Մի ելույթում Էրդողանն ասում է. «TİKA-ի միջոցով մեր ձեռքերը հասնում են աշխարհի բոլոր ծայրերը։ YTB-ի միջոցով տարածում են Թուրքիայի ջերմությունը և ուժը, իսկ Յունուս Էմրե ինստիտուտների միջոցով մենք աշխարհին թուրքերեն ենք սովորեցնում»¹:
Այս կառույցները թուրքական մշակույթը, կրթությունը, տեղեկատվական տարածությունը, տնտեսական հնարավորությունները, ֆիլմարտադրությունը և այլն, տարածող, քարոզող միջոցներ էին, որոնք բավականին արդյունավետ են աշխատել աշխարհի շատ երկրներում։ Թուրքիան այս ուղղությունների վրա բավականին խոշոր միջոցներ էր ներդրել։
Երբ խոսում ենք 5-րդ շարասյան մասին, նշանակում է կատարել մանրակրկիտ ուսումնասիրություն շահագրգիռ թշնամի երկրների կողմից մեր երկրի ներսում կատարված քարոզչական, տեղեկատվական, տնտեսական, ֆինանսական, կրթական գործընթացների մասին։ 2008 թվականը այս իմաստով Հայաստանում բեկումնային էր, քանի որ Ահմեդ Դավութօղլուի և Աբդուլլահ Գյուլի կողմից սկսված ռեգիոնալ «Զրո խնդիր հարեւանների հետ » քաղաքականության խորքային նպատակն այն էր, որ ստանային թուրքական «փափուկ ուժի» գործունեության տարածություն։ Հատկապես 2008 թվականից հետո թուրքական տարբեր հիմնադրամներ, նաև եվրոպական տարբեր կառույցների հետ համագործակցաբար սկսեցին փոխանակման, կրթական ու տարբեր ծրագրեր, որոնց ակտիվորեն ներգրավում էին Հայաստանի երիտասարդ քաղաքացիների։ Այս փորձը Թուրքիան ակտիվորեն կիրառել էր արդեն կենտրոնական Ասիայում, Ադրբեջանում, Վրաստանում, արաբական երկրներում, Ռուսաստանում և այլն։
Իսկ ի՞նչ ազդեցություն է ունեցել Թուրքիայի այս քաղաքականությունը, ինչպիսի՞ գաղափարական և արժեքային փոփոխություններ է արձանագրել, ինչպիսի՞ մարտահրավերներ կարող էր առաջացնել։
Սա թերեւս ՀՀ ազգային անվտանգության մարմինների ուսումնասիրության առարկան պետք է լիներ։ Բայց նրանք հավանաբար այլ գործով էին զբաղված։
¹İçduygu A. Aksel B., «Turkish Migration Policies: A Critical Historical Retrospektve», n. 3, Autumn 2013, Ankara, p. 185