ABD, Kasım Süleymani’nin konvoyda olduğunu bilmiyor muydu?

Багдасарян: Азербайджан восстановит территориальную целостность, а изгой Армения исчезнет с лица земли

Rusiya Suriyada hansı maraqları güdür?..

126 emekli büyükelçiden Kanal İstanbula dikkat çeken itiraz: KAMUOYUNA DUYURU

Հայաստանում պետական ուղեղային կենտրոն ունենալու հրամայականը

Ermenistan, Gündem 21 Ocak 2020
96

Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող ուշագրավ գործընթացներից է արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իրականացվող վերլուծությունների և գնահատումների մասսայականացումը։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց տեսակետներն ու գաղափարները ներկայացնում հանրությանը։ Միևնույն ժամանակ, շատ մասնագետներ մտահոգություն են հայտնում այս երևույթի առնչությամբ՝ պնդելով, որ այն արժեզրկում է վերլուծաբանի կամ փորձագետի մասնագիտությունն ու կատարած աշխատանքը։

Ստեղծված իրավիճակը և դրա հնարավոր հետևանքները գնահատելու համար անհրաժեշտ է նախևառաջ վերլուծել դրա առաջացման հիմնական պատճառները։ Բազմաթիվ մասնագիտություններ պահանջում են նեղ գիտելիքներ, և հասարակության բացարձակ մեծամասնությունը ընդունում է այս փաստը և չի էլ փորձում կարծիք հայտնել դրանց առնչվող խնդիրների վերաբերյալ։ Շատ քչերը կարող են իրենց թույլ տալ վիրաբույժին խորհուրդ տալ վիրահատության ժամանակ այս կամ այն մեթոդի ընտրության, կամ ծրագրավորողին ուղղորդել կոնկրետ խնդրի լուծման եղանակների հարցում։

Սակայն միջպետական հարաբերություններն այս առումով յուրահատուկ են։ Դրանք ինչ որ չափով նման են մարդկանց միջև շփումներին, իսկ այս հարցում ցանկացած անձ, անկախ իր ունեցած կրթական և այլ ցենզերից, ունի որոշակի պատկերացումներ։ Ավելին, հաճախ կարելի է հանդիպել իրավիճակների, երբ ավելի բարձր մակարդակի կրթական ցենզ ունեցողներն ավելի դժվար են կողմնորոշվում մարդկային հարաբերություններում, հաճախ տալիս են սխալ գնահատականներ անձի քայլերի մոտիվացիայի վերաբերյալ։

Միջպետական հարաբերությունների և անձանց միջև փոխհարաբերությունների որոշակի նմանությունը արտաքին քաղաքականության ոլորտում ոչ մասնագիտական վերլուծությունների աճի թերևս հիմնական պատճառն է։ Պատահական չէ, որ լայն տարածում ունեն այն ընկալումները, որոնք հզոր պետությունների գործելաոճը նմանեցնում են դպրոցում կամ բակում ֆիզիկական կամ կամային հատկանիշներով աչքի ընկնող տղաների վարքին, իսկ միջպետական հարաբերությունները՝ դեռահասների միջև առկա կոնֆլիկտներին։

Ամենայն հավանականությամբ, այս երևույթը բավականաչափ երկար պատմություն ունի։ Գրեթե վստահորեն կարելի է պնդել, որ տարատեսակ մասնագիտությունների մարդիկ ակտիվորեն քննարկել են պետությունների արտաքին քաղաքականությունը, փորձել հասկանալ դրանց պատճառներն ու կանխատեսումներ անել նաև Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում։ Սակայն այդ ժամանակ պետությունների արտաքին քաղաքականությունը որոշվում էր բավականաչափ սահմանափակ թվով մարդկանց կողմից՝ (ռազմաքաղաքական ղեկավարություն, դիվանագետներ), որոնց կատարած քայլերի վրա հասարակության ազդեցությունը սահմանափակ էր։ Վերջիններս հիմնականում խորհրդատվություն էին ստանում մասնագետների նեղ շրջանակներից, որոնց գործունեությունը հրապարակային չէր, իսկ վերլուծությունների մի փոքր մասը ներկայացվում էր նեղ մասնագիտական ամսագրերում, որոնք հասարակության լայն շերտերը չէին կարդում։

Փաստացի, ստեղծվել էր զուգահեռ և իրար հետ չհատվող երկու իրականություն՝ հասարակության լայն զանգվածների «խոհանոցային քննարկումները» և բարձրաստիճան պաշտոնյաների որոշումներն ու նրանց խորհուրդներ տրամադրող մասնագետների նեղ շրջանակի գնահատումները։

Երկու իրականությունների միաձուլում

21-րդ դարում արդեն թվային տեխնոլոգիաների, սոցիալական ցանցերի և շարժական ինտերնետի կտրուկ զարգացումը հանգեցրել է վերոնշյալ երկու իրականությունների միաձուլմանը։ Բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց քայլերն ակտիվորեն քննարկում են սոցիալական ցանցերում, խորհրդատվությամբ զբաղվող նեղ մասնագետներն ու «ուղեղային կենտրոններն» ամենօրյա ռեժիմով իրենց վերլուծությունները տեղադրում են ինտերնետում։ Միևնույն ժամանակ, շարքային քաղաքացիների «խոհանոցային քննարկումները» ևս տեղափոխվել են թվային հարթակներ։ Ակնհայտ է, որ այս գործընթացը ընդլայնվելու միտում ունի, և, բացի մի քանի պետություններից, որտեղ ինտերնետի լայն հասանելիությունը փաստացի բացակայում է (առավել նշանակալի օրինակ է Հյուսիսային Կորեան), մյուսները հարկադրված են աշխատել այս երկու իրականությունների աստիճանական միաձուլման պայմաններում։

Հայաստանը ևս այս գործընթացի բացկացուցիչ մաս է։ Սոցիալական ցանցերում յուրաքանչյուր օր հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդիկ տեսակետներ և գնահատականներ են հայտնում Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Ընդ որում նրանցից միայն շատ փոքր մասն է տիրապետում համապատասխան մասնագիտական գիտելիքների։ Սակայն քանի որ բոլորն էլ օգտագործում են նույն հարթակները, հաճախ բավականաչափ դժվար է դառնում մասնագիտական և ոչ մասնագիտական գնահատումների տարբերակումը։ Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները, տարածաշրջանային ցանկացած զարգացման՝ Հայաստանի անվտանգային շահերի վրա ունեցած մեծ ազդեցության ներուժը և հասարակության քաղաքականացվածության բարձր աստիճանը՝ Հայաստանը, թերևս, այս առումով կարող է հավակնել աշխարհում առաջատար դիրքեր գրավելուն։ Ամեն օր սոցիալական ցանցերում և թվային տիրույթում ձևավորվում է հսկայական քանակությամբ արտաքին քաղաքականությանն առնչվող բովանդակություն՝ գրառումների, ավանդական և ինտերնետային հեռուստաընկերություններին տված հարցազրույցների, փորձագիտական քննարկումների, տարատեսակ հոդվածների տեսքով։

Միևնույն ժամանակ, չնայած վերոհիշյալ երկու իրականությունների միաձուլմանը, արտաքին քաղաքականության ոլորտում որոշումների պատրաստումն ու ընդունումը շարունակում է մնալ խիստ սահմանափակ թվով մարդկանց մենաշնորհը։ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը կարող է ամեն օր տասնյակ գրառումներ կատարել սոցիալական ցանցերում, սակայն 2020թ. հունվարի 3-ին Իրաքում իրականացված հատուկ գործողության նպատակահարմարության հարցը չի որոշվել թվային աշխարհում հարցման, քվեարկության կամ հավանության միջոցով։

Մյուս կողմից, արտաքին քաղաքական ցանկացած որոշում ընդունվում է որոշակի տեղեկույթի և դրա հիման վրա իրականացված վերլուծությունների հաշվառմամբ։ Այս առումով խոշոր պետություններն ունեն ակնհայտ առավելություն, քանի որ նրանց որոշումներն ընդունվում են մեծածավալ փակ տեղեկույթի մշակման հիման վրա, որ ստացվում է մարդկային և տեխնիկական միջոցներով իրականացվող հետախուզական գործունեության և գործակալական լայն ցանցի կիրառման միջոցով։ Այս դեպքում համացանցում առկա տեղեկատվական մեծածավալ «աղբը» էական ազդեցություն չի ունենում ընդունվող որոշումների վրա։ Մինչդեռ փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի դեպքում, որոնք չունեն արտաքին հետախուզական միջոցներ և գործակալական լայն ցանց կիրառելու կարողություն, արտաքին քաղաքական կարևոր որոշումները հիմնականում ընդունվում են տեղի և օտարերկրյա փորձագետների գնահատումների հաշվառմամբ։ Այս առումով թվային տիրույթում ամեն օր գեներացվող հսկայածավալ տեղեկույթը տեղեկատվական խառնաշփոթ է ստեղծում և դժվարացնում որակյալ որոշումների ընդունման գործընթացը։

Հասկանալի է նաև, որ պետությունը չի կարող ո՛չ սահմանափակել ինտերնետ հասանելիությունը, ո՛չ էլ արգելել սոցիալական ցանցերում սեփական վերլուծություններն ու գնահատումները տեղադրելու քաղաքացիների իրավունքը։

Ուղեղային կենտրոն ունենալու հրամայականը

Այս իրավիճակում առավել հաճախ կիրառվող տարբերակներից մեկը պետության ղեկավարի աշխատակազմին առընթեր «ուղեղային կենտրոնի» ձևավորումն է։ Սակայն հաջող գործելու համար այն պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։

Նախ, տվյալ կենտրոնի վերլուծաբանները պետք է սահմանափակեն սեփական գնահատումների տեղադրումը սոցիալական ցանցերի անձնական հաշիվներում կամ տարատեսակ լրատվական կայքերում, հակառակ պարագայում նրանց և մյուսների տարբերությունը կլինի միայն այն հանգամանքը, որ ուրիշներն այդ վերլուծություններն իրականացնում են որպես հոբբի կամ դրա դիմաց եկամուտներ ստանում դրամաշնորհներից և այլ մասնավոր աղբյուրներից, իսկ պետական «ուղեղային կենտրոնի» աշխատակիցները նույն գործունեության համար ֆինանսավորվում են պետբյուջեից։

Երկրորդ կարևոր հանգամանքը այդ կենտրոնի համար պետական հաստատությունների ներսում շրջանառվող տեղեկույթի հասանելիությունն է, օրինակ՝ տարբեր գերատեսչությունների ղեկավար կազմի՝ արտերկիր կատարած այցելությունների արդյունքներով պատրաստվող թե՛ գերատեսչական, թե՛ դեսպանների հաշվետվությունների տրամադրումը։

Երրորդ, էական նշանակություն ունի արտաքին քաղաքականության և անվտանգությամբ զբաղվող համապատասխան կառույցների ղեկավար կազմի հետ (առնվազն վարչությունների պետերի մակարդակով) պարբերական հանդիպումների կազմակերպումը։

Վերջապես, ամենակարևորը համապատասխան կադրերի ընտրությունն է։ Նմանատիպ կենտրոններում չպետք է աշխատեն առանձին վերցրած պետության նեղ մասնագետներ, որոնք մանրամասն տեղյակ են տվյալ պետության պատմությանը, էթնիկ և ցեղային կազմին, սակայն մակերեսային պատկերացում ունեն Հարավային Կովկասում ներգրավված ուժային այլ կենտրոնների շահերի և արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունների մասին։

Նպատակահարմար է ունենալ տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր հիմնական խաղացողների արտաքին քաղաքական և տնտեսական հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ բավարար (ոչ մակերեսային) գիտելիքներ ունեցող վերլուծաբանների փոքր խումբ, որն ի վիճակի կլինի առնվազն շաբաթական կտրվածքով պետության ռազմաքաղաքական ղեկավարությանը տրամադրել ռազմավարական խորհրդատվություն՝ առկա հնարավորությունների, ռիսկերի և դրանց չեզոքացման հնարավորությունների վերաբերյալ։
Բենիամին Պողոսյան

Yorumlar