Արմինե Գ. Մարգարյան. Ռուսաստանի կողմից ԵՄ-ի և Հայաստանի վերլուծությունը. Տնտեսական միությունից մինչև «ռազմական դաշինք»
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրոպական միությունը տնտեսական միությունից վերածվել է ռազմաքաղաքականի կառույցի: Մոսկվայի պատկերացմամբ, եթե ԵՄ անդամ պետությունները հզորացնում են իրենց ռազմական կարողությունները՝ ԵՄ-ն ավտոմատ վերածվում է ռազմաքաղաքական կառույցի: Դժվար թե Ա.Օվերչուկը չիմանար, որ ռազմաքաղաքական կառույց դառնալու համար ԵՄ-ի ներսում պետք է գործեր հավաքական անվտանգության սկզբունքը, ինչն իհարկե չկա: Այդ դեպքում հարց է ծագում, թե որն է նման ձևակերպման նպատակը:
Նախ, ռուսական կողմը ՆԱՏՕ-ին այլևս չի դիտարկում դերակատար՝ հայտնի պատճառներով:
Երկրորդ, ԵՄ-ի (որը տնտեսական-քաղաքական ինտեգրացիոն կազմավորում է) անդամ պետությունների ռազմական կարողությունների ամրապնդումը փաթեթավորում է որպես նոր ՆԱՏՕ ստեղծելու դրսևորում, որպեսզի համապատասխան գործիքակազմ կիրառելու դաշտ բացի իր համար՝ և՛ ԵՄ անդամ պետությունների վրա, և անդին:
Գործիքակազմի կիրառման դրսևորումներից մեկն էլ շանտաժն է Հայաստանի դեմ: Մասնավորապես, Օվերչուկը հռետորական հարց է բարձրացրել.«Արդյո՞ք հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որը այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ»: Այլ բառերով, Մոսկվան մեզ զգուշացնում է՝ եթե ընտրություն կատարեք ԵՄ օգտին՝ այլևս չեք կարող այդ որոշմանը տալ տնտեսական փաթեթավորում, քանի որ ես արդեն ԵՄ-ին փաթեթավորել եմ որպես ռազմաքաղաքական կառույց, այն էլ՝ Ռուսաստանի դեմ ագրեսիվ տրամադրված:
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Հ.Գ. Ռուսաստանը առանձնաշնորհյալ տաղանդ ունի իրենից վանելու իր նկատմամբ ավանդաբար բարյացակամ տրամադրված ու նվիրված ժողովուրդներին:
Բոլորը սա հասկացել են, բացի Ռուսաստանից:



Yorum gönder