KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Թուրքիան պետք է առանց որևէ նախապայմանի, բաց սրտով վերակառուցի հայ թուրքական ընդհատված հարաբերությունները․ «Իրավունքի» բացառիկ զրույց թուրք քաղաքական գործչի հետ

Թուրքիան պետք է առանց որևէ նախապայմանի, բաց սրտով վերակառուցի հայ թուրքական ընդհատված հարաբերությունները․ «Իրավունքի» բացառիկ զրույց թուրք քաղաքական գործչի հետ

Hasan Oktay Hasan Oktay - - 6 dk okuma süresi
333 0

Հայ-թուրքական հարաբերությունների, ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ, 44-օրյա պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել։ Արդյո՞ք հանրային պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու այս եւ այլ հարցերի շուրջ <<Իրավունքը>> զրուցել է «Գորշ գայլեր» (թուրքերեն՝ Bozkurtlar) ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) անդամ, Թուրքիայում 2009 թվականին հիմնադրված «Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի» նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Հասան Օքթայի հետ, ով նախ անդրադարձավ Թուրքիայից Հայաստանի սպասելիքներին, ընդգծելով․

-Թուրքիայից Հայաստանի ունեցած սպասելիքներն այն սպասելիքները չեն, որոնք ներկայացվում են մամուլում։ Հայաստանը, սեփական ոտքերի վրա կանգնած անկախ պետություն լինելով, Թուրքիայից ակնկալում է բարի կամքի դրսևորմամբ դրացիական, հարևան երկրին բնորոշ վերաբերմունք։ Դրանից զատ այլ ձևակերպումներով, եթե Հայաստանը Թուրքիայից սպասելիքներ փորձի ունենալ, դա մշտապես կխոչընդոտի Հայաստանի՝ որպես պետություն կայանալուն ու հայ ժողովրդի՝ որպես ազգ կայանալուն։ Հայոց պատմությունը չիմացողների կողմից հայերին պատմություն մատուցելու, առանց վերջին 200 տարվա ընթացքում հայ ժողովրդի տառապանքներին նայելու, Հայաստանին փակուղու առջև դնողներին ի հակադրություն՝ Փաշինյանը կաևոր մի շանս է Հայաստանի համար։ Հայերը չպետք է այս շանսը փոխարինեն անցյալի կաղապարված, հայ ժողովրդին ոչ մի օգուտ չտված պնդումներով։

Հայաստանի հասցեին հնչեցված նախազգուշացումների և քննադատությունների մեծ մասը նաև Թուրքիային է վերաբերում։ Թուրքիայի և թուրքերի համար հայերը հազարամյա համակեցության փորձ ունեցող դրացիներ են, որոնք մշակութային միջավայրի առումով երբեմն այնքան մոտ են թուրքերին, որ թվում է թե երկու տարբեր կրոնների պատկանող մեկ ազգ են։ Թուրքերի և Թուրքիայի համար հայերը դրացիներ են, որոնցից հնարավոր չէ հրաժարվել։ Այս համատեքստում Թուրքիան պետք է առանց որևէ նախապայմանի, բաց սրտով վերակառուցի հայ թուրքական ընդհատված հարաբերությունները։

-Պարոն Օկթայ, Թուրքիայում տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ձեր կուսակցության դիրքորոշումն ինչո՞վ է տարբերվում մյուս ուժերի դիրքորոշումից:

-ԱՇԿ-ն Հայաստանն ընկալում է որպես անկախ պետություն և դրացիական հարաբերությունները դիտարկում է բարիդրացիության տեսանկյունից։ Ակնկալիք ունի, որ Հայաստանը տարածաշրջանային խաղաղության համար իր լուման կներդնի և ուշադրությամբ հետևում է Հայաստանի քայլերին։ Անձամբ ես շատ եմ այցելել Հայաստան։ Բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների հետ հանդիպումներ եմ ունեցել։

Թուրքիայում մեր kafkassam.com կայքը հայերեն նյութեր է հրապարակում։ «Ազգայնական շարժում կուսակցության» ռազմավարական հետազոտությունների այս կենտրոնը Ստամբուլի հայ համայնքի կայքերից և հրատարակություններից զատ հայերեն նյութեր հրապարակող առաջին և միակ կայքն է։ Բացի այդ՝ ԱՇԿ-ի հետ սերտ կապերով հայտնի «Պետություն» ամսագրում «Հայաստանը, Հայկական հարցը և Ազգայնական շարժում կուսակցությունը» հոդվածում մանրամասն անդրադարձ է կատարվել բոլոր այս թեմաներին։ Եվ եթե մեր ասածները հաշվի առնվեին, հիմա կարող էր խաղաղություն հաստատված լինել՝ առանց 44-օրյա պատերազմի և երկու կողմերի տված զոհերի։

-Պարոն Օկթայ, ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ։ 44-օրյա պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել։ Արդյո՞ք հանրային պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու:

Թուրք հասարակությունը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերսկսման հարցում ծայրաստիճան զգայուն է և մեծ ակնկալիքներ ունի։ Ամեն օր ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք հավատում են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն նրանք, ովքեր կամենում են խոչընդոտել այս գործընթացին, եթե շարունակեն նախապայմանների անվան տակ այլ արտահայտություններ անել, ապա դրանից միայն Հայաստանն ու հայ ժողովուրդն են տուժելու։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված, անփորձ և սադրանքների ենթարկվելու տեսանկյունից խոցելի տեքստերով մի անգամ արդեն փորձ արվել է խաղաղություն հաստատել, որը սակայն առանց կյանքի կոչվելու օրակարգից դուրս եկավ։ Հիմա ավելի մանրակրկիտ և տրամաբանված ձևով, առանց նախապայմանների կամ վերջնագրերի Թուրքիայի և Հայաստանի, նույնիսկ Ադրբեջանի միջև պետք է ժամ առաջ կարգավորվեն հարաբերությունները։ Թուրք հասարակությունը պատրաստ է դրան։

-Պարոն Օկթայ, որպես Թուրքային հասարակական-քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք պատկերացնում ցեղասպանությունից տուժած հայերի գույքային եւ բարոյական վնասների փոխհատուցումը՝ թուրք-հայկական հարաբերությունների բարելավումից հետո։

-Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունը շատ հին է. Պատմության մեջ շատ են դառը ու քաղցր հիշողությունները։ Ցավը նվազում է, երբ այն կիսվում է: Ուրախությունները շատանում են, երբ կիսվում են: Նախ պետք է կարգավորվեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, հետո առաջին պլան գան ցավն ու ուրախությունը։ Հիմա այս հարաբերությունները փչացնել ցանկացողները կարմիր գծեր են գծում, սա ծուղակ է, պետք է զգույշ լինել։ Անցյալի մասին խոսելիս պետք է շատ զգույշ լինել։ փոխհատուցումը, հողային պահանջները թեմաներ են, որոնց մասին պետք է խոսեն պատմաբաններն ու իրավաբանները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
https://iravunk.com/?p=225478&l=am

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir