KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուբեն Սաֆրաստյանը։ Թյուրք-ազերիների վերջնանպատակը Սյունիքին ամբողջությամբ տիրանալն է

Ռուբեն Սաֆրաստյանը։ Թյուրք-ազերիների վերջնանպատակը Սյունիքին ամբողջությամբ տիրանալն է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 18 dk okuma süresi
7 0

Regionpress.am-ի հարցերին պատասխանում է թուրքագետ, արևելագետ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

-Վերջին սահմանային ռազմական գործողություններից հետո, Թուրքիայի արտգործնախարար Մեհմեդ Չավուշօղլուն Անկարային ու Բաքվին ներկայացնելով որպես տարածաշրջանային խաղաղության ու կայունության կողմնակիցներ, Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի սահմանների նկատմամբ սադրանքների դիմելու մեջ ու սպառնացել, որ եթե Հայաստանը շարունակի նույն կերպ, ապա նորից կորուստներ կունենա։ Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ շեշտելով, որ Թուրքիան Ադրբեջանին երբեք միայնակ չի թողնի: Փաստորեն սա թուրքիայի պաշտոնական տեսակետն է, որը ամենաբարձր մակարդակով հայտարարվում է արդեն հազարերորդ անգամ։ Կարել՞ի է վերջին իրադարձությունները համարել թուրքիայի հարձակում ՀՀ-ի վրա ադրբեջանի ձեռքերով։ Եվ, կարել՞ի է համարել, որ այս հայտարարությունը «այն դրական ազդակների» շարքից է, որ վերջերս տեսնում էր ՀՀ վարչապետը, թուրքական կողմից։

-Այն, ինչ հիմա տեղի է ունենում ես համարում եմ, որ թուրքիան և ադրբեջանը ագրեսիվ պատերազմ ձեռնարկեցին Հայաստանի դեմ։ Եվ քանի որ իրենց վերջնական նպատակներին չհասան, շարունակում են իրենց ագրեսիան Արցախի ու ՀՀ-ի դեմ։ Իհարկե, հիմնական թիրախը Հայաստանն է։ Եթե այն ժամանակ դա բացահայտ ագրեսիվ պատերազմ էր, հիմա այդ երկու պետությունները իրականացնում են սողացող ագրեսիա։ Սա իրենց ծրագրի մի մասն է և նրանց վերջնանպատակը Սյունիքին ամբողջությամբ տիրանալն է։ Թուրքիայի TRT պետական հեռուստաընկերության համաշխարհային ծառայությունը անգլերենով քարտեզ է հրապարակել, որում որպես Զանգեզուրի միջանցք նշված է ամբողջ Սյունիքը։ Զանգեզուրի միջանցք ասելով իրենք ի նկատի ունեն Սյունիքն ու Վայոց Ձորի մի մասը։ Հիմա իրենք իրենց նպատակին փորձում են հասնել այլ մարտավարությամբ, փոքր քայլերով ու մենք դրա ականատեսն ենք։ Դա պատերազմի հերթական փուլերից է։

-Իսկ «վարչապետի զգացած դրական ազդակները կ՞եղծ էին», թե չկար նման ազդակ։

-Թուրքերի լավ դիվանագիտությունը կայանում է նրանում, որ իրենց խոսքի ու գործի տարբերությունը շատ մեծ է։ 1920թ․, հոկտեմբերի 30-ին, թուրքերը Կարսը գրավելուց հետո կանգնել էին Ալեքսանդրոպոլի մատույցներում։ Մերոնք զինադադար էին առաջարկել, որը Կարաբեքիրը ընդունել էր։ Բայց Անկարայում իմացել էին, որ Կարաբեքիրը նման բան է արել և նոյեմբերի 6-ին գալիս է հրաման, որում բառացի գրված էր․ «ոչ մի զինադադար, մեր նպատակն է Հայաստանը մեջտեղից վերացնել և ֆիզիկապես, և քաղաքականապես։ Փաստաթղթում ամենայն մանրամասնությամբ ներկայացվում է թե ինչը ինչպես պետք է արվի, ինչպես պետք է հայկական բանակը զորացրել և այլն»։ Բառացիորեն նույնը, ինչը հիմա մենք տեսնում ենք։

-Փաստորեն 100 տարի անց այսօրվա «քաղաքակիրթ» թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է նույն քաղաքականությունը ինչ-որ երիտթուրքերը, հետո էլ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։

-Հայաստանի պարագայում նրանց համար ընդունելի է երկու կարգավիճակ․ առաջինը՝ Հայաստանը իսպառ չլինելն է։ 1921թ․-ի պայմանագրերով Հայաստանը վերացավ, բաժանվեց քեմալական թուրքիայի, բոլշևիկյան Ռուսաստանի միջև։ Դրա համար 1922 և 1923թթ․-երին թուրքիայի ազգային մեծ ժողովի բացման խոսքում Աթաթուրքն ասում էր, «մենք հայկական հարցը լուծեցինք և վերջ։ Հայաստան չկա»։ Սա իր տարբերակն էր։ Մյուս տարբերակը 1918թ․-ի Բաթումի պայմանագիրն է։ Որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես թուրքիայի վասալ պետություն։ Այսօրվա Թուրքիան էլ, այսօրվա Հայաստանը պատկերացնում է այս երկու կարգավիճակներից մեկով։ Հայաստանի հետ կապված մնացած ոչինչ իրենց չի հետաքրքրում։ Դեռևս 1991թ․-ի դեկտեմբերին, երբ նրանք ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը, արդեն մտածում էին, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով և ցանկանա, թե՝ ոչ, կախման մեջ է իրենցից։ Դրա համար էլ դիվանագիտական հարաբերություններ չհաստատեցին ՀՀ-ի հետ։ Իսկ Հայաստանը ճանաչեցին, որովհետև այն ժամանակ նրանք մեծ վախ ունեին ԽՍՀՄ-ից, որը փոխանցվել էր ՌԴ-ին։ Բայց իրենց համար կարևոր էր, որ հարավային Կովկասը լինի անկախ պետություններից կազմված, որ բուֆեր լինի իրենց և Ռուսաստանի միջև։ Իրենց գլխավոր շտաբի նախկին պետերից մեկը գիրք է գրել, որում նշել է, որ Թուրքիայի համար միակ վտանգը Ռուսաստանն է։ Իրենց պետք է, որ Հարավային Կովկասը լինի բուֆերային, լինել փոքր անկախ պետություններ, որ իրենք աստիճանաբար իրենց ազդեցությունն ուժեղացնեն սրանց վրա, որ Ռուսաստանին այստեղից դուրս մղեն։ Սա է իրենց ռազմավարական նպատակը, ինչն էլ անում են։

– Թուրքիան իր ռազմավարական շահերի գոտի է հռչակել մոտ 70 պետություն, որտեղ բնակվում են թրքալեզու ժողովուրդներ։ Իսկ այն երկրները, որտեղից կարող են սպառնալիքներ բխել նեոօսմանական ծրագրերին, թիրախավորվում են, որպես պանթուրքիզմի խոչընդոտներ։ Այդ շրջանակում ոչ միայն տարածաշրջանային դերակատարները՝ Ռուսաստանն ու Իրանն են, այլև Չինաստանն ու Հնդկաստանը, շրջանակն ընդլայնվում է մինչև Արևմուտք՝ Միջերկրածովյան ավազան ու հենց այս երկրների ռազմավարական շահերից էլ չի բխում, որ Հայաստանը պանթուրանական աքցանի մեջ ընկնի ու կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը։ Ընդունում ենք, որ ՀՀ կառավարությունում լրիվ ադեկվատ մարդիկ են նստած։ Որ՞ոնք են այն քայլերը, որ առաջնահերթ պետք է անեն զարգացումների այս փուլում։ Մյուս կողմից, ինչ՞ի կարող է հանգեցնել իշխանությունների նման անադեկվատ պահվածքը։ Ի վերջո, ինչպես նշվեց, այդ պահվածքը հարվածում է նաև վերոնշյալ երկրների շահերին։ Նրանք ո՞րքան կարող են հանդուրժել սա։

– Մենք տեսնում ենք, որ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, որոշ չափով նաև Չինաստանը հաշվի են նստում Թուրքիայի հետ։ Սրա հետ յուրաքանչյուրն ունի իր հաշվիները, իր շահերը։ Բնականաբար նաև հակասություններն ու պայքարը։ Էրդողանը այսօրվա թուրքիային հասցրել է այն բանին, որ եթե սառը պատերազմի ժամանակ թուրքիան ընկալվում էր որպես Արևմուտքի մաս, նրա հետ հաշվի չէին նստում, գերադասում էին Վաշինգտոնի հետ հարցերը լուծել, հիմա թուրքիան հզորացել է և ավանտյուրիստական պահվածք է դրսևորում ամբողջ աշխարհում։ Հաշվարկը բացահայտ վիրավորում է տարբեր պետությունների ղեկավարներին, ավանտյուրիստական ինչ-որ բաներ է անում, բայց կարմիր գծերը չի հատում։

-Մակրոնին վիրավորեց, Մերկելին նույնպես, Արևմուտքի 10 հզոր պետությունների դեսպաններին փորձեց վռնդել իր երկրից։ Կարմիր գիծ հատելը էլ ոն՞ց է լինում։

-Այդ երկրները թուրքիայի հետ որոշակի ծրագրեր ունեն, սրա հետ հաշվի են նստում, ինքը արտահայտվում է, հետո դիվանագետները լղոզում, մեղմում են։ Դեսպաններն էլ խոմ չգնացին։ Լղոզեցին անցավ գնաց, ոչինչ էլ չեղավ։

-Իսկ դա հետքեր չի՞ թողնում։

-Իհարկե թողնում է։ Աշխարհը զզվում է թուրքիայից։ Երևի թե միակ պետությունը Պակիստանն է, որ իրականում «սիրում է» թուրքիային։

-Սիրեն թե ոչ, ինքը հիմա աշխարհի հզորների հետ խոսում է ոնց ուզում է։ Աշխարհում 250 երկիր էլ չկա, 70-ին փորձում է պահել իր ազդեցության տակ։ Աշխարհի գրեթե մեկ երրորդի վրա փորձում է հաստատել իր գերիշխանությունը։

-Դա մի քիչ ճոխացրել են, բայց ամեն դեպքում այս երկիրն այսօր հասել է այնտեղ, որ իր հետ հաշվի են նստում։ Ամերիկան հաշվի է նստում, որովհետև Մերձավոր Արևելքում թուրքիան իր հավատարիմ դաշնակիցն է։

-Օրումեջ ՌԴ-ի հետ հրթիռային խաղեր է տալիս, ոնց կարող է հավատարիմ դաշնակից լինել։

-Այդքանով հանդերձ հավատարիմ դաշնակից է։ Թուրքիայում կան ամերիկյան շուրջ 20 բազաներ, ներկայացուցիչներ, սպաներ, ընկերություններ, ամերիկյան զենք։

-Բայց թուրքիան նաև հարյուր միլիարդների հասնող պարտքեր ունի Ամերիկային։

-Թուրքիան մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից։ Առանց Ամերիկայի միանգամից կջարդվի, որովհետև զենքի առումով Ամերիկան է թուրքիային պահում։ Երկու-երեք տարի առաջ թուրքիան պահանջում էր, որ ամերիկացիները Գյուլենին հանձնեն իրեն, ինչի համար էլ ձերբակալել էին ամերիկյան քաղաքացու։ Հայտնի պատմություն է։ Ամերիկացիները պահանջում էին, որ թուրքերը սրան բաց թողնեն, թուքերը՝ դիմացը Գյուլենին էին պահանջում։ ԱՄՆ-ը թուրքիայի դեմ 5 օրով պատժամիջոցներ կիրառեց, թուրքական տեքստիլի առումով, որից հետո թուրքիայի տնտեսությունը միանգամից անկում արձանագրեց։

-Բայց հիմա էլ ամերիկացիք ինչ-որ պատժամիջոցներ են կիրառում թուրքիայի դեմ։

-Նախկինն էլ էդպես թեթև էր, իսկ հիմիկվանն ընդհանրապես ձևական է։ Սահմանափակումից հետո 5-րդ օրը թուրքիան սուսուփուս Նելսոնին հանձնեց, Գյուլենն էլ մնաց Ամերիկայում։ Եթե Ամերիկան ասենք զենքի առաքումները կանգնեցնի, թուրքիան անմիջապես կխեղճանա ու ոչինչ անել չի կարող։

-Բայց թուրքերը ՌԴ-ից Ս-400 հրթիռներ գնեցին, Միացյալ Նահանգների հետ առճակատման գնալով, արդյունքում թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին սրվել էին։

– Նրանք այդ հրթիռները ռուսների տված 3 մլրդի վարկով գնեցին ու հիմա չեն օգտագործում։ Խելոք ենթարկվեցին ամերիկացիներին։ Հիմա էլ ռուսների հետ Ս-400 երկրորդ խմբաքանակի մասին են պայմանավորվում, իբրև թե պետք է համատեղ արտադրություն կազմակերպեն։ Օրերս էլ էրդողանը հայտարարեց, որ ռուսների հետ պայմանավորվել են համատեղ արտադրության մասին, բայց դա գաղտնիք է, չեն հրապարակելու։ Դա արվեց ամերիկացիների ներվերի վրա ազդելու նպատակով։ Ռուսները նրանց որևէ տեխնոլոգիա չեն տա։ Կբավարարվեն ինչ-որ մանր-մունր բաներ հատկացնելով։ Նրանք էլ էդպես կխաբեն։ Ռուսներն էլ իրենց հերթին են թուրքիայի հետ խաղ խաղում։ Սիրիայում համագործակցում են, թուրքերին զենքն են վաճառում, թուրքիայում ատոմակայան են սարքում, որ միլիարդների գործարքներ է, ՌԴ քաղաքացիները որպես տուրիստ գնում են թուրքիա, թուրքական շինարարական ընկերությունները ՌԴ-ում շինարարություն են անում։ Մի կողմից համագործակցում են, մյուս կողմից իրար դեմ դավեր են լարում, բայց ռուսների նպատակն է թուրքիային Ամերիկայից հեռացնելը։

-Այդ ամենով հանդերձ թուրքերը մտել են Անդրկովկաս, որ թուրքական ազդեցության գոտի չէ, ռուսներինն է։ Թուրքիան աստիճանաբար, բայց հաստատակամ հաստատվում է Միջին Ասիայում, որ դարձյալ ռուսական ազդեցության գոտի է։

-90-ականների սկզբներին թուրքիան իր պանթուրքիսատական ծրագրերով մտավ Ռուսաստան։ Մենք Սվարանց անունով հայրենակից ունենք, որ գրել է «Պանթուրքիզմը ՌԴ-ում» գիրքը։ Հեղինակը ՖՍԲ-ի հետ շատ կապված, հետևաբար և խիստ տեղեկացված անձնավորություն է։ Գրքում ամենայն մանրամասնությամբ ներկայացվում է, թե Ռուսաստանում ինչպես ստեղծեցին պանթուրքիստական կազմակերպություններ, բջիջներ և այլն։ Բայց հետո, թերևս ՖՍԲ-ն սրանց նեղեց ու թուրքերը հետ քաշվեցին։ Որոշեցին այլկերպ վարվել։ Հիմա կարծես թուրքերը հին խաղը նորից են սկսում։ Վերջերս Կազանում պանթուրքիստական կազմակերպություն են բռնել։

Ինչ վերաբերում է Անդրկովկասին․ ղարաբաղյան վերջին պատերազմում թուրքերի հիմնական նպատակներից մեկն այն էր, որ ուզում էին խաղաղապահ զորքեր մտցնել Հարավային կովկաս։ Ռուսները չհամաձայնեցին։ Ավելի փոքր տարբերակին համաձայնեցին։ Մեր տարածաշրջանի օրինակով տեսնում եմ, որ Ռուսաստանը արդեն չի կարողանում իր դիրքերը պահել և փոքր-փոքր, աստիճանաբար զիջում է։ Ետխորհրդային շրջանի պատմության մեջ առաջին անգամ Անդրկովկասը դադարել է լինել ռուսական ազդեցության մոնոպոլիան։ Ռուսները ստիպված թուրքերի հետ հաշվի են նստում և հիմա սկսվել է Անդրկովկասի մերձավորարեվելականացումը։ Այդ գործընթացի ամենասկզբնային փուլում ենք։ Եթե մինչ ղարաբաղյան պատերազմը Մերձավոր արևելքից Իրանի պարսպով պաշտպանված էինք, հիմա այդ պարիսպն աստիճանաբար քանդվում է։ Ղարաբաղյան պատերազմում Մերձավոր Արևելքը վարձկանների տեսքով մտավ մեզ մոտ։

-Իսկ հնարավո՞ր է, որ այդ «Մերձավոր Արևելքը» բարձրանալով հասնի Հյուսիսային Կովկաս։

-Կարող է։

-Ռուսներն այդքան բանը չե՞ն հասկանում։

-Շատ լավ հասկանում են, բայց այլևս ի զորու չեն։ Չմոռանանք, որ ՌԴ-ն ինքը պատժամիջոցների տակ է, ներսում էլ լուրջ տնտեսական ու քաղաքական խնդիրներ ունի։ Այսօրվա Ռուսաստանը ոչ խորհրդային Միություն է և ոչ էլ ցարական Ռուսաստան։

-Այդ դեպքում իրեն ինչպես պետք է դրսևորի Հայաստանը։ Դուք, բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը պետք է մնա Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկեր, Արևմուտքի հետ էլ պետք է հնարավորինս խորացնենք մեր հարաբերությունները։ Մշուշոտ ապագայով երկրի հետ ենք կապում մեր վաղվա օրը։ Մյուս կողմից էլ Արևմուտքն ու Թուրքիան մեծ առումով նույն խաղն են խաղում։

-Ուրիշ ճար չունենք։ Արևմուտքի հետ կապված, չէի ասի, թե թուրքիան Արևմուտքի խաղերն է խաղում, ինքը իր սեփական խաղն է խաղում։ Չէի ասի, թե Արևմուտքը շահագրգռված էր թուրք-ադրբեջանական տանդեմով Ղարաբաղի դեմ պատերազմով։ Արևմուտքի հակասությունները թուրքիայի հետ բազում են և բազմապիսի, բայց դեռ թուրքիայի հետ գործընկերային խորացված հարաբերությունները պահում են, նրանից խորշելով հանդերձ։ Ինչ վերաբերվում է մեզ, մենք այլընտրանք չունենք, ուրիշ ճար չունենք։

-Այդ դեպքում նման աշխարհաքաղաքական հետագա զարգացումներում Հայաստանն իրեն ի՞նչպես է դրսևորելու։ Այն հարաբերությունները, որ ունենք ՌԴ-ի հետ այս պահին, Ձեզ բավարարու՞մ է։

-ՌԴ-ն մնում է մեր ռազմավարական դաշնակիցը։ Պետք է եղած հնարավորությունները ավելի լավ օգտագործենք։ Կարծում եմ, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում ունենք մի ոլորտ, որը մինչ օրս չենք օգտագործել։ Դա ես ասում եմ որպես արևելագետ, թուրքագետ։ Դա մեր մասնագիտական ոլորտն է։ Մենք չենք կարողացել ՌԴ-ի թուրքագետ, արևելագետներին, որոնք ազդում են Կրեմլի, ՖՍԲ-ի վրա, մեր տեսանկյունից ներկայացնել թուրքիային։ Նրանց իմացած թուրքիան մի քիչ այլ է։

-Մինչև դա արվի թուքական զորքը ադրբեջանական հագուստով մեր տարածքներում է։ Չե՞ք ընդունում, որ ադրբեջանցիների վերջին հարձակումը թուրքիայի հարձակումն էր մեզ վրա։

-Ես համոզված եմ, որ թուրքական գլխավոր շտաբը ամեն ինչ ուսումնասիրում է ու որոշում ինչ անել։ Դա այդ տրամաբանության շրջանակներում էր։ Նա որոշում ու ասում է թե ազերիներն ինչ անեն, ինչպես անեն։

Իսկ մե՞նք։
Իսկ մե՞նք։

-Մենք էլ էս վիճակին ենք, եթե այս պահին մենք Ռուսաստանից հրաժարվենք, ընդհանրապես մարդ չունենք։ Մեր տարածաշրջանում առանց աշխարհաքաղաքական դաշնակցի չենք կարող գոյատևել։

Ա․Խաչատրյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir