KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Ալեն Ղևոնդյանի: Լավրովը ֆիքսեց` ՀՀ-ն կարող է չհամաձայնվել Սյունիքում կոմունիկացիայի բացմանը, և այդ հարցում որևէ արտաքին ուժի, միջնորդի պետք չէ մեղադրել․

Ալեն Ղևոնդյանի: Լավրովը ֆիքսեց` ՀՀ-ն կարող է չհամաձայնվել Սյունիքում կոմունիկացիայի բացմանը, և այդ հարցում որևէ արտաքին ուժի, միջնորդի պետք չէ մեղադրել․

Kafkassam Editör Kafkassam Editör - - 12 dk okuma süresi
277 0

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ Tert.am-ը զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի ընթացքում հնչեցված ուղերձների մասին։ Նա մատնանշել է, որ Լավրովն իր այցի ժամանակ քննարկել է նաև Սյունիքի միջանցքին վերաբերող շատ կարևոր հարցը և շատ հստակ ֆիքսել, որ այստեղ պարտադողական լուծումներ չեն կարող լինել, և որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշելու՝ կոմունիկացիայի հնարավորություն տա՞ Ադրբեջանին՝ Թուրքիայի և Նախիջևանի հետ կապվելու համար, թե՞՝ ոչ։

«Այս հայտարարությունն իր մեջ ուներ տարածաշրջանին վերաբերող ուղերձ և ֆիքսում էր, որ Հայաստանն ինքն է որոշելու և այդ որոշումը տարածաշրջանային նշանակություն է ունենալու։ Դրանով Լավրովը որոշակի առումով նաև ապահովագրում է Ռուսաստանին, քանի որ հայկական մեդիադաշտում հաճախ հնչեցվում է այն թեզը, որ հայկական կողմի փոխարեն այլ կողմեր են բանակցում, հետևաբար նաև ոչ հայանպաստ որոշումները մեզ պարտադրվում են»,- ասում է Ղևոնդյանը։

-Պարո՛ն Ղևոնդյան, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում էր, հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, քննարկվել են և՛ երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցեր, և՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները կրկին լայն քննարկումների առիթ են դարձել։ Ձեր տպավորությամբ՝ ինչու՞ էր Լավրովը եկել Հայաստան, որո՞նք կառանձնացնեք նրա ուղերձներից։

-Արձանագրենք, որ Ռուսաստանն այն երկիրն է եղել, որի ներգրավվածությամբ, նաև՝ Թուրքիայի խորհրդատվության արդյունքում, որպես արդեն տարածաշրջանում խաղացող օղակ, հնարավոր եղավ 44-օրա պատերազմից հետո հրադադար ապահովել։ Միջնորդ կողմերը պետք է ունենան լեգիտիմ վստահության ցուցիչ։ Այսինքն՝ պատերազմող երկու կողմերի մոտ նրանց խոսքը, ձեռնարկած քայլերը պետք է լինեն վստահելի։ Հետևաբար այդ բալանսը Ռուսաստանը միշտ փորձել է պահել, և Լավրովի շեշտադրումներն ել Երևանում խոսում էին այդ մասին։

Իհարկե, որոշ ձևակերպումներում կային կոնտեքստներ, որոնք այս կամ այն կողմին կարող էին դուրեկան չլինել, բայց պետք է հասկանալ, որ իրենք հանդես էին գալիս հակամարտող կողմերի հանձնառությունների իրականացման, կոշտ կողմերի մեղմման և ընդհանուր կայունության ապահովման դիտանկյունից։ Ռուսաստանը իր առջև խնդիր չի դրել Հայաստանի կամ Ադրբեջանի շահերը սպասարկել, ամենևի՛ն, նրան այս պահին պետք է, որ տարածաշրջանում լինի կանխատեսելի խաղաղություն և կայունություն՝ իր ներգրավվածության մեծ դոզայով։

Ինչ վերաբերում է այցի բովանդակային մասին, ապա պետք է հասկանալ, որ դա պետք է նոյեմբերի 9-ի փաստաթղթի առանձին դրույթների քննարկման օրակարգերը լիներ, այդ թվում՝ ռազմագերիների փոխանակման հարցը։

-Շատ քննարկվեց հարցը, որ Լավրովն իր խոսքում օգտագործեց «ձերբակալվածներ» բառը՝ «ռազմագերի» տերմինի փոխարեն։

-Նա այդպիսի ձևակերպում օգտագործեց, որպեսզի կողմերից որևէ մեկի պարագայում խնդրահույց և անընդունելի մոտեցում չլինի։ Եթե նա օգտագործեր այն տերմինը, ինչն ակնկալում էր Հայաստանը, միգուցե Ադրբեջանը հավելյալ պայմաններ առաջ քաշեր հնարավոր վերադարձի պարագայում։

Լավրովն իր այցի ժամանակ քննարկել է նաև Սյունիքի միջանցքին վերաբերող շատ կարևոր հարցը և շատ հստակ ֆիքսել, որ այստեղ պարտադողական լուծումներ չեն կարող լինել, և Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշելու՝ կոմունիկացիայի հնարավորություն տա՞ Ադրբեջանին՝ Թուրքիայի և Նախիջևանի հետ կապվելու համար, թե՞՝ ոչ։ Այս հայտարարությունն իր մեջ ուներ տարածաշրջանին վերաբերող ուղերձ և ֆիքսում էր, որ Հայաստանն ինքն է որոշելու և այդ որոշումը տարածաշրջանային նշանակություն է ունենալու։ Դրանով Լավրովը որոշակի առումով նաև ապահովագրում է Ռուսաստանին, քանի որ հայկական մեդիադաշտում հաճախ հնչեցվում է այն թեզը, որ հայկական կողմի փոխարեն այլ կողմեր են բանակցում, հետևաբար նաև՝ ոչ հայանպաստ որոշումները մեզ պարտադրվում են։ Լավրովը ֆիքսեց նաև այն, որ մենք ինքներս կարող են չհամաձայնվել Սյունիքում այդ կոմունիկացիայի բացմանը, և այդ հարցում որևէ արտաքին ուժի, միջնորդի պետք չէ մեղադրել։

-Կոմունիկացիների ապաշրջափակման և գերիների վերադարձին վերաբերող թեմաներն են, որ առավել ուշադրության են արժանանում մեզանում։ Լավրովը, կարծես թե, որոշակի հստակեցումներ արեց դրանց վերաբերյալ իր հայտարարություններով։

-Քանի որ կա Արցախի կարգավիճակի քաղաքական լուծման հարց, ռուսական կողմը, իմ դիտարկումներով, կարծում է, որ պետք է դանդաղ շտապել, այսինքն՝ որոշակի բազա ստեղծել ներքևներում կոնսենսուսի և փոխադարձ ըմբռնողականության համար, որ հետո նոր քաղաքական կարգավիճակի կամ միգուցե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում փորձեն գործընթացներ շարունակել։ Բայց իրականությունն այս պահի դրությամբ այն է, որ պատերազմական իրողությունները և երկրների միջև փոխհարաբերությունների հիմնական լոկոմոտիվն ու միջնորդը առաջին համարով Ռուսաստանն է՝ Թուրքիայի ներգրավվածության աստիճանով։ Այսինքն՝ իրողությունը դա է և դրանից պետք է ելնել՝ Արցախի վերաբերյալ ցանկացած հարցադրում բարձրացելու կամ դիրքորոշում հայտնելու ժամանակ։

-Լավրովն իր այցի ժամանակ խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին այն առանձնապես կենսունակ չէ։ Բայց պետք է նկատել, որ շատ է խոսվում, որ Թուրքիայի ազդեցության մեծացումն էլ Ռուսաստանի համար առանձնապես ձեռնտու չէ։ Դուք հնարավոր համարու՞մ եք, որ ի վերջո Ռուսաստանը ձգտի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացմանը։

-Պետք է հստակ ֆիքսել, որ ռուսներն ու թուրքերը դաշնակիցներ չեն, այդ թվում՝ նաև արցախյան հակամարտության ներկա իրավիճակում։ Այստեղ ձևավորվել է ժամանակավոր ստատուս քվո, այսինքն՝ այս պահի դրությամբ երկուսի համար էլ շահեկան է ձևավորված ուժային հարաբերակցությունը, բայց դա չի նշանակում, որ այն երկար է տևելու․ ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական շահը ենթադրելու է իրավիճակի այնպիսի փոփոխություն, որտեղ նրանց դիրքերը շատ ավելի շահեկան և ազդեցիկ կլինեն։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա պետք է հասկանալ, որ հենց ինքը՝ ձևաչափն էր իրեն մեկուսացրել գործընթացներից՝ իր անատամ հայտարարություններով, պատերազմի ժամանակ անբովանդակ տեքստերով, կոչերով և այլն։ Հետևաբար այս ամենով պետք է դիտարկել նրանց վերակենդանացման հնարավորությունները։

Մյուս կողմից՝ պետք է ֆիքսել, որ կոնֆլիկտի էությունը, հնարավորությունը և նրա շուրջ ձևավորված իրավիճակը ֆունդամենտալ ձևով փոխվել է՝ մինչ պատերազմը եղածի համեմատ։ Մենք այս պահին ունենք այնպիսի իրավիճակ, որ բանակցությունների առարկան ու օբյեկտը փոխվել են, առաջ են եկել նոր դերակատարներ՝ ի դեմս Թուրքիայի, հետ են գնացել դիվանագիտական ձևաչափերը, որոնք նախկինում գործունակ էին, և հիմա ավելի շատ անորոշ է իրավիճակը։

Որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանանա, ինքն իրեն ռեաբիլիտացնի, պետք է կարողանա նոր օրակարգի շուրջ կոնսենսուս ապահովել Մինսկի խմբի և գոյություն ունեցող քաղաքական իրողությունների շրջանակում։

-ՀՀ արտգործնախարար Արա Այվազանը Լավրովի հետ հանդիպմանը նշեց, որ Ռուսաստանն ընդունում է, որ ԼՂ հիմնախնդիրը հեռու է կարգավորված լինելուց, չնայած Ադրբեջանի պնդումներին, որ այն լուծված է։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչն է հիմա եղած բանակցություններում կարևորվում՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետե՞րը, թե՞ նաև քննարկվում են նախկինում եղած կարգավորման սկզբունքները։

-Ռուսաստանի արտգործնախարարը իրավացիորեն ֆիքսում է առկա իրավիճակը, որ հիմնախնդիրը չի լուծվել, որ առնվազն կան Արցախի ազգաբնակչության և Արցախի տարածքային ինքնորոշմանը վերաբերող հարցեր, որոնք որևէ լուծում չեն ստացել, հրադադարը իրավիճակային դադար է, ո՛չ ռեգրես է, ոչ էլ պրոգրես։ Իսկ Ադրբեջանի համար խնդիրը լուծված է այն մասով, որ իրենք կարողացել են քաղաքական բանակցության միջոցով վերադարձնել մեր կողմից ազատագրված տարածքները և ձեռք բերել հավելյալ տարածքներ Հադրութում և Շուշիում։ Հիմա շահեկան իրավիճակ է ստեղծված Ադրբեջանի համար, հետևաբար իրենք ավելի ուժեղ դիրքերում են։ Բայց խնդիրը միայն իրենց ուժեղ և մեր թույլ դիրքերը չեն, խնդիրը ռեգիոնալ հարցերն են։ Կան առաջնահերթություններ, որոնց լուծումներն այսօր չկան․ դրանք են՝ Արցախի տարածքային ամբողջականությունը, առնվազն ԼՂԻՄ-ի սահմաններով և Արցախի ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը և ամենակարևորը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի կարգավիճակի հետ կապված հարցերը։ Պետք է այս հանգամանքները հաշվի առնվեն և միայն այս համատեքստում անել հիմնախնդրի լուծման հետ կապված բոլոր դատողությունները։

-Խոսում ենք Ռուսաստանի դերի, ցանկությունների, դիրքորոշման, ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր վերակենդանացման վերաբերյալ, բայց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում քիչ բան կախված չէ հենց Հայաստանի քաղաքականությունից։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է հիմա անում Հայաստանը և ի՞նչ կարող է անել։

-Քանի որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ոչ միշտ և ոչ բավարար չափով է առաջնորդվում Հայաստանի ազգային շահերով, ապա մենք այս պահի դրությամբ միջազգային իրավունքում և արցախյան հիմնահարցում սուբյեկտի կարգավիճակից վեր ենք ածվել օբյեկտի, իսկ օբյեկտի շահերը սովորաբար միշտ չէ, որ կարևորվում են, հետևաբար հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել Լավրովի հայտարարությունը, որ հրապարակային է։ Շատ կարևոր է, որ ասվում է, որ կարող ենք Սյունիքի մասով կոմունիկացիա չտրամադրել, ասվում էր, որ կարող ենք չանել, որ հետագայում մեղավորեր չփնտրենք։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir