Ռոման Բաղդասարյան: Զանգեզուրի միջանցքը հնարավոր չէ
Վերջին մեկ ամսում օր օրի ավելանում են հարցերը, որոնց պատասխանները չկան։
Կարևոր է հասկանալ մեկ պարզ ճշմարտություն․ եթե երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, Վաշինգտոնում արդեն ամեն ինչի շուրջ ձեռք են բերել պայմանավորվածություններ, և կա ճանապարհ Սյունիքի տարածքով, որը կոչվում է «Թրամփի ուղղի», ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահը միտումնավոր սադրում բոլորին՝ անվանելով այն Զանգեզուրի միջանցք։
Հայաստանում նման անվանումով միջանցք գոյություն չունի։
Իլհամ Ալիևի բոլոր այս հայտարարությունները տխուր իրողություն են, որոնք ոչ միայն խաթարում են հաշտեցման գործընթացը, այլև նոր առիթ են ստեղծում սադրանքների համար։
Անձամբ ինձ համար անհասկանալի է, թե ինչու է դա անում Ալիևը։ Ես չեմ ցանկանա մտածել, որ Ադրբեջանի իշխանություններին մշտապես անհրաժեշտ է ներքին օրակարգ, և հակահայկական թեման նրանց համար հարմար գործիք է։
Եթե Ալիևն իսկապես խոսում է խաղաղության մասին և ցանկանում է տարածաշրջանում փոխադարձ հարգանքի մթնոլորտ ստեղծել, ապա ինչու՞ է իր հայտարարություններում օգտագործում այն բառամթերքը, որով հանդես էր գալիս վերջին 22 տարիների ընթացքում։
Հակահայկական հռետորաբանությունը ոչ մի ընդհանրություն չունի նրա Վաշինգտոնում ասածների հետ։
Անհրաժեշտ է հասկանալ մի պարզ բան․ Ալիևը շատ լավ գիտի, որ «Զանգեզուրի միջանցք» եզրույթը անընդունելի է, բայց այնուամենայնիվ շարունակում է կիրառել այդ ձևակերպումը։
Սա նշանակում է, որ դա արվում է միտումնավոր, և դա անժխտելի փաստ է։
Վերջին հինգ տարիներին Հայաստանը և Ադրբեջանը հսկայական ճանապարհ են անցել խաղաղության ուղղությամբ, և մենք բոլորս գիտենք՝ որքան դժվար է եղել պայմանավորվել յուրաքանչյուր կետի շուրջ։
Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը կարծես ամբողջությամբ չի գիտակցում իրավիճակի փխրունությունը և հավանաբար ներքին լսարանի առաջ միավորներ հավաքելու նպատակով ձեռնարկում է քայլեր, որոնք ոչ մի օգուտ չեն բերում։
Կրկնում եմ իմ ընթերցողներին ու դիտողներին․ այս ամենը առաջացնում է ափսոսանք և նույնիսկ հիասթափություն, որը հուսով եմ՝ չի խորանա նման հռետորաբանության շարունակության հետևանքով։
Կրկին նշեմ, ինձ հստակ հասկանալի չէ և անհայտ է Ալիևի նման հայտարարությունների իրական պատճառը, սակայն կցանկանայի հավատալ, որ հարևան երկրում իսկապես ցանկանում են փոխել իրավիճակը և կառուցել խաղաղություն՝ հիմք ընդունելով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ժամանակը չի աշխատում Հայաստանի և Ադրբեջանի օգտին, այն աշխատում է սադրիչների և բոլոր նրանց օգտին, ովքեր չեն ուզում խաղաղություն այս տարածաշրջանում։
Մեզ խաղաղություն չեն ցանկանում նաև հարևան երկրները՝ անկախ այն բանից, թե ինչ են ասում այդ երկրների պաշտոնյաները։
Հայաստանի տարածքով ճանապարհների բացումը որոշ չափով նշանակում է բեռնահոսքերի վերաձևում, ինչը չի դուր գալիս նրանց, ովքեր վախենում են կորցնել իրենց եկամուտները։
Սոցիալական ցանցերը լցված են Ռուսաստանից, Իսրայելից, Իրանից, Վրաստանից և Թուրքիայից գործող բոտերով ու կեղծ էջերով։
Այս բոտերը յուղ են լցնում կրակի վրա և փորձում են պայթեցնել փխրուն խաղաղությունը։
Արդյո՞ք արժե Ադրբեջանի նախագահին աջակցել բոլոր նրանց, ովքեր ուզում են պահպանել պատերազմի օրակարգը։
Հուսով եմ՝ Իլհամ Ալիևը լիովին գիտակցում է այս բոլոր խնդիրներն ու երրորդ ուժերի սադրանքների մակարդակը։
Ալիևը բազմիցս ասել է, որ պայմանավորվել պետք է երկու երկրների միջև, և դա արդեն տեղի է ունեցել։
Ուրեմն եկեք այլ երկրներին չուրախացնենք՝ բավարարելով նրանց ցանկությունները, այլ կառուցենք խաղաղություն խաղաղասեր հայտարարություններով։
Ռոման Բաղդասարյան
Share this content:
Yorum gönder