KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վահե Դավթյան: ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱՆ

Վահե Դավթյան: ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱՆ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 7 dk okuma süresi
168 0

ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱՆ – 1

Ս.թ. սեպտեմբերին G20 շրջանակներում ընդունվում է կոմյունիկե ՛՛Մերձավորարևելյան միջանցքի՛՛ մասին, որը պետք է կապի Հնդկաստանը Եվրոպայի հետ՝ իր լոգիստիկ երթուղում ներառելով նաև իսրայելական Հայֆան: Դրան հաջորդում է Անկարայաի կոշտ արձագանքն առ այն, որ առանց Թուրքիայի հնարավոր չէ իրականացնել որևէ տրանսպորտային նախագիծ Եվրոպա-Ասիա կամ ավելի լայն՝ Արևելք-Արևմուտք ռազմավարության շրջանակներում: Մի փոքր ավելի ուշ Անկարան հայտարարում է Չինաստանի հետ Սինոպի ԱԷԿ-ի կառուցման մասին՝ ցույց տալով, որ եվրասիական էներգատրանսպորտային ճարտարապետության ձևավորման գործում Թուրքիայի ու Չինաստանի շահերը կարող են համընկնել: Եվ ՛՛Մերձավորարևելյան միջանցքի՛՛ հեռանկարի համատեքստում դա իսկապես այդպես է, քանի որ նախագիծը փաստացիորեն կոչված է այլընտրանք ձևավորել չինական ՛՛Գոտի և ճանապարհ՛՛ մեգառազմավարությանը:

Պաղեստինա-իսրայելական նոր պատերազմն առնվազն հարցականի տակ է դնում ՛՛Մերձավորարևելյան միջանցքում՛՛ Իսրայելի ներգրավումը: Ու, առհասարակ, անորոշ ժամանակով հետաձգում է նախագծի իրագործումը: Ուստի, գեոտնտեսական տեսանկյունից պատերազմի շահառուներից կարող է դիտարկվել նաև Պեկինը, որի ազդեցության աճը Մերձավոր Արևելքում վերջին շրջանում որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում:

ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱՆ – 2

Կհանգեցնի՞ պաղեստինա-իսրայելական պատերազմը միջազգային նավթային ճգնաժամի: Շատերի կարծիքով՝ դրա հավանականությունը բավականին բարձր է: Զուգահեռներ են անցկացվում 1973 թ. արաբա-իսրայելական 4-րդ պատերազմի հետ, որի հետևաքնով համաշխարհային նավթի շուկան հայտնվեց 20-րդ դարի ամենածանր ճգնաժամի պայմաններում:
Սակայն այսօր Պաղեստինի ու Իսրայելի միջև մղվող պատերազմն ունի մի շարք որակական տարբերություններ, որոնք դեռևս թույլ չեն տալիս նոր էներգետիկ ճգնաժամի մասին խոսել:

1. Այսօր արաբական աշխարհն այնքան կոնսոլիդացված չէ, ինչպես 1960-1970-ականներին: Իսրայելին օգնություն ցուցաբերող Արևմուտքին զսպելու նպատակով 1973 թ.-ին ՕՊԵԿ-ի արաբական անդամ երկրները առաջին անգամ կիրառեցին այսպես կոչված ՛՛նավթային զենքը՛՛՝ արդյունահանման ծավալների կտրուկ կրճատման ու, հետևաբար, գնի գրեթե կրկնակի բարձրացման տեսքով: (Երեկ Քաթարը հայտարարեց, որ կսահմանափակի հեղուկացված գազի արտահանումը, եթե Իսրայելը շարունակի ռմբակոծել Գազան, սակայն ժամեր անց հերքեց դա):

2. Ի տարբերություն 1973 թ.-ի ճգնաժամի՝ այսօր գործում է ՕՊԵԿ-ին որոշակի հակակշիռ ապահովող կազմակերպություն՝ Միջազգային էներգետիկ գործակալությունը, որը կոչված է պաշտպանել նավթ ներկրող երկրների շահերը: 1974 թ.-ին ստեղծված գործակալության առանցքային գործառույթներից է նավթի ռազմավարական պաշարների ձևավորումն ու կառավարումը՝ որպես միջազգային էներգետիկ անվտանգության բարձիկ: Ռեզերվներըը բացվել են մի քանի անգամ՝ Պարսից ծոցի պատերազմի, Լիբիայում քաղաքացիական պատերազմի, ՛՛Քաթրին՛՛ և ՛՛Ռիտա՛՛ փոթորիկների, ինչպես նաև վերջին շրջանում՝ ուկրաինական դեպքերով պայմանավորված նավթի պակասորդի ժամանակ: Ու թեև այս պահին պաշարներն էապես կրճատվել են (հաշվի առնելով Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի կողմից որդեգրված արդյունահանման կրճատման քաղաքականությունը), այնուամենայնիվ, դրանք դեռևս կարևոր զսպող գործոն են հանդիսանում: Չմոռանանք, որ ռազմավարական պաշարներ ունի նաև Վաշինգտոնը:

3. Միջազգային նավթային ճգնաժամ կարող է սկսվել այն դեպքում, եթե Իրանն ուղիղ մասնակցություն ունենա ռազմական գործողություններին: Դա կնշանակի լարվածության էական աճ Պարսից ծոցում ու, մասնավորապես, Հորմուզի նեղուցում, որով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 25%-ը:

Ինչ վերաբերում է գազի շուկային, ապա ճգնաժամային միտումներն այստեղ թերևս ավելի հստակ են: Կանդրադառնամ առանձին գրառմամբ:

ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱՆ – 3

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն իր ուղիղ ազդեցությունն է գործում գազի շուկայի վրա: Մասնավորապես՝ արդեն ավելի քան 20%-ով կրճատվել է արդյունահանումը իսրայելական ՛՛Թամար՛՛ և ՛՛Լևիաթան՛՛ գազային հանքավայրերում: Արդյունքում նվազել է գազի արտահանումը Եգիպտոսի գազավերամշակման գործարաններ, որտեղից ՛՛երկնագույն վառելիքը՛՛ մատակարարվում է մի քանի ուղղություններով, հիմնականում՝ Եվրոպա:

Առանց այդ էլ էներգետիկ համակարգում դժվարություններ ապրող Եվրոպայի համար այսպիսի զարգացումները հանգեցնելու են բացասական հետևանքների: Արդեն այսօր Եվրոպայում բնական գազի բորսայական գինը գերազանցել է 600 ԱՄՆ դոլարը:

Շահառուները հայտնի են: Նրանցից առանցքայինը, իհարկե, Վաշինգտոնն է: Նախ՝ 2022 թ.-ից ի վեր իրականացնելով Եվրոպայից ռուսական բնական գազի դուրսմղման ռազմավարությունը՝ Վաշինգտոնը ձգտում է լրացնել ձևավորված ՛՛գազային վակուումը՛՛ սեփական հեղուկացված գազի մատակարարումներով: Այս պահի դրությամբ եվրոպական գազի շուկայում ամերիկյան հեղուկացված գազն ունի ամենամեծ տեսակարար կշիռը: Միաժամանակ, ԱՄՆ-ում թերթաքարային գազային ոլորտն ավելի ու ավելի մեծ ներդրումներ է պահանջում: Իսկ ներդրումների համար նախևառաջ անհրաժեշտ են բարձր գներ, ինչը և այսօր ապահովվում է ԱՄՆ համար սպառման առանցքային՝ եվրոպական շուկայում:

Իր հստակ գազային-լոգիստիկ շահերն է հետապնդում նաև Թուրքիան: ՛՛Թամար՛՛ և ՛՛Լևիաթան՛՛ գազային հանքավայրերում արդյունահանման հնարավոր դադարեցումը հնարավորություն է ստեղծում Անկարայի համար նոր լիցք հաղորդելու սեփական ՛՛խաբային՛՛ ռազմավարությանը: Պատահական չէ, որ պաղեստինա-իսրայելական պատերազմի մեկնարկից ընդամենը 2 օր անց Մոսկվան ու Անկարան հայտարարեցին թուրքական գազային խաբի ձևավորման հարցում առաջխաղացման մասին: Ընդ որում՝ ընդամենը ամիսներ առաջ կողմերը հիմնականում խոսում էին խոչընդոտների մասին: Սա հարկ է դիտարկել որպես մարտահրավեր Քաթարի և մասամբ Ալժիրի համար:

Միաժամանակ, եթե հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվի՝ ստեղծելով լոգիստիկ խնդիրներ Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից հեղուկացված գազի արտահանման համար, ապա Եվրոպան մատակարարումների դիվերսիֆիկացման համար ստիպված է լինելու ավելի հաճախ օգտվել ՛՛Թուրքական հոսքից՛՛ կամ էլ Թուրքիայում ձևավորվող էլեկտրանային խաբից: Ներքին արդյունահանումը (Նորվեգիա, Հոլանդիա) բավարար չէ, դե իսկ Ավստրալիան բավականին հեռու է ու ոչ հարմարավետ կայուն մատակարարումների համար: Ռուսաստանն էլ այս կոնֆիգուրացիայում հանդես կգա որպես գազի մատակարարման աղբյուր՝ իր կայուն եկամտով (ինչպես Հնդկաստանի դեպքում):

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir