Rus milletvekili: Erdoğan S-400 konusunda ABD’nin baskısına boyun eğmeyecek

Rus uçakları Suriye’de kimyasal saldırı provokasyonuna hazırlanan teröristleri imha etmiş

Rus ve Ukraynalı Papaz kavgasında Türkiye taraf mı?

Azərbaycan Sarkisyanın B planından lazımınca istifadə edə bilər

Ինչ է կատարվում իշխանության ներսում

Ermenistan 18 Temmuz 2016
831

Ինչ է կատարվում իշխանության ներսում

Hakop Badalyan

Hakop Badalyan


Հայաստանի հասարակությունը տագնապով սպասում ու կլանում է տեղեկությունները զինված ապստամբության դեպքի վայրից՝ Երեւանի ՊՊԾ գնդից, որը հուլիսի 17-ի լուսադեմին գրոհով վերցրել են Հիմնադիր Խորհրդարանի մի շարք անդամներ: Բոլորն ուզում են տեղեկանալ րոպե առ րոպե, թե ինչ է տեղի ունենում դեպքի վայրում:
Միաժամանակ, թերեւս շատ կարեւոր է նաեւ այն, թե ինչ է տեղի ունենում այժմ իշխանության ներսում: Ընդ որում, ոչ միայն զուտ սուբյեկտային վարքագծի տեսանկյունից, թե իշխանության որ թեւն ինչով է զբաղված, ինչ է մտածում մյուսի մասին, արդյոք իշխանության ներսում այժմ առկա է տեղի ունեցածի համար մեղավոր կամ պատասխանատու փնտրելու իրողություն, թե՞ դա թողնում են հանգուցալուծումից հետո, երբ կչեզոքացվի խնդիրը:
Խոշոր հաշվով, իշխանության ներսում առկա իրավիճակով է թերեւս պայմանավորվելու իրադարձությունների հետագա զարգացումը, քանի որ հասարակական դաշտում իրավիճակը կարծես թե գտնվում է ավանդականի շրջանակում, եւ առկա են բազմաթիվ շերտավորումներ եւ «հերոսների» ու «դավաճանների» ավանդական փնտրտուք, որը 20 տարի չի հանգեցրել եւ անկասկած առնվազն այդքան էլ չի հանգեցնի հասարակության առավել բարձր ՕԳԳ-ի:
Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Ներկայում շատ են համեմատությունները Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի հետ: Դրանք համարժեք են լոկ այնքանով, որ ցնցում են պետության ներքին վիճակի համար եւ վտանգի տակ են դնում մարդկային կյանքեր: Երեւույթի բովանդակության տեսանկյունից, հուլիսի 17-ին տեղի ունեցածը լիովին տարբեր է: Եվ համեմատություններն այստեղ ընդամենը գիտակցության ինքնահոս դրսեւորումներ են, որով կլանված է հանրության զգալի մասը:
Հուլիսի 17-ին Հայաստանում ստեղծվել է լիովին նոր իրավիճակ, ընդ որում անկախ զինված ապստամբության վերջնարդյունքից:
Ավելորդ է ասել, որ այդ վերջնարդյունքում մարդկային որեւէ նոր զոհի առկայությունը դատապարտելի է խստագույնս: Դա մի հարց է, որը թերեւս չի կարող լինել քննարկման առարկա, եւ բոլոր կողմերը, որ ներգրավված են իրադարձությունների զարգացման մեջ, պարտավոր են չանել քայլեր, որոնք կվտանգեն մարդկային կյանքեր:
Մյուս կողմից, այդ կոչերը որքան կարեւոր են, միեւնույն է արդեն կա զոհ, ինչը էապես ծանրացնում է հետագայում խաղաղ հանգուցալուծման ճկունության հնարավորությունը, առավել եւս, որ թեեւ սոցցանցերում, բայց արդեն իսկ հնչել են վրեժխնդրության ազդակներ:
Դրան զուգահեռ, ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի հանրային դաշտում գործնականում չկան ձեւավորված հեղինակության բեւեռներ, որոնք կարող են իրենց ուժով քաշել իրավիճակը փակուղուց: Միաժամանակ, չկան նաեւ ձեւավորված «ուղեղային կենտրոններ», որոնք կկարողանան հուշել հանրային արձագանքի պրագմատիկ, իրատեսական զարգացումներ:
Անվերջ պնդումները, թե իրավիճակի համար պատասխանատու է իշխանությունը կամ անձամբ Սերժ Սարգսյանը, իր վարած քաղաքականությամբ, կառավարման որակով, եւ այլն, որքան էլ արդարացի են, այդուհանդերձ ի վիճակի չեն դառնալ ստեղծված աննախադեպ իրադրության համարժեք, բավարար արձագանք: Դրանք ավելի շուտ համահասարակական փակուղու դրսեւորում են: Վերջին հաշվով, հենց այդ փակուղին է նաեւ հուսահատ ու ծայրահեղ քայլերի «խթանիչ»: Դա Հայաստանում իշխող համակարգի դեմ պայքարի, համակարգի լիարժեք ախտորոշման եւ դրա դեմ հանրային պայքարի մեթոդաբանական ճգնաժամի վկայություն է:
Քանի դեռ հանրությունն ինքը գտնվում է ճգնաժամի մեջ, նա անկարող է լինելու իշխող համակարգը մղել ճգնաժամի:
Այդ իմաստով, ներկայում առանցքային հարցը դարձել է հենց այդ՝ ՀԽ անդամների քայլը իշխանական համակարգը մղե՞լ է ճգնաժամի, թե ոչ: Պատահական չէ, որ հենց դա էր իշխանության առաջին արձագանքը՝ ցույց տալ, որ չկա որեւէ ճգնաժամ, եւ իշխանությունը դուրս չի եկել իր ամենօրյա գործունեության ռեժիմից: Այդպես է դա իրականում, թե ոչ, անցնող 24 ժամերով գնահատելը բարդ է:
Իշխանության համար ռիսկը ժամանակն է, թե հոգեբանական ինչ գործընթացներ են տեղի ունենալու ներսում, եթե շարունակվի «պաշարման» գործընթացը:
Ներկայում, իրադարձությունների զարգացման հեռանկարը պայմանավորված է իշխանության ներսում տեղի ունեցող գործընթացով: Այդ իմաստով, իրավիճակը իշխանության ներսում իհարկե սկզբունքորեն տարբեր է, քան 2008-ին: Միեւնույն ժամանակ, կա բոլոր ժամանակների համար առանցքային գործոն՝ Հայաստանի իշխող համակարգը սուբյեկտային առումով լինելով բազմաբեւեռ, այդուհանդերձ միատարր է տնտեսական կամ կապիտալի հիմքի տեսանկյունից եւ կառուցված է հանրային բարիքի յուրացման սկզբունքի վրա: Դա է համակարգի մոտիվացիան, որը բացառում է «փոխզիջումը» հանրության հետ:
Արդյոք իշխանության ներսում այժմ տեղի ունենում են մոտիվացիոն փոփոխություններ:

Yorumlar