Ամենաուշը վաղը ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի Հայաստանի դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Մինչև ՀԱՊԿ-ին կրկնակի դիմելը անհրաժեշտ է Հայաստանի անվտանգության խորհրդի նիստի քննարկման առարկա դարձնել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հնարավորոթյունն առնվազն քննարկելու վերաբերյալ, ինչը իրական քաղաքական արդյունավետության առումով Հայաստանի համար լինի ավելի ուժեղ և հեռանկարային հնարավորություն, քան ՀԱՊԿ-ին դիմելը:
Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցում արտահայտվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հարցը տեղափոխելու հեռանկարի մասին:
Ի՞նչ է նշանակում հարցը տանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այստեղ քաղաքական բարձր հարթակի աստիճանակարգությունից բացի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումը առնվազն նշանակում է ընդլայնել և բազմազանեցնել ուժային կենտրոնների շրջանակը, որոնք ներգրավված կլինեն Կովկասի ռեգիոնալ զարգացումներում և դրանց վերաբերյալ որոշումներում:
Ինչպես հայտնի է, ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական անդամներ, որոնք ունեն վետոյի իրավունք, և տասը փոփոխվող անդամներ: Հինգ մշտական անդամներն են ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան՝ որոնք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, և Մեծ Բրիտանիա ու Չինաստան: Ֆրանսիան փաստորեն առաջարկում է Կովկասի հարցերը քննարկել այդ շրջանակով, ռուս-թուրքական ձևաչափի փոխարեն:
Կդիտարկի Երևանը ՞ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տանելու հնարավորությունը: Ինչպես հայտնի է, Երևանն առայժմ դիմել է ՀԱՊԿ-ին՝ խորհրդակցություն սկսելու մասին, քաղաքական դիրքորոշումները համաձայնեցնելու նպատակով: Չի բացառվում, որ այստեղ անարդյունավետության պարագայում Երևանն անդրադառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գաղափարին:
Միաժամանակ պետք է դիտարկել նաև այն, որ հնարավոր է Ֆրանսիայի նախագահի արտահայտած գաղափարին անդրադառնալը պայմանավորի ՀԱՊԿ-ում Հայաստանի դիմումի քաղաքական արդյունավետության հեռանկարը:
Անշուշտ պետք չէ վստահ լինել, թե ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի համար հարցերը լուծվելու են սահուն կերպով: Հայաստանի համար դա ենթադրում է է ուժերի մոբիլիզացիա և քաղաքական լուրջ աշխատանք ու պայքար: Ավելին, կա դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում ՄԱԿ ԱԽ բանաձևի քննարկման հայտնի պատմությունը, որը տապալվել էր մշտական անդամներից մեկի «խորհրդավոր» վետոյի հետևանքով: Այդուհանդերձ, շահերի շրջանակի բազմազանեցումն ու ընդլայնումը Երևանի համար անկասկած ավելի ճկուն խաղալու հնարավորություն է, ի տարբերություն ռուս-թուրքական ձևաչափի գերակայության:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ