելույթների դադարեցման հարցում աջակցություն է առաջարկել Ասադին, եթե նա կառավարությունում 3-4 նախարարական պորտֆել հատկացնի Սիրիայում արգելված «Մուսուլման եղբայրներ» (ՄԵ) կազմակերպությանը: Սակայն Ասադը կտրուկ մերժել է Էրդողանի այդ առաջարկը` նշելով, որ քաղաքական կուսակցության տեսքով իսլամիստների վերադարձը բացառվում է, որ ՄԵ-ի կրոնական բնույթը չի համապատասխանում Սիրիայի աշխարհիկ բնույթին, որ ՄԵ-ն Սիրիայի համար նույնն է, ինչ Թուրքիայի համար PKK-ը»[2]։

2) Սիրիայի հանդեպ Թուրքիայի դիրքորոշման փոփոխմանը նպաստեց նաեւ 2011թ. հուլիսի 25-ին «Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան» (շիական) գազատարի կառուցման մասին պայմանագրի կնքումը։ Թուրքիայում խստապես ցանկանում էին, որ իրանական գազը ԵՄ-ին մատակարարվի հենց իր տարածքով եւ, ելնելով նաեւ դրանից, նպատակահարմար համարվեց բորբոքել լարված իրավիճակը Սիրիայում (նաեւ Իրաքում), ինչը (պատերազմը, իշխանափոխությունը) Իրանին կդներ փակուղային իրավիճակում, անհնարին կդարձներ «շիական» գազատարի կառուցումը, Իրանին կստիպեր ընտրել թուրքական երթուղին։ Դա տարանցիկ մեծ եկամուտներ կապահովեր Թուրքիային, Իրանին տարանցիկ կախվածության մեջ կդներԹուրքիայից, կմեծացներ Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը, ներդրում կունենար ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններում։ Ի դեպ, 2009թ. Ասադը մերժել էր «Կատար-Սիրիա-Թուրքիա-Եվրոպա» գազատարի նախագիծը, ինչը որոշ փորձագետների կարծիքով՝ դարձել է Սիրիական վեճի բուն պատճառը։

3) Սակայն Թուրքիայի դիրքորոշման փոփոխման հիմնական պատճառն այն էր, որ 2011թ. օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ բացեիբաց հայտարարեց, որ Ասադը պետք է հեռանա։ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակից Թուրքիան որոշեց, որ Ասադի օրերը հաշվված են, եւ արդեն պետք է աջակցել սիրիական ընդդիմությանը (սեպտեմբերին CNN-ի հետ զրույցում Էրդողանը չբացառեց, որ 1 տարի անց Ասադը չի լինի իշխանության ղեկին [3])։ Սակայն Թուրքիայում հաշվի չառան այն, որ ԱՄՆ-ը չունի Ասադին տապալելու հստակ ռազմավարություն, թերագնահատեցին հենց Ասադին, ինչպես նաեւ նրան իշխանության պահելու հարցում Իրանի ու ՌԴ-ի վճռականությունը։ Օբամայի հայտարարությունից ընդամենը 5 օր անց Ստամբուլում ձեւավորվեց սիրիական ընդդիմության կոալիցիոն խումբը՝ Սիրիական ազգային խորհուրդը։ Եվ Թուրքիան սկսեց մեծապես աջակցել սիրիական ընդդիմությանը՝ գտնելով, որ. ա) եթե շարունակի աջակցել Ասադին, ապա շուտով կստանա թշնամաբար տրամադրված ռեժիմ՝ ի դեմս սիրիական ընդդիմության, բ) եթե սիրիական ընդդիմությունն իր աջակցությամբ գա իշխանության, ապա պարտական կլինի իրեն, եւ Սիրիան կվերածվի Թուրքիայից կախյալ պետության, գ) սիրիական ընդդիմության միջոցով կկարողանա հետագայում վերահսկել Սիրիայի քրդերի հնարավոր անջատողական շարժումները [4]։

ԲԱՑ ԴՌՆԵ­ՐԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒԹ­ՅՈՒՆ

Սիրիայում բախումներ սկսվելուց հետո Թուրքիան փախստականների հանդեպ որդեգրեց բաց դռների քաղաքականություն՝ նրանց համար մոտակա նահանգներում կառուցելով վրանային ու տնակային ճամբարներ։ Թուրքիայի տվյալ դիրքորոշման հիմքում ընկած էին մի շարք գործոններ, որոնք աստիճանաբար է՛լ ավելի շատացան։

1) Արդեն նշվեց, որ խալիֆի հավակնություններով Էրդողանն իրեն հռչակել էր մուսուլմանների իրավունքների պաշտպան, եւ սիրիացի փախստականներին ընդունելը հրաշալի առիթ էր դա վերահաստատելու, մուսուլմանական աշխարհում իր իմիջը բարձրացնելու համար (չնայած դրան՝ հետագայում Էրդողանին մեղադրեցին «Ինջիրլիքի» ավիաբազան մուսուլմաններին հարվածելու նպատակով ԱՄՆ-ին տրամադրելու համար)։

2) Սիրիացի փախստականներին ընդունելը նպաստում էր Թուրքիայի իշխանությունների առաջ քաշած այն թեզի հաստատմանը, որ Սիրիան Թուրքիայի համար Լիբիա չէ, որ ի տարբերություն (2011թ.) Լիբիայի դեպքերի, Սիրիայի դեպքերն անմիջականորեն ազդում են Թուրքիայի վրա՝ չէ որ վերջինս Սիրիայի հետ ունի իր ամենաերկար ցամաքային սահմանը՝ 911 կմ։ Այսինքն՝ Թուրքիան դրանով հիմք էր ստեղծում Սիրիայի հարցում իր «պահանջատիրությունը», Սիրիայի դեպքերին իր ապագա միջամտությունը «օրինականացնելու» համար։

3) Սիրիացի փախստականներին ընդունելը պետք է նպաստեր Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում «անվտանգության եւ թռիչքազերծ գոտու» ստեղծմանը, ուր կկարողանային պատսպարվել փախստականները։ Եվ որքան երկրում շատանում էր փախստականների թիվը, այնքան բարձրանում էր Թուրքիայի ձայնը։ Սկզբում հայտարարվում էր, որ եթե սիրիացի փախստականների թվաքանակը գերազանցի 10.000-ը (հետո 50.000-ը), ապա Թուրքիան «միայնակ չի կարողանա կրել այդ ծանր բեռը» եւ ստիպված կլինի դիմել միջազգային կառույցների օգնությանը։ 2012թ. օգոստոսին Դավութօղլուն որպես «կարմիր գիծ» սահմանեց 100.000 փախստականի առկայությունը [5], սակայն հոկտեմբերին Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասավ 100.363-ի՝ հատելով հոգեբանական շեմը[6]։ Այդ ժամանակ Թուրքիայում դեռ չգիտեին, որ փախստականների թիվը հասնելու է ավելի քան 3.5 միլիոնի, ինչն ապացուցում է «ծանր բեռը միայնակ կրել չկարողանալու» Թուրքիայի դիրքորոշման սնանկությունը։ Իրականում «անվտանգության գոտին» պետք է սեպի դեր խաղար Թուրքիայի, Սիրիայի ու Իրաքի քրդերի միջեւ (դրա համար էլ տվյալ գոտու ստեղծման վայր ընտրվել էր Քամըշլըի շրջանը) եւ պետք է ծառայեր Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական ներկայության հաստատմանը։

4) Սիրիացի փախստականներին ընդունելը Թուրքիայի իշխանություններին հնարավորություն տվեց հիմնավորել Սիրիայի հետ սահմանը բաց պահելը, որով ակտիվորեն իրականացվում էր զինյալների, զենք-զինամթերքի երկկողմ ելումուտ (զինյալները Թուրքիայից մեկնում էին Սիրիա՝ Ասադի զորքերի դեմ կռվելու համար, իսկ Սիրիայից Թուրքիա բերվում էին վիրավոր զինյալները՝ բուժում ստանալու, հանգստանալու եւ այլնի համար)։ 2013թ. հունվարին Ասադը հայտարարեց, որ եթե չլինեն Թուրքիայի սահմանով զինյալների, զենք-զինամթերքի մատակարարումները, ապա սիրիական հակամարտությունը կավարտվի երկու շաբաթում [7]։

5) Սիրիացի փախստականների մուտքը Թուրքիային հնարավորություն տվեց հավաքագրման աշխատանքներ կատարել նրանց շրջանում։ Այդ երկրի հատուկ ծառայություններն ակտիվ աշխատանքներ ծավալեցին երկրում հանգրվանած սիրիացի փախստականների շրջանում՝ մարզելով, զինելով եւ ուղարկելով Սիրիա՝ Ասադի զորքերի դեմ կռվելու համար։

6) Սիրիացի փախստականներին ընդունելը եւ այդպիսով թուրք-սիրիական սահմանը բաց պահելը Թուրքիային հնարավորություն տվեց զբաղվել նաեւ հարեւան երկրի թալանով։ 2013թ. հունվարին Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ Հալեպի նահանգում թալանվել է ավելի քան 1000 գործարան, որոնց սարքավորումներն ուղարկվել են Թուրքիա, ինչը նա որակեց ծովահենություն եւ դիմեց ՄԱԿ-ին։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի գործարանների թալանն իրականացվել է Էրդողանի հրամանով, ով դրանով ցանկացել է ծնկի բերել Սիրիայի տնտեսությունը եւ հատկապես ձերբազատվել Թուրքիայի համար արդյունաբերական մրցակցային մի շարք ոլորտներից՝ մանվածք, տեքստիլ, սնունդ, բժշկական պարագաներ, ցեմենտ։ Տնտեսագետ Հայան Սուլեյմանի խոսքով՝ դա ակնհայտ հափշտակության երկրորդ դեպքն էր Սիրիայի պատմության մեջ. առաջին դեպքը գրանցվել էր 1865թ., երբ Օսմանյան կայսրությունը տարբեր մասնագիտություններով խմբերին, արհեստավորներին Սիրիայից տեղափոխեց Ստամբուլ։ Հետագա տարիներին էլ Թուրքիան Սիրիայում գործող ԻՊ ահաբեկչական խմբավորումից գնում էր էժան նավթ, բամբակ, անտիկ իրեր եւ այլն՝ այդպիսով ֆինանսավորելով ահաբեկչությանը[8]։

7) Սիրիացի փախստականներին ընդունելով եւ հետագայում նրանց ուղղելով դեպի ԵՄ՝ Թուրքիան հասավ միգրացիոն հայտնի գործարքի կնքմանը, որով ԵՄ-ը պարտավորվեց Թուրքիային տրամադրել 3 մլրդ € (ավելի ուշ եւս 3 մլրդ €), արագացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային պայմանա­կարգի չեղարկման գործը, ակտիվացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը։ Թուրքիայի իշխանությունները շարունակ հայտարարում են, թե սիրիացի ու իրաքցի փախստականների վրա «ծախսել են» 10-20 մլրդ € եւ միջազգային հանրությունից ստացել են ընդամենը 0.5 մլրդ €, սակայն իրականում փախստականների միայն 10%-ն է բնակվում ճամբարներում. մեծ թվով փախստականներ ապրում են նկուղներում, կամուրջների տակ եւ անմարդկային այլ պայմաններում։

8) Թուրքիայի իշխանությունները նպատակադրվել են սիրիացի փախստականների միջոցով փոխել երկրի քրդաբնակ նահանգների ժողովրդագրական պատկերը։ Նրանց մեծապես վախեցնում է, որ մի շարք նահանգներ գերազանցապես բնակեցված են քրդերով, եւ պատահական չէ, որ Էրդողանը քանիցս հայտարարեց փախստականներին Թուրքիայի քաղաքացիություն տալու հնարավորության մասին։ Տվյալ քաղաքականության շրջանակներում տեղավորվում է նաեւ Դոնբասից բերված մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումը Թուրքիայի քրդաբնակ նահանգներում։

9) Սիրիացի փախստականներին ընդունելով ու քաղաքացիություն տալով՝ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են մեծացնել քրդաբնակ նահանգներում իրենց ընտրազանգվածը։ Թուրքական կողմի հաշվարկներով՝ փախստականները պետք է պարտական լինեն Էրդողանին, ով երկրի դռները չի փակել պատերազմի արհավիրքներից փախչողների առջեւ, որոնց զգալի մասը չի ունեցել փախչելու այլ տարբերակ (հատկապես սահմանային շրջանների բնակիչները)։ Ակնկալվում է, որ փախստականները ընտրություններում կքվեարկեն ԱԶԿ-ի օգտին, ով 2015թ. խորհրդարանական վերջին ընտրություններում զգալի բարդությունների հանդիպեց քրդաբնակ նահանգներում։

10) Թուրքիայի իշխանությունները՝ ի դեմս սիրիացի փախստականների, ստացան էժան աշխատուժ։ 2016թ. աշնանը BBC-ի թիմը բացահայտեց, որ բազմաթիվ անչափահաս սիրիացիներ անբարենպաստ պայմաններում աշխատում են Թուրքիայի տեքստիլ արդյունաբերությունում։ Նրանք հիմնականում գրանցված չեն, քանի որ չունեն աշխատելու թույլտվություն, աշխատում են օրական 12 ժամ, 1 ժամ աշխատանքի համար ստանում են շուրջ 1.25 $: Այդ աշխատավարձը Թուրքիայում սահմանված նվազագույն ժամավճարից անհամեմատ ցածր է: Բացի դրանից, պետք է նշել Թուրքիայում սիրիացի փախստականների ներքին օրգանների լայնածավալ վաճառքի մասին։ 2014թ. ապրիլին լիբանանյան մամուլը գրեց Թուրքիայի պետական հիվանդանոցների կողմից սիրիացի փախստականների (երեխաների) ներքին օրգանների հափշտակման մոտ 16.000 դեպքի մասին։ Ամենամեծ պահանջարկը վայելել են երիկամները (Թուրքիայում 1 երիկամն արժե 10.000 $)։ Թուրքիայի Անթաքիա, Իսքենդերուն քաղաքների հիվանդանոցներ բերված սիրիացի վիրավորներին ներարկում են քնաբեր, սպանում են, հանում առողջ օրգանները եւ վաճառում «սեւ շուկայում»[9]։

ՍԱՀ­ՄԱ­ՆԱ­ՅԻՆ ՍԱԴ­ՐԱՆՔ­ՆԵ­ՐԻ ՔԱ­ՂԱՔԱ­ԿԱ­ՆՈՒԹ­ՅՈՒՆ

Տեսնելով, որ սիրիական ընդդիմությանը չի հաջողվում հասնել Ասադի տապալմանը՝ Թուրքիան որոշեց արագացնել գործընթացը։ Այդ ձգտումն է՛լ ավելի ուժգնացավ այն բանից հետո, ինչ Ասադը 2012թ. իր զորքերը հետ քաշեց քրդաբնակ նահանգներից` Հալեպի ճակատամարտին մասնակցելու համար, ինչից հետո դրանցում սկսեցին հայտնվել տեղի քրդերի (PYD) դրոշները, որոնք տեսանելի էին Թուրքիայի տարածքից եւ սարսափ էին առաջացնում։ Հասկա­նալի է, որ Թուրքիան ռազմական առումով ի զորու էր ներխուժել Սիրիա եւ հասնել Ասադի տապալմանը, սակայն Թուրքիայում գիտակցում էին, որ Ասադի աջակիցներ ՌԴ-ն ու Իրանը խստիվ դեմ են թուրքական ռազմական միջամտությանը։ Թուրքիայում հարցի ելքը գտան ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ (հավաքական պաշտպանության մասին) հոդվածը խաղարկելու մեջ՝ ՆԱՏՕ-ի միջոցով Ասադի տապալմանը հասնելու համար։ Թուրքիան, այդպիսով, անցում կատարեց սահմանային սադրանքների քաղաքականությանը։ 2012թ. ապրիլի 9-ին թուրքական մամուլը գրեց, որ սիրիական բանակը գնդակոծել է Թուրքիայի Քիլիս նահանգի սահմանը հատած փախստականներին (զոհվեց 2, վիրավորվեց 4 մարդ): Միջադեպից հետո չինական այցի ժամանակ Էրդողանին ուղեկցող Ա.Դավութօղլուն ստիպված եղավ վերադառնալ Թուրքիա, իսկ Էրդողանը Պեկինում հայտարարեց, որ սիրիական բանակը «կոպտորեն խախտել» է Թուրքիայի սահմանը՝ սպառնալով ձեռնարկել պատասխան միջոցներ: Չնայած դրան` Թուրքիայի տարածքի գնդակոծման մասին հաղորդվեց նաեւ ապրիլի 10-ին: Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարեց, որ Թուրքիայի սահմանի գնդակոծումն այդ երկրի կառավարության կազմակերպած սադրանքն է։ Չինաստանից վերադարձած Էրդողանը չբացառեց, որ Անկարան կարող է դիմել ՆԱՏՕ-ի օգնությանը, Դավութօղլուն էլ նշեց, որ սահմանի խախտման մասին իրազեկել են ՄԱԿ-ին եւ ՆԱՏՕ-ին: Սակայն Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային օգնության կգա միայն այն դեպքում, եթե սիրիացի զինվորները հատեն նրա սահմանը: Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան էլ հայտարարեց, որ 5-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ է, որ Սիրիան ուղիղ սպառնալիք ներկայացնի Թուրքիային` ընդգծելով, որ 5-րդ հոդվածը ցայժմ կիրառվել է միայն մեկ դեպքում՝ 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումից հետո: Սահմանային 2-րդ խոշոր սադրանքը գրանցվեց 2012թ. հունիսի 22-ին, երբ Միջերկրական ծովի արեւելքում խոցվեց Թուրքիայի ՌՕՈՒ F-4 հետախուզական ինքնաթիռը։ Թուրքական կողմի պնդմամբ՝ «F-4-ը եղել է անզեն, խոցվել է միջազգային օդային տիրույթում եւ միայն ընկնելիս է հայտնվել Սիրիայի տարածքային ջրերում»։ Միջադեպից հետո Թուրքիան վկայակոչեց ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խորհրդակցեն այն դեպքերում, երբ իրենց կարծիքով վտանգված են սեփական տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը: Եվ, թեեւ ՆԱՏՕ-ի նիստը գումարվեց, սակայն Թուրքիան որեւէ շոշափելի արդյունքի չհասավ. գործի չդրվեց 5-րդ հոդվածը։ 2012թ. հոկտեմբերի սկզբին նոր խոշոր միջադեպ գրանցվեց թուրք-սիրիական սահմանին։ Սիրիայից արձակված հրետանային արկերն ընկան Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե շրջանում (զոհվեց 5, վիրավորվեց 10 մարդ)։ Թուրքիան պատասխանեց T-155 Fırtına հաուբիցի հարվածներով (զոհվեց 14, վիրավորվեց 25 սիրիացի զինծառայող)։ Թուրքիան՝ հենվելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի վրա, գումարել տվեց ՆԱՏՕ-ի նիստ, որում բավարարվեցին Սիրիայից պահանջելով վերջ դնել «Թուրքիայի հանդեպ ագրեսիվ գործողություններին»։ Փաստորեն Թուրքիային վերստին հիասթափություն էր սպասվում։ Թուրքական Yurt թերթի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղն իր «Արյունալի սադրանք» հոդվածում գրեց, որ հենց Թուրքիան է կանգնած Աքչաքալեի հրետակոծմանհետեւում, որ Թուրքիան է հրետանային այդ սարքն ու դրա արկերն ուղարկել Սիրիական ազատ բանակին, որն էլ հրետակոծել է Թուրքիայի տարածքը[10]։ 2012թ. հոկտեմբերի երկրորդ կեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Էրդողանի հետ եւ սպառնաց, որ որ եթե գեթ մեկ թուրք զինվոր հատի Սիրիայի սահմանը, ապա ՌԴ-ը շատ կոշտ կարձագանքի դրան[11]: Այդպիսով՝ Թուրքիայի սահմանային սադրանքների քաղաքականությունը տապալվեց. ՆԱՏՕ-ն տուրք չտվեց Թուրքիայի սադրանքներին, իսկ ՌԴ-ի կոշտ արձագանքից հետո Թուրքիայի սահմանային սադրանքները հիմնականում դադարեցվեցին[12]։

Հիշատակման արժանի է 2013թ. ամռանը Դամասկոսի արվարձան Արեւելյան Գուտայում քիմիական զենքի կիրառմամբ կատարված հարձակումը։ Դրանից առաջ Բ.Օբաման Ասադի համար «կարմիր գիծ» էր սահմանել քիմիական զենքի կիրառումը։ Ակնհայտ է, որ դրանից հետո Ասադի հակառակորդները պետք է ցանկանային օգտվել դրանից, եւ Սիրիայում անպայմանորեն պետք է կիրառվեր քիմիական զենք, որի պատասխանատվությունը պետք է դրվեր Ասադի զորքերի վրա։ Ապա սկսվելու էր ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը Սիրիայում, որն էլ հանգեցնելու էր Ասադի տապալմանը։ Եվ ահա Թուրքիան 2013թ. ամռանը սկսեց ռազմական տեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին՝ փափագելով ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերի կազմում շուտափույթ ներխուժել Սիրիա։ Սակայն երբ Ասադն ընդունեց ՌԴ-ի առաջարկը, հրաժարվեց քիմիական զենքի պաշարներից, տեղի չունեցավ արտաքին ռազմական միջամտություն։ Ի դեպ, ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը 2014թ. ապրիլին չբացառեց, որ Սիրիայում քիմիական զենքի հարձակման հետեւում կարող է կանգնած լինել Էրդողանը[13]։ Նշենք, որ Թուրքիան Ասադի վարչակարգի տապալման ամենամեծ ջատագովներից մեկն էր (է) եւ թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Սիրիայում կիրառված քիմիական զենքն արտադրվել է Թուրքիայում, որտեղից էլ ուղարկվել է Սիրիա[14]։ Ընդգծենք, որ 2013թ. ռազմական միջամտությունից հրաժարվելը դարձավ ԱՄՆ-ից Թուրքիայի ամենամեծ հիասթափությունը. արդեն նշել ենք, որ Թուրքիան որոշակիորեն ԱՄՆ-ի պատճառով է թշնամացել Ասադի հետ եւ սկսել վնասներ կրել դրանից (խարխլվել էր Սիրիայի տարածքով Թուրքիայի ցամաքային առեւտուրը Մերձավոր Արեւելքի երկրների հետ ու մեծացել էր Սուեզի ջրանցքի կարեւորությունը Թուրքիայի համար եւ, հետեւաբար, Եգիպտոսից Թուրքիայի կախվածությունը)։

ՍԻ­ՐԻԱ­ՅԻ ՔՐԴԵՐ

ԻՊ 2014թ. հունվարին Սիրիայի քրդերը հայտարարեցին ինքնավար 3 կանտոնի (շրջան) ստեղծման մասին՝ շեշտադրելով, որ դրանք Սիրիայի տարածքի մի մասն են։ Խոսքը Թուրքիային սահմանակից Ջիզրե (արեւելք), Քոբանի (կենտրոն) եւ Աֆրին (արեւմուտք) կանտոնների մասին է։ Եվ պատահական չէր, որ Թուրքիան դրանից հետո սկսեց ուժգնորեն աջակցել ԻՊ-ին, որը Սիրիայում զբաղվում էր նաեւ տեղի քրդերի հարցի լուծմամբ։ Թուրքիայի այդ պահվածքն ակնհայտ էր 2014թ. Քոբանիի պաշտպանության ժամանակ, երբ նա թույլ չտվեց, որ Թուրքիայի քրդերն օգնության հասնեն Քոբանիի պաշտպաններին եւ միայն ԱՄՆ ճնշման ներքո թույլատրեց իր տարածքով Քոբանիին Իրաքի քրդերի (Փեշմերգա) օգնության հասնելը, սակայն, դրա հետ մեկտեղ նվազեցրեց նրանց քանակը եւ ձգձգեց տվյալ գործընթացը։ Եվ, այնուամենայնիվ, ԻՊ-ին չհաջողվեց գրավել Քոբանին։ 2015թ. Սիրիայի քրդերը մեծ հաջողություններիհասան ԻՊ-ի դեմ պայքարում. ամռանը գրավեցին Թել Աբյադը, որը սեպի պես խրված էր Ջիզրե եւ Քոբանի շրջանների միջեւ, միավորեցին դրանք, կտրեցին տվյալ հատվածում Թուրքիայի ու ԻՊ-ի միջեւ կապը, իրենց վերահսկողության տակ առան Իրաքի սահմանից մինչեւ Եփրատ գետն ընկած տարածքները, սպառնալիք ստեղծեցին ԻՊ-ից ազատագրելու համար Ջերաբլուս-Ազեզ 98 կմ-անոց հատվածը, որը կհանգեցներ հետեւյալին.

ա) ամբողջովին կմիավորվեին քրդական 3 կանտոնները, թուրք- սիրիական սահմանի մոտ 700 կիլոմետրը կհայտնվեր քրդերի վերահսկողության տակ (նման ցամաքային սահման Թուրքիայի հետ չունի որեւէ հարեւան, այժմ այդ ցուցանիշը կազմում է 500-550 կմ, ինչը համարժեք է թուրք-իրանական սահմանին),

բ) ամբողջովին կկտրվեր Թուրքիայի ու ԻՊ-ի միջեւ ցամաքային կապը, Թուրքիան կզրկվեր ցամաքով նրան օժանդակելուց, նրանից նավթ եւ այլն գնելուց,

գ) վտանգ կստեղծվեր, որ Սիրիայի քրդերը 3 շրջանների միավորումից հետո կշարժվեին դեպի Միջերկրական ծով,

դ) թուրք-սիրիական սահմանի մեծ մասում կհաստատվեր կայունություն, եւ Թուրքիան, Սիրիայի հետ սահմանին դեմ առնելով քրդական պատնեշին (քրդական միջանցք), կզրկվեր Սիրիայի դեպքերից դժգոհելու, իրեն սպառնացող վտանգների մասին ահազանգելու, ԻՊ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Սիրիայի հյուսիսում (Ազեզ-Ջերաբլուս գոտի) ռազմական ներխուժում ձեռնարկելու հնարավորությունից,

ե) Թուրքիան կզրկվեր հետպատերազմյան Սիրիայի հստակեցման հարցում ձայնի իրավունքից,

զ) կփոխվեր տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը (Թուրքիան Սիրիայի քրդերին մեղադրում է արաբներին ու թուրքմեններին հալածելու մեջ)։

Դրա համար էլ պատահական չէր, որ Թել Աբյադի անկումից եւ դրան հաջորդած (ըստ ամենայնի՝ Թուրքիայի տարածքից) Քոբանիի վրա ԻՊ-ի նոր հարձակման ձախողումից օրեր անց Թուրքիայում գումարվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում որոշվում է Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ» սահմանել Եփրատի արեւմտյան ափը։ Դա պատճառաբանվում է նրանով, որ Ջերաբլուսի վրա Սիրիայի քրդերի հարձակման դեպքում կմեծանա դեպի Թուրքիա փախստականների ալիքը։ Հետաքրքիր է, թե ինչու ավելի վաղ Թուրքիան նույնպիսի զգուշացում չէր արել (եւ ամենակարեւորը՝ չէր հարվածել) Քոբանիի վրա հարձակվող ԻՊ-ին, ինչի հետեւանքով Քոբանիից Թուրքիա գաղթեց ավելի քան 130.000 մարդ։ Եվ, ընդհանրապես, Թուրքիան ԻՊ-ի հարցում կարող էր վարվել Իրանի նման, ով ԻՊ-ին զգուշացրել էր իր սահմանին չմոտենալ 40 կմ-ից ավելի։ Եվ երբ Թուրքիան տեսավ, որ ԻՊ-ը սկսել է պարտություններ կրել եւ այլեւս ունակ չէ զբաղվել «Քրդական հարցի» լուծմամբ, սկսեց ավելի մերձենալ Սիրիայի քրդերին աջակցող ԱՄՆ-ի հետ։ Բանն այն է, որ երբ ԱՄՆ-ը դրանից առաջ Թուրքիային կոչ էր անում ակտիվորեն ներգրավվել ԻՊ-ի դեմ պայքարում, Թուրքիան չընդառաջեց նրան։ Արդյունքում, ԱՄՆ-ը սկսեց ավելի շատ հենվել Սիրիայի քրդերի վրա։ Գիտակցելով սխալը՝ Թուրքիայում փորձեցին շտկել դա, եւ Թել Աբյադի գրավումից մոտ 1 ամիս անց՝ 2015թ. հուլիսի վերջին, ԱՄՆ- ին թույլատրվեց ԻՊ-ի դեմ պայքարում օգտվել «Ինջիրլիքի» ավիաբազայից, ինչին Թուրքիան ընդդիմանում էր երկար ժամանակ՝ առաջ քաշելով Սիրիայի քրդերի, Բ.Ասադի, անվտանգության գոտու վերաբերյալ մի շարք պահանջներ։ Արդեն օգոստոսի վերջին թուրքական օդուժը ԱՄՆ գլխավորած դաշինքի կազմում առաջին անգամ հարվածեց Սիրիայում ԻՊ-ի օբյեկտներին։ Իսկ նոյեմբերի 15-ին՝ Անթալիայում G20-ի գագաթնաժողովի մեկնարկից անմիջապես առաջ, Թուրքիան հրաժարվեց զենիթահրթիռային համալիրներ գնել ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող չինական CPMIEC ընկերությունից, որը դեռեւս 2013թ. աշնանը հաղթել էր Թուրքիայի անցկացրած մրցույթում՝ հարուցելով ԱՄՆ-ի մեծ դժգոհությունը: Թուրքիայի այս 3 խոշոր զիջումներից հետո ԱՄՆ-ը դեմ չէր, որ Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ ԻՊ- ի։ 2016թ. օգոստոսի 23-ին՝ «Եփրատի վահան» թուրքական ռազմական գործողության մեկնարկի նախօրեին, թուրք հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին գրեց, որ, եթե չլիներ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24M ռմբակոծչի խոցման միջադեպը, ապա Թուրքիան, սիրիական ընդդիմությունն ու ԱՄՆ-ը պետք է այդ օրը համատեղ սկսեին Ջերաբլուսն ԻՊ- ից մաքրելու գործողությունը. թուրքական բանակն ու սիրիացի ընդդիմադիրները պետք է Սիրիա մտնեին ցամաքից, իսկ ԱՄՆ-ը ցուցաբերելու էր աջակցություն օդից։ Սակայն SU-24M-ի միջադեպը խառնեց այդ պլանները[15]։

SU-24M-Ի ՄԻ­ՋԱ­ԴԵ­ՊԸ, «ԵՓ­ՐԱ­ՏԻ ՎԱ­ՀԱՆ» ՌԱԶ­ՄԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾՈ­ՂՈՒԹ­ՅՈՒ­ՆԸ

SU-24M-ի միջադեպից հետո Սիրիայում ռուսական ռմբակոծիչներին սկսեցին ուղեկցել կործանիչները, եւ բացի դրանից, ՌԴ-ը Սիրիայում տեղակայեց S-400 նորագույն ԶՀՀ։ Դրանից հետո Թուրքիան դադարեցրեց Սիրիայի օդային տիրույթում իր ավիացիայի թռիչքները՝ վախենալով ՌԴ-ի վրեժխնդրությունից։ Էրդողանը հայտարարեց, որ եթե ՌԴ-ը Սիրիայի օդային տիրույթում կործանի Թուրքիայի մարտական ինքնաթիռ, ապա դա կորակի ագրեսիա, եւ ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել։ Պատահական չէ, որ թուրքական ավիացիան Սիրիա վերադարձավ միջադեպից միայն 9 ամիս անց՝ «Եփրատի վահան» ռազմական գործողության ժամանակ[16]։ Թեեւ «Սու-24»-ի միջադեպից հետո ՌԴ-ը տնտեսական, վիզային մի շարք սահմանափակումներ սահմանեց Թուրքիայի հանդեպ, որոնք զգալի վնաս հասցրին նրա տնտեսությանը, քաղաքացիներին, այնուամենայնիվ, դրանք չխաղացին վճռորոշ գործոնի դեր, որը Թուրքիային կստիպեր գնալու ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը։ 2016թ. ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի թիվ մեկ դրդապատճառը եղել են Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները։ 2016թ. մայիսի 31-ին Սիրիայի քրդերը գետանցեցին Եփրատը եւ սկսեցին ԻՊ-ից ազատագրել Ազեզ-Ջերաբլուս գոտին՝ այդպիսով հատելով Թուրքիայի սահմանած «կարմիր գիծը»։ Ընդ որում՝ Սիրիայի քրդերն այդ անգամ Եփրատը գետանցեցին Թուրքիայի սահմանից բավական հարավ, ուր թուրքական հրետանին չէր կարող հասնել նրանց (2015թ. Թուրքիայի սահմանի մոտից Եփրատը գետանցելու փորձերի ժամանակ թուրքական օդուժն ու հրետանին հարվածել եւ խորտակել էին Սիրիայի քրդերի նավակները)։ Արդեն 2016թ. հունիսի 23-ին Սիրիայի քրդերն ԻՊ-ից ազատագրեցին Մանբիջ քաղաքը, եւ Թուրքիայի համար առավել իրատեսական դարձան Ազեզ-Ջերաբլուս գոտուն առնչվող վերոնշյալ բոլոր վտանգները։ Թուրքիան հայտարարեց, որ ԱՄՆ-ը խոստացել էր, որ Սիրիայի քրդերը չեն հայտնվի Եփրատի արեւմտյան ափին, նրա բողոքներից հետո ԱՄՆ-ը խոստացավ, որ Սիրիայի քրդերը կվերադառնան Եփրատի արեւելյան ափ, եւ թեեւ դա տեղի չունեցավ, Սիրիայի քրդերը շատ չզարգացրին իրենց հաղթարշավը Եփրատի արեւմտյան ափին։ Արդեն հունիսի 27-ին՝ Մանբիջի ազատագրումիցընդամենը 4 օր անց), Կրեմլը հայտնեց, որ Պուտինն Էրդողանից ստացել է ներողություն բառը պարունակող նամակ, որում թուրք առաջնորդը ՌԴ-ն անվանել է Թուրքիայի բարեկամ ու ռազմավարական գործընկեր։ Դրանով տրվեց ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մեկնարկը, եւ օգոստոսի 24-ին Սիրիայի հյուսիսում սկսվեց «Եփրատի վահան» գործողությունը (անգամ դրա անվանումն է վկայում, որ իրականում այն ուղղված է ոչ թե ԻՊ- ի, այլ՝ Սիրիայի քրդերի դեմ, Եփրատը նրանց դեմ որպես վահան ծառայեցնելուն)։ Ի դեպ, թուրքական մամուլը գրեց, որ օսմանների թոռներն ուղիղ 500 տարի անց վերստին Ջերաբլուսում են. 1516թ. օգոստոսի 24-ին օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի բանակը Մերջիդաբըքի ճակատամարտում (Հալեպից 44 կմ հյուսիս) պարտության էր մատնել մամլուքների բանակին, ինչից հետո գրավել էր Սիրիան, Պաղեստինը, Լիբանանը։ Փաստորեն, «Եփրատի վահանը» տեղավորվում է Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության շրջանակներում, որի բաղադրիչներից մեկը «ռազմակայանային» քաղաքականությունն է (Օսմանյան կայսրության նախկին տարածքներում ռազմական ներկայության հաստատումը)[17]։ «Եփրատի վահան» գործողությունը տեւեց 7 ամիս եւ 5 օր ու ավարտվեց 2017թ. մարտի վերջին։ Թուրքիան դրա շնորհիվ կարողացավ սեպ խրել Սիրիայի քրդերի Քոբանի ու Աֆրին շրջանների միջեւ, ապօրինաբար իր ռազմական ներկայությունը հաստատել Սիրիայի տարածքում, վտանգ ստեղծել քրդական հիմնական շրջաններից կտրված Աֆրինի գրավման համար։ Եվ այնուամենայնիվ, Թուրքիան չկարողացավ ամբողջովին հասնել նպատակին «անվտանգության գոտու» հարցում. ավելի վաղ Էրդողանը քանիցս հայտարարել էր, որ իրենք նպատակադրվել են Սիրիայի հյուսիսում ձեւավորել 5000 կմ2 տարածքով «անվտանգության գոտի», մինչդեռ այդ ցուցանիշը կազմեց միայն 2060 կմ2։ Սա վկայում է, որ Թուրքիան «Եփրատի վահան» գործողության միջոցով հասել է մասնակի հաջողության (ՌԴ-ն ու ԱՄՆ-ը թույլ չտվեցին, որ այն շարունակվի)[18]։

ԱՄ­ՓՈ­ՓՈՒՄ

Ամփոփելով 2011-2017թթ. Թուրքիայի սիրիական քաղաքականությունը՝ նշենք, որ այն ընդհանուր առմամբ ձախողվեց։ Արդյունքում Թուրքիան չկարողացավ հասնել երկու հիմնական նպատակի. ա) Բաշար Ասադի վարչակարգի տապալում, բ) Սիրիայի քրդերի անջատողական շարժումների զսպում։ Թուրքիան այժմ ստիպված է որոշակի հետքայլ անել Ասադին տապալելու իր քաղաքականությունում։ 2016թ. ամռանը գնալով ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Թուրքիան փաստացիորեն հրաժարվեց Ասադին տապալելու իր վաղեմի երազանքից։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիան Ասադի վարչակարգն ուժային ճանապարհով տապալելու անհնարինության մասին սկսեց լրջորեն մտորել 2015թ. սեպտեմբերի 30-ին Սիրիայում ՌԴ ռազմական միջամտության մեկնարկից հետո։ Եվ եթե չլիներ «Եփրատի վահան» գործողությունը, ապա կարելի կլիներ փաստել, որ Թուրքիայի սիրիական քաղաքականությունը ձախողվել է կատարելապես։

Ինչ վերաբերում է Սիրիայի քրդերին, ապա չնայած Թուրքիային հաջողվեց սեպ խրել նրանց շրջանների միջեւ, ներկայում Սիրիայի քրդերը շատ ավելի ուժեղ եւ շահեկան դիրքերում են, քան Սիրիական հակամարտությունից առաջ էր։ «Եփրատի վահան» գործողության ավարտի ժամանակ թուրքական ԶԼՄ-ները գրեցին, որ Սիրիայի քրդերը ներկա դրությամբ վերահսկում են Սիրիայի տարածքի 21%-ը՝ 38.500 կմ2 եւընդհանրապես Թուրքիային սահմանակից Սիրիայի շրջանների 65%-ը։ Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ ժամանակ ԻՊ-ի վերահսկողության տակ էր Սիրիայի տարածքի 41%-ը՝ 75.500 կմ2, եւ փաստորեն Սիրիայի քրդերի ու ԻՊ-ի (Թուրքիայի բնորոշմամբ՝ ահաբեկիչների) վերահսկողության տակ էր Սիրիայի տարածքի ավելի 60%-ը[19]։

Բացի դրանից, Սիրիայի քրդերը վերջին շրջանում ազդեցիկ ուժ են դարձել ռազմական առումով։ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ-ը սկսել է ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիայի քրդերին՝ չնայած Թուրքիայի կոշտ հակազդեցությանը։ ԱՄՆ-ը խոստացել է Սիրիայի քրդերի կողմից Ռաքքայի ազատագրումից եւ ԻՊ-ի պարտությունից հետո Սիրիայի քրդերից ետ վերցնել իր տված զենքը, սակայն Էրդողանը հայտարարել է, որ չի հավատում այդ խոստմանը։ Այստեղ հարցն ըստ էության ամերիկյան զենքը վերադարձնել-չվերադարձնելու մեջ չէ. խնդիրն այն է որ Սիրիայի քրդերը դրա միջոցով ավելի են զորեղանում, ունենում են տարածքային ձեռքբերումներ, մեծացնում են սեփական ազդեցությունը, վերածվում են տարածաշրջանային գործոնի։ Կան կարծիքներ, որ ԱՄՆ-ը Սիրիայի քրդերին վերածում է հետԻՊյան ժամանակաշրջանում Ասադին հակադիր ուժի։

Ի դեպ, Թուրքիան ինքն էր ցանկանում մասնակցել Ռաքքայի ազատագրմանը՝ մեծացնելու համար հետԻՊ-յան, հետպատերազմյան Սիրիայում իր ձայնի իրավունքը, կանխելու համար Ռաքքայի ազատագրմանը Սիրիայի քրդերի մասնակցությունը, ԱՄՆ-ին ապացուցելու համար, որ «միֆ» է այն, թե միայն Սիրիայի քրդերն են ցամաքային արդյունավետ ուժ ԻՊ-ի դեմ պայքարում։ Ուշագրավ է, որ Թուրքիան նպատակադրվել էր Ռաքքային հարվածել ոչ թե նրանից 210 կմ հեռավորության վրագտնվող Ալ Բաբից (որի գրավման համար Թուրքիայից, ի դեպ, պահանջվեց 177 օր, քանի որ Թուրքիան չգիտեր, թե ինչ էր անելու դրանից հետո), այլ՝ Ռաքքայից 90 կմ հեռու ընկած Թել Աբյադի շրջանից։ Փաստորեն Թուրքիան ձգտում էր այդկերպ նոր սեպ խրել Սիրիայի քրդերի շրջանների, տվյալ դեպքում՝ Ջիզրեի եւ Քոբանիի միջեւ։ Սակայն ԱՄՆ-ը թույլ չտվեց Թուրքիայի մասնակցությունը Ռաքքայի ազատագրմանը։ Չենք բացառում, որ ԻՊ-ին Ռաքքայից (Սիրիայից) վտարելուց հետո նոր ուժով կբորբոքվի Թուրքիա-Սիրիայի քրդեր դիմակայությունը։ Թուրքիան նաեւ ձգտելու է հնարավորինս երկար պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում, որն այդ դեպքում Թուրքիայի համար կվերածվի ճահճուտի (պարտիզանական պայքար)։ Դա կարող է խնդիրներ առաջացնել շահագրգիռ երկրների հետ, ինչպես նաեւ բացասաբար ազդել Թուրքիայի ներքաղաքական, ներհասարակական զարգացումների վրա (Թուրքիայում խստապես դժգոհ են, որ սիրիացիները հանգրվանել են երկրում, մինչդեռ իրենց զավակները զոհվում են Սիրիայում)։ Արդեն նշվեց, որ Սիրիայի քրդերը գերտերությունների եւ տարածաշրջանային ուժերի համար վերածվել են Թուրքիայի վրա ազդեցության լուրջ լծակի եւ Թուրքիան խոցելի դարձրել նրանց համար։ Մասնավորապես, հենց Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները 2015թ. Թուրքիային ստիպեցին միանգամից 3 խոշոր զիջում անել ԱՄՆ-ին, իսկ 2016թ. ներողություն խնդրել ՌԴ-ից։

Այժմ Թուրքիայի թիրախում է քրդական հիմնական շրջաններից կտրված Աֆրինը, որի օկուպացմամբ («Եփրատի սուր» գործողություն) նա ձգտում է ձերբազատվել Սիրիայի քրդերի շրջանների միավորման վտանգից։ Սակայն դա քիչ հավանական է եւ, առաջին հերթին, կախված է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ Թուր­քիայի հարաբերությունների բնույթից։ Ներկայում Սիրիայի քրդերը շարունակում են հավակնել Սիրիայի վերաբերյալ ժնեւյան բանակցություններին մասնակցելուն եւ չենք բացառում, որ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ-ը կարտոնի ժնեւյան բանակցություններին Սիրիայի քրդերի մասնակցությունը։ Սա նշանակում է, որ Սիրիայի քրդերը հետագայում նույնպես մեծապես ազդելու են ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի, նաեւ Ասադի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա։ Ի դեպ, Սիրիայի քրդերի անջատողական շարժումները զսպելու հարցում համընկնում են Թուրքիայի ու Ասադի շահերը (Իրանը մի կողմից ողջունում է ԻՊ-ի դեմ Սիրիայի քրդերի պայքարը, մյուս կողմից էլ չի ցանկանում նրանց զորեղացումը)։ 2016թ. մարտին Սիրիայի քրդերը հայտարարեցին Սիրիայի հյուսիսում դաշնության ստեղծման մասին, իսկ դեկտեմբերին ընդունեցին դաշնության Սահմանադրությունը։ Սիրիայի քրդերի այս հաջողությունները կարող են ոգեւորություն առաջացնել նաեւ Թուրքիայի քրդերի շրջանում։ Բացի դրանից, Սիրիայի քրդերն ապագայում կարող են ընթանալ Իրաքի քրդերի ճանապարհով՝ անցկացնելով անկախության մասին հանրաքվե։ Թուրքիային բարդ ժամանակներ են սպասվում. տարածաշրջանում քրդական պետության (Քրդստան) ստեղծման հեռանկարը գնալով դառնում է ավելի իրատեսական։ Չենք բացառում, որ այն կարող է ի հայտ գալ Թուրքիայում հենց Էրդողանի նախագահության ժամանակ (ով տեսականորեն այդ պաշտոնում կարող է մնալ ցմահ)։ Դա կատարյալ ֆիասկո կլինի Էրդողանի համար, ով այրվում է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ իր ուրույն տեղը զբաղեցնելու եւ անգամ երկրի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին ստվերելու մղումից:

այկ Գաբրիելյան
***************************************************

ՀՂՈՒՄՆԵՐ

[1] Հայկ Գաբրիելյան, Սիրիական զարգացումները­ եւ Թուրքիան, Նորավանք ԳԿՀ, 01.07.2011

[2] Հայկ Գաբրիելյան, Թուրքիան եւ իր հարեւանները, Նորավանք ԳԿՀ, 04. 11.2011

[3] Erdoğan: Beşar Esad Er yada Geç Gidecek, Gültekin Parlak, 24.11.2011

[4] Габриелян Айк, Американо-турецкие разногласия по Сирии и Ираку, Инсти- тут Ближнего Востока, 02.06.2015

[5] Davutoğlu’ndan Suriye için 100 bin uyarısı, En Son Haber, 20.08.2012

[6] Mülteci sayısı psikolojik sınırı aştı, Sabah, 16.10.2012

[7] Esad: İsyanın uzamasının nedeni Türkiye, Ulusal Kanal, 28.01.2013

[8] Հայկ Գաբրիելյան, ԻՊ-ին Թուրքիայի չքողարկված աջակցության շուրջ, Նորավանք ԳԿՀ, 04.04.2016

[9] Հայկ Գաբրիելյան, ԻՊ-ին Թուրքիայի քողարկված աջակցության շուրջ, Նորավանք ԳԿՀ, 04.04.2016

[10] Suriye provokasyonu ve AKP’nin kirli savaşı, Yurt, 07.10.2012

[11] Erdoğan ve Putin’in sert Suriye görüşmesi, En Son Haber, 22.10.2012

[12] Հայկ Գաբրիելյան, Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի խնդրահարույց անդամ, ՄԱՀՀԻ, 17.01.2017

[13] Seymour M. Hersh, The Red Line and the Rat Line, LRB, 17.04.2017

[14] ‘O silahlar Türkiye’de üretildi’, Vatan, 29.07.2013

[15] Габриелян Айк, США, Турция и сирий- ские курды Институт Ближнего Восто- ка, 28.06.2016

[16] Հայկ Գաբրիելյան, Ռուս-թուրքական հարաբերություններ. 1-ամյա վթար՝ հաշտեցման ելքով, ՄԱՀՀԻ, 24.11.2016

[17] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի «ռազ­ մակայանային» քաղաքականության շուրջ, Նորավանք ԳԿՀ, 30.06.2016

[18] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունը, Նորավանք ԳԿՀ, 04.04.2017

[19] Suriye’nin yüzde 61’i iki terör örgütünün işgalinde, Anadolu Ajansı, 31.03.2017

Հոդվածը պատրաստվել է ՌԱՀՀԿ պատվերով և տպագրվել «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երևանից» պարբերականի թիվ 2 (9), թիվ 3 (10) համարում:

Yorumlar