Հրապարակ թերթում տեղեկություն է հրապարակվել, որ ռուսները զարմացած են հայ պաշտոնատարների անփույթ ու անտարբեր պահվածքից՝ «մի քանի օր է Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ ադրբեջանցիները ոտնձգություններ են կատարում, բայց հայ պաշտոնյաները միայն երեկ հայտարարեցին, որ դիմելու են Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին»։
Պատկերացնել կարելի է ռուսների զարմանքը, հատկապես հայաստանյան ռուսանպաստ շրջանակների դիտանկյունից, որոնք երեկ ողջ օրը պահանջում էին դիմել ՌԴ-ին օգնության համար։ Երեկ ի վերջո հայտարարվեց, որ դիմելու են, բայց ռուսները հայտարարեցին, թե չեն դիմել, հետո էլ հայտարարվեց ՌԴ միջնորդությամբ կրակը դադարեցնելու մասին։
Իսկ ռուսներն ուզո՞ւմ են, որ Հայաստանը դիմի՝ այս հարցը հռետորական չէ, միեւնույն ժամանակ՝ հարցը ցանկությունը չէ, այլ՝ պայմանագային պարտավորությունները, եւ այդ առումով դիմել պետք է, որպեսզի «սողանցքեր» չմնան։ Օրինակ, այս տարի դիմեցին, երբ սկսեցին Բաքվի ներխուժումները ՀՀ տարածք։ Մոսկվան ու ՀԱՊԿ-ը այն ժամանակ հասկացրին, որ չեն միջամտելու, փոխարենը խոսվեց «անվտանգության նոր համակարգի» ձեւավորման մասին։ Ճիշտ է, նույնիսկ դրանից հետո ռուսանպաստ շրջանակները հայտարարեցին, թե լավ չեն դիմել, ճիշտ չեն դիմել, պետք էր այսինչ պայմանագրի այնինչ կետով դիմել եւ այլն, իսկ առավել ռուսանպաստներն էլ հոգու անկեղծ պոռթկումով հայտարարեցին, թե դիմելով ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին՝ Հայաստանն անհարմար դրության մեջ է դնում Մոսկվային։
Հենց սա էլ ամենաճշգրիտ գնահատականն է իրավիճակին։ Խնդիրն այն է, որ Մոսկվան Հայաստանի դեմ իր ծրագրերն իրականացնում է իր պրոքսի Բաքվի միջոցով, այդ թվում՝ զինված ներխուժումներով։ ՌԴ ծրագրերի, իրագործման մեխանիզմների, համապատասխան քարոզչության մասին շատ է խոսվել, կրկնելու կարիք չկա։ Իսկ այսպես կոչված ՌԴ եւ ՀԱՊԿ պայմանագրային բազան Հայաստանը դրանում փակելու համար է՝ ռազմա-քաղաքական կառավարելիությունն ապահովելու համար։
Նույն թերթում երեկ ռուսական աղբյուրներին հղումով պարզ ասվում էր, որ եթե ՀՀ-ն չի ստորագրում պայմանագրերը, որոնք կոչված են օրինականացնել ռուս-թուրքական հանցագործություններն ու ՀՀ օկուպացիան, լինելու են տարածքային ու մարդկային կորուստներ։ Ինչն էլ երեկ եղավ։ Բաքուն առայժմ գործում է բացառապես Մոսկվայի հրահանգավորմամբ ու առաջնորդությամբ՝ խաղասեղանին շատ բան է դրված, այդ թվում հնարավոր հետեւանքները, որից նրան կարող է զերծ պահել միայն ՄԱԿ ԱԽ մշտական անդամն ու Մինսկի խմբի համանախագահը։
ՀՀ վարչապետը, ԱԳՆ-ն, իշխող խմբակցության պատգամավորները երեկ իրենց տարերքի մեջ էին՝ հավատարմություն եռակողմ հայտարարությանը եւ ակնարկներ, որ եթե ՌԴ-ն չկատարի իր պայմանագրային պարտավորությունները, կդիմեն այլ հաստատություններ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ եւ այլն։
Ահա սա է հայկական գերիշխող քաղաքական-քաղաքագիտական միջավայրը՝ պարարտ բիոհող Հայաստանի դեմ ծրագրերը մինչեւ վերջ հասցնելու համար։