Հայաստանի նախագահի նստավայրը տեղեկացրել է, որ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում բացված Լազարեւյան ակումբի որոշ անդամների, այդ ակումբի նախաձեռնող ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ: Զատուլինը ակումբի ստեղծման մասին հայտարարել էր դեռեւս ամիսներ առաջ՝ ԱԺ նախագահ Բաբլոյանի հետ հանդիպմանը, ասելով, թե Լազարեւյան ակումբի միջոցով փորձելու է նոր շունչ տալ հայ-ռուսական հարաբերությանը:
Նոյեմբերի 30-ին Երեւանում տեղի ունեցավ ակումբի բացումը եւ առաջին նիստը, որի հյուրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր: Զատուլինը հայտարարել էր, թե ակումբի բացմանը հրավիրել են Հայաստանի ներկա եւ նախկին բոլոր ղեկավարներին: Բայց հատկանշական էր, որ հրավերն ընդունել էր միայն Ռոբերտ Քոչարյանը, ու թերեւս դա էր պատճառը, որ մյուսները չեն ընդունել հրավերը: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում ասել էր, թե ամիսներ առաջ Զատուլինի հետ «հերթական» հանդիպումներից մեկում քննարկել են գաղափարն ու ինքն ասել է, որ ողջունում է եւ պատրաստ է աջակցել ինչով կարող է:
Թե ինչով կարող է աջակցել Զատուլինին Քոչարյանը, թերեւս գաղտնիք չէ Հայաստանի ներկա ու նախկին որեւէ ղեկավարի, ու թերեւս Հայաստանի որեւէ քաղաքացու համար:
Ըստ այդմ, երկրորդ նախագահից բացի որեւէ այլ ներկա կամ նախկին ղեկավար ակումբի բացմանը չի մասնակցել գուցե այն պատճառով, որ ակումբը դիտարկվել է զատուլին-քոչարյանական մտահղացում եւ նախագիծ, որը հեղինակներն ըստ ամենայնի դիտարկում են որպես յուրօրինակ «սեփական» խորհրդարան:
Մյուս կողմից, Լաղարեւյան ակումբի առաջին նիստի մասնակիցների կազմի գերակշռող մասը ակնառու կերպով ի ցույց էր դնում այն, որ գործնականում որեւէ խոսք չի կարող լինել հռչակված նպատակի իրականության մասին՝ նոր շունչ ու թարմություն հայ-ռուսական հարաբերությանը: Բանն այն է, որ այդ կազմով հնարավոր է բարեհաջող փորել հայ-ռուսական հարաբերության նոր փոս, ոչ թե տալ նոր շունչ:
Ակումբի նիստին միայն տխրահռչակ Գեւորգ Միրզայան անունով փորձագետի մասնակցությունը բավարար պետք է լիներ, որ Հայաստանի արժանապատվության ու ինքնիշխանության դիրք գնահատող որեւէ քաղաքացի ներկա չլիներ նրա հետ միեւնույն կլոր սեղանի շուրջ, անկախ սեղանի տրամագծից:
Արմեն Սարգսյանն իհարկե բարեկրթություն է ցուցաբերել, թերեւս Լազարեւների հիշատակի, ռուսական պետականության գործում նրանց դերի եւ ՌԴ պետականության նկատմամբ, ընդունելով Զատուլինին եւ ակումբի մասնակից որոշ գործիչների: Ընդ որում, դատելով լուսանկարներից, ոչ օդիոզ գործիչների: Սակայն ցուցաբերելով այդ բարեկրթությունը, Սարգսյանը միաժամանակ նաեւ ապտակ է հասցրել հայ-ռուսական հարաբերության անվան ներքո տարբեր անձանց անձնական կամ խմբային հարաբերությունների ծառայության առնվազն հիմնավոր կասկածներ թողնող ակումբի նախաձեռնողին:
Նախագահի նստավայրը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանի խոսքով՝ «թեև հայ-ռուսական հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են, սակայն, ժամանակին համընթաց, դրանք թարմացման, ընդլայնման կարիք ունեն՝ ընդգրկելով նոր ուղղություններ ու ծրագրեր, ներգրավելով նաև երիտասարդ սերնդին: Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է կրթության, մշակույթի, գիտության ոլորտում առկա հսկայական ներուժը և այն առավելագույնս օգտագործելու կարևորությունը»:
Այլ կերպ ասած, «այդ ում եք հավաքել ձեր ակումբում», տողատակում թափանցիկ ակնարկել է Արմեն Սարգսյանը Կոնստանտին Զատուլինին, միաժամանակ ցույց տալով, թե որտեղ է հայ-ռուսական հարաբերության արդիականացման հեռանկարն ու ապագան՝ ամենեւին ոչ այն Լազարեւյան ակումբում, որը բացել է Զատուլինը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ