KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. «Դարավոր բարեկամությունից» ձերբազատվելու հրամայականը

«Դարավոր բարեկամությունից» ձերբազատվելու հրամայականը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
424 0

Հայաստանն այլ ընտրություն չունի, քան վերանայել ազգային անվտանգության ապահովման պատկերացումները Շաբաթ օրն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «Կոմպոզիտոր Ռախմանինով» ռոմանտիկ անվանմամբ նավով զրահատեխնիկայի, հրետանու եւ այլ սպառազինության մեծ խմբաքանակ է մատակարարվել Ռուսաստանի կողմից: Այդ մեծածավալ ընծան Ադրբեջանին փոխանցվել է երկրի զինված ուժերի տոնին ընդառաջ, ինչի կապակցությամբ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւն «առաջիններից մեկն է» շնորհավորել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, եւ իր ուղերձում նշել, որ «ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը թույլ կտա էապես բարձրացնել Զինված ուժերի հզորությունը եւ նրանց ունակությունը՝ ապահովելու ադրբեջանական ժողովրդի խաղաղությունը եւ բարգավաճումը»: Պաշտոնական Երեւանից չկա որեւէ արձագանք եւ հազիվ թե լինի՝ դատելով անցյալի գործելակերպից: Մյուս կողմից՝ հաշվի առնելով, թե ուր է հասել Հայաստանն իր «դարավոր բարեկամի» շահերը սեփական արյան, արժանապատվության եւ գրպանի հաշվին առաջ տանելու եւ այժմ որ կետում է գտնվում, ապա դժվար թե երեւանյան հիպոթետիկ արձագանքն արժանանա Մոսկվայում այլ պատասխանի, քան ցինիկ եւ արհամարհական քմծիծաղի: Հետեւաբար նոտայով պատասխանելը կամ, ասենք, պարոն Վոլինկինին ԱԳՆ-ում գետնից քիչ բարձր «տաբուրետկայի» վրա նստած վիճակում ինչ-որ բան բացատրելը (այնպես, ինչպես դա արեցին Թուրքիայի դեսպանի հետ Երուսաղեմում՝ Իսրայելի ԱԳՆ-ում) վաղուց է ժամանակավրեպ դարձել: Այնպես, ինչպես վաղուց ժամանակավրեպ են բոլոր՝ մատների վրա բազմաթիվ հրապարակային եւ ոչ հրապարակային բացատրությունները, թե քանի ռուսական կոպեկ արժեն այն բոլոր թղթերը, որոնք ստորագրված են Ռուսաստանի հետ եւ կոչվում են «պայմանագիր», «համաձայնագիր», «դաշինք», «միություն» եւ այլն, կամ հայկական բյուջեի վզից կախված՝ ռուսական պատվիրակությունների հայաստանյան անկապ այցերի ժամանակ հնչող ճառերը «դարավոր բարեկամության» մասին: Այս ամենը վաղուց է վերածվել «խոսակցությունների՝ հօգուտ աղքատների»: Պաշտոնական Երեւանը վաղուց եւ լիովին կատարել ու գերակատարել է իր բոլոր դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի նկատմամբ, զգալի չափով նաեւ՝ ի վնաս իրեն, ինչը նույնիսկ չէր էլ պահանջվում, գուցե մտածելով, թե դա կստիպի Ռուսաստանին «լավ աչքով նայել մեզ»: Դա էլ թողնենք մի կողմ: Ռուսաստանի այդ ո՞ր պարկեշտ կամ անպարկեշտ քմահաճույքը չի կատարել Հայաստանը, ու դա հետո բացատրել «անվտանգության նկատառումներով»: Եթե ընդունենք, որ պաշտոնական Երեւանի մոտեցումները ճիշտ էին, եւ պետք էր Ռուսաստանին ընդառաջել այդ իր բոլոր քմահաճույքներում, եւ բառապաշարից հանել «նետ» բառը, որպեսզի լուծվեր անվտանգության ապահովման հարցը, ապա ի՞նչ տեղի ունեցավ այդ անվտանգության հետ: Ո՞ւր է այդ անվտանգությունը: Եթե մինչեւ քառօրյա պատերազմն «ընկեր» Բորդյուժան Ադրբեջանին հարձակողական սպառազինությամբ մինչեւ ատամները զինելը բացատրում էր «բիզնեսով», մենք այդ «բիզնեսի» համար վճարեցինք արյամբ 2016-ի ապրիլին եւ չարեցինք որեւէ քաղաքական հետեւություն, թե այդ ամենն «ինչպես է աշխատում», եւ ինչ անել, որպեսզի դրա կրկնությունը բացառվի: Իսկ ահա այժմ «ընկեր» Միխեեւն այլեւս բիզնեսից չի խոսում, այլ ավելի հեռուն է գնում՝ նշելով, որ այդ հարձակողական սպառազինությամբ, որն, ի դեպ, պետք է տեղակայվի «ճակատային գոտում», այսինքն՝ Արցախի դեմ ծավալված դիրքերում, «թույլ կտա էապես բարձրացնել Զինված ուժերի հզորությունը եւ նրանց ունակությունը՝ ապահովելու ադրբեջանական ժողովրդի խաղաղությունը եւ բարգավաճումը»: Այո, սա բիզնես չէ, սա քաղաքականություն է՝ ուղղված տարածաշրջանի ապակայունացմանը, ռազմական հաշվեկշռի խախտմանը՝ ի վնաս Հայաստանի, ընդդեմ Հայաստանի, եւ Արցախի նոր պատերազմի սանձազերծմանը: Դա էլ, պետք է հասկանալ, պետք է հայ ժողովրդի խաղաղության եւ բարգավաճման հաշվին ապահովի ադրբեջանական ժողովրդի խաղաղությունը եւ բարգավաճո՞ւմը: Հետեւաբար սա նշանակում է, որ Հայաստանը միանգամայն լեգիտիմ կերպով կարող է իրեն լիովին ազատ համարել այն բոլոր «պարտավորություններից», որոնք խոչընդոտում են ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական ոլորտում նոր հարաբերությունների ձեւավորմանն այլ՝ ավելի հուսալի սուբյեկտների հետ, ինչը թույլ կտա ապահովել հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը եւ արժանապատվության անձեռնմխելիությունը: Բոլոր խոսակցությունները, թե՝ «ժողովուրդը չի հասկանա», ուղղակի վիրավորական են ժողովրդի համար, իսկ պատճառաբանությունները, թե՝ «այլընտրանք չկա», ուղղակի չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանն ունի մեծ եւ չգործադրված ներուժ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների, Վրաստանի եւ Իրանի հետ անվտանգության ընդհանուր օրակարգ ձեւակերպելու առումով, ինչպես նաեւ զարգացնելու արտաքին տնտեսական կապերը, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Հայաստանը բազմաթիվ առաջարկություններ է ստացել եւ թողել անպատասխան, իսկ փաստորեն՝ մերժել հանուն «դարավոր բարեկամության», եւ ժամանակն է այս ամենին առաջանցիկ տեմպերով ընթացք տալ: Իսկ Մոսկվայի հնարավոր առարկությունները կարող են ունենալ միայն մեկ պատասխան. դադարե՛ք զինել Ադրբեջանին եւ վճարե՛ք ձեր ռազմաբազաների համար, սա էլ մե՛ր «բիզնեսն» է: Եվ ո՞վ է ասել, որ Հայաստանն ընդմիշտ պետք է վճարի նույնիսկ ձեր կոմունալ վարձերը, թույլ տա, որ «փռվեք» հայ-իրանական սահմանին, իսկ «Գազպրոմն» ու «Ռոսնեֆտն» այստեղ ընդմիշտ գերշահույթներ հավաքեն հանուն «դարավոր բարեկամության» եւ վերածեն Հայաստանը տարածաշրջանային «չուլանի»: Այո, կարիք չկա ԱԳՆ որեւէ նոտայի կամ էմոցիոնալ դրսեւորումների կամ էլ, մանավանդ՝ խուճապի: Ռազմավարական վերանայման եւ շրջադարձի ռիսկերը մեծ են, սակայն շրջադարձի բացակայության պարագայում ռիսկերն ուղղակի անընդունելի են, քանզի համազգային աղետը եւ պետականության կորուստն ուղղակի երաշխավորված են: Վերոշարադրյալում կարիք չկա փորձելու «ալարմիզմ» տեսնել, քանզի խոսքն ընդամենը պարզ տրամաբանության եւ առողջ բանականության մասին է, եթե, իհարկե, գոնե ինքնապահպանման բնազդը չի դավաճանել: Իսկ եթե չի դավաճանել, ապա անհրաժեշտ է մի կողմ դնել դոգմատիկ պատկերացումներն ազգային անվտանգության մասին, մի կողմ դնել «ոչ-ոչ»-ային եւ այլանուն ինքնախաբեությունը, առանց ավելորդ կարգախոսների եւ կոնյունկտուրային ամբոխավարության վերաձեւակերպել ազգային շահը բոլոր ոլորտներում եւ շուտափույթ դուրս գալ այս գլխակեր «բարեկամության» ճիրաններից, որում հայտնվել են մեր երկու պետականությունները: Եվ թող Աստված հեռու պահի մեզ նման «դարավոր բարեկամներից», իսկ հակառակորդների հետ հարցերը դրանից հետո ինքներս կլուծենք:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir