KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արտագաղթը Հայաստանում հանգեցնելու է պատերազմի

Արտագաղթը Հայաստանում հանգեցնելու է պատերազմի

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
425 0

Արտագաղթը Հայաստանի համար շարունակում է մնալ սպառնալիք, ազգային անվտանգության սպառնալիք, ընդ որում` ոչ միայն ուղեղների արտահոսքի առումով: Հայաստանում ներկայումս ուղեղների արտահոսքի խնդիր չէ: Ուր էր, որ արտագաղթի խնդիրը հենց այդպիսին լիներ:

Իրականում խնդիրն ամենևին այդպիսին չէ, քանի որ Հայաստանում ուղղակիորեն առաջանում է մարդկանց ֆիզիկական բացակայության խնդիր, այսինքն` արտահոսում է բնակչությունը, բոլոր կատեգորիաներից, այսինքն` մեր բնակավայրերում ոչ թե մասնագետներ չկան, այլ արդեն ուղղակի բնակվող մարդ չի մնում:

Եթե խնդիրը լիներ միայն ուղեղների արտահոսքը, ապա հնարավոր կլիներ մեկ-երկու ուղեղ գոնե պահել, նրանց փայփայել, այսպես ասած` դրախտային պայմաններ ստեղծել նրանց համար, և նրանք կպահեին երեք միլիոնանոց փոքր հանրապետությունը: Բայց այսօր այդ հանրապետությունն ինքնին դատարկվում է, որքան էլ որ պաշտոնական վիճակագրությունը փորձի գլուխը ջայլամի պես հողի մեջ մտցնել և մարդկանց հաշվել: Եվ թող ցինիկ չհնչի, սակայն պաշտոնական վիճակագրության տվյալներին երբ որ նայում ենք, ապա տպավորություն է ստացվում, որ իսկապես հենց հողի մեջ մտցրած էլ հաշվում են և ստանում նման թվեր: Իրականում սա շատ լուրջ խնդիր է, և ներկայումս պետք է լինի Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: Ընդ որում` այն պետք է ճանաչվի որպես այդպիսին, այսինքն` օրակարգային այդ հարցը պետք է հենց լինի հասարակական պայմանագրի պես մի բան, երբ բոլորը՝ հանրությունն ու քաղաքական ուժերը պայմանավորվում են քննարկել խնդիրը և գտնել լուծումներ: Այստեղ իրավիճակը հետաքրքիր է:

Արտագաղթը սովորաբար հետևանքն է, ոչ թե պատճառը: Այսինքն` երկրում կան խնդիրներ, կան պատճառներ, որոնք մղում են մարդկանց արտագաղթի: Իսկ նման դեպքերում, այսպես ասած` հանրայնորեն ընդունված մեթոդաբանությամբ, խորհուրդ է տրվում պատճառը քննարկել, ոչ թե հետևանքը, որպեսզի հետևանքի կրկնություն չլինի: Սակայն արտագաղթի պարագայում իրավիճակը երևի թե փոքր-ինչ այլ է, և այստեղ կարելի է քննարկել հետևանքը` պատճառներին հանգելու համար: Բանն այն է, որ արտագաղթի պատճառները Հայաստանում բազմազան են: Շատ դժվար է ասել, թե մարդիկ կոնկրետ այս կամ այն պատճառի համար են հեռանում: Մարդիկ հեռանում են սոցիալական անարդարության համար, մարդիկ հեռանում են իրավական անարդարության համար, մարդիկ հեռանում են մշակութային դեգրադացիայի համար, հեռանում են մրցակցության բացակայության և ստեղծագործական ազատությունների միջավայրի բացակայության համար, մարդիկ հեռանում են պարզապես հոգեպես չդիմանալով հայաստանյան իրավիճակին, ամենաթողությանը, անտարբերությանը, զոռբայությանն ու ուժն է ծնում իրավունք սկզբունքի առաջացրած անպատժելիությանը:

Պարզելու համար, թե այս պատճառներից որն է գերակա, պետք է իրականացնել համապարփակ սոցիոլոգիական հետազոտություն, հասկանալ արտագաղթի կառուցվածքը, հասկանալ, թե որտեղից է պետք սկսել դրա դեմ պայքարը, առաջին հերթին որ ուղղությամբ է պետք ձեռնարկել անհապաղ միջոցառումներ: Երբ մենք հանրայնորեն կոնսենսուսի գանք արտագաղթի պատճառների կառուցվածքի շուրջ, ապա թերևս կարող ենք նաև հստակորեն ձևակերպել մեր հասարակական-քաղաքական կյանքի օրակարգի մյուս կետերը, որոնք արդեն ընդունելի և ճանաչելի կլինեն ինքնաբերաբար: Այսինքն` թող տարօրինակ չհնչի, սակայն արտագաղթ երևույթի մեջ մեզ համար արդյունավետ կարող են լինել ոչ միայն տրանսֆերտները, որոնք գոնե օգնում են Հայաստանի տնտեսությանը շնչել մի քիչ և թույլ են տալիս Հայաստանը փրկել սնանկությունից, այլ նաև արտագաղթը, այսպես ասած, արդյունավետ կարող է լինել նաև հանրային համախմբվածության տեսակետից, դառնալով հասարակական-քաղաքական օրակարգի ճառագայթող ելակետ:

Գուցե տարօրինակ է, բայց եթե մեր միտքն ու կամքը պետք է համախմբվի գոնե այդ սպառնալիքի պարագայում, ապա թող լինի այդպես, եթե պետք է դրա գնով կանխենք կործանարար ընթացքը: Ի վերջո, հայտնի բան է, որ ազգին, ժողովրդին, հասարակությանը միավորում է պատերազմը, արտաքին սպառնալիքը: Արտագաղթը այդ առումով ոչ պակաս պատերազմ է կամ սպառնալիք, որը հանգեցնելու է նաև պատերազմի, երբ մենք թուլանանք վերջնականապես: Դրա համար էլ գուցե չարժե համախմբվելու համար սպասել պատերազմի, այլ արժե գուցե համախմբվել արդեն այժմ, որ արտագաղթ երևույթը պատերազմի չհանգեցնի: Բանն այն է, որ այդ դեպքում մեծ հաշվով, արդեն բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչ հետևանքներ կարող է կրել մեր հակառակորդը կամ թշնամին, որովհետև դա մեզ համար չի կարող մխիթարություն լինել: Թշնամու հետ «ընկերովի» կործանումը «հարսանիք» չէ, որովհետև մեզ համար թանկ է մեր պետության ճակատագիրը, մեզ համար թանկ է մեր հայրենիքը, ու մենք մտածում ենք մեր պետության և հայրենիքի անվտանգության համար: Հետևաբար, մենք չպետք է թույլ տանք, որ բանը հասնի պատերազմին, որ մեր թուլացումը հասցնի պատերազմի: Ուրեմն, անհրաժեշտ է իսկապես ձեռնամուխ լինել այդ հարցերի լրջագույն քննարկմանը,:

Արտագաղթը Հայաստանում հանգեցնելու է պատերազմի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir