Ահա եւ հնչեց վարձկանների վերջին խոսքը․ իրենց Առաջին Բերանով հայտարարեցին, որ պատասխանատվություն չեն ստանձնի։ Ոչ ոք չէր էլ սպասում, որ կստանձնեն։ Պատասխանատվություն ստանձնելու համար համարձակություն պիտի ունենալ, պակաս հիացած լինել Նազարի լեգիտիմությամբ, պաշտոնով, մի քիչ ինքնազոհողության ընդունակ լինել (ոչ թե զոհել զինակիցներին եւ ժողովրդին), նաեւ նվազագույն խելք պիտի ունենալ, որը անհրաժեշտ է տղամարդուն՝ թեկուզ մի տուն պահելու համար։
Պատասխանատվությունից հրաժարվել երեք տարիներ բանակցությունների մասին գլուխ տանելուց հետո այլ բան չի նշանակում, քան ընտրել պատերազմի ուղին։ Իսկ պատերազմի գնալ երեք տարի երկրի տնտեսական, բարոյա֊հոգեբանական, ռազմա֊քաղաքական ներուժը պառակտելուց հետո — նշանակում է կանխամտածված գնալ վաղօրոք տանուլ տված պատերազմի։
«Տարբերակներից մեկը» պաշտպանելու մասին դաշնակցականների քրթմնջոցը չի հակասում պատերազմի գծին։ Նրանք շատ լավ էլ գիտեն, որ ոչ մի «Ընդհանուր պետություն» էլ չկա։ Համենայնդեպս, չի եղել Ալիեւի համար, ինչը ապացուցվեց Մեջլիսի քննարկումներով։ Իսկ եթե մի բան գոյություն չունի կողմերից մեկի համար, ի՜ նչ բանակցությունների մասին է խոսքը։
Ալիեւը այս երեք տարիների ջուրծեծոցին տոն էր տալիս հայտնի է ինչի համար, իսկ Բաքվի հռչակագրից հետո դա պարզ դարձավ նույնիսկ երեխային։ Իսկ Քոչարյանը պարզապես ժամանակ էր վատնում, այդ միջոցին փորձելով «նաղդել» Մեղրին։ Եւ հիմա հայտնի չէ, թե հայ գործիչները ինչն են ուզում քննարկել, երբ Բաքուն մերժել է, իսկ Քոչարյանը ասաց, որ ինչ այնտեղ քննարկվել է (բացահայտվել է), արդեն պատմություն է։ Ուզում են ցույց տալ, թե իրենք է՞լ մարդահաշիվ են։ Դաշնակները «համաձայն» են, որովհետեւ հիմա արդեն պաշտոնապես է հայտարարված, որ չկա գոնե կիսահամաձայնեցված տարբերակ։ Իսկ թե ով ինչ է ուզում, հայտնի էր 88 թվից եւ վերստին այն հայտարարելու համար 15 անգամ հանդիպելու կարիք չկար։
Ալիեւը ինչ֊որ բան մերժել է ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանին ձեռնտու «տարբերակ» չի եղել (հետաքրքիր կլիներ, որ լիներ տարբերակ, որը մեզ ձեռնտու լիներ, ու Ադրբեջանը դա նույնիսկ քննարկեր Մեջլիսում), այլ որովհետեւ ինչքան ժամանակ պետք էր, ինքը արդեն շահել է, մնում է քիչ էլ ոտքը կախ գցի՝ տեսնի ի՞նչ է ստացվում Մեղրին «սաղացնելու» Քոչարյանի ջանքից։ Կստացվի՝ ավելի լավ, չի ստացվի՝ իր տարածքային ամբողջականության հարցը վճռված է՝ լինի դրա իրագործումը պատերազմով, թե առանց պատերազմի։ Ալիեւը քիչ էլ կսպասի, որովհետեւ ո՞վ գիտի, մեկ էլ ո՞ր հազարամյակում Ադրբեջանին այդչափ ինքնամատույց, այդքան նույն հողի֊ջրի բանագնաց հանդիպի։
«Ընդհանուրը» արեւմտահայ Օսկանյանի համար «ամբողջական» բառի հոմանիշն է, եւ Օսկանյանը ախպարի տափակ հումորով որոշել է Ղարաբաղի ժողովրդին ձեռ առնել՝ Ադրբեջանի ամբողջականությունը վերականգնելը բառախաղի վերածելով։ Եթե Քոչարյանի Կասյան չփախչեր 27֊ի ջարդից հետո, պարզ չէր, թե ա´յդ մի հայերեն չիմացողը ինչ էր հորինելու նույնպես հայերեն չիմացող Ադրբեջանի ախպար իր շեֆի հետ միասին։ Բայց թռավ՝ CNN֊ով աշխարհին հայտարարելու, թե մի քանի նարկոման մտել գնդակահարել են հայոց պառլամենտը։
Թռավ արդյո՞ք միայն ա´յս հանձնարարությունը կատարելու, թե՞ թռչելու ուրիշ պատճառ էլ ուներ, պարոն դատավոր։ Գուցե նա՞ էլ զենքի վրա երդում կերած ուներ։ Այդպիսի վկային ո՞նց կարելի է բաց թողնել։ Չէ՞ որ նա գիտի, որ «ուռած» են եղել, եւ ուրեմն պատվիրատու չի եղել։ Նման ալիբի֊ծիտը ինչո՞ւ է իշխանությունը ձեռքից բաց թողել, եթե ավելի լուրջ պատճառ չկար Կասյային թռցնելու։ Արտաքուստ կողմ լինելով բանակցություններին՝ Դաշնակցությունը դրսի տերերին վճարում է իր կերած հացի դիմաց, համոզված լինելով, որ բանը դրան չի հասնի։
Այսինքն՝ անարյուն հանձնելու չի հասնի։ Հասնի էլ, իրենք իրենց ստանալիքը ստացել են Եղեռնը դատապարտելու որոշումով։ Բանակցային հռետորությունը, սակայն, չի խանգարի ներքաղաքական պետքերին։ Պատերազմի գնալով, պիտի տպավորություն ստեղծեն, որ իրե´նք չեն հրահրում պատերազմը։ Այդքան նրբանկատ են դարձել՝ առանց մեծ ախպոր կռվի անբարենպաստ ավարտի կանխատեսումից։ Ըստ էության, որերորդ անգամ երկիրը մտցնելով փակուղի, պիտի համոզեն ժողովրդին, որ ճակատագիրը դարձյալ բարեհաճ չէր, եւ այլ ելք չի մնում, քան արյուն թափելը։ Իհարկե, ժողովրդի արյունը։ Իհարկե՝ անիմաստ։ Բայց հո չեն կարող հող հանձնել առանց թարմ արյունի։
Այո, Դաշնակցությունը ստացել է Ղարաբաղի գինը՝ տասնամյակներ առաջ ապահովելով Սփյուռքում հարկ հավաքելու իր լիազորությունը՝ Հայ Դատը հետամտելու ծախսերը հոգալու պատճառաբանությամբ։ Եւ Ֆրանսիայի պառլամենտի որոշումից անմիջապես հետո, ինչպես եւ սպասվում էր, դրսում նոր թափ է առել դաշնակցական էմիսարների զանգվածային հարկահանությունը։ Հայաստանի անկախության հռչակումը մեծապես «խփեց» այդ գործին, եւ անցյալ ողջ տասնամյակին Դաշնակցությունը, վտանգված տեսնելով Սփյուռքի վրա իր ազդեցությունը, կենաց֊մահու պատերազմ մղեց Ադրբեջանի հետ պատերազմող հայկական նոր ոտքի կանգնող պետության դեմ։
Եւ մինչ շրջափակման պայմաններում պատերազմող երկիրը ժամանակ կար՝ երկու օրվա հացի պաշարով, չորս օրվա բանակի վառելիքի պաշարով պատերազմ էր մղում Ղարաբաղի ճակատում, Դաշնակցությունը Սփյուռքում տեռորի էր ենթարկել հայությանը՝ «Հայաստան» հիմնադրամի գործունեությունը վիժեցնելու վճռականությամբ, իսկ Հայաստանում ութ թերթ էր հրատարակում Հայաստանի պետության ու բանակի դեմ՝ հայությունից կորզած փողերով։ Ես ասում եմ՝ պետության ու բանակի դեմ, ոչ թե իշխանության, որովհետեւ (ի գիտություն հայերի) պատերազմի ժամանակ չի լինում իշխանություն եւ ընդդիմություն, այլ լինում է ճակատ եւ թիկունք։ Առավել եւս՝ չի լինում զինված ընդդիմություն։ Այսինքն, Աֆրիկայում մի տեղ լինում է։ Այնտեղ, որտեղ ընդդիմությունն ու թշնամին միեւնույն ցեղից են։
… Քանի դեռ հայի ցաքուցրիվ միտքը չի ըմբռնում, որ պատերազմող երկրում (սեփական երկրում) կուսակցական զինյալ խմբերի առկայությունը ավելի վտանգավոր է, քան երկրորդ ճակատը, այս երկրից ոչինչ չի ստացվելու։ Քանի դեռ գոնե Հայաստանում չեն հասկացել, որ Տեր֊Պետրոսյանը ժամանակին ոչ թե կուսակցություն է փակել, այլ կասեցրել է ՀԱԲ֊ի նման, Սարի Թաղի Վրեժի ավազակախմբի ձեւով պետության զինված ուժերին զուգահեռ այլ զորամիավորումներ ստեղծելու փորձը,֊քանի դեռ չկա այդ հասկացողությունը, թե´ նորանոր հեղաշրջումներ կլինեն եւ թե´ նորանոր սկաուտներ կմտնեն՝ պառլամենտը ու կառավարություն կգնդակահարեն։ Բայց ինչպե՞ս պիտի հասկանա հայությունը, եթե նրա, թվում է թե, ամենադատողունակ մասն անգամ ընկել է հեշտի ակոսը ու դեբիլ մանկան քոքվածությամբ երեք տարի նույն երգն է զլել․ «Դուք նրանց հալածեցիք, նրանք ձեզ են հալածում, դուք նրանց…», ոչ մի տարբերություն չտեսնելով զինված ընդհատակի ու երկրում լեգալ գործող կուսակցությունների գործունեության միջեւ։ Ինչո՞ւ դեբիլի քոքվածությամբ, ոչ թե թութակի՞։ Որովհետեւ թութակը նոր բան սովորում է, իսկ դեբիլը՝ ոչ։ Նաեւ՝ դեբիլը չի մեծանում։
… Հայի՝ իշխանության ու ժողովրդավարության ընկալումը, ախր, ուրի´շ տեսակ է… Եթե իշխանություն է, ինչո՞ւ ազգային չէ։ Եթե ազգային է, ինչո՞ւ տրամվայով չի գնում գործի։ Եթե հավասարություն է, պետությունը ինչո՞ւ պիտի զինված լինի, իսկ ընդդիմությունը՝ ոչ։ Եթե խոսքի ազատություն է, ինչո՞ւ թերթերի բաժանորդագրություն չկա խրամատներում…
Ամենեւին պատահական չէ, որ հայի դեստրուկտիվ միտքն է մոգոնել դիմություն տառակապակցությունը՝ իբրեւ ընդդիմության հակառակ իմաստի արտահայտիչ։ Հայերենում ոչ միայն այդպիսի բառ չկա, այլեւ լեզվի կանոններով չէր էլ կարող ստեղծվել։ Լեզվի կանոնները՝ մի կողմ, մարդկային բանականությունն է վկայում, որ սկզբում եղել է իմաստը, հետո հակաիմաստը։ Այսինքն, ելման կետ պիտի լինի իմաստը, նույնիսկ բառի համանիշը որոնելիս։ Հակառակ դեպքում ստացվում է բանալ տգիտություն։ Բայց չէ՞ որ սա սոսկ տգիտություն չէ, այս հակառակից գալը։ Սուտ է, որ չհասկանալը պետության փորձառության բացակայությունից է։ Եթե այդպես լիներ, ոչ մի պետություն չէր կայանա, որովհետեւ բոլորը չէ՞ որ սկսել են փորձ չունենալուց։
Այն բանը, որ մեկ երկրում երկու բանակ չի կարող լինել, եւ մարտը չի կարող ղեկավարվել երկու հրամկետից,֊այդքանը ըմբռնելու համար նույնիսկ մարդկային ուղեղի անհրաժեշտություն չկա, բնական է այն նվազագույն… չգիտեմ ինչը… թեկուզ այն, ինչով, օրինակ, օժտված է ոչ միայն կոորդինացված գործողություններով որս անող խորամանկ գայլերի ընտանիքը, այլեւ գայլաշան նման անուղեղ հայվանի ոհմակը… Նույնիսկ այդ նույն գայլաշների՝ ղեկավարող հարձակումից ոչ պակաս կազմակերպված պաշտպանվող խոտակերի երամակը։ Բայց մի՞թե հնարավոր է, որ Աստված մեզ զրկած լինի գոնե այդքանից։ Եթե՝ այո, ուրեմն մեր սիմպտոմը բոլորովին այլ է։ Դժվար է խոստովանել, բայց ուրիշ ի՞նչ ճանապարհ կա՝ խոստովանելուց բացի։ Մանավանդ որ, խոստովանելուց հետո անգամ (պատկերացրեք) մեկ շանս, այնուամենայնիվ, մնում է․ նայելով ընդօրինակելու պարզագույն հնարը։ Վերցնել մի հաջողած ազգի վարքի կանոնները (ազգը ընտրել առանց մտածելու, վիճակ գցելով) եւ առանց խմբագրելու, առանց տեղայնացնելու, առանց ազգային չարաբաստիկ առանձնահատկությունը հիշելու֊ընդօրինակել կապկելու աստիճան։ Եթե լրիվ չհաջողենք, հաստատ կստանանք կիսահաջող մի բան։
Իսկ Դաշնակցությունը ինքնապահպանման բնազդով էր վիժեցնում օգնությունը պատերազմող Հայաստանին, թե չարամտորեն, նշանակություն չունի։ Բնութագրականն այն է, որ այդ կազմակերպությունը ստեղծվել է որպես թշնամի միջավայրում գործելու կոչված կառույց եւ այդպես գործում է նույնիսկ սեփական երկրում։ Այդպես՝ մի ոտքը փախչելու պատրաստ պարտիզան մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ իշխանության է գալիս (վկան՝ Առաջին Հանրապետությունն ու այսօրվա Ղարաբաղը լքելը)։ Եւ ինչպես տեսնում ենք, հարցը նույնիսկ իշխանության ձգտելը չէ, որը բնական կլիներ կուսակցության համար (եթե կուսակցություն լիներ), այլ այն գործելակերպը, որը գիտակցաբար որդեգրված է որեւէ տարածքում քայքայիչ եւ ահաբեկչական գործողություն ծավալելու համար։
Եւ չի վերափոխվում, որովհետեւ որպես կուսակցություն, որպես լեգալ կառույց չի կարող իր գոյությունը պահպանել դրսում։ Իսկ նման բնույթով չի կարողանում կառուցողական ուժ լինել նույնիսկ իշխանություն ստանալու դեպքում։ Որովհետեւ իրենց խնդիրը այս Հայաստանը չէ։ Եւ քանի դեռ իրենց խնդիրը այս Հայաստանը չէ, նրանք վտանգավոր են լինելու այս պետական կազմավորման համար։ Նրանք չեն կարող ինքնուրույն վերափոխվել (եթե անգամ ուզենան) եւ դառնալ քաղաքական պրոցեսի մասնակից կուսակցություն։ Նրանց կարելի է միայն ստիպելով դարձնել այդպիսին տասնամյակների ընթացքում։ Իր բնույթով, բազմաթիվ ազգերի մեջ գոյատեւելու օբյեկտիվ պրոբլեմներ ունենալով՝ Դաշնակցությունը չի կարող հազարումի կասկածելի կապերով կապված չլինել պետական ու ոչ պետական կասկածելի ուժերի հետ, եւ, բնականաբար, չի կարող ամենատարբեր կախվածություններ չունենալ։ Դա այդ կուսակցության գոյատեւման երաշխիքն է։
Եթե այդպիսի բազմադեմությամբ նա կարող է օգտակար լինել բազմադեմ Սփյուռքին, ապա հայկական պետությունը դրանից միայն կվտանգվի։ Բայց հայ քաղաքական (նաեւ ոչ քաղաքական) ուժերի միջեւ աշխատանքի այս բաժանումի անհրաժեշտության գիտակցությունը պիտի դաջվի նախ հայ հասարակական֊քաղաքական մտքի գորշության վրա։Ծանր խնդիր է, քանի որ (որքան էլ վիրավորական է մեր ազգային ինքնագիտակցության համար) Դաշնակցությունը ամենահայկական կազմակերպությունն է՝ ազգային արատների խտացած պատկեր։ Ավելի հայկական անհնար է պատկերացնել։
Ruben H Mehrabyan