Değişen Dünya Düzeni: Türkiye ve Japonya’nın Perspektifleri

Azerbaycan eski miletvekili, Gence olaylarıyla ilgili provokasyonlar konusunda uyardı

Şengal’e çengel atıldı Sincar’a İkinci Kandil operasyonu başladı!

Եթե որևէ բան չփոխվի երկրում, ավելի դաժան բաներ կլինեն

«Մարդկանց թվում է, թե տարածքներ զիջելով՝ կարող են խնդիրները լուծել»

Ermenistan 4 Mayıs 2016
1.160

«Մարդկանց թվում է, թե տարածքներ զիջելով՝ կարող են խնդիրները լուծել»
Manvel-Sargsyan
Մանվել Սարգսյանը մեր խնդիրները տեսնում է մեր քաղաքական փիլիսոփայության մեջ «Ոչ մի բան չի փոխվել, փոխվել է միջազգային իրավիճակը, որը բերել եւ ցույց է տվել մեր մոտեցման սնանկությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, որը 1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանում եւ 1992-1995 թթ.-ին մասնակցել հակամարտության կարգավորման բանակցություններին: «Առավոտին» հետաքրքրում էր՝ ԼՂՀ հիմնախնդրի առաջացման օրվանից բանակցային գործընթացում, ըստ նրա, ի՞նչ փոփոխություններ են եղել, ինչո՞ւ է հաղթանակած կողմը բանակցային գործընթացում անընդհատ խոսում փոխզիջումների մասին, մյուս կողմից էլ՝ պարտվող ու անընդհատ հարձակվող կողմի պահանջները բանակցային գործընթացում կարծես թե ավելին են կարեւորվում: «Այսօր մարդիկ փորձում են խոսել փոխզիջումների մասին, տարածքների հարցն են բարձրացնում՝ զիջե՞ն, թե՞ չզիջեն: Այսինքն՝ մարդկանց թվում է, թե տարածքներ զիջելով կարող են խնդիրները լուծել: Չես հասկանում՝ ինչո՞ւ համար, որովհետեւ 25 տարվա մեջ Ադրբեջանի համար դա երբեւէ չի եղել պայման՝ խնդիրը լուծելու համար: Նրանք երբեք նման բան չեն ասել: Նրանք ասել են՝ տարածքները մեզ հետ տվեք, նոր հետո ձեզ հետ կխոսենք մնացածի մասին: Բայց մարդիկ կան, որ մինչեւ հիմա մտածում են, որ կարող են ինչ-որ բաներ զիջել: Զիջելու մեջ տեսնում են հարցի լուծում. համոզված են, որ քաղաքականությունը ինչ-որ առեւտուր է, պետք է առեւտուր անեն, դրա մեջ էլ անպայման մի բան պետք է զիջեն»,- ասում է պարոն Սարգսյանը՝ նշելով, որ երկրի քաղաքականություն ստեղծողներն իրականում բացարձակապես պատկերացում չունեն՝ քաղաքականությունն ինչ է. «Պատկերացում չունեն իրավունքի ուժի վերաբերյալ, որ քաղաքականությունն ընդհանրապես պայքար է իրավունքների համար: Պետք է ձեւակերպես քո իրավունքներն ու պահանջները, որ քեզ հետ հաշվի նստեն,- ասում է պարոն Սարգսյանը եւ բերում Ադրբեջանի օրինակը:- Ադրբեջանը մեկ անգամ արդեն իր իրավունքները ձեւակերպել է, ասել է աշխարհին, որ իրենք առաջարկում են՝ Հայաստանին մեկուսացնել, ճնշման կամ ուժի միջոցով պարտադրել, որ վերադարձնի իրենց տարածքները, չեն կարողա անել դա, իրենք դա կանեն ռազմական ճանապարհով: Ասում են՝ որովհետեւ դուք մեզ այդ իրավունքը տվել եք ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով՝ օրինական զենք կիրառել, այդ իրավունքը 1991 թվականին Ադրբեջանին տվել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, եւ չեն փոխել, մեկ բառ անգամ չեն ավելացրել այդ տեքստի մեջ մինչեւ այսօր»: Մանվել Սարգսյանը նաեւ մատնանշում է Հայաստանի քաղաքական ղեկավարության անգործությունը եւ ասում՝ ԼՂ հիմնախնդրի հարցում չեն փորձում որեւէ դիրքորոշում արտահայտել. «Ղարաբաղը, որպես քաղաքական խնդիր, որպես երկիր՝ ի՞նչ է Հայաստանի Հանրապետության համար. մեկ հոգի դա չի ձեւակերպել»,- ասում է քաղաքագետը: Անդրադառնալով նորից փոխզիջումների մասին խոսակցություններին՝ նա ընդգծում է, որ Ադրբեջանը երբեւէ փոխզիջման մասին չի խոսել, նա պահանջում է «իր տարածքները», այդ բառը օգտագործվում է միայն մեր՝ պատերազմում հաղթածի կողմից: «Պետք է հստակեցվի Լեռնային Ղարաբաղը մեզ համար: Գոնե մեկ երկիր, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի անդամ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, որ աշխարհը մեզ հավատա: Դա էլ չեն կարողանում անել: Ասում են՝ հենց ճանաչենք, կռիվ է լինելու, թե չէ հիմա կռիվ չէ: Ասում են՝ ավելի մեծ կռիվ կլինի: Այս հոգեբանությամբ երբեւէ ոչ մի քաղաքականություն չի կարող ապրել: Եթե այս բարդույթներից մեր քաղաքական խավը չազատվի, երբեք ոչ մի քաղաքականություն չի օգնի մեզ»: Ըստ քաղաքագետի՝ սեփական իրավունքներին տեր չկանգնելու մեր բարդույթը ամեն տեղ է դրսեւորվում. «Մեր ռազմական դաշնակիցը զենքը վաճառում է, պատերազմ է հրահրում մեր դեմ, մեր հակառակորդը մեր դաշնակցին արգելում է մեզ զենք տալ. նոտա է ուղարկում, եւ նա չի տալիս: Որեւէ դիվանագիտություն մեզ չի կարող օգնել, քանի դեռ իրավունքներին տեր կանգնելու հավատ չկա մեր ազգի մեջ: Մենք չենք հավատում, որ կարելի է իրավունքներին տեր կանգնել: Ասում ենք՝ մի հովանավոր գտնենք, մեզ պահի: Դիվանագիտությունն ի՞նչ պետք է անի, եթե Ղարաբաղի խորհրդարանը վախենում է հնչեցնել «անկախություն» բառը»: Քաղաքագետը մտավախություն ունի, որ ինչպես 25 տարի առաջ ու այս տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում երկրի քաղաքական փիլիսոփայությունը չի փոխվելու: «Պատերազմի ժամանակ հազար ու մի բան հայտարարեցին, պատերազմն ավարտվեց, կարծես ոչինչ չի եղել ու չի էլ լինելու: Նույն վիճակն էլ հիմա է, ոչինչ չի փոխվել,- ասում է նա, հետո ավելացնում:- Հիմա ինչ-որ բաներ գուցե փոխվում են: Այս պատերազմը որոշ բաներ կասկածի տակ դրեց: Ինչ-որ խորքային համոզմունքներ փոխվեցին՝ ամեն շերտում, ամեն աստիճանի վրա. թե ինչ փոխեն՝ դեռ չեն հասկացնում»:
hripsime
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Yorumlar