KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Միշել: Անցնում ենք Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը

Միշել: Անցնում ենք Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
161 0

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը Բրյուսելում: Հանդիպումը տևել է շուրջ 2.5 ժամ:

Եռակողմ բանակցություններից առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելինը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։

Միշել-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասել է.

«Քիչ առաջ ավարտեցինք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ վեցերորդ հանդիպումը։

Մեր մտքերի փոխանակումները կրկին եղել են անկեղծ, ազնիվ և առարկայական:

Մեր հանդիպումը վերջինն էր Բրյուսելում, Քիշնևում, Վաշինգտոնում, Մոսկվայում և երկկողմ սահմանին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների, փոխվարչապետների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ինտենսիվ և արդյունավետ բարձր մակարդակի հանդիպումների շարքից:
Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը։

Ես ողջունեցի առաջնորդներին խաղաղ գործընթացին իրենց ամուր հանձնառության համար և հորդորեցի նրանց հետագա խիզախ քայլեր ձեռնարկել՝ կարգավորման ճանապարհին վճռական և անշրջելի առաջընթաց ապահովելու համար։

Եվ թեև մեր հանդիպումը տեղի ունեցավ տեղում [հակամարտության գոտում] լարվածության աճի մտահոգիչ պայմաններում, ես ընդգծեցի քաղաքական քննարկումներում և ջանքերում կարևոր այս պահը։

Մենք քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը։

Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Դա հիմնվում է այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29800 քառակուսի կմ., իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86600 քառակուսի կմ.։

Սահմանի սահմանազատում

Երկու ղեկավարներն էլ վերահաստատեցին իրենց միանշանակ հանձնառությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:

Ես ողջունեցի հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Աշխատանքներն առաջ են շարժվել այս հանձնաժողովների կանոնադրության և սահմանազատման հիմքերի վերաբերյալ քննարկումների շուրջ:

Շատ կարևոր է նկատել, որ առաջնոդները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։

Փոխկապակցում

Փոխկապակցման հարցում, կողմերը ևս հստակ առաջընթաց են գրանցել վերջին երկու ամիսների ընթացքում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում:

Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները:

Պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը։ ԵՄ-ը պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, սակայն այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ ավելի են մոտենում, և տարբերակներն ակտիվորեն ուսումնասիրվում են:

Մարդասիրական խնդիրներ

Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված դրությունը։ Ներկա իրադրությունը ակնհայտորեն կայուն չէ և չի բխում ոչ մեկի շահերից:

Քննարկեցինք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն նորմալ հունի մեջ վերադարձնել իրավիճակը:

Ես ընդգծեցի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումներ իրականացնել երկու կողմերից՝ բնակչության կարիքներն ապահովելու համար:

Ես ողջունեցի նաև ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանումների վերսկսումը:

Իրավունքներ և անվտանգություն

Տեղում գտնվող բնակչությունը կարիք ունի հավաստիացումների՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ:

Այս համատեքստում ես հայտնեցի ԵՄ-ի հորդորը Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության ծավալման մասին։

Այս երկխոսությունը պետք է ապահովի շատ անհրաժեշտ վստահություն բոլոր ներգրավվածների համար:

Կալանավորներ

Քննարկեցինք նաև կալանքի տակ գտնվող անձանց հարցը։

Առաջնորդները վերահաստատեցին իրենց հանձնառությունը ջենտլմենյան համաձայնությանը, որ այն զինվորների ազատ արձագումը, ովքեր անզգուշորեն անցել են մյուս կողմը, կիրականցվի արագացված ձևով:

Ես կողմ եմ հանդես եկել, երկու կողմից էլ ազատ արձակվեն կալանքի տակ գտնվողները։

Քննարկվել է նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման հարցերում առավել մեծ համագործակցության ապահովման կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կողմերին կոչ եմ արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել։

Հետագա ընթացքը

Մենք պայմանավորվեցինք, որ մեր թիմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն այսօրվա քննարկվածի վերաբերյալ:

Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Որպես առաջնահերթություն՝ պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու համար։

Ես նաև վերահաստատեցի իմ մտադրությունը հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին այս ամառվանից հետո Բրյուսելում կայանալիք ևս մեկ հանդիպման, ինչպես նաև հերթական հնգակողմ հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ Գրանադայում՝ Եվրոպական Քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում»,- հայտարարել է Միշելը հանդիպումից անմիջապես հետո:

Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների հարցերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ: Բացի այդ, Եվրոպական խորհրդի նախագահի հետ իր առանձին հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Փաշինյանը նամակ է փոխանցել Շառլ Միշելին Արայիկ Հարությունյանի անունից։

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունն էլ իր հերթին տեղեկացրել է, որ Բրյուսելում Ալիև-Փաշինյան-Միշել բանակցությունների ընթացքում քննարկվել է այդ թվում «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի զինված կազմավորումների զինաթափումը»։

«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների շարունակման, սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերման և ապօրինի կազմավորումների զինաթափման շուրջ», – ասված է պաշտոնական Բաքվի հաղորդագրության տեքստում։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir