KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. ՀՀ արտաքին քաղաքական հիմնական զարգացումները 2018թ․-ին․ ամփոփում

ՀՀ արտաքին քաղաքական հիմնական զարգացումները 2018թ․-ին․ ամփոփում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
469 0

2018թ-ը Հայաստանի համար յուրօրինակ էր ներքաղաքական զարգացումների առումով, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունեցել նաև երկրի արտաքին քաղաքականության և տարբեր երկրների հետ հարաբերությունների ինտենսիվության վրա։

Ընդհանուր առմամբ, տարին բավական ակտիվ էր հեռախոսային շփումների, տարբեր ձևաչափերի ներքո կարճ շփումների տեսանկյունից, սակայն ոչ օտարերկրյա ղեկավարների և ՀՀ ղեկավարի պաշտոնական այցերի առումով։ Դա բացատրվում է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ, ներքաղաքական շարունակական զարգացումներով, ինչպես նաև հիմնական գործընկերների հետ փոխըմբռնման հասնելու ձգտմամբ։

Պատահական չէ, որ ամենաակտիվը եղել են շփումները ԵԱՏՄ և ՀԱՊԿ գործընկերների հետ։ Այսպես, տարվա ընթացքում ՀՀ վարչապետը կատարել է 6 աշխատանքային այց ՌԴ, 1 այց՝ Ղազախստան և ևս մեկ այց Տաջիկստան։ Այցերի մեծ մասի նպատակը եղել է մասնակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ գագաթաժողովներին։ 2018-ին Հայաստանը ստանձնել է նախագահությունը ԵԱՏՄ-ում։

Դրա հետ մեկտեղ ՀՀ նոր իշխանությունների հարաբերությունները եվրասիական տարածաշրջանի գործընկերների հետ այնքան էլ հարթ չեն զարգացել։ Որոշակի հակասությունների առիթ է դարձել, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործի հարուցումն ու նրա հետկանչն այդ պաշտոնից։ Դրան հաջորդել են գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի շուրջ հակասությունները, Հայաստնին չհաջողվեց հասնել իր թեկնածուի հաստատմանը, արդյունքում հարցի շուրջ վերջնական որոշման ընդունումը հետաձգվել է, բայց ամենահավանական թեկնածուն այս պահի դրությամբ Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասն է։ Սակայն խնդիրը ոչ միայն և ոչ առաջին հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելն է, որքան այդ ֆոնին արձանագրված լարվածությունն ու ՀԱՊԿ գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը, կառույցի ներքո Հայաստանի հեղինակությանը հասցված հարվածը։

Եվրասիական ուղղության հետ համեմատած՝ եվրոպական գործընկերների հետ շփումները ավելի քիչ են եղել։ Սերժ Սարգսյանը տարվա սկզբին 4 այց է ունեցել՝ մեկ աշխատանքային այց Ֆրանսիա, երկու աշխատանքային այց Գերմանիա և մեկ պաշտոնական այց Սուրբ Աթոռ ու աշխատանքային այց Իտալիայի Հանրապետություն։ Հետագայում Նիկոլ Փաշինյանը երեք աշխատանքային այց է կատարել Ֆրանսիա, և ևս մեկ աշխատանքային այց Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու ՆԱՏՕ անդամ երկրների և գործընկեր երկրների ոչ ֆորմալ գագաթաժողովին։ Հենց այդ այցի ընթացքում էլ նա առաջին անգամ հանդիպումներ է ունեցել ԵՄ կառույցների ղեկավարների և եվրոպական մի քանի երկրների ղեկավարների հետ։ Եվս մի քանի հանդիպում եվրոպացի գործընկերների հետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել է Նյու-Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում։

Տարվա ընթացքում Եվրամիության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա Հայաստան չի այցելել, ինչն աննախադեպ է վերջին տարիների համար։ Սակայն 2018-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, իսկ Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան՝ պետական այցով։

ԱՄՆ հետ հարաբերությունների համատեքստում թերևս ամենակարևորը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակության այցն էր։ Այս տարվա ընթացքում Հայաստանում է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, իսկ այնուհետև նաև Ջորջ Քենթին։

Հարևան երկրների հետ հարաբերություններին նույնպես բավական մեծ կարևորություն է տրվել։ Իր պաշտոնավարման հենց սկզբի ամիսներին՝ մայիսի 30-31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց է կատարել Վրաստան։ Իսկ սեպտեմբերին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Իրանի հետ փոխադարձ այցելություններ տեղի չեն ունեցել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա այս տարի ևս այս ուղղությամբ որևէ առաջընթաց չարձանագրվեց, ավելին` մարտի 1-ին Երևանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները` Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման հարցում առաջընթացի բացակայության պատճառով:

Արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանում անցկացված կարևորագույն միջոցառումը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն էր, որի ընթացքում Հայաստան են այցելել բազմաթիվ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Վերջինիս այցը Հայաստան ոչ միայն նվիրված էր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, այլ նաև պաշտոնական բնույթ էր կրում։

Ուշադրության կենտրոնում են եղել նաև հարաբերությունները Մերձավոր Արևելքի հետ։ Հոկտեմբերի 20-21-ին ՀՀ վարչապետն այցելել է Լիբանան։ Կարևոր էր նաև Սիրիա խաղաղապահներ ուղարկելու որոշումը։

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց չի գրանցվել, երկրների ղեկավարների մակարդակով պաշտոնական հանդիպումներ տեղի չեն ունեցել։ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը երեք անգամ հանդիպումներ են ունեցել միջազգային տարբեր ձևաչափերին մասնակցության ընթացքում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հրադադարի ռեժիմի պահպանման և ԶՈՒ-երի միջև օպերատիվ կապի հաստատման վերաբերյալ։ Երեք պաշտոնական հանդիպում է կայացել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով։

Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աշխարհում բավական մեծ էր՝ պայմանավորված երկրում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությամբ։ Այդ թվում՝ տարվա ավարտին The Economist պարբերականի կողմից Հայաստանը հայտարարվեց «Տարվա երկիր», The Washington Post-ի կողմից Հայաստանը ճանաչվեց «2018 թ.-ին ժողովրդավարության վերադարձած երեք երկրներից մեկը» և այլն։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ արտաքին քաղաքականության տեսանկյունից տարին ակտիվ էր, սակայն զգալի և հստակ առաջընթաց տարբեր երկրների հետ երկկողմ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներքո բազմակողմ հարաբերություններում չի արձանագրվել։ Ակտիվ շփումներն ավելի շատ ճանաչողական բնույթ են կրել։ Հաջորդ տարվա ընթացքում արտաքին քաղաքականությունը տրամաբանական է, որ ուղղված լինի մի քանի կարևոր խնդիրների լուծմանը՝ ԵՄ հետ անորոշությունների հաղթահարմանն ու ՀՀ-ԵՄ համաձայնագրի արագ վավերացմանը հասնելուն, ԵԱՏՄ և ՀԱՊԿ գործընկերների հետ հակասությունները հաղթահարելուն և կառույցի ներքո Հայաստանի դիրքերը վերականգնելուն ու ամրապնդելուն, ինչպես նաև տարբեր տարածաշրջաններում հարաբերությունների ակտիվ զարգացմանը։ Ակնկալվում է, որ ներքաղաքական վայրիվերումների հաղթահարումից հետո զգալիորեն կակտիվանա նաև Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը։

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir