KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վեցամյա մանդատ՝ նոր ռուսական պետության ճարտարապետին

Վեցամյա մանդատ՝ նոր ռուսական պետության ճարտարապետին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 9 dk okuma süresi
266 0


Ռուսաստանում ավարտվեց «ընտրություններ» կոչվող ծես-դիմակահանդեսը, որը նոր՝ վեցամյա մանդատը ապահովեց գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին: Եթե 2012-ին նա արձանագրեց մոտ 63-տոկոսանոց արդյունք, ապա վեց տարի անց այն գերազանցում է 70-ը, քիչ պակաս 80-ից: Վեց տարի առաջ Պուտինյան Ռուսաստանի հետագա ընթացքի մասին բանավեճերը հիմնվում էին այն համընդհանուր ընկալման վրա, որ լինելով «բարդ պետություն»՝ այն շարունակում է մնալ միջազգային հանրության կարեւոր անդամ, որը խաղում է նույն կանոններով, ինչպես բոլորը: Այլ հարց է, թե ուղղվածության առումով դա կարող էր մեկին դուր գալ, մյուսին՝ ոչ այնքան: Բոլոր դեպքերում խնդիրն ընկալվում էր մշտական երկխոսության հարթության վրա: Դրան նախորդած՝ Մեդվեդեւի «նախագահության» տարիներին ոմանք նույնիսկ դրական «ազդանշաններ» էին փորձում օդից որսալ, իսկ դրա համար «հիմքերը» շարունակաբար եւ շռայլորեն տրամադրում էր Կրեմլը: «Ազատությունը լա՛վ է, քան անազատությո՜ւնը»,- հռչակում էր Մեդվեդեւը՝ արժանանալով դահլիճը զբաղեցրած փողկապավոր ամբոխի ծափահարություններին: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ միասին հանդիսավոր կերպով սեղմում էր «վերբեռնման» խորհրդանշական կարմիր կոճակը: Եվ բոլորը հակված էին լայնորեն փակել աչքերը եւ մոռանալ, թե ինչպես թունավորվեց գնդապետ Լիտվինենկոն Լոնդոնում 2006-ին, որն ուղարկվել էր այնտեղ սպանելու Բորիս Բերեզովսկուն, իսկ գլխավոր կասկածյալ Լուգովոյը, որի հետեւից ալֆա-ճառագայթման ինտենսիվ ֆոնը մի քանի օր պահպանվում էր ողջ Լոնդոնով մեկ, դարձավ Պետդումայի պատգամավոր, կամ ինչպես ռուսները հարձակվեցին Վրաստանի վրա 2008-ին, իսկ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, «բարձրաստիճան լիցքավորող» նշանակվելով «Գազպրոմի» հետ համատեղ գազային նախագծում, նորովի եւ յուրովի «օստպոլիտիկ» էր սկսում ռուսների հետ: Չէ՞ որ նրանք՝ ռուսներն էլ էին «Մեծ Ությակի» անդամ… Բոլորը «պրագմատիկ» էին, սենատոր Մաքքեյնը՝ «խելագար», բոլորն առաջնորդվում էին «Լավ է օղի խմել, քան պատերազմել» գնչուական երգում հնչող «նշանաբանով», իսկ առանձին մարդիկ, որոնք այդ փարիսեցիական խաղին չէին մասնակցում, կոչվում էին «ռուսաֆոբ» կամ Սառը պատերազմի «մնացուկ»: Բայց հեքիաթն ավարտվեց շատ կտրուկ եւ շատ տհաճ կերպով: Այնպես չէր, որ շատ մեծ բան էր փոխվել. Ռուսաստանը մինչ այդ էլ, համաձայն ընտրությունների արդյունքների, բաղկացած էր պուտինիստների մեծամասնությունից, որին հետեւում էին կոմունիստ-ստալինիստները եւ Ժիրինովսկու երկրպագուները: Իհարկե, պետք չէ նաեւ այստեղ շատ խորը գաղափարականություն տեսնել: Խնդիրն ընկալումների մեջ էր եւ այդ ընկալումների փոփոխության: Իսկ այդպիսի փոփոխության առիթը տվեց ոչ թե արտաքին աշխարհը, որը պատրաստ էր շարունակել անհոգ համակեցությունը Ռուսաստանի հետ նույնիսկ ակնհայտ մուտացիայի պայմաններում, նույնիսկ չմտահոգվելով սեփական մուտացիայի վտանգից, այլ Կրեմլը: Երբ Մեդվեդեւի «կառավարման» վերջին ամիսներին Մոսկվան ցնցվեց 1991-ից հետո ամենաբազմամարդ ցույցերից, իսկ Պուտինի հետ այնուհետեւ նրանք «որոշեցին» պաշտոններով փոխվել, այլեւս ակնհայտ էր, որ Ռուսաստանում կա մեկ ընտրող, եւ այդ ընտրողը Վ. Պուտինն է (մեջբերումը՝ Գարի Կասպարովից): Եվ ակնհայտ էր նաեւ, որ Պուտինը պետք է ընտրի դրա հետ մեկտեղ, թե որտեղ է հենց ինքը գտնվելու՝ Կրեմլո՞ւմ, թե՞ «Մատրոսկայա տիշինա»-ում, եւ նա ուրիշ ընտրություն չուներ արդեն 2012-ին: Որեւէ գաղափարախոսությունից զուրկ եւ սեփական ինքնապահպանման եւ վերարտադրության խնդիր ունեցող ռեժիմը, բնականաբար, հենց այսպիսի դիրքորոշում էլ պիտի որդեգրեր միջազգային հարաբերություններում: Եվ հոգ չէր, որ Ռուսաստանի եւ «Իսլամական պետության» անունները սկսեցին տարբեր զեկույցներում, քաղաքական փաստաթղթերում, բանաձեւերում նշել նույն նախադասության մեջ՝ անջատելով իրարից միայն ստորակետով: Պուտինին եւ նրա շրջապատին այլ բան չէր մնում, քան կառչել «ռուսական համակարգի» ֆենոմենի «զորությունից»՝ միապետություն, ուղղափառություն, մեկուսացում, սեւհարյուրյակային հռետորաբանություն եւ պրակտիկա, Արեւմուտքի մերժում, «հոգեւոր արժեքներ» ռուսական ձեւով եւ այլն: Եվ այս ամենը եկավ լրացնելու եւս մի՝ նախադեպը չունեցող ֆենոմեն, որը կոչվում է «մաֆիոզ պետություն»: Պետք է արձանագրենք, որ Բրեժնեւից էլ երկար Կրեմլը զբաղեցնելով՝ Պուտինին հաջողվեց բյուրեղացնել «ռուսական համակարգն» իր մաֆիոզ տարատեսակի մեջ՝ ներդաշնակորեն ներառելով բյուզանդական եւ մոնղոլական «ավանդույթները» (չշփոթե՛լ ներկայիս Մոնղոլիայի հետ, որն Ասիայի ամենաազատ եւ ամենաժողովրդավարական երկրներից է-Ռ. Մ.): Սակայն դրանում ոչ թե Պուտինի ուժն է, այլ ներկայիս Արեւմուտքի «ասթենիան» եւ «դիստրոֆիան»: Իսկ ներկայիս «ռուսական համակարգի» լպրծունությունը եւ չարորակությունը նրա անօրինակ ցինիզմի եւ երեսպաշտության մեջ է. այն շատ ավելի անազնիվ է, քան ուսուցիչը՝ ֆաշիզմը: Ֆաշիզմը պահանջում էր հնազանդություն եւ ինքնազոհաբերություն հանուն առաջնորդի, իսկ «ռուսական համակարգը»՝ նաեւ «սեր եւ երախտագիտություն» եւ զանգվածային հանցակցություն: Սերգեյ Դովլաթովն էր նշում. «Մենք անվերջ հայհոյում ենք ընկեր Ստալինին եւ, բնականաբար, տեղին: Եվ, այնուամենայնիվ, ես ուզում եմ հարցնել՝ ո՞վ է գրել չորս միլիոն մատնագիր»: Այդպիսի այլասերված «սիրո եւ երախտագիտության» համաճարակը հասել է ոչ միայն Նյու Յորք, Կալիֆոռնիայի քաղաքներ, Բեռլին, Պրահա, Միլան, Փարիզ, «անկախ» Աբխազիա, այլեւ Երեւան, Գյումրի, Վանաձոր, որտեղ Ռուսաստանի քաղաքացի դարձած բազմաթիվ հայաստանցիներ քվեարկում են «հօգուտ ուժեղ Ռուսաստանի»՝ բաց-բաց գցելով Պուտինի օգտին «ծիտիկով» նշված քվեաթերթիկը թափանցիկ արկղի մեջ: Նրանցից որեւէ մեկը ձայն չհանեց, երբ Հայաստանի տնտեսությունը հանձնվում էր Պուտինի ընկերներին, երբ Պուտինը մինչեւ ատամները զինում էր Ադրբեջանին, երբ Ադրբեջանն այդ զենքով կրակում էր մեր զինվորների վրա, իսկ ռուսական ԱԳՆ ղեկավարը ժամանել էր Երեւան Ղարաբաղյան հարցով իր կեղտոտ գործարքն առաջ տանելու, նրանցից ոչ ոք դուրս չեկավ ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույցի: Այժմ նրանք հավաքվել են «հանուն ուժեղ Ռուսաստանի», հանուն «ռուսական համակարգի», հանուն մաֆիոզ պետության, հանուն կազմակերպված հանցավոր խմբավորման, որը զավթել է պետությունը՝ վերածելով այն հանցագործության գործիքի… Կյանքի եւ պատմության բոլոր օրենքներով այս համաճարակի զոհերի խրախճանքը վաղ թե ուշ ավարտվելու է ծանր խումհարով եւ սրտխառնոցով, այդ թվում՝ հենց իրենցից, այնպես, ինչպես Հիտլերին ողջունողների մոտ՝ Եվրոպայի տարբեր քաղաքներում: Բայց արդյո՞ք նրանք զոհեր են: Բռնապետությունների ծագումնաբանությունը լավագույնս զգացած բրիտանացի Ջորջ Օրուելն ասել է. «Մարդիկ, որոնք քվեարկում են հօգուտ անհաջողակների, գողերի, դավաճանների եւ խաբեբաների, նրանց զոհերը չեն, նրանք դավադրակիցներ են»… Մեզ տրված չէ՛ դատել նրանց, դա էլ նրա՛նց ընտրությունն է… ասված է. «Հա՛յր, ներիր նրանց. որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում»… Պարզ է, որ սա այս համաճարակի վերջի սկիզբն է, միայն թե հարց է՝ ի՞նչ գին ենք վճարելու դրա համար: Հաստատ «անվճար» չի ստացվի: Նոր՝ մաֆիոզ պետության ճարտարապետին իրավաբանորեն ամրագրվեց եւս մեկ՝ վեցամյա մանդատ: Նա ուզում է փոխել աշխարհակարգը, նա պատերազմ է հայտարարել աշխարհակարգին: Աշխարհը կընդունի այդ նետված ձեռնոցը: Մեզ՝ հայերիս, մնում է երկիրը զերծ պահել մաֆիոզ աղբից եւ լինել պատմության ճիշտ կողմում:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir