Պետք է միավորել Եվրամիության, Արեւմտյան Բալկանների եւ Կովկասի էներգահամակարգերը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մասնակցել է Բրյուսելում անցկացված Միջուկային էներգիայի գագաթնաժողովին: Մակրոնը հայտարարել է, որ յդպես հնարավորություն կլինի ապահովել էժան էլեկտրաէներգիայի նոր հնարավորություններ: Ասել, որ Մակրոնի գաղափարը լիովին նոր է, իհարկե կլինի սխալ, սակայն այդ մակարդակում այն թերեւս ձեւակերպվում է առաջին անգամ, այն էլ բավականին հստակ եւ կոնկրետ «երթուղով» կամ շղթայով:
Բայց, որքանո՞վ է այն իրատեսական, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ ճանապարհը լի է քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրներով եւ պարզապես դիմակայությամբ: Օրինակ, Կովկասում դեպի սեւծովյանեվրոպական ափեր էներգիա մատակարարելու հավակնություններ ունի Ադրբեջանը, բայց արդյո՞ք Բաքուն դրանք կիրականացնի Փարիզի հետ գործընկերությամբ, եթե հաշվի առնենք այն, որ Ադրբեջանը իրեն հայտարարել է «Կովկասի առաջնորդության համար Փարիզի մրցակից»:
Ավելին, Ադրբեջանը ընդհուպ նախագահի մակարդակով հայտարարել է, թե իր խնդիրն է թույլ չտալ Կովկասում Ֆրանսիայի դիրքերի ամրացում: Դա իհարկե ոչ թե Ադրբեջանի խնդիրն է, այլ «առաքելություն-պարտականությունը», որը Թուրքիայի ձեւակերպած խնդիրն է Ադրբեջանի նկատմամբ: Բայց, այդ իմաստով, մյուս խոշոր դիմադրողն իհարկե լինելու է Թուրքիան, որին հավանաբար կմիանա Ռուսաստանը, որը սեւծովյան ավազանի նկատմամբ տոտալ վերահսկողության հարցում գլխավոր գործընկեր է դիտարկում Անկարային:
Ըստ այդմ կարեւոր հարց է, թե Ֆրանսիայի նախագահն առաջ քաշելով այդ գաղափարը, որքանո՞վ է պատկերացնում դրա իրականացման գործուն սխեմաները, եւ որքանով է ընդհանրապես Ֆրանսիան պատրաստ ձեռնմուխ լինել դրան: Օրինակ, Մակրոնը կարող է պատկերացնել այդօրինակ սխեմա Իրան-Հայաստան-Վրաստան երթուղով, այսինքն՝ նաեւ Թեհրանի ներգրավումով: Բայց, արդյո՞ք դա բավարար մրցունակ կլինի այն կոնֆիգուրացիայի համեյատ, որ կձեւավորեն Թուրքիան ու Ադրբեջանը, ներգրավելով Ռուսաստանին: Եվ այդ պարագայում շատ բարդ է ասել, թե ինչ կընտրի Իրանը, հաշվի առնելով նաեւ այն, որ Իրանը Ռուսաստանի հետ էներգահամակարգերի միավորման տարբերակ է դիտարկում նաեւ Ադրբեջանի տարածքը: