KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Մոսկվան ընդամենը մատ է թափ տալիս

Մոսկվան ընդամենը մատ է թափ տալիս

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
493 0

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը` ռուս-բելառուսական կսմիթների մասին: – «Հանուն Բելառուսի անկախության կարելի է ապրել եւ առանց ռուսական նավթի, չնայած որ դժվար կլինի»,- երեկ հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Մինչեւ ո՞ւր կարող է զարգանալ Մոսկվայի եւ Բելառուսի հարաբերություններում վերջին շրջանի լարվածությունը, ինչն արդեն բավական հրապարակային բնույթ է ստանում: Թեեւ Ալեքսանդր Լուկաշենկոն լիակատար հորինվածք է որակում Բելառուսի` ԵԱՏՄ-ն լքելու մասին լուրերը, բայց այս հակամարտությունը կարո՞ղ է նման արդյունքի հանգեցնել: – Ես կարծում եմ, որ մի փոքր չափազանցված են նման կանխատեսումները: Այստեղ ավելի շատ սպեկուլյատիվ մոտեցում կա: Շատերի համար, իհարկե, հարց է` արդյոք կենսունա՞կ են ԵԱՏՄ-ն կամ ՀԱՊԿ-ը, բայց այս պարագայում, կարծում եմ, պետք է ճիշտ տեսանկյունից հարցին նայենք եւ տեսնենք, որ ՌԴ-ի ու Բելառուսի միջեւ նման խնդիրներ հաճախ են առաջանում: Այլ հարց է, որ այս դեպքում ՌԴ-ն փորձում է միակողմանիորեն վերականգնել վերահսկողությունը ՌԴ-ի եւ Բելառուսի սահմանին` երրորդ պետությունների երկրների քաղաքացիների համար: Այստեղ հարցեր կան նաեւ գազային, նավթային ու մի շարք այլ պայմանավորվածությունների հետ կապված եւ նաեւ նրա, որ փետրվարի երկրորդ կեսին Բելառուսը պատրաստվում է բացել իր սահմանը 80 երկրների քաղաքացիների համար: ՌԴ-ում դա մտահոգությունների տեղիք է տվել այն առումով, որ այդ մարդիկ կարող են հանգիստ տեղափոխվել ՌԴ` առանց որեւէ վերահսկողության: Բայց կոնկրետ վերոնշյալ որոշումը չեմ կարծում, որ հիմք է դնելու Բելառուսի` ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար: Մանավանդ, որ ռուսական կամ բելառուսական կողմերից նման հաստատումներ, պնդումներ չեն եղել: Հարցի քաղաքական ենթատեքստը հետեւյալն է` ՌԴ-ն տեսնում է, որ Բելառուսը փորձում է հարթել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, շարունակում է լավ հարաբերություններ պահպանել Ուկրաինայի հետ: Դա խնդրահարույց է ՌԴ-ի համար: ԵՄ-ն մի շարք պատժամիջոցներ Բելառուսի հանդեպ գրեթե վերացրել է: ԵՄ-ի համար, այսպես ասած, «սեւ ցուցակում» գտնվող շատ մարդիկ դուրս են եկել այդ ցուցակներից: Այսպիսով, ՌԴ-ն թերեւս փորձում է հասկացնել Բելառուսին, որ «շատ չթպրտա», աջ ու ձախ քայլեր չանի: – Ի՞նչն է հիմա փոխվել, որ եվրոպական երկրների եւ նրանց ղեկավարների նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեցող Ալեքսանդր Լուկաշենկոն սկսեց սիրախաղերի մեջ մտնել այդ մարդկանց հետ, կամ ԵՄ-ում ինչո՞ւ որոշեցին սիրաշահել Լուկաշենկոյին: – Բելառուսի նախագահը՝ շատ լավ գիտակցելով, որ ինքը կարող է հայտնվել ՌԴ-ի հետ մի սենյակում միայնակ, եւ այդ սենյակում, վստահաբար, իրեն այդքան էլ լավ անակնկալներ չեն սպասվում, փորձում է բազմազանեցնել հարաբերությունները եւ եվրոպական կողմի պահանջներին մի փոքր ընդառաջ գնալ: Այսինքն՝ ազատ արձակել ընդդիմադիրներին, հնարավորություն տալ ընդդիմադիր թեկնածուներին մասնակցելու ընտրություններին, չհետապնդել այն լրագրողներին կամ հասարակական-քաղաքական գործիչներին, ովքեր կարող են քննադատաբար խոսել Լուկաշենկոյի եւ նրա ռեժիմի մասին: Այդ պահանջները մասամբ կամ գուցե ավելին կատարվել են. վերջին ընտրությունների ժամանակ ընդդիմադիրների մասնակցություն կար, լրագրողների նկատմամբ բռնություններն իսկապես թուլացել են, շատ հետապնդվողներ բանտերից ազատվել են, իհարկե, շատերն էլ լքել են Բելառուսը` վախենալով, որ կրկին կարող են հայտնվել ճաղերի ետեւում: Բայց ԵՄ-ի համար գոնե տեսանելի քայլեր արվել են: Բելառուսի նախագահը փորձում է սիրաշահել: Իհարկե, եվրոպացիներն էլ հեշտ խաբվող չեն, ու իրենք էլ հասկացան, որ հատկապես ուկրաինական ճգնաժամի ֆոնին դժվար կլիներ ունենալ մի երկիր, որը միջնորդ է ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ, եւ որի հետ ԵՄ-ն շատ վատ հարաբերություններ ուներ: Այսինքն՝ Բելառուսի` իբրեւ միջնորդի քայլերը եւս շատ գնահատվեցին ԵՄ-ի կողմից: Բելառուսի նախագահն էլ, բնականաբար, օգտվեց սրանից ինչ-ինչ տնտեսական հարցեր լուծելու համար, ինչն էլ դուր չեկավ ՌԴ-ին: – Բելառուսում հավանակա՞ն են ուկրաինական սցենարի զարգացումները: – Ես դրա հավանականությունն ընդհանրապես շատ ցածր եմ համարում: Բելառուսը լուրջ ավտորիտար համակարգ ունի, այնտեղ չկա կայացած քաղաքացիական հասարակություն, լայն իմաստով նաեւ ազատ մամուլ, ամեն ինչը վերահսկողության տակ է, եւ Լուկաշենկոն փորձում է քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը փոխհատուցել սոցիալական քիչ թե շատ ընդունելի պայմաններով: Բելառուսում գրեթե գործազրկություն չկա, անվճար կրթություն, անվճար առողջապահություն են մարդիկ ստանում: Բացի այդ, նաեւ ՌԴ-ի ու Բելառուսի միջեւ ձեւավորված քաղաքական իրավիճակում ես գրեթե զրոյական եմ համարում նման հավանականությունը: Զրույցը

` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/02/06/852813/

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir