Türkiye’nin Şam’a tanıdığı süre bitti

Стамбульская триада: почему Путин, Алиев и Эрдоган были вместе на Всемирном энергетическом конгрессе

Son dakika… Rusya’da Hükümet istifa ediyor

Nazim Cafersoy: Karadeniz’de Rusya-ABD rekabeti ve Türkiye

«Իրանական կողմը հասկանում է, որ չեզոքության քաղաքականության պատճառով զգալիորեն զիջում է իր ազդեցությունը Կովկասում»

İran 16 Nisan 2021
14

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը

-Տիկին Իսկանդարյան, իրանական լրատվամիջոցները Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած պայթյունի եւ միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության միջեւ կապ են տեսել՝ նշելով, որ նույն ահաբեկչական ձեռագիրն է։ Ոչ պաշտոնական վարկածներով՝ երկու դեպքում էլ Իսրայելն է կանգնած այդ դեպքերի հետեւում։ Արդյոք Իրանի տարածքում տեղի ունեցող այս հատուկ գործողությունները նոր փուլ են մտցնում Իրան-Իսրայել լարված հարաբերությունները։ Պե՞տք է սպասել նոր նմանատիպ ակտեր, եւ ինչո՞վ կպատասխանի Իրանը սրան։

-Իրականում նմանատիպ գործողություններ էլի են գրանցվել Իրանում թե՛ հայտնի ֆիզիկոսների սպանության տեսքով, թե՛ միջուկային օբյեկտների խափանման փորձով։ Հիշեցնեմ, որ 2010 թ․ սեպտեմբերին Իրանում արդյունաբերական օբյեկտների շուրջ 30 հազար համակարգիչներ վարակվեցին «Stuxnet» վիրուսով։ Դա պատճառ դարձավ Նաթանզում ուրան հարստացնող 1,3 հազար ցենտրիֆուգների խափանման։ Եվ սա խիստ վնասեց նաեւ Բուշեհրի ատոմակայանի գործարկմանը։ Մի շարք մասնագետների կարծիքով՝ այդ կիբեռհարձակման պատճառով ոչ միայն հետաձգվեց Բուշեհրի գործարկումը, այլեւ երկու տարով հետ գցեց Իրանի միջուկային ողջ ծրագիրը։ Իրանի իշխանությունները այս գործողության հետեւում տեսնում էին թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Իսրայելի ձեռագիրը։ Ուշագրավ է, որ 2010-2012 թթ. ընթացքում Իրանում սպանվեցին 4 հայտնի ֆիզիկոսներ՝ Մասուդ Ալիմոհամադի, Մաջիդ Շահրիարի, Դարիուշ Ռեզաեինեջադ եւ Մոստաֆա Ահմադի Ռոշան, իսկ Ֆերեյդոն Աբբասին վիրավորվեց սպանության փորձի ժամանակ։ 2020-ի նոյեմբերին սպանվեց Մոհսեն Ֆահրիզադեն, ում նկատմամբ եւս ժամանակին մահափորձ էր կատարվել։ Իրանը այս բոլոր սպանությունների հետեւում տեսնում է «ամերիկյան ձեռքի իսրայելական ձեռագիրը»։

Այո՛, Իրանը հայտարարել է, որ Իսրայելը պատասխան է տալու իր գործողությունների համար թե՛ ֆիզիկոսի սպանության, թե՛ իրանական միջուկային ծրագիրը խափանմանւ փորձերի համար։ Բայց սա եւս նորություն չէ։ Շուրջ 40 տարի է՝ խիստ լարված ռեժիմով տարատեսակ ռազմական գործողություններ են ընթանում Իրանի եւ Իսրայելի միջեւ։ Ընդ որում՝ դրանք ընթանում են թե՛ հատուկ ծառայությունների մակարդակով, թե՛ ռազմական գործողությունների տեսքով եւ թե՛ համաշխարհային մամուլում «փոխհրաձգությամբ»։

-Իրանը հայտարարել է, որ միջուկային ծրագրում կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը, եթե ԱՄՆ-ն չեղարկի իր պատժամիջոցները։ Հատկապես այս վերջին դեպքից հետո պե՞տք է սպասել որեւէ դրական տեղաշարժ։

-Իրականում այս հարցում Իրանը խիստ սկզբունքային է եւ, կարծում եմ, իրավական առումով նա իրավացի է։ 2015 թ․ Վիեննայում կնքած 5+1+1 ձեւաչափով որոշվել էին խաղի կաննոները, ըստ որոնց՝ Իրանը դադարեցնում էր 20 % ուրանի հարստացումը, հրաժարվում էր արդեն իր կողմից հարստացված ուրանի մեծ չափաբաժնից, որի փոխարեն Միացյալ Նահանգները եւ Անվտանգության խորհրդի մյուս անդամները խոստանում էին դադարեցնել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից իրականացված որոշ պատժամիջոցներ: Միեւնույն ժամանակ Բարաք Օբաման Իրանին հետ վերադարձրեց դեռեւս շահ Մոհամեդ Ռեզա Փահլավիի կողմից ռազմական տեխնիկա գնելու համար ԱՄՆ-ին տրված կանխավճարը եւ դրա տոկոսները, ինչը կազմեց 1,7 մլրդ դոլար։ Սակայն նոր նախագահ Դոնալդ Թրամը 2018 թ․ մայիսին հայտարարեց գործարքից դուրս գալու եւ Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ իրականացնելու մասին։ Ստացվում է, որ Իրանը մի կողմից պետք է հավատարիմ մնար Վիեննայում ձեռք բերված պարտավորություններին, մյուս կողմից՝ ենթարկվեր Միացյալ Նահանգների տնտեսական ամենածանր պատժամիջոցներին։

Միեւնույն ժամանակ պետք է փաստենք, որ ԱՄՆ-ի այսօրվա նախագահը խիստ քննադատության էր ենթարկում Թրամփի գործելաոճը եւ խոստանում, որ ընտրվելու դեպքում հետ է վերադառնալու համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին։ Այս պահին գնդակն ամերիկյան դաշտում է, եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը պետք է որոշի՝ հավատարի՞մ է մնում իր նախընտրական խոստումներին, թե՞, այնուամենայնիվ, Թրամփի իրականացրած կտրուկ քայլերը այսօր եւս ձեռնտու են Միացյալ Նահանգների նոր իշխանություններին։

-Մի կողմից՝ տեսնում ենք, որ Թուրքիան է ԼՂ հակամարտության միջոցով մտել ու իր փոքր եղբոր միջոցով աստիճանաբար հաստատվում տարածաշրջանում: Մյուս կողմից՝ Իսրայելն է ամերիկյան աջակցությամբ շարունակաբար փորձում վնասել կամ ցավեցնել Իրանին հենց նրա տարածքում: Այդ երկուսն էլ, բնականաբար, հետապնդում են իրենց աշխարհաքաղաքական շահերը։ Ընդ որում՝ Իսրայելը նաեւ Ադրբեջանի գլխավոր ռազմական գործընկերներից է, ու այդ ֆոնին բազմաթիվ են եղել փորձագիտական կարծիքները, որ Ադրբեջանը կարող է հարթակ ծառայել Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար: Թուրքիայի ու Իսրայելի ռազմական ներկայությունը իր հյուսիսային սահմանների անմիջական հարեւանությամբ ինչպիսի՞ մտահոգություններ է ստեղծել Իրանում, արդյոք նրա կողմից Թուրքիան եւ Իսրայելը դիտվում են որպես ապակայունացնող գործոն մեր տարածաշրջանում:

-2016 թ․ դեկտեմբերին, երբ Իսրայելի վարչապես Նաթանյահուն գտնվում էր Բաքվում, մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրեցին մի տեղեկատվություն, ըստ որի՝ Իսրայելը շուրջ 5 մլրդ դոլարի զենք եւ զինամթերք է մատակարարել Ադրբեջանին։ Սա մտահոգում էր, բնականաբար, առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը, այնուհետեւ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությանը, քանզի, ինչպես բազմիցս նշել եմ իմ հարցազրույցների ժամանակ, այդ գումարի շրջանակում ձեռք էին բերվել նաեւ հետախուզական ԱԹՍ-ներ, որոնք ոչ միայն ուսումնասիրություններ էին կատարում Արցախի տարածքներում, այլ նաեւ շատ հաճախ հետախուզություններ էին իրականացնում Իրանի հյուսիսային սահմանների մոտակայքում։ Արցախյան պատերազմի ընթացքում եւս գրանցվեցին նմանատիպ փաստեր, երբ Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության ԱԹՍ-ները փորձեցին հատել Իրանի օդային տարածքը, սակայն իրանական ՀՕՊ-ն արագ արձագանքեց, եւ երեք ԱԹՍ ոչնչացվեց։

Իրանը միշտ էլ չափազանց կասկածանքով է վերաբերվել Ադրբեջանի գործողություններին, սակայն առկա տնտեսական շահերը, ինչպես նաեւ Իրանում ապրող թյուրքախոս զանգվածի առկայությունն ու Կովկասում իր ազդեցությունը պահելու հեռանկարը ստիպել են Իրանին Ադրբեջանի հետ իրականացնել բազմաշերտ քաղաքականություն։ Մյուս կողմից՝ Թուրքիայի չափազանց ակտիվությունը տարածաշրջանում, բնականաբար, երկրորդ պլան է մղում Իրանին, ինչի հետ եւս Իրանը չի կարող հաշտվել։ Այսպիսով՝ Իրանը, սիրաշահելով Թուրքիային եւ Ադրբեջանին, փորձում է իր տեղն ապահովել հետագա քաղաքական զարգացումներում՝ թեպետ քաջ գիտակցելով, որ թուրք-ադրբեջանական նոր քաղաքականության մեջ Իրանի համար արժանապատիվ որեւէ տեղ չի հատկացվելու։

-Նախորդ ամիս Իրանը եւ Չինաստանը ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիր։ Մասնավորապես, խոսվում է էներգետիկ ոլորտում համագործակցության, Իրանի տնտեսությունում չինական ներդրումների մասին։ Ինչո՞ւ է Չինաստանին սկսել հետաքրքրել մեր հարավային հարեւանը։ Ի՞նչ դեր ունի Իրանը Չինաստանի համար այսօր։ Արդյոք երկու կողմերի հակաամերիկյան դիրքորոշումը դեր խաղում է նրանց մերձեցման գործում։

-Չինաստանը Իրանով առավել շուտ է սկսել հետաքրքրվել։ 1971 թ․ հաստատվեցին Իրանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները, բայց, ըստ էության, այդ հարաբերությունները նշանակալիորեն խորացան Իսլամական հեղափոխությունից հետո, երբ Իրանն ակնհայտորեն հակաամերիկյան քաղաքականություն որդեգրեց։ 1985 թ. Իրան-իրաքյան պատերազմի ամենալարված շրջանում Պեկին այցելեց ԻԻՀ մեջլիսի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, որը Չինաստանի ղեկավարության հետ կնքեց պայմանագրեր հրթիռային տեխնոլոգիաներ ձեռք բերելու վերաբերյալ: 1989 թ. մայիսին, այն ժամանակվա նախագահ (այժմ՝ գերագույն առաջնորդ) Ալի Խամենեին այցելեց Չինաստան՝ ամրապնդելու Չինաստան-Իրան պաշտպանական եւ քաղաքական հարաբերությունները: Իրանը Չինաստանից զենք ու տեխնոլոգիաներ էր գնում՝ դրանով իսկ փորձելով դիմադրել ԱՄՆ-ի ճնշումներին։ 1992 թ․ երկու երկրների միջեւ կնքվեց համաձայնագիր միջուկային էներգիայի ոլորտում համագործակցություն հաստատելու վերաբերյալ: Իրականում Իրան-Չինաստան հարաբերություններն ակտիվացան՝ ի հեճուկս Իրան-ԱՄՆ հարաբերությունների բացակայության։ Իրանից ԱՄՆ-ի հեռանալուց հետո առաջացած վակուումը մեծ հաջողությամբ լցրեց եւ այսօր էլ իր ներկայությամբ լցնում է ՉԺՀ-ն։ Չինաստանի եւ Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցների միջոցով Իրանն այսօր ինտեգրվում է համաշխարհային ծրագրերին, Իրանը սերտ համագործակցություն ունի Շանհայի համագործակցության կազմակերպության հետ, ԵԱՏՄ-ին անդամագրման հայտ ներկայացրեց եւ, ինչպես նշվեց, նաեւ Չինաստանի հետ կնքեց 25 տարվա համագործակցության ծրագիր։

Պետք է փաստել, որ Միացյալ Նահանգներն իր կոշտ քաղաքականությամբ իրականում նպաստում է Եվրասիա մայրցամաքում հզոր դաշինքի ձեւավորմանը՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ նրանց աջակցող երկրների մասնակցությամբ: Չինաստանն այն հազվագյուտ երկրներից է, որը պաշտպանում է Իրանի միջուկային ծրագիրը եւ գտնում է, որ Իրանն իրավունք ունի հարստացնելու ուրան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լուրջ վերահսկողության ներքո։ Սա էլ, թերեւս, Չինաստանի զիջումն է Իրանին եւ դրանով Իրանին կախվածության մեջ պահելու իրական գրավականներից մեկը։ Ե՛վ Չինաստանը, եւ՛ Իրանն ԱՄՆ-ի ներկայությունը Միջին եւ Հեռավոր Արեւելքում ընկալում են որպես իրենց ազգային անվտանգության սպառնալիք, եւ սա հիմնական կռվանն է Չինաստանի եւ Իրանի համագործակցության համար՝ նպատակ հետապնդելով թուլացնել, իսկ ապագայում ընդհանրապես դուրս թողնել Միացյալ Նահանգներին Եվրասիա մայրցամաքի գոնե ասիական հատվածից։

-Ապրիլի 12-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։ Սա սովորակա՞ն օրակարգ է, թե՞ Իրանը փորձում է երկկողմ համագործակցության ամրապնդմամբ հող նախապատրաստել թուրքական հնարավոր էքսպանսիային դիմակայելու համար։

-Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի միջեւ առկա է համագործակցություն օրակարգ։ Սակայն, կարծում եմ, Արցախյան վերջին պատերազմից հետո իրանական կողմը հստակ գիտակցում է այն ողջ սպառնալիքը, որ կախվել է ընդհանրապես տարածաշրջանի գլխին։ Իրանական կողմը հասկանում է նաեւ, որ իր որդեգրած չեզոքության քաղաքականության պատճառով նա այսօր զգալիորեն զիջում է իր ազդեցությունը Կովկասում, եւ փորձ է արվում այն լցնել թուրքական ներկայությամբ։ Որքան էլ որ պատերազմի ընթացքում Իրանը ջանաց առանց լուրջ ներգրավման, այնուամենայնիվ, մնալ խնդրի նկատմամբ խիստ հետաքրքրություն ունեցող կողմ, նրա դերակատարութունը երկրորդայնացվեց։ Այսօր Իրանը ջանքեր է գործադրում հնարավորինս շտկել իրավիճակը։

Աբբաս Բադախշան Զոհուրին 2020 թ․ հուլիսի 29-ին այցելել էր ՊՆ՝ հանդիպելով նախարար Դավիթ Տոնոյանին։ Ըստ պաշտոնական լրահոսի՝ 2021 թ․ ապրիլի 12-ին դեպանը հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, որի ժամանակ քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Պետք է փաստենք նաեւ, որ Իրանի պետական խողովակները թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո հստակ ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», որոնցից անդին նրանք կմիջամտեն խնդրին անմիջականորեն. դա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է։ Իրանի համար խիստ զգայուն թեմա են Սյունիքով անցնող ճանապարհային միջանցքը եւ այն հաղորդակցման միջոցները, որոնք ապագայում հնարավոր է ստեղծվեն։

-Իրանի համար խիստ կարեւոր հայ-իրանական սահմանի ու դրանով ապոհովվող հայկական միջանցքի նշանակությունը, թերեւս, առավել ընդգծվում է Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարության ֆոնին: Վերջինս մարտին հայտարարեց, որ իր երկիրը ծրագրում է Հնդկական օվկիանոսից դեպի Ֆինլանդիա միջանցք բացել Իրանի ու Հայաստանի տարածքով։ Հասկանալի է, որ այստեղ մեծ դեր ունի Քաշմիրի խնդիրը եւ Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի բարեկամությունն Ադրբեջանի հետ։ Որքանո՞վ եք իրատեսական համարում Հնդկաստան-Իրան-Հայաստան-Եվրոպա այդ ծրագրի իրականացումը, եւ արդյոք այն կարող է լուրջ տնտեսական տեղաշարժերի հանգեցնել մեր տարածաշրջանում։ Նկատի ունեմ, մասնավորապես, փակ սահմաններ ունեցող Հայաստանին եւ արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանին:

-Իրականում ծրագիրը բավական ամբիցիոզ է, եւ Հայաստանի համար խիստ կարեւոր կլինի դրա իրականացումը։ Ակնհայտ է, որ այն առավելապես լինելու է քաղաքական ծրագիր։

Հստակ երեւում է, որ տարածաշրջանում ձեւավորվում են առանցքներ, որոնք փորձելու են միավորվելով դիմագրավել արդեն հաջող գործող առանցքներին։ Հայաստանն այստեղ եւս անելիք ունի, չպետք է մնա դիտորդի կարգավիճակում, պետք է հանդես գա նախաձեռնություններով եւ, հենվելով իր պետական շահերից, համագործակցի այն առանցքի հետ, որը չի հանդուրժելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ որեւէ ոտնձգություն, ինչպես նաեւ ապահովելու է տարածաշրջանում ուժերի բալանսավորումը։

Yorumlar