KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Թաթուլ Հակոբյան: Սամվել Շահրամանյանն է՞ Դավիթ Բաբայանին հանձնել Ադրբեջանին

Թաթուլ Հակոբյան: Սամվել Շահրամանյանն է՞ Դավիթ Բաբայանին հանձնել Ադրբեջանին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
178 0

Ի՞նչ պայմաններում և ինչպե՞ս է Դավիթ Բաբայանը հանձնվել Ադրբեջանին և ո՞վ է եղել այն հայ պաշտոնյան, ով իր ավտոմեքենայով Արցախի նախկին արտգործնախարարին հասցրել է Շուշի:

Այս օրերին Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների մեջ են նաև նախկին պաշտոնյաներ, ովքեր ներսից տեղեկացված են վերջին իրադարձություններին: Նրանց հետ շփումների արդյունում ուզում եմ ընդհանրացված ներկայացնել, թե ինչպես է Դավիթ Բաբայանը տարվել Շուշի և փոխանցվել Ադրբեջանի հատուկ ծառայություններին:

Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ի առավոտյան ֆեյսբուքի իր էջում դրեց հետևյալ գրությունը, որից հետո նրա մասին շատ բան հայտնի չէ:

«Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ»,- գրել էր Բաբայանը։

Դավիթ Բաբայանը ադրբեջանական 298-հոգանոց սև ցուցակի մեջ էր, բայց վստահաբար ամենակարևոր փնտրվողներից չէր:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, Սամվել Շահրամանյանը Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրելուց հետո Ստեփանակերտից մեկնեց Շուշի և հանդիպում ունեցավ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նաղիևի հետ: Այդ և այլ հանդիպումների ընթացքում Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ քննարկել է Արցախի նախկին պաշտոնյաների՝ Հայաստան անվտանգ հեռանալու հարցերը:

Ադրբեջանական կողմը նախապայման է դրել՝ նախ հանձնել Դավիթ Բաբայանին, որից հետ պատրաստ կլինեն բանակցել:

Ֆեյսբուքում իր վերջին գրառման մեջ Բաբայանը շեշտադրում է հենց դա՝ իր չներկայանալը կարող է վնասել շատ ու շատ մարդկանց:

Սամվել Շահրամանյանը իր ծառայողական ավտոմեքենայով Բաբայանին հասցրել է Շուշի, փոխանցել Ադրբեջանին և վերադարձել Ստեփանակերտ:

Նշենք նաև, որ Շահրամանյանը և ադրբեջանական սև ցուցակում ներառված տասնյակ պաշտոնյաներ Երևանում են:

Պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել և կայքից ու սոցիալական ցանցերից հեռացնել այս գրությունը, եթե Արցախի վերջին նախագահ և Արցախի գոյությունը դադարեցնելու հրամանագիր ստորագրած Սամվել Շահրամանյանը իմ կամ որևէ չեզոք լրատվամիջոցի հարցերին պատասխանի՝ կապված Դավիթ Բաբայանի՝ Ադրբեջանին հանձնելու հանգամանքների հետ:

Այսօր, երբ կորցրել ենք Արցախը, իսկ ավելի քան 100 հազար հայեր ենթարկվել են էթնիկ զտման, չափազանց կարևոր է Շահրամանյանի և մյուս պատասխանատուների խոսքը:

Թաթուլ Հակոբյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir