Արմին Գ. Մարգարյան: Հայաստան-Ադրբեջանը պատերազմի նոր չափում է
Լսում եմ մինիսուլթանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից ու մեկ անգամ ևս համոզվում, որ նարատիվների պատերազմի նոր փուլ է սկսվում Ադրբեջան – Հայաստան հարաբերությունների կարգավորման համատեքստում:
Այս գրառմամբ չեմ ուզում անդրադառնալ Ադրբեջանի բոլոր թեզերին: Դրանք հրապարակային են ու նոր չեն: Միևնույն ժամանակ, տեսանելի է Ադրբեջանի կողմից կոգնիտիվ մարտադաշտում ամուր դիրքավորվելու մարտավարություն, ինչը առաջիկա տարիներին հիբրիդային սպառնալիքների փոխկապակցված փունջ է «հրամցնելու» Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն:
Սա իրողություն է, որը քամահրել բնավ չենք կարող, միևնույն ժամանակ սրան առերեսվել է պետք խելքով՝ առանց վայվույերի, ցայտնոտի ու ներքին համերաշխությունը քանդելու:
Մեզ դժվարին աշխատանք է սպասվում՝ փոխկապակցված, բազմաշերտ գործողությունների փունջ: Մասնավորապես՝
ա/ Պայքարել այդ հիրիդային սպառնալիքների դեմ այնպես, որպեսզի դրանք չներթափանցեն մեր ներքին կյանք, ասել է թե՝ չդառնան ներհայաստանյան օրակարգերի ձևավորման աղբյուր և մեզ չշեղեն մեր պետականակերտ օրակարգերից: Այստեղ մեծ անելիք ունի պետական մեքենան և մեդիա դաշտը:
բ/ Միջազգային արենայում հարևանի կեղծ նարատիվներին ոչ միայն արձագանքել, այլ նաև դրանց հականարատիվները ակտվի շրջանառել: Այստեղ, պետական մեքենային զուգահեռ մեծ անելիք ունի գիտական, փորձագիտական հանրույթը, քաղաքացիական հասարակությունը:
գ/ Չշեղվել խաղաղության օրակարգից:
Հ.Գ. Ադրբեջանին զսպելու, եթե կուզեք՝ հաղթելու լավագույն միջոցը դիմակայուն Հայաստան կառուցելն է, իսկ դա պարզապես քիչ հավանական է առանց խաղաղության օրակարգի: Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության օրակարգերը տարբեր են և դա միանգամայն օրինաչափ է. Մենք տարբեր երկրներ ենք, տարբերվող և հակասող ռազնավարական շահերով, կառավարման սկզբունքներով (ժողովրդավարություն vs ավտոկրատիա) և այլն: Բայց մենք պետք է կենտրոնանաք մեր խաղաղության օրակարգի վրա, քանի որ այն առաջին հերթին մեր մասին է, մեր տնային աշխատանքի մասին է:
Այդ խաղաղության օրակարգն է, որ իր հետևից բերելու է բաց սահմաններ, օտարերկրյա երկարաժամկետ ներդրումներ, գործուն գործընկերային ցանց, մարտունակ զինված ուժեր: Ցավալիորեն, այս պարզագույն ճշմարտությունն ավելի լավ են հասկանում մեր թշնամիները, քան մեզանից շատ շատերը:
Խելացի լինենք և թույլ չտանք այլոց ներթափանցել մեր ուղեղների մեջ ու թելադրել իրենցը:
Share this content:
Yorum gönder