2022 թվականի նոյեմբերի համեմատությամբ, 2023 թվականի նոյեմբերի ցուցանիշով Հայաստանում տնտեսության բանկային վարկավորումը երկնիշ աճ է արձանագրել բոլոր ուղղություններով՝ սպառողական, հիպոթեկ, շինարարություն, առեւտուր ու ծառայություններ, բացառությամբ արդյունաբերության:
Արդյունաբերությանը բանկերի տրամադրած վարկերը ոչ միայն երկնիշ աճ չեն արձանագրել, այլ աճ չի եղել ընդհանրապես, եղել է վարկավորման ծավալների նվազում՝ -3 տոկոս:
Ցանկացած առողջ տնտեսության հիմքն է արդյունաբերությունը: Եթե տնտեսությունը արձանագրում է երկնիշ աճեր, իսկ արդյունաբերության ոլորտը, արտահանելի ոլորտները՝ նվազում, ապա դա նշանակում է մի բան՝ տնտեսությունը ոչ թե աճում է, այլ՝ փչվում:
Այստեղ է, որ պահանջվում է տնտեսական քաղաքականության քաղաքական կամք՝ հրաժարվել երկնիճ աճի «մոգական կոնյուկտուրային էֆեկտից» եւ ռեֆորմացիոն քայլեր ձեռնարկել այդ աճը արդյունաբերության, արտահանելի հատված մղելու համար: Բայց, այսօր ոչ միայն չկա քաղաքական պոպուլիզմից հրաժարվելու կամք, այլ հակառակը՝ պոպուլիզմի «երկնիշ աճի» միտում, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսության փուչիկը կշարունակի փչվել: