Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Ե՞րբ է բացվելու Թուրքիա-Հայաստան սահմանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը ասել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո: Այդ պայմանագրի կնքումն էլ պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխության Ալիևի պահանջի կատարման հետ: Սահմանադրության փոփոխված տարբերակում չի լինի Անկախության հռչակագիրը որտեղ Ղարաբաղի և ցեղասպանության մասին հոդվածներ կան: Սահմանադրության փոփոխության գործող իշխանությունները կգնան միայն 2026 թ. համապետական ընտրություններից հետո, ընտրություններից առաջ նման քայլը կլինի խիստ ռիսկային, քաղաքական իմիջի վրա ազդող բացասական գործոն և նաև ընդդիմության կողմից կօգտագործվի հակաքարոզչության ընթացքում: Այսպիսով ստացվում է, որ սահմանը կարող է բացվել երեք «եթե» – ներից հետո: Եթե Քաղաքացիական պայմանագիրը հաղթի ընտրություններում: Եթե ընտրություններից հետո կարողանա կազմակերպել առանց Անկախության Հռչակագրի ՀՀ Սահմանադրության ընդունումը հանրաքվեով: Եթե Ալիևը նոր նախապայմաններ չառաջադրի և կնքի նախաստորագրված տեքստով պայմանագիրը: Ժամանակի առումով, իմ կարծիքով, այդ ամենը կարող է ավարտվել մեկ տարուց ոչ շուտ: Գուցե և ավելի երկար ժամանակահատված կպահանջվի: Նկատի ունենալով ներկա խառնակ և անկայուն միջազգային գործընթացները, կարելի եզրակացնել, որ, եթե Թուրքիան սահմանի բացումը չպայմանավորի ՀՀ-Ադրբեջան պայմանագրով, ցույց կտա արագ, արդյունավետ և անկեղծ բարյացակամությամբ գործելու իր մտադրությունը: Իսկ, եթե ավելի անկեղծ լինենք, հայ-ադրբեջանական գործընթացով հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորելը Հայաստանում հանրությունը բավականին բացասաբար է ընկալում: Շատերը չեն էլ հավատում սահմանի բացման և նորմալ/բարիդրացիական միջպետական հարաբերությունների տեսլականին, որովհետև Ադրբեջանի հետ կապված ապագայում հնարավոր է նոր խնդիրներ առաջանան: Այս ճակատում բարդությունները շատ են: Սահմանազատում, կոմունիկացիաների գործարկում և վերահսկողություն, անկլավներ, փախստականների վերադարձի պահանջներ և այլն: 2009 թ. հայ-թուրքական արձանագրությունները դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին այս առումով ավելի իրատեսական էին: Թուրքիան կարող է դւվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել սահմանը, այլ ոչ թե սպասել մի քանի հարկանի «եթե»-ների իրագործմանը: Ինչպես տեսնում եք իմ գրառման մեջ ևս «եթե»- ներից չկարողացանք խուսափել:

Share this content:

Yorum gönder