Պատերազմի ժամանակ պետք է անել այն, ինչ հրամայում է գերագույն հրամանատարը՝ ով էլ լինի, եւ ավել-պակաս չխոսել, առավել եւս՝ հրաժարականներ պահանջել: Երբ նոր պատերազմ սկսվի (իսկ դրանում ես չեմ կասկածում), էլի նույնն եմ ասելու՝ դարձյալ անկախ առաջին դեմքի անձից: Բայց այս մի պատերազմն ավարտվել է՝ ցավոք, անպատվաբեր կապիտուլյացիայով: Եվ հիմա ես ուզում եմ դիմել իշխանավորներին, որոնց դեմ, իհարկե, անձնապես ոչինչ չունեմ եւ, հակառակը, բարեկամաբար եմ տրամադրված, թեկուզ այն պատճառով, որ նրանց մի մասը դուրս է եկել իմ՝ լրագրողական միջավայրից:
Հարգելի՛ իշխանավորներ՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ: Ես հասկանում եմ, որ իշխանությունը քաղցր բան է: Ձեր մեծ մասին փողը չի հետաքրքրում, եւ դրանով դուք տարբերվում եք նախորդներից: Շատ ապրեք: Ձեզ հետաքրքրում է բուն իշխանությունը՝ կարեւորված զգալը, մարդկանց վերեւից նայելը, կաբինետները, հրամայելը, իշխելը, «գյադեք ես կողմ, գյադեք էն կողմ» անելը եւ այլն: Դեմ չէի լինի, եթե հանդարտ իրավիճակում դուք շարունակեիք վայելել այդ «անմեղ» (նախորդների կոռուպցիայի հետ համեմատ) հաճույքները: Բայց հասկացեք, սիրելիներս, որ այդ ամենը բոլոր դեպքերում շուտով վերջանալու է: Հարցն այն է, թե ԻՆՉՊԵՍ է վերջանալու:
Կա, ըստ էության, երկու տարբերակ:
1/ Դուք մնացած՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ խնդիրը պահում եք քաղաքական, սահմանադրական շրջանակներում, քննարկում եք վարչապետի հրաժարականը, խորհրդարանի լուծարումը եւ արտահերթ ընտրությունները, որոնց, բնականաբար, «Իմ քայլը» նույնպես կարող է մասնակցել:
2/ Մի քիչ էլ եք երկարաձգում ձեր իշխանությունը՝ արդարանում եք, պարտության համար մեղադրում եք բոլորին՝ Ծառուկյանից սկսած Աշոտյանի վարորդով վերջացրած, սպառնում եք «նախկինների» վերադարձով (հավանաբար, ենթադրելով, որ մեր ժողովուրդը մազոխիստ է եւ նրանց ձայն կտա): Այդ ընթացքում Արցախից Հայաստան են գալիս հազարավոր գաղթականներ՝ հայրենիք, հարազատներ եւ ունեցվածք կորցրած, եւ… ձեր հանդեպ ցասումով լցված: Գալիս են նաեւ պատերազմի մասնակիցները, շատերը՝ զինված: Այդ դեպքում նույնպես դուք կզրկվեք իշխանությունից, եւ բռնաճնշումները, քարոզչությունը, «լայվերը», ֆեյքերը, ֆան-ակումբը ձեզ ոչնչով չեն օգնի: Ընդդիմադիր քաղաքական գործիչները նույնիսկ ոչինչ չեն կարողանա անել: Այդ՝ երկրորդ տարբերակը չափազանց վտանգավոր է, որովհետեւ կարող է բերել քաոսի, անիշխանության, գուցեեւ քաղաքացիական պատերազմի:
Ընտրությունը ձերն է: Ձեր մեջ բազմաթիվ խելացի մարդիկ կան, եւ հենց դո՛ւք՝ խելացիներդ, պետք է բացատրեք նրանց, ովքեր կարծում են, թե կարճ ժամանակ անց ամեն ինչ կվերադառնա մինչեւ սեպտեմբերի 27-ը եղած վիճակին, որ իրենք սխալվում են:
Հիշեցման կարգով ասեմ, որ 95-96 թվականներին ժողովրդի մեծամասնությունը ցասումով էր լցված պատմական հաղթանակ ապահոված Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ: Դրա համար էլ, իհարկե, պատճառներ կային:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դիմում իշխանավոր բարեկամներիս
530 0
EtiketlerԴիմում իշխանավոր բարեկամներիս
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.