KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Ռուբեն Սաֆրաստյանը: Սյունիքը հատուկ նշանակություն ունի Թուրքիա-Ադրբեջան դուետի համար

Ռուբեն Սաֆրաստյանը: Սյունիքը հատուկ նշանակություն ունի Թուրքիա-Ադրբեջան դուետի համար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
279 0

Ես նմանատիպ գործողություններ սպասում էի ամիսներ շարունակ, որովհետև ակնհայտ էր, որ Արցախյան վերջին պատերազմում հաղթանակ տանելուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ միայն չի հրաժարվում իր ագրեսիվ քաղաքականությունից Արցախի և արդեն Հայաստանի նկատմամբ, այլև հակահայկական հռետորաբանությունն ուժեղացնում է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին։

Նրա խոսքով՝ Սյունիքի թիրախավորումը մի քանի մակարդակով տեղի ունեցավ՝ պրովոկացիաներ, որոնցից խոշորը հիմա է ընթանում, և հռետորաբանության առումով. այն գտնվում էր թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ քաղաքականության թիրախում։

«Վերջին տարիներին ակնհայտ է դառնում, որ Թուրքիան գնալով ավելի հստակ է հետապնդում պանթյուրքիստական ծրագրեր, և դրանց մեջ վաղուց Սյունիքը հատուկ նշանակություն ունի, քանի որ դրան տիրանալը նշանակում է, որ պանթյուրքիստական ծրագրերը կյանքի են կոչվում, և ուղիղ կապ է հաստատվում Թուրքիա-Ադրբեջան-Նախիջևան և Կասպից ծովի վրայով կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրների միջև։ Սյունիքն ունի «բանալի» նշանակություն պանթյուրքիստական ծրագրերի իրականացման համար։ Սպասելի էր, որ այն ճնշումը, որն զգացվում էր Սյունիքի վրա, կավելանա և այսպիսի բացահայտ ագրեսիվ գործողության կվերածվի ՀՀ դեմ»,-ասաց թուրքագետը։

Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան և Ադրբեջանը գործում են միասին, հնարավոր է՝ Թուրքիան չի երևում, բայց, թուրքագետի համոզմամբ, Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետևում կանգնած է հենց Թուրքիան։

«Երբ Ալիևը հանդես էր գալիս հայտարարություններով՝ Սյունիքը, Գեղարքունիքը համարելով Ադրբեջանի պատմական տարածք, Ադրբեջանի կողմից ընթանում էր աշխարհի հասարակական կարծիքի, համաշխարհային քաղաքական շրջանակների նախապատրաստական աշխատանք։ Վերջիններիս Ադրբեջանը շարունակելու է պատրաստել այն բանին, որ Սյունիքը պատմական ադրբեջանական տարածք է, մի օր էլ կասեն՝ մենք ազատագրում ենք մեր պատմական տարածքը»,-ասաց թուրքագետը։

Վերջինիս խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ-ն գործի դնի իր դաշնակցային հարաբերությունները, ինչը առաջին նախապայմանն է, որ ՀՀ-ն համոզվի՝ ռազմաքաղաքական դաշնակիցը՝ ՌԴ-ն, ՀՀ-ի կողքին է։

«Կարևոր է, որ և՛ Ֆրանսիայի, և՛ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ եղան։ Այդ ու մյուս հայտարարություններն ի շահ մեզ պետք է օգտագործենք և շարունակենք այդ երկրների հետ համագործակցությունը, և ավելի բացահայտենք թուրք-ադրբեջանական ագրեսիվ նպատակները և՛ տարածաշրջանի, և՛ մեր նկատմամբ»,-ասաց նա, ապա անդրադարձավ այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարության մեջ գործածել է «վիճելի տարածք» եզրույթը․

«ՀՀ-ն պետք է շատ լուրջ աշխատանք տարի ԱՄՆ գործընկերների հետ և ցույց տա, որ դրանք ոչ թե վիճելի տարածքներ են, այլ ՀՀ տարածքներ։ Տեսնում եմ, որ նախապես լավ աշխատանք չի տարվել։ Պետք է շատ լուրջ աշխատել միջազգային թատերաբեմում, որ մենք չհայտնվենք մեկուսացման մեջ, ինչպես դա եղավ Արցախյան վերջին պատերազմում»,-ասաց Սաֆրաստյանը։

Նա նաև դրական գնահատեց Իշխանասարի տարածքում ընթացող բանակցություններին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությունը՝ նշելով, թե կարելի է սպասել դրական փոփոխության։

Tert.am

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir