KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Այս ամենը պետք է մի օր պայթեր: Շատ մարդիկ են լցված վրեժխնդրությամբ

Այս ամենը պետք է մի օր պայթեր: Շատ մարդիկ են լցված վրեժխնդրությամբ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 14 dk okuma süresi
427 0

Մեր զրուցակիցն է Արցախյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը
Տիկին Քարամյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում վերջին երկու օրերի իրադարձությունները։ Սա ուղղակի եզակի դե՞պք էր, թե ամենաթողության հերթական դրսևորում էր, որը նման արձագանք ունեցավ։
Որպեսզի պատասխանեմ ձեր հարցին, պետք է գամ մի քիչ խորքից: Ամենաթողությունն Արցախում սկսվել է դեռ Սամվել Բաբայանի պաշտոնավարման ժամանակներից: Այս կերպարի մասին տարատեսակ կարծիքներ կան հայ հասարակության շրջանում: Սակայն շատ քչերն են խոսում այն մասին, որ հենց Բաբայանն է դրել Արցախում բռնապետության հիմքերը: Հետագայում այդ ամենաթողությունը շարունակվեց Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին: Սակայն եթե Բաբայանը միայն վախի մթնոլորտ ստեղծեց, Ղուկասյանը գնաց ավելին: Օգտագործելով Դաշնակցության իբր ընդդիմադիր կեցվածքը, նա, ճնշելով կուսակցության անդամներին և այդ կուսակցության համակիրներին, գրեթե ոչնչացրեց քաղաքական դաշտն ու քաղաքացիական հասարակությունը: Հենց Ղուկասյանի օրոք սկսվեցին քաղաքական հայացքների տեր մարդկանց հետապնդումները, քաղաքացիական հասարակությունը բաժանվեց «մերոնքականների» և «ոչմերոնքականների»: Ղուկասյանին մոտ կանգնած մարդիկ կամ նրան կուրորեն ենթարկվողները ստանում էին ամեն ինչ, ընդդիմադիրները զրկվում ամեն ինչից: Ղուկասյանի օրոք սկսվեցին ի հայտ գալ կոռուպցիոն բնույթի երևույթներ, չինովնիկների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումներ, հիմք դրվեց պետական բյուջեից գումարների յուրացման գործընթացին: Նույն տարիներին ակնհայտ դարձավ, որ Հայաստան Համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ամենամյա մարաթոնների ընթացքում հավաքվող գումարները ոչ նպատակային են օգտագործվում:
Իսկ գագաթնակետին այս երևույթները հասան արդեն Բակո Սահակյանի նախագահ ընտրվելու տարիներից: Սահակյանը իր ԿԳԲ-ի դպրոցում ստացած «հմտություններն» օգտագործեց մեր երկրում տոտալ վերահսկողության, վախի, անկարողության և հասարակության շրջանում դեպրեսիայի մթնոլորտ ստեղծելու նպատակով: Գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց քաղաքացիական հասարակության մնացորդը, երկրում վերացավ ընդդիմադիր դաշտը, այսօր մեր երկրում գոյություն չունի ազատ մամուլ, Հանրային կոչեցյալ հեռուստատեսությունը սպասարկում է իշխանությունների շահերը: Այսօր խոսք անգամ չկա դատական համակարգի մասին, մարդիկ ամբողջությամբ անպաշտպան են երկրում տեղի ունեցող տեռորի պայմաններում: Այդ տեռորի գագաթնակետը մենք տեսանք Բերձորում, երբ ծեծի և հալածանքի ենթարկվեցին Նախախորհրդարանի անդամներն ու նրանց ընտանիքների անդամները, այդ թվում անչափահաս երեխաները: Տեսանք նաև, որ այդ արարքն անպատիժ մնաց: Սակայն ամենասարսափելին այն է, որ Արցախում իսպառ ոչնչացվեց քաղաքականություն երևույթը: Երկրի քաղաքական մարմինը՝ Արցախի Ազգային ժողովը, վերածվեց բիզնեսմենների հավաքույթի, պատգամավորները, նույնիսկ իրենց ընդդիմադիր հռչակածները, բառ անգամ չեն արտահայտում Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Բանը հասել էր նրան, որ նույնիսկ ԱԺ պատգամավորը ծեծի ենթարկվեց, և մենք այդպես էլ չլսեցինք մեղավորների պատժվելու մասին: Ամեն օր արցախցիներից կարելի է լսել, որ ծեծել են, նվաստացրել են, խոշտանգել են, հալածում են այս կամ այն քաղաքացուն կամ նրա ընտանիքի անդամներին: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ վախենում են խոսել իշխանություններին ոչ հաճո երևույթների մասին: Այս վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ հետևանքն են երկրում տարիներ շարունակ ամրապնդվող «ներքին քաղաքականությանը»: Ակնհայտ էր, որ այս ամենը պետք է մի օր պայթեր: Շատ մարդիկ են լցված վրեժխնդրությամբ, սակայն միայնակ նրանք չէին կարող պայքարել Արցախում տեղի ունեցող ամենաթողության դեմ: Կարծես եկել է ժամանակը, որ քաղաքացիները որոշել են միավորվել և պայքարել այդ արատավոր երևույթների դեմ: Հետևելով տեղի ունեցող իրադարձություններին՝ կարելի է եզրակացնել, որ սա դեռ առանձին դեպքի հետ կապված ստեղծված իրավիճակ է, սակայն շատ հնարավոր է, որ այս ընդվզումը հասնի համաժողովրդական մեծ բողոքի ալիքի, ինչպես դա եղավ Երևանում:
Երեկ հայաստանյան հեղափոխության կոչեր հնչեցին՝ դուխով և այլն, ինչպես նաև հրաժարականների պահանջ։
Երևանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» չէր կարող անտարբեր թողնել Արցախի բնակչությանը: Ինչքան էլ իշխանությունները տարբեր առիթներով փորձեին սեպ խրել մեր ժողովրդի երկու զանգվածի միջև, միևնույն է, մենք բոլորս հայ ենք, բոլորս էլ ապրում ենք նույն քաղաքական և ավանդական իրավիճակում: Դե էլ չեմ ասում, որ Արցախի բոլոր տարիների իշխանությունները Հայաստանի իշխանությունների դրածո, կամակատար անձինք էին, որոնք հետապնդում էին նույն նեղ թայֆայական, գավառական շահերը: Թե Հայաստանում, թե Արցախում ամեն ինչ պատկանում էր օլիգարխներին, իհարկե, մասշտաբային տարբերությամբ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում իշխանությունն ու բիզնեսը սերտաճած են, իսկ Արցախի ժողովրդի կյանքը շատ քիչ է տարբերվում միջին հայաստանցու կյանքից: Այնպես որ, «թավշյա հեղափոխությունը» մեկ օր անպայման պետք է սկսվեր նաև Ստեփանակերտում:
Ինչ վերաբերում է հրաժարականների պահանջներին, ապա, իմ կարծիքով, դրանք դեռ վերաբերում են այս առանձին դեպքի հետ կապված պաշտոնյաների հետ: Չեմ ուզում նվազեցնել պայքարի ելածների և ակտիվ մարդկանց դերակատարությունը, բայց կարծում եմ՝ եթե պայքարը շարունակվի ու ավելի մեծ թափ առնի, պետք է հստակ ձևակերպել քաղաքական պահանջներ, որպեսզի իշխանությունները չդիտարկեն ընդվզումը որպես մասնավոր դեպքի կապակցությամբ պայքարի ելած մի խումբ մարդկանց պահանջ: Արցախում անհրաժեշտ են խորքային, արմատական համակարգային փոփոխություններ, ինչն էլ, ինքնըստինքյան, ենթադրում է նաև հրաժարականների պահանջ:
Տիկին Քարամյան, Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել և խոստացել է պատժել մեղավորներին։ Կարծում եք՝ այս քայլը բավարա՞ր է։
Տարիների փորձը ցույց է տալիս, որ Բակո Սահակյանի հանդիպումներն ու խոստումները գրեթե ոչինչ չարժեն: Բազմիցս Բակո Սահակյանին ասվել է, որ նրա վարած քաղաքականությունը, նրա շուրջ գտնվող մարդիկ, նրան ամեն անգամ իշխանության բերող ու իշխանության ղեկին պահող մարդիկ արդեն սպառնալիք են դարձել Արցախի անվտանգության համար: 2016 թվականի պատերազմական օրերին Սահակյանին ասվել էր, որ հասարակությունը պատրաստ է սատարել նրան՝ ընդունել մեր ժողովրդի շահերից և անվտանգությունից բխող որոշումներ և չենթարկվել բնակչության համար սպառնալիքներ պարունակող որոշումների: Սակայն Բակո Սահակյանը այն անձը չէ, որ կարող էր ինքնուրույն որոշումներ կայացնել, առավել ևս, իրագործել: Ինչ վերաբերում է մեղավորներին պատժելուն, ապա Բերձորի հայտնի դեպքից հետո մենք տեսանք, որ ոչ ոք այդպես էլ չպատժվեց, ավելին, ոստիկանապետը մնաց իր պաշտոնին, դեռ մի բան էլ ավելացան նրա անտեսանելի իրավասություններն ու իրավունքները: Գիտեք, Արցախը փոքր միջավայր է, այստեղ ամեն ոք ճանաչում է ցանկացած երկրի բնակչի, գիտի ով ինչով է զբաղված, ով ում մարդն է, ով ինչ արտոնություններ ունի: Այնպես որ, մտածել, որ Բակո Սահակյանը կարող է հանդգնել պատժել մարդկանց, որոնք իր պաշտոնավարման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել, առնվազն միամտություն կլինի:
Հնարավո՞ր է Արցախում իշխանափոխության պահանջ դրվի՞ և հանրությունը պատրա՞ստ է դրան։
Թվում է, թե ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ: Իշխանափոխության խնդիրը միշտ էլ կախված է օդում, ուղղակի դրա համար պետք է իրավիճակը հասունանա: Հիշում եք, տարիներ ի վեր Հայաստանում ասում էին, որ նախկին իշխանություններին անհնար է փոխել, նրանց հնարավոր չէ նույնիսկ մոտենալ, այնքան է ամրապնդվել նրանց ռեժիմը: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Նույնն էլ այստեղ է: Էլի եմ կրկնում, շատ մարդիկ են լցված վրեժխնդրությամբ, և եթե իշխանությունները չկատարեն մարդկանց պահանջները, շատ հնարավոր է, որ հենց իշխանափոխության պահանջ դրվի: Մարդիկ դեռ 2016 պատերազմի օրերին հստակ հասկացան, որ այս իշխանությունը ունակ է կործանել մի ամբողջ ժողովրդի, միայն թե հաճոյանա իր «տերերին»: Պատկերացնո՞ւմ եք, եթե մեր հերոս տղաները մինչև վերջ չկանգնեին և իրենց կյանքի գնով չպաշտպանեին մեր երկրի սահմանները։ Այսօր իշխանավորները կարող են կուրծք ծեծել, որ հենց իրենք են արել ամեն ինչ՝ ժողովրդին պաշտպանելու համար, բայց, էլի կրկնվեմ, մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են, ժողովրդին խաբելը դժվարացել է, մանավանդ որ աչքի առաջ կա արդեն «թավշյա հեղափոխությունը»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ եթե Երևանը պահանջում է Արցախի մասնակցություն բանակցությանը, ապա դա նշանակում է խաղաղ գործընթացի ավարտ: Ո՞րը պետք է լինի Հայաստանի արձագանքը և որքանո՞վ եք հավանական համարում այս փուլում Արցախի՝ բանակցությունների ներգրավումը։
Եթե հիշում եք, Արցախը 1994 թվականից բանակցության գործընթացի երրորդ կողմն էր: Թե ինչու հանկարծ Քոչարյանը որոշեց, որ ինքը լիազորված է խոսել Արցախի անունից, պետք է հարցնել հենց իրենից: Բայց հենց Արցախի բանակցային գործընթացից դուրս թողնելը հասցրեց վերջին տարիներին առաջնագծում տեղի ունեցող սրացումներին և, որպես հետևանք, Ապրիլյան պատերազմին: Ասեմ ինչու: 1991 թվականին Հայաստանի Հանրապետությունը մտավ ԱՊՀ երկրների շարքը՝ առանց վերապահումների: ՀՀ-ն ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականույթյունը՝ հաշվի չառնելով Արցախյան հիմնահարցը, այսինքն՝ ակամայից ՀՀ-ն ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս:
Բանակցելով Ադրբեջանի հետ, Հայաստանը չէր կարող չենթարկվել միջազգային օրենքներին, այսինքն՝ Ադրբեջանն օգտագործում էր իր իրավունքները Արցախի հանդեպ, որոնք պետք է ճանաչեր նաև Հայաստանը: Պարզ լեզվով ասած, Հայաստանը ընդունում էր այս վերջին 25 տարիներին, որ ինքը հավակնում է սուվերեն Ադրբեջանի տարածքին: Ահա թե ինչու է Ադրբեջանը մտահոգված այն հայտարարությամբ, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի մասնակից: Այսինքն՝ եթե Հայաստանի պարագայում Ադրբեջանը պնդում էր, որ Հայաստանի ԶՈՒ-ն զբաղեցրել է իր տարածքի մի մասը, Արցախի պարագայում այդ երկիրը պետք է ընդունի, որ նա չի կարողացել, կամ չի կամեցել ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պատերազմ է հայտարարել իր երկրում ապրող հայկական բնակչությանը, որը, օգտագործելով իր ինքնորոշման իրավունքը, ըստ այդ տարիներին գործող ԽՍՀՄ սահմանադրության՝ իրավունք ուներ հայտարարել Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:
Այսինքն՝ Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ հիմնախնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային վեճից անցնում է ինքնորոշման իրավունքի դաշտ: Իսկ այդ պարագայում միջազգային օրենքների շրջանակում Ադրբեջանը կդիտարկվի այլ տեսանկյունից: Հայաստանը այս պարագայում պետք է հստակ հայտարարի, որ Արցախի Հանրապետությունը իրավասու է ինքը բանակցել խնդրո առարկա բոլոր հարցերի շուրջ, և դա բոլորովին չի նշանակի, որ Հայաստանը «անտեր» է թողնում Արցախը: Ընդհակառակը, այս կերպ Ադրբեջանը ավելի զուսպ կլինի իր ռազմատենչ հայտարարություներում և ավելի խեղճացած՝ միջազգային ասպարեզում: Հայաստանն էլ հանգիստ կիրականացնի իր՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի գործառույթը: Սա շատ պարզ քաղաքականություն է, որը չի իրականացվել տարիներ շարունակ: Պարզապես Հայաստանի իշխանությունները 25 տարի շարունակ զբաղված էին քաղաքական «շուլերությամբ», որի նպատակն էր արտաքին հովանավորներին հաճոյանալով՝ պահել սեփական իշխանությունը:
Հուսանք, իրավիճակը փոխվել է, և Արցախում նույնպես նորմալ իշխանությունների ձևավորման դեպքում Ադրբեջանը կհասկանա խնդրի լրջությունը, ու մենք կունենանք ավելի հանգիստ հարևաններ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir