KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Տաթևիկ Հայրապետյան: Պետությունը պետք է ունենա տեսլական, թե ինքն ինչ է ուզում, ինչպիսի պետություն է պատկերացնում

Տաթևիկ Հայրապետյան: Պետությունը պետք է ունենա տեսլական, թե ինքն ինչ է ուզում, ինչպիսի պետություն է պատկերացնում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
378 0

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

Տիկին Հայրապետյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմիացավ ընդդիմադիր պատգամավորների առաջարկին՝ դատապարտելու «Շուշիի հռչակագիրը»։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։

Իրականում չգիտեմ՝ որքանով են ծանոթ այդ հռչակագրի տեքստի ամբողջական տարբերակին բոլոր այն պատգամավորները, որոնք որոշել են կամ չեն որոշել մասնակցել այդ նիստին։ Այդ հռչակագրում հստակ կան այն նպատակները, որոնք այդ երկու պետություններն իրենց առջև դրել են, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ հստակ ներկայացնելով տարածքային հավակնություններ՝ նաև ներկայացնելով ծրագիր առ այն, որ պետք է վերացնեն հայկական մշակութային ժառանգությունը։ Այսինքն՝ այն ամենը, ինչի ականատեսն ենք այսօր, արձանագրված է այդ հռչակագրով, որն ուղղակի պոպուլիստական նպատակներով ստորագրված թուղթ չէ։ Դա ռազմաքաղաքական պակտ է՝ ուղղված առաջին հերթին Հայաստանի դեմ։ Եվ հենց այդ կոնտեքստում պատահական չէ, որ դրանից մոտ մեկ տարի կամ ավելի քիչ ժամանակ անց Ռուսաստանի հետ է կնքվում ռազմաքաղաքական փոխգործակցության հուշագիր։

Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, իմ ուշադրությունը գրավեց, որ արտախորհրդարանական որոշ ուժեր այդ հռչակագրին անդրադարձել են, հայտարարության տեքստերով հանդես են եկել։ Այստեղ խնդիրն այն է, որ այս հարցում խորհրդարանում պետք է լիներ որոշակի կոնսենսուս։ Այսինքն՝ նախագիծը բերել Ազգային ժողով ու տապալել, դա նույնն է, որ Հայաստանի Հանրապետությունն այս ամենի հետ կապված դիրքորոշում չունի։ Ուստի, եթե գործընթացը սկսվում էր, դա պետք է սկսվեր ներքին համաձայնություններով, որովհետև նախկինում եղել են այդպիսի դեպքեր։ Բայց բերել ու ուղղակի տապալել՝ փոխադարձ մեղադրանքների հերթական շղթան ներկայացնել, երբ ունես անվտանգային նման սպառնալիք, անհեռանկարային է և մեր շահերից չի բխում։

Հայաստանի խորհրդարանը պե՞տք է դիրքորոշում հայտնի այդ հռչակագրի վերաբերյալ, ընդհանրապես՝ ՀՀ դիրքորոշումը որը պետք է լինի։

Այո, ես կարծում եմ, որ դիրքորոշում պետք է հայտներ։ Բայց դիրքորոշում հայտնելը բավարար չէ։ Այսինքն՝ ուղղակի հայտարարություն անելը բավարար չէ։ Հայաստանը պետք է իր պլանավորումն անի՝ հաշվի առնելով տարբեր ուղղություններով կնքվող ռազմաքաղաքական դաշինքները, համաձայնագրերը։ Մեր մեծագույն խնդիրը՝ որպես պետություն, սցենարների բացակայությունն է։ Փոխարենն ասում են՝ խաղաղության դարաշրջան ենք ուզում։ Այո, բոլորս ուզում ենք խաղաղ ապրել, պատերազմ չենք ուզում, գերիներ չենք ուզում, տարածքային կորուստներ չենք ուզում, թշնամանք չենք ուզում, բայց եթե հակառակ կողմը առավոտից երեկո քո դեմ թշնամանք է քարոզում, ռազմաքաղաքական պակտ է կնքում, տարածքային հավականություններ է ներկայացնում քո տարածքների նկատմամբ, դրա պատասխանը ո՞րն է։ Ուղղակի կանգնել հայտարարե՞լ, այո, կարող ենք, բայց պետությունն այլ ֆունկցիաներ էլ ունի՝ պատրաստվել, փորձել ձեռք բերել համախոհներ, դաշնակիցներ, աշխատանք տանել։

Մի պարզ օրինակ բերեմ՝ «միջանցք» ասվածի հետ կապված։ Այս հարցում մենք ունենք իրանական կողմի հստակ դիրքորոշումը, որը առաջին հերթին բխում է հենց Իրանի անվտանգային շահերից։ Բայց նաև այս պարագայում համընկնում է մեր շահերի հետ։ Բայց, տեսեք, նոյեմբեր ամսից որքան ադրբեջանական ու թուրքական պատվիրակություններ են մեկնել Իրան՝ փորձելով հասնել դիրքորոշման փոփոխությանը։ Անգամ տարբեր տեղեկատվական հնարքների են իրենք դիմում, վերցնում են իրանական աղբյուրները փոխում են, դարձնում են ադրբեջանական ու ներկայացնում, թե Իրանը համաձայնություն է տվել։ Հիմա նայեք, թե հայկական քանի պատվիրակություն է մեկնել Իրան ու ինչ մակարդակով պատվիրակություն՝ աշխատելու իրանական կողմի հետ։ Այսինքն՝ եթե այդ դիրքորոշումը մեր շահերից է բխում, պետք է նոր քայլեր ձեռնարկել, աշխատանք տանել։ Շատ դրական եմ գնահատում Կապանում իրանական հյուպատոսության բացումը, բայց ուղղակի նշելու համար պետք չէ ինչ-որ բան անել, դրա ներքո պետք է բովանդակություն լինի։

Պետությունը պետք է ունենա տեսլական, թե ինքն ինչ է ուզում, ինչպիսի պետություն է պատկերացնում։ Իսկ մեր Ազգային ժողովում քաղաքական դիսկուրսներն անբովանդակ լեզվակռիվներ են այն մասին, թե չգիտեմ ով է թուրքերին ավելի շատ ծառայում, ով է ավելի քիչ ծառայում։ Ընդ որում, բոլորն իրար մեղադրում են՝ օգտագործելով Ալիևի բառապաշարը։ Եվ ոչ ոք լուծում չունի։ Մեկը չկա, որ կանգնի ու ասի՝ ես այս լուծումն եմ առաջարկում։ Երկու նախկին վարչակարգերի ներկայացուցիչներից ոմանք այսօր Ազգային ժողովում են, թվում է, թե բաներ են ասում, որոնք տրամաբանական են, բայց իրենք չեն ուզում ընդունել իրենց սեփական սխալները։ Ամեն ինչ վերջին երկու-երեք տարվա մեջ չես կարող տեղավորել։ Ողբերգություններն այդ տարիներին են տեղի ունեցել, բայց այդ ամենը մեկ օրում տեղի չի ունենում։ Հիմա եթե մենք 5 կամ 10 տարի հետո նոր պատերազմի սպառնալիք ունենանք և այս տրամաբանությամբ գնանք, պարզ է, չէ՞, որ պատճառահետևանքային կապեր կան։ Մենք մեր խնդիրները ճիշտ չենք ախտորոշում, լուծումներ չենք կարողանում գտնել, և այսօր զբաղված ենք անհեթեթ ինչ-որ քննարկումներով։

Այսինքն՝ այսօրվա այս մեծ խաղի մեջ, նաև Արևմուտք-Ռուսաստան այս բարդ թնջուկի մեջ մենք կրկին չունենք սցենարներ՝ ինչ իրավիճակում ինչպես ենք մեզ պահելու՝ որպես պետություն։ Այո, մենք ունենք բազմաթիվ անվտանգային սպառնալիքներ, և դրան հակակշռող քայլեր չենք ձեռնարկում՝ ոչ անվտանգային ուղղությամբ, ոչ դիվանագիտության ուղղությամբ։ Քիչ ժամանակ չի անցել մեր անհաջողությունից, մենք ի՞նչ ենք հասկացել, ինչպիսի՞ բանակ ենք ցանկանում ստեղծել, ինչպե՞ս ենք պատրաստվում դիմակայել մեր մարտահրավերներին։ Օրինակ՝ ուսումնասիրե՞լ ենք, թե պատերազմից հետո Ադրբեջանն ինչ զենք է գնում հիմնականում Թուրքիայից, որքան զորավարժություններ են արել, ինչ ուղղություններով։ Այս ամենը վերլուծության թեմա է, բայց մեր քաղաքական դաշտը առավոտից իրիկուն մեղադրանքների դաշտից դուրս չի գալիս։

Տաթևիկ Հայրապետյան

https://www.lragir.am/2022/02/23/700452/?fbclid=IwAR27euon-EodoaNzxBPNRdacYR-vRVPiqXsedPTfm9kGtZIwsHHsdEk3WRI

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir