Şimdi yükleniyor

Ռուբեն Հ. Մեհրաբյան: Մեր պետական ապարատը պետք է մաքրել «զիբիլի կատուներից», ում «պորտը Լենինի դամբարանի դիմաց են կտրել»

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ներկայիս ձևաչափով անհասկանալի է, ինչը նաև զգում են ՌԴ-ում:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հրապարակմանը, ըստ որի՝ «Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, և որ այս և մի քանի այլ հակառուսական քայլերի դիմաց Բեռլինը Երևանին ֆինանսական օգնություն է առաջարկում»։

Մեհրաբյանի համոզմամբ՝ ռուսական քարոզչամեքենան փորձում է ցույց տալ, թե իբր Հայաստանում այդ մտայնությունը պայմանավորված է միմիայն Արևմուտքի չարամիտ գործունեությամբ:

«Մինչդեռ ՀՀ-ն գիտակցում է, որ այդ ներկայությունն աննորմալ է, քանի որ, եթե մի երկիր ունի մեր հակառակորդ երկրի հետ հետախուզական տվյալների փոխանակման մասին համաձայնագիր, չպետք է ներկա լինի մեր երկրում: Միաժամանակ Հայաստանը շատ լավ հասկանում է, որ եթե գնա նման քայլերի, ՌԴ-ից հակադարձում է լինելու, և այդ հակադարձման հետևանքները մեղմելու, ռիսկերը կառավարելու համար, այո, Հայաստանը կապեր է հաստատում այնպիսի երկրների հետ, որտեղ տեսնում է շահերի և նպատակների ընդհանրություն»,- տեսակետ է հայտնում զրուցակիցը:

Միաժամանակ Մեհրաբյանը նշում է, որ Հայաստան-Եվրամիություն անվտանգային և պաշտպանական հարցերի խորացման հոջողությունը պայմանավորված է առանձին առանցքային պետությունների դիրքորոշմամբ, որտեղ Գերմանին, որպես ԵՄ առաջատար պետություն, մեծ դերակատարում ունի. «Մոսկվայից եկող ոռնոցները պայմանավորված են դրանով: Հայաստանը պետք է հիշեցնի Մոսկվային, որ իր ազգային շահերով է առաջնորդվում՝ անկախ նրանից, թե ինչ ձայներ կարձակեն Մոսկվայից»:

Մեկնաբանելով հոդվածի այն հատվածը, թե գերմանացիները շահագրգռված են Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ և իշխանությունների միջոցով ՌԴ նկատմամբ բարեկամաբար տրամադրված մարդկանցից պետական ապարատից ազատմամբ՝ Մեհրաբյանն ասում է. «Հայաստանում՝ պետական ապարատում՝ ուժային մարմիններում և ԶՈՒ-ում, պետք է լինեն կադրեր, որոնք առաջնորդվում են բացառապես Հայաստանի շահերով, որին ծառայելու երդում են տալիս: Իսկ մնացած՝ «զիբիլի վրի կատուներին պոլի շորով լարել է պետք»՝ անկախ նրանից՝ Գերմանիան կասի՞ դա, թե՞ չէ»:

Քաղաքագետի պնդում է, որ Հայաստանը պետք է քննարկի ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը. «Նախևառաջ պետք է այդ խնդիրը դնել, կարծում եմ՝ այդ խնդիրը դրված չէ, քանի որ այն կադրերը, որ կան պետական ապարատում, դրանց մի մասը մարդիկ են, ում պորտը կտրել գցել են «Լենինի դամբարանի դեմը», և այդ մասը հստակ կառավարվում է դրսից»:

Ըստ նրա՝ հարցը լուծելու համար Հայաստանին անհրաժեշտ է արտահերթ ընտրություն:

«Որովհետև մենք չենք կարող այս օրակարգը սպասարկել, երբ խորհրդարանում 3 ֆրակցիաներից 2-ը ուղղակի ՀՀ-ի հետ կապ չունեն և կորցրել են իրենց սոցիալական հենարանն ու այլևս չեն արտացոլում հանրության տրամադրությունները, քաղաքական նախապատվությունները»,- համոզված է քաղաքագետը:

Հերմինե Կարապետյան

Share this content:

Yorum gönder