Güc mərkəzlərinin arasında qalan Azərbaycan: Bakının seçimi necə olacaq?

Petersbug Ekonomi Forumu

Teşkilatı Mahsusa’nın kurduğu Gürcistan Cumhuriyeti 100 yaşında!

ABD Savunma Bütçesi Pentagon-Beyaz saray mücadelesi

ՎԵՐՔԵՐՆ ԱՐՎԵՍՏՈՎ ԲՈւԺԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿԸ. ԳՅՈւՄՐՈւ ԱՐՎԵՍՏՆ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՇՐՋԱՆՈւՄ

Ermenistan 29 Ekim 2017
245

«Նարեկացի» արվեստի կենտրոնում երիտասարդ արվեստաբան Գայանե Պապիկյանի բանախոսությամբ սկիզբ դրվեց մի նախաձեռնության, ինչի մասին այստեղ դեռ վաղուց են մտորել: Խոսքը Գյումրու մշակութային կյանքն ավելի հանգամանորեն ու բազմակողմանիորեն ներկայացնելու մասին է: Նոր նախաձեռնության նպատակն է ձեռքը պահել քաղաքի մշակութային զարկերակի վրա, ցուցադրել մշակութային նորությունները, անդրադարձ կատարել ոչ հեռու անցյալում արվեստի տարբեր ճյուղերի զարգացման ընթացքին, հրավիրել արվեստագետների՝ մայրաքաղաքի արվեստասեր հանրությանը ներկայանալու իրենց նվագով, գույնով, գծով, մտածումներով: Որպես այդ աշխատանքների համակարգող՝ պատրաստակամություն է հայտնել հանդես գալու Քնարիկ Մխլաջյանը, որն էլ «Նարեկացի» կենտրոնում խոսքի հնարավորություն ընձեռեց Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Գայանե Պապիկյանին: Թեման Հայաստանի անկախության շրջանում Գյումրիում կերպարվեստի զարգացման տենդենցների և պատմության մասին էր: Բանախոսն ուսումնասիրել էր հատկապես ավանգարդ արվեստի ներկայացուցիչների գործունեությունը հայրենի քաղաքում վերջին երկու տասնամյակի ընթացքում, Գյումրիում ձևավորված՝ կերպարվեստագետների տարբեր խմբավորումների, նրանց կազմակերպած ցուցադրությունների, գործողությունների պատմությունը: Կոնցեպտուալ արվեստի, աբստարկտ և պոպ-արտային գործերի ցուցահանդեսներ, քաղաքային տարածքները իբրև արվեստային միջավայր գործածելը, թանգարանային շրջապատ ներխուժելն ու ավանդական էքսպոզիցիաները չխախտելով սեփական խոսքը ներկայացնելը, տարբեր ակցիաները, բազմաոճ, բազմաբովանդակ կերպով զանազան թեմաներ արծարծելը եղել է այդ խմբավորումների գործելակերպը: Սա, իմ դիտարկմամբ, Գյումրիում մշտապես, անգամ ամենից ողբերգական պահերին ստեղծագործող, համահունչ գաղափարներով առաջնորդվող և դրանց շուրջ միավորված անձանց մի շարք խմբերի մասին բանախոսություն էր. նման ուսումնասիրությունն արվեստի պատմության համար արժեքավոր է ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի արվեստի նյարդը ներկայացնելու, այլ նաև մշակութային միջավայրի զարգացման ընթացքը վերլուծելու տեսանկյունից:

Հետանկախության շրջանում, երկրաշարժին անմիջապես հաջորդած տարիներին, ըստ բանախոսի, թվում էր՝ Գյումրիում արվեստի մասին խոսելը աբսուրդ է: Քաղաքը զուրկ էր կեցության նվազագույն պայմաններից: Սակայն կաթվածահար եղած քաղաքում արվեստագետների մի խումբ փորձում էր արվեստի լեզվով, իրենց ստեղծած միջավայրով ամոքել մարդկանց հոգիները: Անգամ մինչ երկրաշարժը Գյումրուց հեռացած և արտերկրում հաստատված արվեստագետներ վերադառնում են հայրենի քաղաք, ձևավորում այստեղ խմբավորումներ, այդ միավորումներում ներառում նաև մայրաքաղաքում ստեղծագործող անձանց: Գայանե Պապիկյանն այդ մարդկանց մեջ առանձնացրեց ծագումով գյումրեցի Գևորգ Սարգսյանին (Ճալային), որն արտերկրից վերադառնալով 1996-ին՝ նախաձեռնել է իր աբստրակտ նկարների անհատական ցուցահանդեսը: Ժամանակակից արվեստի կոնցեպտուալ գործերը Ճալան ներկայացրել է «1+1+1+1» անվանված ցուցահանդեսում, որի ընթացքում իր ճեպանկարները, ասել է, թե՝ իր ներքին հոգեվիճակները բաժանել է հասարակությանը: Իր նպատակն էր արվեստագետներին միավորել՝ որպես մի ընտանիքի:
Ապա Երևանում կայանում է գյումրեցի արվեստագետների «9+1» ցուցահանդեսը: Խմբին է միանում Ֆրանսայում ապրող Վազգեն Պահլավունի-Թադևոսյանը (Սյուրը), ստեղծվում է «Արշավախումբ 101» խմբավորումը: Նրանց նպատակն էր ժամանակակից արվեստի միջոցով փրկել քաղաքը: Ավերված թաղամասը նրանք, օրինակ, գործածում են՝ իբրև արվեստային միջավայր՝ հանրության համար կազմակերպելով յուրօրինակ «արտ թերապիա»: «Վերականգնողական արվեստն այդ ժամանակի արվեստն էր»,- բանախոսի գնահատականն է: Երկաթների, թափոնների միջոցով ստեղծում էին արվեստի գործեր, կատարում գործողություններ, ինստալացիաներ կազմակերպում. որդեգրել էին «Աշխարհը կբերենք Գյումրի» կարգախոսը, կին արվեստագետներին միավորելով Գյումրիում ստեղծել ֆեմինիստական խումբ: Վերջինիս արտահայտիչ գործողություններից մեկն այն էր, որ ավերված շենքերը «վիրակապում» էին տարբեր միջոցներով՝ խորդանշական ձևով ակնարկելով իրենց մասնակցությունը քաղաքի հոգևոր և ֆիզիկական միջավայրի ապաքինմանը, այդ ուղղությամբ իրենց ձգտումն ու ջանքը: Նրանք առաջնորդվում էին «Մի՛ վախեցիր, առա՛ջ գնա» կարգախոսով: Տարիներ հետո Ասլամազյան քույրերի թանգարանում կազմակերպված «Ֆեմինիզմ» խորագրված ցուցահանդեսը դարձյալ խորհրդանշում էր կնոջ ազատությունը արվեստում և քաղաքակրթության մեջ:

Նույն արվեստագետները Գյումրիում որոշակի պարբերականությամբ կազմակերպում են արվեստի միջազգային բիենալեներ, որոնցում ներգրավում են նաև երաժիշտների, կինոգործիչների, արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչների:

2006-08 թվականներին ի հայտ է գալիս արվեստագետների նոր սերունդ, որը ձևավորում է արտիստական նոր խմբավորումներ: «Արվեստի լեզվով բուժելու» կարգախոսը դադարում է արդիական լինել: Նեոլիբերալ հասարակության շրջանում, ըստ Գայանե Պապիկյանի, Գյումրու արվեստային շրջանում սերնդափոխություն է կատարվում: Ճալա-Գևորգ Սարգսյանն իր ուսնողների հետ ստեղծում է «15/3» խումբը. անվանումն իր տնակային արվեստանոց-աշխատանոցի հասցեն էր: Առաջնայինը դառնում է հումանիզմի գաղափարը: 2007-ից սկսյալ ամեն ամիս կոնցեպտուալ արվեստի, պոպ-արտային, աբստարկտ գործերի ցուցահանդեսներ են կազմակերպում, փորձում են ներխուժել թանգարանային միջավայր՝ թանգարաններում ևս իրենց ցուցադրությունները կազմակերպելով:

2008-ի մարտիմեկյան դեպքերին իբրև արձագանք կազմակերպում են «Քաղաք 1» ցուցադրությունը, որում ցուցանմուշները պատրաստված էին աղբ համարվող թափոններից: Այդ ինստալացիաները խորհրդանշում էին տվյալ ժամանակի խառնաշփոթ իրավիճակը և տարաբնույթ համատեքստեր ունեին: Նույն համատեքստով քաղաքին ուղերձ էր «Պոպ արտ 00» ցուցահանդեսը:

Կերպարվեստ և գիր միավորելու յուրակերպ փորձ էր «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ցուցահանդեսը, որում գեղարվեստական խոսքը, տեքստը բխեցվում էր կերպարվեստի ստեծագործություններից: Ցուցահանդեսը միավորում էր պոետներին ու նկարիչներին՝ դրդելով միասնաբար ստեղծագործելու՝ որպես համահեղինակներ:

2008-ին ձևավորվում է «Ռե սթարթ» խումբը, որը նախկին ժամանակաշրջանից անցում կատարելու, նոր իրականության մեջ հաստատվելու, վերաիմաստավորված գործելու խնդիրն էր իր առջև դրել: Աշխատում էին քաղաքային տարածքներում՝ այգիներում, պուրակներում, շենքերի պատերը գործածելով: «Համ և հոտ» անվանված ցուցահանդեսը համադրությունների միջոցով զգացողությունները կառավարելու, շեղելու մասին էր:

«5-րդ հարկ» խմբավորումն էլ ընդլայնում է իր գործունեության շրջանակները՝ մի քանի նախագծեր իրականացնելով նաև Կարսում, Մուշում, Էրզրումում՝ առնչությունը շեշտելով իրենց արմատների, պատմության, անցյալի հիշողության հետ:
Բանախոսը խոսեց նաև ժամանակին աղմուկ հանած «Գլխից դուրս», «Պադվալ» ցուցահանդեսների մասին, որոնցում արվեստային գործողություններ են կազմակերպվել, ոչ թանգարանային տարածքներում խոսվել է արվեստի լեզվով:
Այս արվեստագետների նպատակը, ոնց իրենք են բացատրել, հանրությանը մի փոքր շփոթմունքի մեջ դնելով ընկճախտային վիճակից հանելն էր: Ցույց տալ, որ ավեստագետները նման սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում էլ գործում են, հաղթահարում դժվարությունները: Նրանց գործերից շատերն ունեցել են քաղաքական ենթատեքստեր, շոշափել սոցիալական հարցեր:

Այս խմբավորումների մեջ ընդգրկված անձինք այսօր անհատական գործունեություն են ծավալում, մի մասը ստեղծագործում է արտերկրում, մի մասն էլ շարունակում է ապրել և գործել՝ դեռևս խնդիրները չհաղթահարած քաղաքում՝ պահպանելով իր «ձեռագիրը» և նորանոր գաղափարներ հղանալով:

Հոկտեմբեր 27, 2017
Հասմիկ Սարգսյան

ՎԵՐՔԵՐՆ ԱՐՎԵՍՏՈՎ ԲՈւԺԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿԸ. ԳՅՈւՄՐՈւ ԱՐՎԵՍՏՆ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՇՐՋԱՆՈւՄ

Yorumlar