Հումանիտար օգնության արգելակումը Լաչինի միջանցքում ունի իր քաղաքական հետևանքները: Իմ կարծիքով սա առաջին հերթին տապալեց Ալիևի ծավալած քարոզչությունը, թե իբր միջանցքը բաց է: Հայկական կողմից ճիշտ էր եվրոդիտորդներին և դեսպաններին այնտեղ տանելը:
Երկրորդը- ռուսական խաղաղապահ միսիան հեղինակության կորուստ ունեցավ, ստացվեց, որ այն անկարող է տվյալ իրավիճակի հանգուցալուծումը գտնել: Երրորդ – ինչ որ տեղ հնարավորություն տրվեց Բաքվին շրջանառության մեջ դնել Աղդամի ճանապարհի գաղափարը և մեղադրել հայկական կողմին դեպի Քելբաջար ճանապարհը փակելու համար: Նույնիսկ Ալիևը Շուշիում հարցադրում էր անում. ով ում է բլոկադայի ենթարկել: Չորրորդ- Հայաստանն ստացավ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու առաջին հետևանքը. որպես սուվերեն պետություն իր տարածքում և նրա սահմաններին Ադրբեջանն է որոշում բեռների և մարդկանց տարանցման բոլոր ձևերն ու միջոցները. այսինքն մեռնեմ հենց այն միջազգային օրենքներին, որն ամենից հաճախ են հղում անում բոլորը: Հինգերորդ – Ալիևը մեկ անգամ ևս ի ցույց դրեց արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում իր ուժն ու հաստատակամությունը: Վեցերորդ – առաջին անգամ թաքուն, առանց բարձրաձայնելու, օրակարգ բերվեց միջանցք-միջանցքի դիմաց բանաձևը, որպես Արցախի հայությանը սովից փրկելու միակ միջոց: Յոթերորդ- Նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունները դե ֆակտո այլևս չեն գործում: Ութերորդ- սահմանագծման գործընթացը մեկ անգամ ևս մտավ փակուղի: Իներորդ- քաղաքական ճգնաժամ առաջացավ Արցախի իշխանության ներսում: Տասներորդ-բանակցային Բրյուսելյան, Վաշինգտոնի և Մոսկվայի երեք հարթակներն էլ հեղինակության լուրջ կորուստ ունեցան: