KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. ՀՀԿ-ում տեսնում են, որ վիճակը փոխվում է ի վնաս իրենց, եւ խորամանկ բան են մտածել

ՀՀԿ-ում տեսնում են, որ վիճակը փոխվում է ի վնաս իրենց, եւ խորամանկ բան են մտածել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
347 0

Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը
Պարոն Պապյան, թեև ՀՀԿ-ականները պնդում էին, որ ՀՀԿ-ն պատրաստ չէ ԸՕ-ում փոփոխություններին և արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, բայց երեկ Դավիթ Հարությունյանը նշել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է այդ քննարկումներին։ Արդյոք այս կտրուկ շրջադարձը պայմանավորված է վերջին օրերի իրադարձություններով, նկատի ունեմ Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի հետ տեղի ունեցածով, ինչպես նաև ԱԱԾ բացահայտումներով։
Քաղաքագիտության մեջ մի հասկացություն կա, որը կոչվում է ռեալ պոլիտիկ, այսինքն՝ իրական վիճակից ելնելով մտքեր և դատողություններ արտահայտել։ Այո, ՀՀԿ-ում տեսնում են, որ իրական վիճակը փոփոխվում է և փոխվում է ոչ թե հոգուտ իրենց, այլ ի վնաս։ Եվ իրենք ավելի լավ են տիրապետում իրենց կուսակցության ներսում տրամադրություններին և հասկանում են, որ շատ հավանական է, որ շուտով կդադարեն մեծամասնություն լինելուց։ Եվ ինչո՞ւ ընդդիմանալ մի բանի, եթե դու դրան չես կարող ընդդիմանալ։ Իհարկե, սա ողջունելի, բայց խորամանկ քայլ է, որովհետև եթե ուշադիր լսում եք Դավիթ Հարությունյանին, նա չի ասում, որ մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, ասում է՝ մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների մասին քննարկումների, այսինքն՝ թե դա ինչ արդյունք կտա, կապված կլինի քննարկումներից։ Հետո դրանից հետո հայտնում է իրենց դիրքորոշումը մի շարք կետերով, և երբ ուշադիր նրան լսում ես, հասկանում ես, որ բուն նպատակը հետաձգելն է։ Մասնավորապես, ողջունելով մատնահետքերի ներդրումն ամբողջ ցանցին, այսինքն՝ ամբողջ ընտրական համակարգի միացումը սահմանային անցումային կետերին, որպեսզի մտnողն ու ելնողն անմիջապես արձանագրվի այնտեղ և հիշելով արդեն մեկ շաբաթ առաջ արտահայտված այն միտքը, որ տեխնիկական առումով դրա իրականացումը բարդ է, գրեթե անհնար է սեղմ ժամանակահատվածում, սա ոչ միայն մեծ ներդրումներ, այլ նաև զուտ աշխատանքային առումով շատ բարդ է լինելու, հասկանում ես, որ բուն նպատակն է՝ մի կողմից համաձայնվել, իսկ մյուս կողմից հասնել իրենց նպատակին՝ այն հետաձգել։ Այս ամբողջ ելույթի իմաստը սա է, հաշվի առնելով իրողությունը, այդուհանդերձ, առերես տալով համաձայնությունը՝ ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները հնարավորինս ուշ կայանան։
Այսինքն՝ սա ՀՀԿ-ի հերթական մանեւրն է՝ փորձել իշխանության հետ գնալ երկխոսության, միևնույն ժամանակ որոշակիորեն զսպելով իշխանությանը՝ ԱԱԾ բացահայտումները մեղմելու և այլն։
Իրենք կարող է մտքում նման բան մտածեն, բայց եթե մարդը օրենքի խախտում է կատարել հարկեր չվճարելու տեսքով, կամ օրենք է խախտել խաղաղ ցուցարարին ծեծելով, այդ մարդիկ պետք է պատժվեն, ինչ նախատեսում է օրենքը։ Եվ այս ամենը պետք չէ իրար հետ կապել, գուցե իրենց մտքում դա կա։ Եվ ՀՀԿ-ի ստորագրահավաքը Մասիսի քաղաքապետի հետ կապված, որ նրա խափանման միջոցը փոխեն, անգամ ազատեն, ակնհայտ է, որ այստեղ կա վախ, կամ գոնե մտահոգություն, որ այդ մարդը բերանը բացելու է, այսինքն՝ որևէ մեկը չի կասկածում, որ Մասիսի քաղաքապետը, լինելով բավական ցածր կարգի պաշտոնյա, ինքնագլուխ դա չի արել, ինչ-որ հրահանգ է եղել, և մենք տեսել ենք, որ միասնաբար տարբեր վայրերում այդ հրոսակախմբերը սկսեցին հարձակվել, և այն պահին, երբ ակնհայտ դարձավ, որ ոստիկանությունը ժողովրդին չի ծեծելու, սկսեցին այդ ձևով վախեցնել։ Այսինքն՝ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է և անում է նվազեցնելու իր վնասները և կորուստները, մյուս կողմից իրենք նաև իմիջային խնդիր ունեն։ Եվ սովորական մարդու մեջ տպավորվում է, որ ՀՀԿ-ն համաձայն է, որպեսզի արտահերթ ընտրություններ լինեն, համաձայն է, սակայն… և այնքան պայմաններ են այդտեղ գալիս, որ դա դարձնում է անհնար է։ Այդուհանդերձ, սա ողջունելի է։ Կսկսվեն քննարկումներ, կարևորն այն է, որ ընդհանուր խորհրդարանը գա համաձայնության, որ արտահերթ և հնարավորինս արագ պետք է ընտրությունները կայանան։
Եթե առաջիկայում իշխանությանը հաջողվի մեծամասնություն լինել խորհրդարանում առանց ընտրությունների, դարձյալ տեսնո՞ւմ եք ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն։
Միանշանակ կա, որովհետև ինձ համար այն հանրապետականը, ով անցել է ժողովրդի կողմը, առանձնապես լավը չէ, քան այն հանրապետականը, որը չի անցել։ Իհարկե, ողջունելի է, որ նրանք այդ քայլը կատարում են, բայց այդ մարդիկ այդ քայլը կատարում են բացառապես առաջնորդվելով սեփական շահով, ինչպես անձնական շահով առաջանորդվել են՝ աջակցելով նախկին իշխանությանը՝ իմանալով, թե ինչպիսի հանցագործություններ էր անում։ Մեզ անհրաժեշտ է խորհրդարան, որը կարտացոլի հասարակության մեջ տրամադրությունները։ Իսկ սա հնարավոր է իրականացնել միայն արտահերթ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու դեպքում։ Եվ այդ ժամանակ պարզ կլինի՝ որ կուսակցությունը և ովքեր կլինեն այդ խորհրդարանի մեջ։
ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների դեպքում ի՞նչ շանս ունի խորհրդարան անցնելու։
Մի վտանգավոր միտք էլ կա Դավիթ Հարությունյանի արտահայտածի մեջ, այն է՝ վարկանիշային ընտրակարգը շատ դրական կողմ է։ Եվ սա ցույց է տալիս, որ իրենք էլի ազատ և արդար ընտրությունների կողմնակից չեն, և եթե վարկանիշայինը պահպանվի, բայց փոխվի ԸՕ-ն, այդ պարագայում իրենք 5 տոկոսը կկարողանան հաղթահարել։ ՀՀԿ-ական քաղցկեղը ամբողջ երկիրը պատել է, և իրենք ունեն անձինք, ովքեր անձնապես տուժելու են, քաղաքապետարաններ, մարզպետարաններ և այլն։ Եվ եթե իսկապես լինեն ժողովրդավարական ընտրություններ, կուսակցություններ լինեն, ոչ թե անհատներ, այդ դեպքում չի հաղթահարի։ Եվ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չորս տոկոսը չի հաղթահարի ՀՀԿ-ն իրենց հավանական ձայներով։ Եվ եթե փոխվի վարկանիշայինը, ապա մենք ականատես կլինենք հետեւյալին՝ ՀՀԿ-ից մի թև կանջատվի և կստեղծվի նոր կուսակցություն կամ կմիանա այլ կուսակցության, որովհետև իրենք հասկանում են, որ ոչ մի դեպքում 58 պատգամավոր չեն ունենա: Այն մարդիկ, ովքեր կհասկանան, որ անգամ հինգ տոկոսը հաղթահարելու դեպքում իրենք խորհրդարանում չեն հայտնվելու, բնականաբար, պետք է այլ տարբերակներ իրենց համար ման գան։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir