Չնայած որ Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են, Թուրքիայի Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայը, այնուամենայնիվ, անհնար է համարում երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական վերականգնումը:
Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ Թուրքիան և Ռուսաստանը պատերազմի շեմին էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:
«Փաստացի, Սու-24-ի խոցվելուց հետո շատ խաղացողներ ցանկանում էին, որ Թուրքիան և Ռուսաստանը պատերազմեն միմյանց դեմ, բայց երբ ինքնաթիռը խոցվեց, բոլորը երկրները շոկի ենթարկվեցին: Այնուամենայնիվ, Թուրքիան և Ռուսաստանը կարողացան հաղթահարել ճգնաժամը հաջողությամբ: Դրա հետևանքով էլ Թուրքիան հեռացավ Արևմուտքից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Սոչիում, որի ժամանակ քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները, տնտեսական ու քաղաքական մի շարք հարցեր:
Հասան Օքթայը նկատեց, որ ինքնաթիռի խոցվելուց հետո բավականին մտերմացան նաև Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները, և ստեղծվեց Թուրքիա-Իսրայել-Ռուսաստան մտերմական շղթան: «Ի վերջո, արևմտյան խաղացողները հուլիսի 15-ին իրականացրեցին հեղաշրջման փորձը Թուրքիայում: Դրանից հետո, երբ ռազմական ապստամբություն եղավ, Թուրքիան հասկացավ, որ դա իրականացվել է արևմտյան խաղացողների և ԱՄՆ-ի կողմից ստեղծած նպաստավոր պայմանների արդյունքում: Այս ամենի հետևանքով է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև մտերմություն սկսվեց: Եթե արևմտյան երկրները և ԱՄՆ-ն շարունակեն իրենց նույն քաղաքականությունը և պնդեն իրենց վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ավելի կբարելավվեն»,- ասաց նա:
Արևմուտքը, ըստ Հասան Օքթայի, Թուրքիային և Հայաստանին նույն կերպ է ընկալում: «Ուկրաինական ճգնաժամի ժամանակ Արևմուտքը փորձում էր իր համար Ռուսաստանին այլընտրանք գտնել: Թուրքիան այս գործընթացում մասամբ էր ներառված»,- ասաց նա՝ հավելելով,- այսպիսով Հայաստանը Ռուսաստանի կողքը պետք է լիներ: Եվ եթե Հայաստանը ցանկանում է կայուն տնտեսական և քաղաքական համակարգ, պետք է ընտրի Ռուսաստանի և Թուրքիայի հետ մտերմանալու ուղին»:
Թուրքիայի նախագահը Պուտինի հետ հանդիպումից առաջ հայտարարություններ էր արել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, մասնավորապես, ասելով, որ եթե Պուտինը ավելի ակտիվացնի իր ջանքերը հիմնախնդրի կարգավորման գործընթացում, հիմնախնդիրն ավելի շուտ կլուծվի: Սրա հետ կապված թուրք վերլուծաբանը նշեց, որ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը իրականացնում են ռազմավարական քայլեր հիմնախնդրի լուծումն առաջ տանելու ուղղությամբ:
«Հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտությունը խնդիր է ավելի շատ Թուրքիայի և Ադրբեջանի համար, քան Հայաստանի և Ադրբեջանի: Այսպիսով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մտերմացումը կարող է իր ազդեցությունն ունենալ ԼՂ հիմնախնդրի լուծման վրա: Թուրքիան կարող է պահանջել Ռուսաստանից հատուկ վերաբերմունք ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում, և այդպիսով Ղարաբաղը կարող է կարգավորման լուծման գործընթացի անցնել: Արդյունքում Հայաստանին կտրվի հնարավորություն միանալու տարածաշրջանային դաշնություններին: Եթե ԼՂ հիմնախնդիրը լուծվի, Հայաստանը կարող է դրանից շատ օգուտներ քաղել: Այնուամենայնիվ, եթե Հայաստանը չլինի հիմնախնդրի լուծման գործընթացին մասնակից, ռուս-թուրքական հարաբերությունների լավացման արդյունքում Թուրքիան ավելի «կսեղմի» Ռուսաստանին, որ պաշտպանվեն Ադրբեջանի շահերը, և Հայաստանը կկորցնի շատ բան»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան
http://www.tert.am/am/news/2017/11/14/Hasan-Oktay/2538699