KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Այն, ինչ չստացվեց Հայաստանի հետ, համաձայնեցրին Բաքուն, Թեհրանն ու Աշխաբադը

Այն, ինչ չստացվեց Հայաստանի հետ, համաձայնեցրին Բաքուն, Թեհրանն ու Աշխաբադը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
403 0

Ադրբեջանցիները բավականին բուռն տարփողում են Իրանի հետ ձեռք բերված գազային համաձայնությունը, ըստ որի Թեհրանը սվոփ՝ այսինքն փոխանակման տարբերակով կտարանցի թուրքմենական գազը դեպի Ադրբեջան: Անկասկած է, որ այդ պայմանավորվածության տողատակում նաև Եվրոպա գազամատակարարման առաջարկն է: Իսկ Եվրոպայի համար գազն այսօր ունի «հացի գին», եթե ոչ ավելի թանկ: Իրան-Ադրբեջան-Թուրքմենիա համաձայնությունը անմիջապես հաջորդում է Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը: Նախորդ երկու հոդվածներում մանրամասն անդրադարձել եմ այդ համադրությանը և հակադրությանը, ըստ այդմ ներկայումս չարժե ավելորդ ծավալվել: Արձանագրենք միայն, որ Սոչիում ՌԴ նախագահ Պուտինը բավականին թափանցիկ ակնարկով հիշեցնում էր Ռուսաստանի հովանու ներքո միասնական պատմության մասին՝ Հայաստանին ու առաջին հերթին թերևս Ադրբեջանին, և ահա անմիջապես հետո ստացվում է Իրանի հետ նախկին խորհրդային երկու հանրապետությունների՝ Ադրբեջանի և Թուրքմենիայի պայմանավորվածությունը, այն էլ ռեգիոնալ մի տնտեսական կազմակերպության Վեհաժողովի շրջանակում, որի անդամ են նախկին ԽՍՀՄ հանրապետություններ՝ ԵՏՄ և ՀԱԿ անդամներ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև Թուրքիան, Պակիստանն ու Իրանը: Թուրքմենական գազի շուրջ եռակողմ համաձայնությունը ուշադրության է արժանի մեկ այլ դիտանկյունից: Բանն այն է, որ դեռևս 2016-17 թվականներին այդպիսի հարց հայտնվեց Հայաստանի օրակարգում: Կարեն Կարապետյանի կառավարությունը քննարկում էր Իրանի և Թուրքմենիայի հետ սվոփ գազամատակարարման տարբերակ, որով թուրքմենական գազը պետք է գար Հայաստան: 2017 թվականին բավականին ինտենսիվացել էին հայ-թուրքմենական շփումները ընդհուպ նախագահական մակարդակով: 2017-ի օգոստոսին Թուրքմենիայի նախագահ Բերդիմուհամեդովը այցելել էր Հայաստան: Ընդ որում, այդ այցը համընկել էր Սերժ Սարգսյանի Ռուսաստան այցին և Հայաստանի նախագահը Թուրքմենիայի իր գործընկերոջը Երևանում դիմավորեց Մոսկվայից վերադառնալուց ըստ էության անմիջապես հետո: Հաջորդիվ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքմենիայի նախագահ Բերդիմուհամեդովը խոսելով երկկողմ կապի մասին, խոսում էր միլիարդավոր դոլարների ծավալի մասին՝ ինչը Սարգսյանը համարել էր ողջոււնելի: Մեծ հավանականությամբ, խոսքը հենց գազային համաձայնագրի մասին էր, որը թերևս կազմելու էր երկու երկրների տնտեսական հարաբերության առյուծի բաժինը: Սակայն, հայ-թուրքմենական հարաբերությունը կարծես թե չհասավ միլիարդների, Հայաստան չհասավ թուրքմենական գազը: Ըստ պաշտոնական վարկածի դրա պատճառն այն էր, որ Իրանի և Թուրքմենիայի միջև կար պարտքային խնդիր: Երևանը նույնիսկ հայտարարում էր՝ ներգետիկայի նախարարի մակարդակով, որ քննարկում են այդ պարտքը Հայաստանին այսպես ասած հաշվանցելու տարբերակ, միայն թե ստացվի թուրքմենական գազի սվոփ տարանցումը: Բայց, չստացվեց փաստորեն ոչինչ, իսկ փոխարենն այժմ ստացվում է Թուրքմենիա-Իրան-Ադրբեջան եռակողմ համաձայնություն: Իհարկե չարժե ասել կամ եզրակացնել, որ դա ստացվում է, որովհետև չի ստացվել համաձայնությունը Հայաստանի հետ: Եվ թերևս չարժե դիտարկել խնդիր լոկ այն համատեքստում, որ Կասպիական եռյակի համաձայնությունն ակնհայտորեն նաև ուղղված է Մոսկվայի դեմ, մինչդեռ Հայաստան-Իրան-Թուրքմենիա գազային համաձայնությանը դեմ կլիներ առաջին հերթին հենց Մոսկվան, առավել ևս Հայաստանին 2013-ին պարտադրած գազային պայմանագրի պարագայում:
Անկասկած է, որ այստեղ առանցքային է նաև աշխարհաքաղաքական դասավորության և այլ առաջնահերթությունների հարցը, ինչի բերումով էլ թերևս կայացել է կասպիական եռյակի փոխհամաձայնությունը: Բանն այն է, որ Հայաստանի դեպքում թուրքմենական գազը ըստ էության մտնելու էր փակուղի, այն դեպքում, երբ Ադրբեջանի պարագայում կան դեպի Եվրոպա գնացող գազատարները, որոնք անշուշտ ընդլայնում են եռյակի մոտիվացիաները, թեև իհարկե չեն էլ երաշխավորում ոչինչ: Այդուհանդերձ, առկա պատկերը մի օրինակ է, թե ինչ բաղադրիչներ են ձևավորում ժամանակակից աշխարհաքաղաքական հարաբերությունները և ինչ կատեգորիաներով պետք է չափել դրանք Հայաստանում, այդ հարաբերություններում մեզ հասանելի տարածությունները ընդլայնելու և մեր մրցունակությունը բարձրացնելու համար:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir