10 EKİM 2020 TARİHLİ ATEŞKES VEYA “MASA TUZAĞI”

ERMENİSTAN’IN CÜRETİ NEREDEN KAYNAKLANIYOR?

Presentation of the documentary film “From tent camps to new settlements”

Страны НАТО считают «Искандеры» в Калининграде угрозой безопасности

Վարդան Օսկանյանը: Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի

Ermenistan 22 Haziran 2021
35
MAKEDONYA'DA SINAVSIZ ÜNİVERSİTE

Հայաստանը շուտով առերեսվելու է մի քանի լուրջ մարտահրավերների։ Ադրբեջանն իր օրակարգը ձեռքին պատրաստ սպասում է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հարմար պահի, որպեսզի այն դնի սեղանի վրա։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական եւ բանակցային թուլացած դիրքերից։

Առաջինը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հավանական փաստաթուղթն է, որն առնչվելու է նաեւ անկլավների հարցին։

Երկրորդը Ադրբեջանից դեպի Նախիջեւան ճանապարհի/միջանցքի հարցն է, որն Ադրբեջանի ընկալմամբ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ է։

Երրորդը հայ-ադրբեջանական խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է։

Այս երեքն էլ շատ լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։ Դրանք անխուսափելիորեն պարունակելու են դրույթներ, որոնք չեն բխելու Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ, առհասարակ, շահերից։ Ավելին, խաղաղության համաձայնագիրը կամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ փաստաթուղթը կստորագրի միմիայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Լավագույն դեպքում այդտեղ կարող է մտցվել դրույթ, որով Ղարաբաղի այսօր մնացած մասում հայերին մշակութային ինքնորոշման ինչ-որ տարբերակ տրամադրվի։ Այս փաստաթուղթն, իհարկե, վերոնշյալ երեքից ամենավտանգավորն է, եւ առաջին երկուսի իրականացումն ինչ-որ պահից առնչվելու է նաեւ դրան՝ նախապայմանների ձեւով։ Այլ կերպ ասած՝ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան սահմանների բացումը եւ կոմունիկացիաների գործարկումը կապվելու է նաեւ այս փաստաթղթի ստորագրման հետ։

Եթե նախկինում Թուրքիան եւ Ադրբեջանը ասում էին, որ Ղարաբաղին հարակից թեկուզ մի քանի տարածքների վերադարձի դեպքում պատրաստ են բացել կոմունիկացիաները, ապա մոտ ապագայում այս երրորդ փաստաթղթի ստորագրման համար լինելու է տարածքային ամբողջականության ճանաչման նախապայմանը։

Տպավորություն է, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավվել այս գործընթացներին։ Դա ակնհայտ դարձավ ընտրարշավի ընթացքում իշխող կուսակցության հնչեցրած հայտարարություններից եւ մոտեցումներից։

Այս պահին տպավորություն կա, որ Հայաստանը չունի իր սեփական օրակարգը։ Առանց նման օրակարգի՝ վերոնշյալ գործընթացներին ներգրավվելը միանշանակ կտանի անցանկալի արդյունքների եւ դիվանագիտական, տարածքային ու անվտանգային նորանոր բարդությունների ու կորուստների։

Այս բոլորին Հայաստանը պետք է հակադրի իր ուրույն օրակարգը, որի նվազագույն դրույթները կարող են լինելը հետեւյալը․

1. Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների անհապաղ եւ անվերապահ վերադարձ, այդ թվում նրանց, ում նկատմամբ այժմ դատական գործընթացներ կան։
2. Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական բոլոր ուժերի հետքաշում ելակետային դիրքեր։
3. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների՝ որպես քաղաքական միավորի գոյության ընդունում, որը որպես այդպիսին 1994-ի զինադադարի ստորագրումից հետո եղել է միջազգային հանրության կողմից ներկայացված կարգավորման բոլոր փաստաթղթերում (Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության հետեւանքների վերացման փաստաթուղթ՝ 1993-1997 (Կազիմիրովի փաստաթուղթ); Փաթեթային առաջարկ՝ 1997; Փուլային առաջարկ՝ 1997; Ընդհանուր պետություն՝ 1998; Քի Վեստ՝ 2001; Մադրիդյան փաստաթուղթ՝ 2004-2008; հետագայում՝ Կազանյան եւ Լավրովյան փաստաթղթեր)։
4. Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման համար։

Դիվանագիտության մեջ հարցերի ճիշտ, հիմնավոր եւ ընկալելի ձեւակերպումը հիմնական գրավականն է բանակցություններում հաջողության հասնելու համար։ Ծայրահեղ դիրքորոշումները կարող են հարուցել անգամ ամենամոտ դաշնակցի տարակուսանքը, հակառակորդի միանշանակ հակադրումը եւ միջնորդների պարսավանքը։ Դա անխուսափելիորեն կբերի այդ մոտեցումների վարկաբեկմանը եւ բանակցությունների ձախողմանը։ Բացառված չէ, որ նման դիրքորոշումների դեպքում հակառակորդը գայթակղություն ունենա վերսկսելու ռազմական գործողությունները։ Դրա օրինակները միջազգային դիվանագիտությունում բազմաթիվ են։ Ինքներս դա տեսանք ու մեր մաշկի վրա զգացինք ոչ վաղ անցյալում։

Առաջարկված հայկական օրակարգում չկա որեւէ հարց, որը կարող է հարուցել դիվանագիտական եւ ռազմական նման հակազդեցություն։

Եթե հարցը չես դնում, դու ընդունում ես քո կորուստը։ Ես չեմ ընդունում տարածված այն տեսակետը, որ ԼՂԻՄ-ի մեր կորցրած տարածքների նկատմամբ մեր պահանջատիրության հարցի բարձրացումը կհանգեցնի ռազմական գործողությունների։ Այո՛, մենք պարտվել ենք պատերազմում, տեսել ենք պատերազմի դաժանագույն հետեւանքները, ամեն ինչ պետք է անել դրանից խուսափելու համար, բայց պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի։ Այն պահին, երբ մեր հակառակորդը համոզվի դրանում, մեզանից հենց նրա՛ պահանջատիրությունն է նոր դրսեւորումներ ստանալու։

Վերոնշյալ օրակարգի ձեւավորումը, կետ առ կետ քաղաքական, իրավական եւ պատմական հիմնավորումներն ու դրանց դիվանագիտական արդյունավետ հետապնդման մեխանիզմների մշակումը մեր պետության այսօրվա գլխավոր հրամայականն են։

Վարդան Օսկանյանը
Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիրն է, 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Yorumlar