Şimdi yükleniyor

Վահե Դավթյան: ԱՄՆ-ն թիրախավորում է իրանական նավթը։

Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է:

ԱՄՆ էներգետիկ դոմինանտության ազգային խորհրդի ղեկավար  Ջարոդ Ագենի խոսքերով՝ ՛՛Վաշինգտոնը փսրձում է ազատել իրանական նավթը ահաբեկիչների ձեռքերից՝ հետագայում անխափան մատակարարումներ իրականացնելու համար, այդ թվում՝ նվազեցնելով ռիսկերը Հորմուզի նեղուցում՛՛:

Ինչպես տեսնում ենք, նպատակադրումը գրեթե նույնն է, ինչ Վենեսուելայում: Մի տարբերությամբ՝ Վենեսուելայում քաղաքական համակարգը կառուցված էր խարիզմատիկ առաջնորդի վրա, Իրանում՝ բարդ ինստիտուցիոնալ համակարգի:

Իրականում Նահանգները միշտ էլ գերզգայուն են եղել իրանական նավթի նկատմամբ: Եվ հենց այդ գերզգայությունը ստիպեց նրանց 1953 թ.-ին Իրանում իրականացնել ՛՛Այաքս՛՛ օպերացիան՝ ուղղված երկրի վարչապետ Մոհամմադ Մոսադեղին (տե՛ս նկարը) պաշտոնից հեռացմանը: Վերջինս իրականացնում էր իրանական նավթային ռեսուրսների ազգայնացման քաղաքականություն, ինչը ուղիղ ռիսկ էր անգլոսաքսոնական կապիտալի, մասնավորապես ՛՛Անգլո-իրանական նավթային ընկերության՛՛ համար, որը տնօրինում էր Իրանի ողջ նավթային ոլորտը 20 դ.-ի սկզբից: Մոսադեղի քաղաքականության արդյունքում 1951 թ.-ին խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի ու Իրանի միջև:

՛՛Այաքս՛՛ օպերացայի ղեկավարն էր Քերմիթ Ռուզվելտը՝ նախագահ Թեոդոր Ռուզվելտի թոռը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավարը: 

Իրականացված օպերացիան իր գործիքակազմով ու մեթոդներով ամբողջությամբ համընկում է ժամանակակից ՛՛գունավոր հեղափոխությունների՛՛ իրականացման տեխնոլոգիաների հետ՝ 

– քաղաքական դիսկուրս․ խորհրդարանի անդամների և փոքր քաղաքական կուսակցությունների առաջնորդների կաշառում,

– մեդիա դիսկուրս․ լրատվամիջոցների կաշառում, որի արդյունքում իրանական թերթերի 80%-ը սկսեցին օգտագործվել վարչապետի դեմ հարձակումների համար,

– կրոնական դիսկուրս․ մոլլաներից շատերը սկսեցին վարչապետին պիտակավորել որպես իսլամի թշնամի,

– փողոցի կառավարում․ հատուկ վարձված խմբերը, ջարդելով խանութները և ծեծելով մարդկանց, բղավում էին․ ՛՛Մենք սիրում ենք Մոսադդեղին և կոմունիզմը՛՛։

Արդյունքում Մոսադեղը ձերբակալվեց և ռազմական դատարանի կողմից դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: 

Եվ ամենակարևորը՝ արևմտյան կապիտալը ստացավ իրանական նավթային համալիրը: Ամբողջությամբ: Մանավորապես, 1954 թ.-ին կնքվեց միջազգային կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագիր՝ Իրանի նավթի արդյունահանման ու արտահանման նպատակով։ Կոնսորցիումի մաժորիտար սեփականատերերն էին ՛՛Անգլո-իրանական նավթային ընկերությունը՛՛ (որը նույն 1954-ին վերանվանվեց  British Petroleum-ի)` 40% բաժնեմասով և ամերիկյան ընկերությունների հնգյակը (Gulf Oil, Socal, Esso, Socony, Texaco)՝ ևս 40%: 14%-ն անցավ Shell-ին,  6%-ը՝ ֆրանսիական Total-ին:

Այսպիսի դասավորվածությունը պահպանվեց մինչև 1979 թ.-ի իսլամական հեղեփոխություն:

Հաշվի առնելով Իրանում 200 մլրդ բարելը գերազացնող նավթի ապացուցված պաշարները (3-րդ տեղն աշխարհում) ու մյուս կողմից՝ Վաշինգտոնի էներգետիկ էքսպանսիայի ընդլայնվող քաղաքականությունը, պատերազմն ունի շատ հստակ նավթային բնույթ ու տեղավորվում է 20-րդ դարի ռեսուրսային հակամարտությունների ծիրի մեջ:

Yorum gönder