Վահրամ Աթանեսյան: Թրամփին կհաջողվի՞ «սանձահարել» Էրդողանի և Նաթանյահուի հավակնությունները
Իսրայելական Ynet-ին հայտնի է դարձել, որ երկրի ռազմական հետախուզությունը վարչապետ Նաթանյահուին զեկուցել է լիբանանյան «Հըզբալա» խմբավորման կողմից «իր զինանոցները համալրելու և արդիականացնելու լայնածավալ ծրագիր իրականացնելու» մասին: Նման եզրակացության համար հիմք են ծառայել ինչպես Բեյրութից ստացված տեղեկությունները, այնպես էլ «Հըզբալա»-ի գլխավոր շտաբի պետ Ալի Թալաբաթաբայի «ոչնչացումից հետո պատասխան հարվածների ուշացումը»: Իսրայելցի ռազմական հետախույզները համոզված են, որ լիբանանյան կազմավորման «լռությունը ժամանակավոր է, նախապատրաստական ծրագրավորման ավարտին հարձակումն անխուսափելի կլինի»:
Իսրայելական հետախուզությունը համոզված է, որ «Հըզբալա»-ն հատկապես կենտրոնացած է ունեցած հրթիռները «կիրառման անկառավարելիությունից ճշգրիտ թիրախավորման միջոցների վերափոխելու ծրագրի, ինչպես նաև «մահապարտ դրոնների» պահուստները համալրելու խնդրի լուծման վրա և այդ առումով արտաքին աջակցություն է ստանում»: Վերջին անկնարկը, հավանաբար, վերաբերում է Իրանին, որ «վերջին ամիսներին կրկնապատկել է բալիստիկ հրթիռների արտադրությունը»:
Vesti.go.il կայքի տեղեկություններով, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն «մինչև տարեվերջ «Հըզբալա»-ի զինանոցներին և թունելային պահեստներին հարվածելու որոշում չի ընդունի, կսպասի ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների արդյունքներին»: Անոնսավորված է, որ Նաթանյահուն Թրամփի կողմից Սպիտակ տանը կյուրընկալվի դեկտեմբերի 29-ին:
Այս տեղեկությունները տարածվել են մի իրավիճակում, երբ մերձավորարևելյան հարցերով փորձագետների մեծ մասը Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունները և Իսրայելի կողմից Իրանին նոր հարվածները համարում է«ժամանակի խնդիր»: Նախկինում Իսրայելը Սիրիային մեղադրել է Իրանից Լիբանան սպառազինությունների մատակարարմանն աջակցելու մեջ: Բաշար Ասադի վարչակազմի տապալումից հետո Սիրիայից իրանամետ զինված խմբավորումները հիմնականում դուրս են բերվել:
Այդուհանդերձ, Իսրայելի ռազմական հետախուզությունը շարունակում է պնդել, որ հրթիռային միջոցների արդիականացման ծրագիր «Հըզբալա»-ն իրականացնում է «արտաքին աջակցությամբ»: Եվ եթե անգամ կասկածը հասցեագրվում է Թուրքիային, ապա արդյունքում, միևնույն է, Նաթանյահուի գերխնդիր է դառնում Սիրիայում «ջիհադական կենտրոնների վերացումը»:
Թուրքական իշխանամետ Turkiye պարբերականը հայտնել է, որ Սիրիայի քրդերի համար «ինտեգրվելու վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 31-ը, եթե դա տեղի չունենա, ապա կառավարական ուժերը կանցնեն ուժային գործողությունների»: Սիրիան ըստ էության կանոնավոր բանակ չունի, քրդերի դեմ փաստացի «ուժային գործողություններ կիրականացնի» Թուրքիան, եթե, իհարկե, Էրդողանը ստանա Թրամփի համաձայնությունը, ինչին սպասում է նաև Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Այս համատեքստում խիստ խորհրդանշական է ՌԴ արտգործնախարար Լավրովի հավաստիացումը, որ «Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Իրանին չի լքի»:
Հավանական իրադարձությունները խմորվում են Հարավային Կովկասին, Հայաստանին սահմանակից տարածաշրջանում, որտեղ ցանկացած «վերադասավորում», անկասկած, անվտանգային մարտահրավեր է: ԱՄՆ նախագահին կհաջողվի՞ «սանձահարել» Թուրքիայի և Իսրայելի տարածաշրջանային հավակնությունները: Այս ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 17-ին Դուբայում հանդիպել է Արաբական միացյալ էմիրությունների նախագահ ալ-Նահաիանի հետ:



Yorum gönder