KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման ժամանակը

Հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման ժամանակը

Hasan Oktay Hasan Oktay - - 4 dk okuma süresi
355 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետի հանդիպումը կլինի անհրաժեշտ ու ճիշտ ժամանակին՝ օրերս հայտարարել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ամերիկյան այցի համատեքստում Թրամփ-Փաշինյան հանդիպման վերաբերյալ դատողություններին: Դեսպանը հայտնել էր, որ հայ-ամերիկյան հարաբերությունն այդ հանդիպմամբ չէ, որ պետք է բնորոշվի, և լինում են տարբեր մակարդակի այլ հանդիպումներ ու փոխայցեր:

Թե ինչու Թրամփ-Փաշինյան հանդիպման վրա եղավ կենտրոնացում՝ թերևս պարզ է: Այդ հանգամանքը իշխանության դեմ օգտագործեցին նախկին իշխանության տեղեկատվաքարոզչական շրջանակները՝ ներկայացնելով որպես դիվանագիտական անհաջողություն կամ տապալում: Իրականում հայ-ամերիկյան հարաբերության տեսանկյունից բարձր մակարդակի հանդիպումները երբեք չեն եղել ցուցիչ: Դրա պատճառները տարբեր են, սակայն, որպես այդպիսին, Հայաստանի և ԱՄՆ առաջին դեմքերի հանդիպումները անկախության ամբողջ երեք տասնամյակի համար եղել են խիստ հազվադեպ, այն էլ՝ ավելի շատ, այսպես ասած, հարակից առիթներով:

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ ԱՄՆ նախագահի մակարդակով հանդիպումների առատությամբ չեն կարող պարծենալ արդեն տևական ժամանակ արևմտյան ինտեգրացիայի ակնհայտ կուրս որդեգրած Վրաստանն ու Ուկրաինան անգամ: Այստեղ, եթե դուրս գանք ինֆորմացիոն կամ քարոզչական պատերազմի տրամաբանությունից, պետք է խնդիրը դիտարկել իհարկե պրագմատիկ հարթության վրա և արձանագրել, որ Հայաստանն այդ իմաստով ամերիկյան քաղաքականության համատեքստում ամենևին բարձրագույն «լիգայում» չէ և գուցե նույնիսկ «առաջին լիգայում» էլ չէ: Ընդ որում, սա պետության աստիճանակարգում կամ դասակարգում չէ, այլ ԱՄՆ քաղաքական ռազմավարության, այսպես ասած, «գոտիավորում»: Այդ տեսանկյունից Կովկասի ռեգիոնը մի գոտի է, որտեղ ԱՄՆ-ը չի ցուցաբերում, այսպես ասած, «առաջին համարով խաղի» մարտավարություն:

Այստեղ ԱՄՆ-ը բարձր մակարդակով հաղորդակցվում է Թուրքիայի և ՌԴ-ի հետ, իսկ կովկասյան երեք հանրապետությունները դիտարկվում են այդ «հովանոցի» ներքո, անգամ Վրաստանի պարագայում: Ընդ որում, այդ հանգամանքը Հայաստանի դիտանկյունից ոչ թե մտահոգիչ է, այլ հակառակը՝ Հայաստանին տալիս է Կովկասի մյուս երկու երկրների հանդեպ նույնիսկ համեմատական առավելություն, թեև առերևույթ թվում է, որ Ադրբեջանը՝ իր նավթ ու գազով, իսկ Վրաստանը եվրաատլանտյան ինտեգրացիայի անշեղ կուրսով գերազանցում են Հայաստանին:

Գործնականում գոտիավորման տրամաբանության շրջանակում ԱՄՆ ռեգիոնալ քաղաքականության համար Հայաստանն ունի անփոխարինելի դիրքավորում՝ լինելով նաև եվրասիական հաղորդակցություններ տնօրինող պետություն: Հայաստանն ԱՄՆ արտաքին քաղաքականության ռեգիոնալ շրջանակում «ունիվերսալ» հարթակ է, որտեղ առաջնային հետաքրքրություն է առաջացնում ոչ թե վեկտորը, այլ ինքնիշխանության աստիճանը: Հայաստանը գնահատվում ու չափվում է դրանով, և այստեղ է թավշյա հեղափոխության բերած էական առավելությունը:

Խոսելով ճիշտ ժամանակին հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման մասին՝ ԱՄՆ դեսպան Թրեյսին նկատի ունի հենց այդ հանգամանքը, երբ Հայաստանը կկապիտալիզացնի իր հետհեղափոխական ինքնիշխանությունը ռեգիոնալ նոր օրակարգով, որն ունակ է ԱՄՆ քաղաքական ռազմավարության մեջ փոփոխել Կովկասի «գոտիական» կարգավիճակը:
Արամ Ամատունի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir