KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Գայանե Աբրահամյան

Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Գայանե Աբրահամյան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 15 dk okuma süresi
347 0

AraratNews.am-ը զրուցել է լրագրող, թիվ 2 ընտրատարածքում (Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ) «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Գայանե Աբրահամյանի հետ:

Երևան Տոնավաճառ

Հարգելի՛ տիկին Աբրահամյան, առաջին անգամ եք մասնակցում ընտրություններին, առաջին անգամ է, որ Ձեզ ընձեռվել է ԱԺ պատգամավոր դառնալ: Նախ՝ լինելով լրագրող, հե՞շտ էր անմիջականորեն զբաղվել քաղաքականությամբ, և ինչպե՞ս է Ձեզ տրվել այս որոշումը, և երկրորդ՝ ո՞վ է առաջարկել Ձեզ:

Լրագրություն-քաղաքականություն սահմանն ինձ համար միշտ խիստ հստակ է եղել, չնայած տարրալուծման լուրջ վտանգներ ունի գրեթե բոլոր երկրներում, քանի որ լրագրողները քաղաքական գործընթացները վերահսկող, արձանագրող ու փաստագրողներն են և այդ ինստիտուցիոնալ հիշողությամբ, սխալների դիտարկմամբ հաճախ ավելի լավ քաղաքական գործիչներ են դառնում, դրա ապացույցն ունենք այսօր: Բայց ինձ համար լրագրող լինելու առաջին նախապայմանը անաչառությունն է և այդ պատճառով հեղափոխության դեռ սկզբի օրերին, ապրիլի սկզբին, երբ հասկացա, որ քաղաքացիական ու քաղաքական այդ գործընթացի անմիջական աջակիցն եմ և իմ ուղիղ ներգրավվածությամբ եմ ցանկանում նպաստել դրա հաջողությանը՝ դադարեցրեցի գործունեությունս, կասեցրեցի անգամ միջազգային երկու պարբերականների հետ պայմանագրերս, և սա սկզբունքի, մասնագիտությանս ու գործընկերներիս նկատմամբ հարգանքի հարց էր:

Նախկինում ևս ունեցել եմ տարբեր առաջարկներ տարբեր քաղաքական ուժերից, մասնավորապես, 2012-ին և 2017-ին, սակայն հրաժարվել եմ, քանի որ քաղաքական դաշտն ապականված էր ամբողջովին ու առողջացման որևէ հույս չկար, քաղաքական միտք գեներացնելն ու քաղաքական դիսկուրս ձևավորելը ստորադասված էր ապաքաղաքական, քրեաօլիգարխիկ օրակարգերին, և այդ միջավայրում իմ անելիքը ներսից բացարձակ անարդյունավետ կլիներ, մինչդեռ որպես լրագրող և հասարակական կառույցի ղեկավար շատ ավելին կարող էի անել և, կարծում եմ՝ արել եմ:

Քաղաքական դաշտ մտնելու որոշումը հեշտ չէր, կորցնելու չափազանց շատ բան ունեի՝ առաջին հերթին անկախություն, անկաշկանդ խոսելու և որոշումներ կայացնելու ազատություն, հանրային հարգանք ու վստահություն և, ինչու չէ, նաև ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ, սակայն այս փուլում ինձ իսկապես պատասխանատու էի զգում հեղափոխության արժեքների ինստիտուցիոնալացման և դրանցից բխող համակարգերի, իրավական հենքերի կառուցման հարցում: Գոնե այս փուլում կողքից դիտարկողի, քննադատողի և միայն խորհուրդ տվողի դիրքում մնալն ազնիվ չէր լինի, դրա պակասը չունենք, մինչդեռ զանգ կախողներն իսկապես չափազանց քիչ են: Առաջարկը ստացել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի մի քանի անդամներից դեռևս օգոստոսին, և այն ժամանակ, քանի դեռ նախատեսված էր ապրիլին անցկացնել արտահերթ ընտրությունները, ապա որոշվեց, որ այդ փուլում անհրաժեշտություն կար ներգրավվելու նաև Երևանի ավագանու կազմում, որի գործունեության հիմնական ոլորտներում, հատկապես կրթական ու սոցիալական խնդիրների լուծման հարցերում, բավական փորձ ունեի կուտակած և հասցրեցի որոշ բաներ իրականացնել: Գուցե դիտարկվի ոչ արդար ավագանու կազմից անցումը ԱԺ, քանի որ, ի վերջո, ընտրողները ձայն են տվել և այնտեղից են ակնկալում իմ աշխատանքի արդյունքները, սակայն վստահեցնում եմ, որ օրենսդիր մարմնից շատ ավելի արդյունավետ կկարողանամ լուծումներ տալ նաև մայրաքաղաքի և մեր համաքաղաքացիների շատ խնդիրներին, որոնք հենց օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն ունեն:

Ընդդիմությունը և որոշակի, այսպես կոչված, ռևանշիստական ուժեր նոր իշխանություններին քննադատելիս առաջինը նշում են կադրային քաղաքականությունն ու նշանակված անձանց անփորձ լինելը: Դուք քաղաքական գործիչ չեք, սակայն լրագրող եք եղել, հարցս հետևյալն է. վստա՞հ եք Ձեր ուժերին, կկարողանա՞ք ակտիվ պահանջատեր լրագրողից դառնալ օրենսդիր:

Կադրային քաղաքականությունը որևէ իշխանության օրոք երբևէ չի եղել իդեալական, իսկ այս հեղափոխական շրջանում հատկապես ավելի դժվար էր, քանի որ արժեքային արմատական փոփոխություն իրականացնելը, խոր արմատներ ունեցող կոռուպցիոն համակարգերի, մեխանիզմների և արդեն մտածելակերպ դարձած գործելաոճի դեմ պայքարելը հաճախ եղել են գործնական աշխատանքի հաշվին: Հեղափոխության, իրական ժողովրդավարական արժեքների կրող մասնագետներն էլ այնքան էլ շատ չէին, շատերն էլ կային, որոնք ներգրավված էին մասնավոր կամ հասարակական ոլորտներում և պետք է կրկնակի, եռակի քիչ աշխատավարձով վերցնեին պետական համակարգի կառավարումը, ինչը ենթադրում է տասնապատիկ մեծ բեռ, հանրային պարսավանք, քննադատությունների թիրախ դառնալու հնարավորություն, և այս հեռանկարին ոչ բոլորն էին պատրաստ:

Անփորձ կադրերի մասով հաճախ հնչող քննադատությունը ևս շատ հիմնավոր չէ, քանի որ ի՛նչն ենք համարում փորձ՝ եթե նախկինում ընդունված կառավարման հիմնական սկզբունքները, կոռուպցիոն սխեմաների վրա հիմնված գործարքային մոտեցումները, վախի և սպառնալիքի միջոցով աշխատանքն առաջ տանելու սկզբունքը, ապա այս փորձն ինձ համար անընդունելի է և միանշանակ գերադասելի է պետական կառավարման համակարգի առումով փոքր-ինչ անփորձ, բայց բոլորովին այլ արժեքներ կրողների ներգրավումը, որը եթե առաջին փուլում հաջողություն չարձանագրի, հետագայում վստահորեն փոփոխությունների հանգեցնելու է:

Իսկ ինչ վերաբերում է իմ կարողություններին. բացի լրագրողական 18-ամյա փորձառությունից, վերջին տարիներին նաև ակտիվորեն ներգրավված եմ եղել հասարակական տարբեր ծրագրերում, այդ թվում և՝ օրենսդրական նախագծերի մշակման խմբերում, որը ոչ միայն խնդիրների ուսումնասիրության և բարձրաձայնման հնարավորություն է ստեղծել, այլև հենց օրենսդրական մակարդակում լուծումների, ճիշտ օրենսդրական դաշտ ստեղծելու միջոցով խնդիրների կանխարգելման որոշակի գիտելիք և հմտություններ տվել, այնպես որ, կարծում եմ՝ պատրաստ եմ ստանձնել այս պատասխանատվությունը: Նաև շեշտեմ մեկ այլ կարևոր սկզբունք. ես այնքան զգուշավոր և պատասխանատու եմ, որ եթե որևէ հարցում վստահ չեմ ուժերիս ավելի քան 150 տոկոսով, երբևէ չեմ ներգրավվում որևէ գործում, այս գերպատասխանատվությունն ու պերֆեկցիոնիզմի ձգտումը տարիների ընթացքում հաճախ խանգարել են, բայց նաև դարձրել անխոցելի, քանի որ որևէ փուլում որևէ մեկը չի կարող ասել, որ թերացել եմ, լավ չեմ իրականացրել պարտականություններս, սովորաբար դրանք գերակատարել եմ և միայն այդ դեպքում գոհ եղել ինձնից, ինչը խիստ հազվադեպ է լինում: Ի դեպ, նաև հենց այդ սկզբունքից ելնելով դեռևս մայիսին մի շարք պաշտոնների առաջարկներից հրաժարվել եմ:

Ի՞նչ խնդիրներ կան, որոնց պատրաստվում եք առաջիկա տարիներին անդրադառնալ, և ԱԺ ո՛ր հանձնաժողովում եք պատկերացնում Ձեր աշխատանքը:

Խնդիրները բազմաթիվ են և իմ հետաքրքրությունների, նաև մասնագիտական կարողությունների շրջանակը՝ լայն, դեռ չեմ որոշել, թե հատկապես ո՛ր ուղղությամբ կաշխատեմ: Վերջին տարիներին հատկապես կրթության, գիտության և երիտասարդների կարողությունների զարգացման հարցերն են եղել ուշադրությանս և գործունեությանս կիզակետում, բայց նաև բնապահպանական և մարդու իրավունքների՝ կանանց և երեխաների իրավունքների ոլորտն եմ շատ կարևորում, տարբեր փուլերում բավական խորությամբ նաև այդ հիմնահարցերով եմ զբաղվել, և այդտեղ հատկապես հենց օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը շատ մեծ է: Չափազանց կարևոր է խորհրդարանական դիվանագիտությունը, որը տարիներ շարունակ լիարժեքորեն չի իրականացվել և իր նպատակին գրեթե չի ծառայել, վերջին տարիներին որպես հասարակական կառույցի ղեկավար՝ բազմաթիվ առիթներ եմ ունեցել շփվելու և աշխատելու միջազգային կառույցների, դեսպանների և ներկայացուցչական մարմինների հետ, տեսել եմ խորհրդարանականների աշխատանքի այդ բացը, որը փորձել եմ լրացնել որպես հասարակական գործիչ, սակայն խորհրդարանի դերն անփոխարինելի է, և եթե լինի իմ ներգրավման և եվրոպական, ամերիկյան տարբեր կառույցներում արդեն իսկ առկա կապերը գործին ծառայեցնելու անհրաժեշտությունը, ապա այդ ոլորտում ևս ներգրավվելու կարողություն կարող եմ ունենալ:

Ըստ Ձեզ՝ գալիք խորհրդարանն ինչո՞վ է տարբերվելու նախորդից և ի՞նչ արդյունավետություն կունենա:

Մեծ տարբերությունը հենց բովանդակությունն ու որակն է լինելու, նախկինում մեր գրեթե բոլոր խորհրդարանները, բացառությամբ, թերևս, առաջին գումարման խորհրդարանի, եղել են ապաքաղաքական, և բնավ պատահական չէ, որ ԱԺ նախագահը հորդորում էր «չքաղաքականացնել ԱԺ ամբիոնը»: Սա մեր ամենալուրջ խնդիրներից է եղել, երբ թիվ մեկ քաղաքական հարթակը վերածվել էր ապաքաղաքական, քրեաօլիգարխիկ տիրույթի, որտեղ ապաստանում էին անձեռնմխելիություն և բիզնեսի տանիք լինելու համար, 95 տոկոսով կառավարության կողմից բերված օրենսդրական նախաձեռնությունները գրեթե առանց քաղաքական քննարկման դակվում էին, հաճախ նաև օրենքները գրվում էին հենց այդ քրեաօլիգարխիկ համակարգը և նրանց շահերը պաշտպանելու տրամաբանությամբ: Այս իրավիճակն էր մեր պետության զարգացման հիմնական խաթարող գործոնը, և սա ակնհայտորեն փոխվելու է: Առաջիկա խորհրդարանում մենք ունենալու ենք քաղաքական բանավեճեր, հենց այնտեղ է գեներացվելու քաղաքական միտքն ու դառնալու օրենսդրական հիմք տարբեր ոլորտների զարգացման համար:

Ինչ եք կարծում՝ քաղաքական ո՛ր ուժերը կլինեն գալիք ԱԺ-ում:

Ես նախկինում որպես լրագրող սովորաբար նման կանխատեսումներ անում էի՝ ելնելով քաղաքական ստեղծված իրավիճակից, քանի որ կանխատեսելի էին գործընթացները, քանի որ քաղաքացու քվեն ազդեցություն գրեթե չէր ունենում արդեն իսկ կանխատեսված և նախանշված արդյունքի վրա, սակայն այսօր դա անելը կնշանակի անարգել քաղաքացու որոշումը, որի համար հենց տեղի ունեցավ այս հեղափոխությունը: Ինձ համար այսօր ոչինչ կանխատեսելի չէ, քանի որ յուրաքանչյուր քաղաքացու որոշման արդյունք ենք տեսնելու, սա աննախադեպ ընտրություն է հենց դրանով և աննախադեպ նաև անկանխատեսելիության առումով:

Ի՞նչ ուղերձ ունեք, որ ցանկանում եք հղել ընտրողներին: Խնդրեմ՝ կարող եք ասել այն, ինչ ցանկանում եք:

Ես ուզում եմ հիշեցնել մեր պայքարի հիմնանպատակը՝ ժողովրդի իշխանության վերականգնումը, սրա համար մենք կռիվ ենք տվել 25 տարի շարունակ, ես պայքարել եմ 2001-ից գրչով, կրթելով, ծրագրեր իրականացնելով, երիտասարդներին քաղաքացիական իրավունքներ սովորեցնելով, նրանց իրենց կոմֆորտ տիրույթից հանելով ու պայքարի մղելով: Այն, ինչ ձեռք բերեցինք ապրիլին, շատերիս երկար պայքարի արդյունքն է, որը պետք է կապիտալացնել, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել, այլապես շատ արագ կկորցնենք, իսկ դա ոչ միայն ընտրությունից, յուրաքանչյուրիս քվեից է կախված, այլ նաև ամեն մեկիս ներսում տեղի ունեցած կամ ունեցող հեղափոխությունից: Մեր մտքերում, արժեքային առանցքում և սկզբունքներում դեռևս հեղափոխությունը լիարժեք չի կայացել, մեր ծրագրային հիմնական դրույթն է անհատի վերափոխման միջոցով հասարակական հարաբերությունների փոփոխությունն ու պետության զարգացման հաջողությունը, այնպես որ, սկսենք մեզնից, մեր մեջ փոխենք կարծրատիպերն ու քվեարկենք հանուն հեղափոխության և այդ արժեքների ամրապնդման:

Մտածե՞լ եք այն մասին, որ պատգամավոր լինելով՝ հաճախ եք դառնալու քննադատության թիրախ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լինելու եք իշխանական խմբակցության պատգամավոր, պահանջները հասարակությունից շատ են լինելու:

Սա իմ ամենամեծ մտավախությունն է եղել և որոշման կայացման համար ամենալուրջ խոչընդոտը, սրա հետևանքն արդեն իսկ զգացել եմ Երևանի ավագանու երկամսյա փորձառությամբ, բայց սա պատասխանատվություն է, որ կա՛մ պետք է վերցնել և իրականացնել փոփոխություն, կա՛մ մշտապես կողքից դիտարկողի և քննադատողի դիրքերում մնալ: Հեշտ է իհարկե երկրորդը, բայց եթե հեշտ ճանապարհով առաջ շարժվող լինեի՝ լրագրող ևս երբեք չէի դառնա, հատկապես որ, ունեի շատ ավելի հաճելի, քաղաքական պատասխանատվությունից զերծ արվեստաբանի կրթություն և կարող էի այդ ոլորտում հաջողություններ արձանագրել, այնպես որ, այս փուլում պատրաստ եմ թիրախ դառնալու, քանի որ նաև տեսնում եմ փոփոխություններ անելու հնարավորությունը:

Հարություն Մկրտչյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir