Գարիկ Քերյան: Թրամփը ձգտում է իրականացնել խաղաղության խոստումը
Նոր շրջադարձային տեղեկատվություն է շրջանառվում մի քանի լրատվամիջոցներում, որոնք իմ կարծիքով բավականին հավաստի են: Համաձայն դրանց, Թրամփի կառավարության կողմից մշակվել և Զելենսկուն է ներկայացվել 28 հոդվածից բաղկացած խաղաղության պայմանագիրը: Ամերիկյան կողմը խիստ տոնայնությամբ հույս ունի, կամ պահանջում է, որ ուկրաինական կողմը կհամաձայնվի ստորագրել կարճ ժամկետներում: Ենթադրում եմ, որ ռուսական կողմի հետ համաձայնեցված է: Մանրամասներին վաղ է անդրադառնալ, բայց երկու կարևոր հանգամանք պետք է անպայման բարձրաձայնել: Ըստ էության գրեթե ամբողջությամբ բավարարվում են Ռուսաստանի տարածքային պահանջները և Ուկրաինան ստանում է արտադաշինքային պետության կարգավիճակ՝ նա երբեք չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Տեսնենք ինչ ընթացք կունենան իրադարձությունները, բայց արդեն լրիվ հասկանալի է, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփը Ալյասկայում: Նոր Յալթայի անխուսափելիության մասին կանխատեսումները, որոնք առկա էին վերջին մեկ տարվա իմ վերլուծություններում, կարծես թե իրականություն են դառնում: Եվս մի կարևոր հանգամանք, պայմանագիրը նախատեսում է ստորագրումից հետո՝ 100 օր անց նախագահական ընտրություններ Ուկրաինայում: Դրանով կավարտվի նաև ժողովրդավարական կլոունադան Ուկրաինայում: Իհարկե բացառված չէ, որ Մակրոն-Մերց-Սթարմեր եռյակը նոր խոստումներով համոզի Զելենսկուն տապալել պայմանագրի կնքումը: Ինչպես ժամանակին արեց Բորիս Ջոնսոնը Բայդենի հովանավորությամբ: Այդ չարաբաստիկ խորհրդին լսելով Ուկրաինայի իշխանությունները եռապատկեցին և քառապատկեցին երկրի մարդկային, տարածքային և նյութական կորուստները: Գուցե հիմա սառը դատողությունն ու քաղաքական սթափությունը օգնեն Կիևի իշխանավորներին: Թրամփն էլ համառորեն աշխատում է վերջ տալ այս արյունահեղությանը, ինչպես, որ բազմիցս հայտարաում էր նախընտրական քարոզարշավում և իշխանության գալուց հետո: Ամեն դեպքում «ամենավատ խաղաղությունն ավելի լավ է պատերազմից» ասացվածքը լրիվ տեղին է ասված, այս իրավիճակում: Վերջում նորից ցանկանում եմ ընդգծել «ռուսական խորտակվող նավի» մասին Հայաստանի փորձանքագետների հայեցակարգի «մտքի վեհությունը»: Լավ եղեք:
Share this content:



Yorum gönder