Nikol Paşinyla Respublikaçılar Partiyası arasındakı gərginlik getdikcə qızışır

Türkiye’de dinlerarası diyolog fetöcülerden sonra Selefi RABITA tarafından yürütülüyor!

Rus televizyon: O gece NATO neden Erdoğan’a yönelik olası suikasta göz yumdu

Putin Merkel görüşmesi

Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Ռոհանին Հայաստանի մասով

Ermenistan, İran, Rusya 28 Mart 2017
462

Մոսկվայում մարտի 28-ին հանդիպել են ՌԴ նախագահ Պուտինն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ռուս-իրանական հարաբերությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, ընդ որում երկակի իմաստով: Նախ, թե Իրանը, թե Ռուսաստանը տարածաշրջանային կարեւոր խաղացողներ են եւ ունեն մեծ դերակատարություն անվտանգության եւ տնտեսական հեռանկարների մասով:
Շաբաթներ առաջ Իրանի նախագահ Ռոհանին ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասել էր, որ Թեհրանը կայունության շահագրգռությամբ պայմանավորված պատվիրակություններ է ուղարկել թե Երեւան, թե Բաքու, ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ աշխատանքի համար: Այսինքն, ապրիլյան պատերազմի հրադադարի հարցում ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Թեհրանն է ունեցել գործուն մասնակցություն:
Մոսկվան եւ Թեհրանը նաեւ Ադրբեջանի հետ եռակողմ ֆորմատի մասնակից են, նախորդ տարի ամռանը Բաքվում տեղի ունեցավ Պուտին-Ռոհանի-Ալիեւ հանդիպում:
Միեւնույն ժամանակ, Թեհրանն ու Մոսկվան գործուն դերակատարում ունեն սիրիական ճգնաժամում, որն անկասկած իր ազդեցությունն ունի նաեւ կովկասյան իրողությունների վրա: Իրանի եւ Ռուսաստանի հարաբերության համատեքստում տեղ ունի նաեւ Թուրքիայի խնդիրը:
Այդ ընդգրկուն եւ բազմակողմանի ասպեկտներից բացի, Իրանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունը Հայաստանի համար կարեւոր է նաեւ մեկ այլ, ասպեկտով, որը պետք է չլիներ, բայց կա:
Բանն այն է, որ հայ-իրանական հարաբերության զարգացումն ու ընդլայնումը կարող է Հայաստանն օժտել տնտեսական անկախությամբ, դրանից բխող նաեւ անվտանգային հեռանկարներով, ինչն էլ կարող է հանգեցնել Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության թուլացման:
Իրանի հետ հարաբերության խորացման առումով Երեւանը բավական զգուշավոր է իր քայլերում, որպեսզի դրանով չբարկացնի Ռուսաստանին: Կամ այդ քայլերը կատարում է միայն Ռուսաստանի հետ համաձայնեցնելուց հետո:
Լավագույն վկայությունը հայ-իրանական գազատարն է, որը կառուցվեց, սակայն այնպես, որ չունենա տարանցիկ հնարավորություն: Վիկիլիքսի բացահայտումներից հայտնի դարձավ, որ Հայաստանի էներգետիկայի նախկին նախարարներից մեկը խոստովանել էր, որ գազամուղը կառուցվել է Մոսկվայի մեծ դիմադրության պայմաններում, եւ հենց այդ պատճառով էլ այն ունի նեղ տրամաչափ:
Անգամ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ միջուկային համաձայնությունից հետո, երբ այդ երկրի հանդեպ պատժամիջոցների մի զգալի մասը չեղարկվեց, հայ-իրանական հարաբերության դինամիկան դեռեւս չի կրել շոշափելի փոփոխություն:
Իրանը մշտապես իր դժգոհությունն է ակնարկել այդ կապակցությամբ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին բազմաթիվ անգամներ խոսել է հայ-իրանական ծրագրերում հետեւողականության անհրաժեշտության մասին, ակնարկելով, որ պայմանավորվածությունները դանդաղ են կատարվում:
Օրինակները կարելի է թվարկել երկար, սկսած հայ-իրանական երկաթուղու մասին նախագծից, դրա վերաբերյալ Ռուսաստանից հնչած հայտարարություններից, որոնք երկաթուղին որակում էին պատ, մինչեւ Հայաստանին էժան գազ մատակարարելու վերաբերյալ Իրանի դեսպանի հայտարարություններն ու Երեւանի անտարբերությունը դրանց հանդեպ:
Ահա այդ ամբողջ համատեքստում, Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունը Հայաստանի համար ստանում է առանձնահաուկ նշանակություն, եւ մեծ է հավանականությունը, որ այդ հարաբերության տիրույթում լինեն նաեւ Հայաստանի վերաբերյալ քննարկումներ՝ հայ-իրանական հարաբերության մասով, երբ Մոսկվան եւ Թեհրանը կհարաբերվեն նաեւ Երեւանի «վրայով»: Առավել եւս, որ օրերս Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում Գազպրոմի նախագահ Միլլերը հայտարարել էր, թե մոտ ապագայում Գազպրոմին պատկանող Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ բլոկը կսկսի Իրանի հետ գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման գործարք:
Հայտնի է նաեւ, որ ամիսներ առաջ Երեւանում կնքվել է ռուս-վրաց-հայ-իրանական քառակողմ հուշագիր՝ էներգետիկ ոլորտում գործակցության մասին:
Ներկայում խոսվում է նաեւ Իրանի հետ Հայաստանի սահմանին՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին: Այդ սահմանը ներկայում նաեւ ԵՏՄ-Իրան սահման է, եւ այդ առումով հայ-իրանական հարաբերությունը նաեւ գործնական իմաստով զգալիորեն պատվիրակված է ԵՏՄ-ին՝ առնվազն որոշակի լիազորություններով, որքանով ԵՏՄ-ին է պատվիրակված Հայաստանի ինքնիշխանությունը:
Այս տեսանկյունից ակնհայտ է, որ Երեւանն իր անմիջական հարեւանի հետ գտնվելով ջերմ ու բարեկամական հարաբերության մեջ, այդ հարաբերության տնտեսական զարգացման հեռանկարի մասով չափազանց բարդ ու խճճված մի հանգույցում է, որտեղ այդքան էլ պարզ չէ, թե հայ-իրանական հարաբերությունը որքանով է Հայաստանից կախված, իսկ որքանով է կախված Ռուսաստանից ու ԵՏՄ-ից:
Այդ իրավիճակում, չարյաց փոքրագույն է թվում, երբ Թեհրանը Մոսկվայի հետ կարող է Երեւանի համար շահեկան որեւէ բան պայմանավորվել, որովհետեւ մեծագույն խնդիրը՝ հայ-իրանական հարաբերություններում Հայաստանի լիարժեք սուբյեկտությունը, մնում է բաց:

Hakop Badalyan


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar