KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արթուր Արմին: Գոդոյին սպասելիս կամ Հայաստանը որպես ծուռ հայելիների աշխարհ

Արթուր Արմին: Գոդոյին սպասելիս կամ Հայաստանը որպես ծուռ հայելիների աշխարհ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 12 dk okuma süresi
613 0

Այսօրվա հայաստանյան իրականությունում բոլորը՝ անկամ մտավորականությունը, չեղած ազգայնական դաշտը, քաղաքական գաղափարազուրկ կուսակցությունները, մեջտեղում՝ մանիպուլյացիայի ենթարկված ու նորից խաբված ժողովուրդը նման են Սեմյուել Բեքեթի հայտնի պիեսի հերոսներին․ բոլորը սպասում են ԳՈԴՈՅԻՆ՝ ՓՐԿՉԻՆ, վերին բարի նախախնամությանն ու այն իրագործողին, բայց․․․ Գոդոն ուշանում է՝ չի բարեհաճում գալ։

Եթե Արցախյան պատերազմի պարտությունից հետո ոմանք ԳՈԴՈՅԻ ընտրյալի դերում տեսնում էին Քոչարյանին, ապա կուլիսների հետևում կանգնած ՏԵՂԱԿԱՆ դիրիժորը (Սերժ Սարգսյանը), որն այս բեմադրության մեջ խաղում է կեղծ ընդդիմություն, ընտրական մանիպուլյացիաներով ներկայացրեց, թե իբր Նիկոլ Փաշինյանին ընտրել է ժողովրդի մեծամասնությունը։

Այս ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, թե իբր կան «սևեր ու սպիտակներ» կամ «թալանչի հներ ու նիկոլական կապիտուլիանտներ» սկսվեց խաղարկվել դեռևս 2018 թվականի «հեղափոխության» ժամանակներից ու շարունակվում է առ այսօր։ Մեր ծուռ հայելիների իրականությունում կան նաև «խելացիներ», որոնք իրենց աշխարհաքաղաքական վերլուծություններով ներկայացնում են փրկիչ ԱՐԵՎՄՈՒՏՔ ու դավաճան ՌՈՒՍԱՍՏԱՆ հայեցակարգը կամ փորձում են հայոց հարցը դրական լուծել ՄԱԿ-ին կամ մոտ 100 տարի առաջ մեռած ՎԻԼՍՈՆԻՆ դիմելով։ Եվ․․․ բոլորը սպասում են ԳՈԴՈՅԻՆ՝ բարի նախախնամությանը, որն այդպես էլ չի բարեհաճում գալ։

Դրսի ուժերի կողմից պարտադրված Հայաստանի Հանրապետությունում 2021 թ․ Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելով կարող ենք ասել, որ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ մեր իրականությունում մարդիկ այնքան են խաբված ու դեգրադացված, որ նունիսկ ի վիճակի չեն տարրական հարցադրումներ անելու։ Օրինակ՝ Ո՞Վ և ԻՆՉՈ՞Ւ պարտադրեց արտահերթ ընտրություններ, ինչո՞ւ հանկարծ Նիկոլը 180 աստիճան փոխելով իր դիրքորոշումը՝ ընդունեց արտահերթ ընտրությունների գնալու գաղափարը, կամ՝ ո՞ւմ էր ձեռնտու, որ պատերազմը խայտառակ տանուլ տված Նիկոլը մոտ 54%-ով ունենա ժողովրդական վստահության քվե, և արդյո՞ք ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ հորջոջվող ուժերին (հատկապես «Հայաստան» դաշինքին իր ղեկավարով) պետք էր հաղթել ու մտնել ԾԱՆՐԱՁՈՂԻ ՏԱԿ՝ ստորագրել մի շարք փաստաթղթեր, որը պարտադրվելու է ԿՐԵՄԼԻ կլանի ու նրանց Լոնդոնյան տերերի կողմից։

ՆԻԿՈԼ․․․ Այս ԴՐԱԾՈ արարածը, որը միևնույն ժամանակ դարձել է, թե՛ հայոց դժբախտությունների թիրախ, թե՛ իբր հների դեմ «մարտնչող» կենտրոնական ֆիգուր, իրականում լինելու է այն քավության հիմար նոխազը, որն իր տերերի համար դեռ պետք է կատարի մի շարք ավերածություններ, որից հետո կանէանա․․․ Նա իսկապես ԸՆՏՐՅԱԼ է, բայց իհարկե ընտրյալ է ոչ թե հայ ժողովրդի կողմից, այլ իր տերերի՝ տեղական դիրիժորի, իսկ հետո՝ Կրեմլյան հրահանգիչների կողմից։ Նա՝ դեղին մամուլի այդ լրագրողը, նկատվել է դեռ ԼՏՊ-ի կողմից, իսկ հետո դարձավ հատուկ հանձնարարական կատարող ԸՆՏՐՅԱԼ։ 2008 թ․ Մարտի 1-ի դեպքերից չորս տարի հետո, տոտալիտար ռեժիմի պայմաններում, երբ ինչպես հայկական ժողովրդական հեքիաթում է ասվում՝ «Օձն իր պորտով, ղուշն իր թևով» առանց Սերժ Սարգսյանի ԴԱԲՌՈՅԻ չէր կարող թափանցել ՀՀ Ազգային Ժողով, նա դարձավ պատգամավոր։ Բռնապետական մեր համակարգում նրան նաև թույլատրվեց ԱԺ ամբիոնից առավոտից երեկո հայհոյել վարչակազմին ու անվանել թալանչի, սակայն իշխանություն գալուց հետո՝ իր երեք տարվա կառավարման ընթացքում, ոչ միայն չփորձեց փոխել Հայաստանի վարչաօլիգարխիկ ՀԱՄԱԿԱՐԳԸ ու թալանով հարստացած հիմնական տղերքը մնացին անձեռնմխելի, այլ նույնիսկ դարձավ մի շարք օլիգարխների հովանավորը։ Ինչո՞ւ․․․ դե որովհետև ԴՐԱԾՈՆ խամաճիկ է՝ պետք է անի այն ինչ նրան կհրահանգեն։ Նաև պետք է շատերին հիշեցնեմ, որ Նիկոլ-ընտրյալը Հայաստանում ադրբեջանաթուրքական նպաստավոր քաղաքականության հեղինակը չէ ու այդ քաղաքական վեկտորն էլ նոր բան չէ։ Այն Սերժ Սարգսյանի սկսած «ֆուտբոլային դիվանագիտության»՝ հայ-թուրքական արձանագրությունների շարունակությունն է, որը պատվիրված էր Լոնդոնյան ֆինանսաբանկային միջազգային շրջանակի կողմից ու պարտադրված էր նրա ճյուղը հանդիսացող Մոսկվայի՝ Կրեմլի՛ կողմից (ՌԴ-ի բոլոր էներգոկիր ընկերությունների մեջ, որոնց վրա է հենվում այդ երկրի ողջ տնտեսությունը, «Բրիտիշ պետրոլյումի» բաժնեմասերն առանցքային դերակատարություն ունեն)։

Այսօր տնտեսաքաղաքական աշխարհում վերակազմավորման կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, որտեղ հիմնական և երկրորդական խաղացողների միջև (Վաշինգտոնյան և Լոնդոնյան ֆինանսաբանկային միջազգային կենտրոններ, Եվրոպական միություն, Չինաստան, Իսրայել, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) գնում է լուրջ քաղաքական առևտուր ու այդ առևտրում դեռ պարզ չէ Արցախի ճակատագիրը։ Պարզ են մի շարք հակադրված ու համադրված շահեր։ Եթե Վաշինգտոնյան միաբևեռ կենտրոնի կառավարման թուլացման պատճառով քաղաքական աշխարհը գնում է բազմաբևեռ ձևաչափի հաստատմանը, իսկ Թուրքիայի պանթուրանական նկրտումները սկսում են աճել, ապա Չինաստան-Իրան դաշինքին Հայաստանի սահմանների վերաձևում պետք չէ, սակայն թե՛ Իրանին, թե՛ Չինաստանին, թե՛ արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, ինչպես նաև Թուրքիային ու Ադրբեջանին անհրաժեշտ են այս տարածաշրջանում ճանապարհային կումունիկացիաների հաստատում, որի մասը, ըստ ադրբեջանաթուրքական առաջարկության, պետք է կազմեն Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա՝ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները։

Եվ ահա, հիմնական խաղացողների շահերի այս համատեքստում, որը պարզորոշ ու հայտնի էր վաղուց, Հայաստանի վարչաօլիգարխիկ վերնախավը՝ տեղական վասալ ֆեոդալիկներն ու նրանց հպատակ հայկական ԱՄՈՒԼ քաղաքական միտքը, 30 տարի շարունակ ոչ միայն որևէ նախաձեռնողական առաջարկություն չի արել աշխարհին՝ ներառելով ու համադրելով միջազգային խաղացողների շահերը Հայաստանի շահերի հետ, այլ նույնիսկ թալանելով ու նորմալ վիճակի չբերելով երկրի տնտեսությունն ու սեփական բանակը, հլու-հնազանդ միայն կատարել է Մոսկվայի հրահանգներն ու իր կարճատես տգիտության արդյունքում զոհաբերել է իր 18-20 տարեկան զինվոր-երեխաների կյանքն ու տվել է 5000 զոհ։

Այո՛, մեր ողորմելի կառավարող վերնախավը 30 տարի շարունակ չի՛ ունեցել ո՛չ քաղաքական ինքնուրույն միտք, և ո՛չ էլ քաղաքական կամք, քանի որ մեր տեղական նախագահների և վարչաօլիգարխիայի ներկայացուցիչների անձնական շահերը և հարստությունները Կրեմլյան վարչաօլիգարխիկ կլանի ուղիղ ենթակայության տակ են գտնվում, իսկ Հայաստանի ողջ ռազմավարական նշանակության տնտեսական միավորները պատկանում են Ռուսաստանյան ընկերություններին։ Եվ այսօր, իրականում, կապիտուլիանտ դրածո Նիկոլի դեմ չկա՝ ո՛չ Վանեցյան-Սարգսյան, ո՛չ Քոչարյան, ո՛չ ԲՀԿ և այլ իրական ընդիմություններ, քանի որ նրանց բոլորի հարստությունները՝ գործարաններն ու անշարժ գույքը, ինչպես նաև պատանդ փեսա Միշիկը, գտնվում են ՌԴ-ում կամ ԿՐԵՄԼԻ կլանի վերահսկողության տակ։

2021 թվականի արտահերթ ընտրությունները նախապես գծագրված էին միլիմետրի ճշգրտությամբ։ Իսկ ՀՀ ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական կուսակցությունները, ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ, հանդիսանում էին վերոնշյալ սուբյեկտների արբանյակները։ Ընտրություններին Նիկոլի «հաղթանակը» տեղական «ընդդիմադիր» խաղացող բոլոր վասալ-ֆեոդալիկներին ձեռք էր տալիս։ Ձեռք էր տալիս բոլորի՛ն։ Մոսկվային ու Լոնդոնյան կլանին անհրաժեշտ էր, որ Արցախյան պարտված պատերազմից հետո Հայաստանում լինի ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ «շահած» վարչապետ, որն առանց վարանելու կստորագրի ոչ հայանպաստ մի շարք պայմանագրեր, և դա Նիկո՛լն է։ Սերժ Սարգսյանին ու նրա արբանյակ հանդիսացող օլիգարխներին ձեռք էր տալիս պահպանել իրենց հարստությունն ու վայելել՝ առանց դավաճանի խարանն իրենց վրա վերցնելու՝ կատարելով ԿՐԵՄԼԻ հրահանգը․ և ուրեմն՝ Նիկոլն այսօր ձեռնտու է նա՛և Սերժ Սարգսյանին (Նիկոլի երեք տարիների կառավարումը ցույց տվեց, որ նրանց հարստություններն ապահովված են)։ Քոչարյանին երբեք պետք չէր, որ դառնար Կրեմլի գալիք հրահանգներին հակառակվող ուժ կամ հնազանդվելով ստորագրել ոչ հայանպաստ մի շարք փաստաթղթեր ու դավաճան խարանն առնել իր ճակատին․ և ուրեմն՝ Նիկո՛լ։ Այսինքն՝ «Հայաստան դաշինքին» պետք էր հաղթել, բայց ոչ մեծամասնությամբ։

Փաստորեն, Նիկոլը, որին դեռևս 2018 թվականին «հեղափոխություն» կոչված բեմադրությամբ՝ ժողովրդին խաբելով, Կրեմլի հրահանգով ու Սերժ Սարգսյանի աջակցությամբ բերեցին իշխանության, դեռ անելիք ունի, և բացի հայ ժողովրդից ու նրա շահերից, առայժմ նա ձեռնտու է ԱԺ անցած բոլո՛ր ընդդիմադիր հորջոջվող ուժերին։ Իսկ այսօրվա չակերտավոր «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ» սատարող շարքային ազնիվ ու մոլորված մարդկանց ուզում եմ ասել հետևյալը․ ձեր առաջնորդների խաբեությանը մի՛ տրվեք՝ Հայաստանի պարտությունն ու մեր պետականության վրա կախված վտանգը ինչ-որ մի մանրապճեղ Նիկոլ չի կարող լինել․ քաղաքական կյանքում մեկ անհայտով հավասարումներ չեն լինում։ Նիկոլը ՀՆԵՐԻ կողմից հայտնաբերված դրածո խամաճիկ է, որը դարձել ու դառնալու է քավության նոխազ։ Եվ ամենակարևորը․ 1990-ականների հայոց հաղթանակը Արցախյան պատերազմում ու դրանում Քոչարյանի կամ Սարգսյանի դերակատարությունն այսօր պետք չէ դրոշակ սարքել։ Այն ժամանակ նրանք սեփականություն չունեցող ու միջազգային հանրությանը ԴԵՄ ԳՆԱՑՈՂ երիտասարդ տղաներ էին, իսկ այսօր՝ ճարպակալած հոգով տարիքավոր մեծահարուստներ են․ բա ի՞նչ էիք սպասում՝ նրանք նույն մարդիկ չեն․ նրանց թե՛ էությունը, թե մտծողությունն է փոխվել։

Եվ հիմա մեր հայաստանյան ծուռ հայելիների իրականությունում խաբված ու մանիպուլացված ժողովուրդը չգիտե՝ ինքն ԻՐՈ՞Ք մեծամասնությամբ Նիկոլ է ընտրել, իսկ Հայաստանի քաղաքական ու մտավորական շրջանակները հույսով սպասում են ԳՈԴՈՅԻՆ՝ վերին բարի նախախնամությանը կամ ԱՍՏԾՈ հրաշքին, որ գուցե ԱՐԵՎՄՈՒՏՔԸ Արցախի կարգավիճակի հարց առաջ կքաշի, կամ Իրանի ու Չինաստանի շնորհիվ գուցե Հայաստանի սահմանները չվերափոխվեն, կամ գուցե Հայաստանը չի դառնա թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական անկլավ, կամ Ռուսաստանը Թուրքիայի ոտնձգությունների պատճառով միգուցե կփոխի իր քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Բայց․․․ հայաստանյան տենտեսաքաղաքական վարչաօլիգարխիկ էլիտան, որը 30 տարիների ընթացքում երբեք չի՛ փոխվել, Գոդոյին՝ Աստծուն, վաղուց է սպանել, նախ՝ ինքն իր մեջ, իսկ հետո ո՛ղջ հայության համար։

Արթուր Արմին

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir